«Հայաստան» դաշինքի ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի ցուցակը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քաղաքական այս ուժը հրապարակել է ցուցակի առաջին երեսուն անունները։ Դաշինքի կազմում են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «ԱռԱջ» կուսակցությունները։ Ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Առաջին եռյակը հետեւյալ կազմն ունի՝
- Ռոբերտ Քոչարյան
- Իշխան Սաղաթելյան
- Աննա Գրիգորյան
Նախորդ ընտրությունների ժամանակ էլ դաշինքի ցուցակը գլխավորում էր Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն ընտրություններից հետո նա չվերցրեց մանդատը՝ պատճառաբանելով, թե ինքը գործադիր իշխանության մարդ է։ Ցուցակի երկրորդ և երրորդ համարները չեն փոխվել 2021-ի համեմատ։ Ցուցակում չկան «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները, որոնք դաշինքից դուրս էին եկել 2022 թվականին։ Բացառությամբ Աննա Գրիգորյանի, որը շարունակեց դաշինքի կազմում պատգամավորի գործունեությունը և ընդգրկվել է գալիք ընտրությունների ցուցակում։
Երկրորդ եռյակ՝
- Սևակ Խաչատրյան
- Արթուր Խաչատրյան
- Քրիստինե Վարդանյան
Չորրորդ հորիզոնականում Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու, «ԱռԱջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանն է։ Համայնքային ընտրություններում նա ստացել էր ձայների 31.9 %-ը։ Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանը ՀՅԴ գերագույն մարմնի անդամ են, պատգամավոր։ Վարդանյանը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, Խաչատրյանը՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի։
- Աղվան Վարդանյան
- Գեղամ Մանուկյան
- Ագնեսա Խամոյան
- Լևոն Քոչարյան
Եզրափակելով տասնյակը՝ չորս թեկնածուները ևս գործող պատգամավորներ են։
Աղվան Վարդանյանն ու Գեղամ Մանուկյանը ՀՅԴ ԳՄ անդամ են։ Աղվան Վարդանյանը վեց անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ է։ Գեղամ Մանուկյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն էր մինչև 2021 թվականը՝ պատգամավորի մանդատը ստանձնելը: Նա ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Ագնեսա Խամոյանը լրագրող է, հեղինակային հաղորդումներ է վարել «Երկիր մեդիա»-ում, Հանրային հեռուստաընկերությունում, իսկ 2018-2021 թվականներին՝ «Հինգերորդ ալիք»-ում։ Նա համակարգում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները, նախընտրական շրջանում սկսել են նաև նկարահանել պոդքասթներ։ Տասնյակը եզրափակում է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նա պատգամավոր դարձել է 2023 թվականին՝ ազատվելով կալանքից։ Դրան նախորդել էր ցույցերից մեկի ժամանակ ոստիկանների հետ միջադեպ և կալանք։
Հրապարակված բոլոր 30 անունները կարող եք կարդալ այստեղ։
Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ՖԲ էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել