HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիա Էյրվեյզի» բեռնատար օդանավն այդպես էլ չշահագործվեց Հայաստանում

Հայկական «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300SF տիպի բեռնատար ինքնաթիռը, այդպես էլ թռիչքներ չկատարելով, դուրս է բերվել օդանավերի հայկական ռեգիստրից: 

Այն, որ Boeing 737-300 տիպի 2 հատ ուղեւորատար օդանավ շահագործող փոխադրողը ձեռք է բերել երրորդ Boeing-ը, այս անգամ՝ բեռնատար, «Հետքը» գրել էր 2024-ի նոյեմբերին: Սա «Արմենիա Էյրվեյզի» առաջին բեռնատար բորտն էր: 

1998 թ. թողարկված ինքնաթիռը նախկինում շահագործվել է Մալթայում, Իտալիայում, Նոր Զելանդիայում եւ Բահրեյնում: Ընդ որում՝ օդանավը մինչեւ 2015 թ. եղել է մարդատար, սակայն հետո ձեւափոխվել է բեռնատար տարբերակի: 

Օդանավը Երեւան էր տեղափոխվել 2024-ի հոկտեմբերին: Մինչ այդ վերջին շահագործողը եղել է Բահրեյնի Texel Air բեռնափոխադրող ավիաընկերությունը (Բահրեյնի գրանցումը՝ A9C-APC): Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հրաժեշտ տալով օդանավին, որն ամենաերկարն է ծառայել Texel Air-ին: Ընկերությունը նշել էր, որ այս ինքնաթիռով իրենք տեղափոխել են ամենատարբեր տեսակի բեռ՝ ռոք խմբի համերգային շրջագայության սարքավորումներ, ձիեր, արագ փչացող ապրանքներ եւ անհաշվելի քանակի փոստային առաքանի ամբողջ աշխարհով մեկ: Օդանավը Բահրեյնը կապել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի ու Ավստրալասիայի հետ: 

Անցյալ տարվա հոկտեմբերին Երեւան տեղափոխելուց հետո բեռնատար բորտը ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է միայն դեկտեմբերի 14-ին՝ ստանալով EK-73750 գրանցումը: Նկատենք, որ «Արմենիա Էյրվեյզի» մարդատար Boeing-ները կրում են EK-73730 եւ EK-73740 գրանցումները: 

EK-73750-ի սեփականատերը, planespotters.net-ի տեղեկացմամբ, իռլանդական K2 Aviation Partners լիզինգային ընկերությունն է (նախկինում՝ Kahala Aviation Leasing): Օդանավի գրանցումը հայկական ռեգիստրում վավեր էր մինչեւ այս տարվա մայիսի 9-ը: Եվ ահա Քաղավիացիայի կոմիտեի կայքում մայիսի 12-ին կատարված թարմացումից տեղեկանում ենք, որ EK-73750-ն հայկական ռեգիստրում այլեւս չկա, ինչը նշանակում է, որ այն ապագրանցվել է/հանվել է դրանից: Տրամաբանական պատճառը գրանցման վավերականության ավարտն է: 

Սակայն հետաքրքիրն այն է, որ դեկտեմբերից մինչեւ մայիս EK-73750-ը այդպես էլ չստացավ թռիչքներ կատարելու հնարավորություն, քանի որ չուներ թռիչքային պիտանիության սերտիֆիկատ: 

Հատկանշական է, որ սա վերջին տարիներին Հայաստանում գրանցված երկրորդ բեռնատար օդանավն էր «Հայվեյզ» ընկերության Boeing 737-400SF տիպի ինքնաթիռից (գրանցումը՝ EK-HAY) հետո: Բայց, ի տարբերություն EK-HAY-ի, որը 2024-ի ապրիլից Երեւան-Մոսկվա-Երեւան ուղեգծով ակտիվորեն բեռներ է տեղափոխում, EK-73750-ն այդպես էլ անգործ մնաց մեր երկրում: Ընդգծենք, որ «Արմենիա Էյրվեյզի» գործունեության առանցքը Երեւան-Թեհրան-Երեւան ավիագծի շահագործումն է մարդատար օդանավերով: 

Հիշեցնենք, որ 2013-ին հիմնադրված, սակայն միայն 2019-ից կոմերցիոն թռիչքները մեկնարկած «Արմենիա Էյրվեյզի» անմիջական սեփականատերը երեւանյան «Եվրո Էքսփրես» ՍՊԸ-ն է, որն իր հերթին պատկանում է ՀՀ քաղաքացի Հռիփսիմե Ավետիսյանին (51 %) եւ Ուզբեկստանի քաղաքացի Զերա Աբլյալիմովային (49 %): Վերջինս նաեւ «Եվրո Էքսփրեսի» ու «Արմենիա Էյրվեյզի» տնօրենն է:

Հ. Ավետիսյանը «Եվրո Էքսփրես» ընկերության, հետեւաբար՝ նաեւ «Արմենիա Էյրվեյզի» 51 % սեփականատեր է դարձել 2024-ի սեպտեմբերին, իսկ մինչ այդ երկու ընկերություններում էլ 51 %-ի տերը ՀՀ քաղաքացի, ծագումով իրանցի Հորմոզ Գոլազիզի Դարբեռուդին էր, որը զուգահեռաբար ոչ բարձր պաշտոն էր զբաղեցնում հայկական մեկ այլ ավիաընկերությունում՝ «Ֆլայ Արնայում»:

Ու չնայած ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրի կայքում հենց այս անձինք են նշվել/նշվում որպես «Արմենիա Էյրվեյզի» իրական/վերջնական շահառու, «Հետքի» տեղեկություններով, նրանք զուտ ֆունկցիոներներ են ու ավիաընկերության փայատեր են միայն թղթի վրա, իսկ փաստացի սեփականատերերը հրապարակային փաստաթղթերում, այդ թվում՝ ռեգիստրին ներկայացվող իրական շահառուների հայտարարագրերում, չեն երեւում, սակայն նրանք եւս իրանցի են: Չի բացառվում, որ իրական տերերի ով լինելը չի բացահայտվում՝ արեւմտյան պատժամիջոցներից խուսափելու համար, քանի որ տեւական ժամանակ իրանական մի շարք ավիաընկերություններ եւ դրանց փոխկապակցված կամ դրանց համար աշխատող արտասահմանյան տարբեր ընկերություններ հայտնվել են, մասնավորապես, ամերիկյան «սեւ ցուցակներում» (հավելենք, որ Boeing-ները ամերիկյան արտադրության ինքնաթիռներ են): 

Lուսանկարում՝ «Արմենիա Էյրվեյզի» բեռնատար ինքնաթիռը՝ դեռեւս հին (A9C-APC) գրանցումով 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter