HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի տարածքում տեղի ունեցած վերջին ավիաաղետների քննությունը շարունակվում է

2022 թ. դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է: Այս մասին «Հետքին» հայտնել է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ մոտ 3 տարի առաջ Ջրաբեր գյուղի մոտ՝ ավազի հանքի տարածքում, կործանվեց Սլովակիայում գրանցված Beechcraft 95-B55 Baron տիպի օդանավը, որը Երեւանից թռչում էր Աստրախան, զոհվեցին ռուսաստանցի 2 օդաչուները՝ Ալեքսեյ Պրոցենկոն (1979 թ.) ու Վիտալի Ռոգատկինը (1983 թ.): 

Ավիապատահարից հետո ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժինը քրեական վարույթ էր նախաձեռնել ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ այդմ՝ օդային տրանսպորտի երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ երթեւեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ պահանջը կամ կանոնը, եթե այդ արարքը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով: 

2022-ի դեկտեմբերի 2-ին Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) Հայաստանի կառավարության խնդրանքով ձեւավորել էր ավիացիոն պատահարի հետաքննության հանձնաժողով: Վերջինիս իրականացրած մասնագիտական քննության վերջնական արդյունքներին «Հետքը» մանրամասն անդրադարձել է

2023-ի հունվարին, հղում անելով ՔԿ-ին, գրել էինք, որ ստեղծվել է քննչական խումբ, նախաքննության ընթացքում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական: ՔԿ-ն օրերս մեզ հայտնել է, որ նախաքննության ներկա փուլում փորձաքննությունների եզրակացության բովանդակութան մասին ինֆորմացիա չի կարող տրամադրվել, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ: 

Սակայն, օրինակ, ՄԱԿ-ի վերջնական զեկույցում ինֆորմացիա կար այն մասին, որ հրամանատարի եւ օդաչուի մարմինների փորձաքննությունը չի բացահայտել ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործում հրամանատարի կողմից:

2024-ի օգոստոսին էլ ՔԿ-ից տեղեկացել էինք, որ նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չէր ստացվել:

Եվ ահա մեր հերթական հարցմանն ի պատասխան՝ ՔԿ-ն հայտնել է, որ նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաավիաինժեներական, դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական համալիր փորձաքննություններ: ՔԿ-ի փոխանցմամբ՝ համալիր փորձաքննություններով եզրակացությունները դեռեւս չեն ստացվել:  

Մինչ այս պահը քրեական վարույթով որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ:

Իր հերթին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը նախաքննություն է իրականացնում 2024 թ. հուլիսի 19-ի ավիաաղետի քրեական վարույթով:

Հիշեցնենք, որ այդ օրը՝ 9:30-ի սահմաններում, Եղվարդի նախկին ջրամբարի տարածքում աղետի ենթարկվեց ՊՆ ռազմական ակադեմիայի «Յակ-52» ինքնաթիռը, որն ուսումնավարժական թռիչք էր կատարում: Զոհվեցին անձնակազմի երկու անդամները՝ օդաչու-հրահանգիչ, ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը (1998 թ․) եւ ՊՆ ռազմական ակադեմիայի կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը (2004 թ․):

ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել ՔՕ 539-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով: 

Նախաքննության ընթացքում, ինչպես հայտնել են ՔԿ-ից, նշանակվել են դատաձայնագրառային ու դատահամակարգչատեխնիկական, դատաավիաինժեներատեխնիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատապայթյունատեխնիկական, դատանյութագիտական եւ դատաբժշակական համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռեւս չեն ստացվել:

Այս վարույթով եւս որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ:

Հիշեցնենք՝ աղետից հետո ՔԿ-ն հայտարարել էր, որ հուլիսի 19-ին նույն ինքնաթիռով տեղի է ունեցել 4 ուսումնավարժական թռիչք։ Բոլորն էլ իրականացվել են օդաչու-հրահանգիչ, ավագ լեյտենանտ Արմեն Իսախանյանի մասնակցությամբ։ Վթարը տեղի էր ունեցել կուրսանտ Արմեն Խաչատրյանի հետ երկրորդ թռիչքի ընթացքում։ 

Լուսանկարները՝ «Հետքի», Քննչական կոմիտեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter