
«Հետաքննող լրագրողներն» ընդդեմ ՀՀ ոստիկանության. պահանջը տեղեկատվության տրամադրման պարտավորեցումն է
Սեպտեմբերի 22-ին Վարչական դատարանը դատավոր Լիաննա Հակոբյանի նախագահությամբ կլսի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի երկու հայցերը` ընդդեմ գլխավոր դատախազության և ոստիկանության: Երկու հայցերով էլ պահանջը նույնն է` տեղեկատվության տրամադրման պարտավորեցում: Երկու գործերով էլ նախնական դատական նիստերը կայացել են:
Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանը էլեկտրոնային փոստով հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե վերջին 5 տարվա ընթացքում քանի բողոք է ներկայացվել ոստիկանություն քաղաքացիներ Նաիրա Ասատրյանի և Վարուժան Մարգարյանի դեմ, նրանց վերաբերյալ արդյոք հարուցվել են քրեական գործեր և այլն:
![]() |
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն |
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության արդեն նախկին պետ Մ. Հակոբյանը, պատասխանելով «Հետքի» հարցմանը, բավարարվել է հղում անելով «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին: Այդ հիմքով էլ տեղեկատվության տրամադրումը մերժվել է, քանի որ ոստիկանությունը գտել է, որ ինֆորմացիայի տրամադրմամբ կխախտվի մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը այսօրվա նախնական նիստի ժամանակ նկատեց, որ չի հիմնավորվել, թե ինչու են կարծում, որ պահանջված տեղեկատվության տրամադրումը խախտում է վերը նշված անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը: Իսկ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Պիվազյանն ամբողջովին առարկեց հայցի դեմ` նշելով, որ ինֆորմացիայի տրամադրմամբ կխախտվի քաղաքացիների անձնական կյանքի իրավունքը:
Ապացուցման բեռը դրվեց ՀՀ ոստիկանության վրա
Դատավոր Լիաննա Հակոբյանը հարցեր ուղղեց կողմերին: Մասնավորապես` ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Պիվազյանից հարցրեց, թե ինչպես է ոստիկանությունը պատկերացնում, որ պահանջված ինֆորմացիայի համար պետք է լիներ նույն անձանց համաձայնությունը: «Տրամաբանական համարո՞ւմ եք, որ կարող էր լինեն այդ անձանց համաձայնությունը, չէ որ ամբողջ գործընթացի նպատակը հենց այն էր, որ այդ քաղաքացիների հանցավոր գործողությունները պարզվեին: Բնական է` համաձայնություն չէր լինելու: Ձեր տրամաբանությամբ լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները, որոնք խնդիր ունեն հասարակությանը հետաքրքրող ինֆորմացիա տրամադրելու, որևէ կերպ չե՞ն կարող հասու լինել այլ անձանց վերաբերող տեղեակտվության»,- հարցրեց դատավորը:
Արթուր Պիվազյանը պատասխանեց, որ ոստիկանությունը ընդհանուր բնույթի տեղեկատվություն միշտ էլ տրամադրել է:
Դատավորը նշեց, որ ոստիկանությունը պետք է ապացուցի, թե ինչպես կարող է այդ ինֆորմացիայի տրամադրումը միջամտել անձնական կյանքին, երկրորդ` ինչպես է քաղաքացիների իրավունքների շահը գերակա տեղեկատվության ազատության իրավունքի նկատմամբ: «Այլապես այդ տրամաբանությամբ ստացվում է, որ ցանկացած անձի վերաբերյալ տեղեկատվություն լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին տրամադրվել չի կարող»,-նշեց դատավորը:
Ոստիկանությունը կամայական մոտեցում է ցուցաբերում տեղեկատվություն տրամադրելիս
Փաստաբան Գրիշա Բալասանյանը դատարանին ներկայացրեց համարժեք իրավիճակ, երբ այլ անձանց վերաբերյալ ոստիկանությունը տեղեկատվություն տրամադրել է. «Ստացվում է կամայական մոտեցում: Նույն տրամաբանությամբ այս անձանց վերաբերյալ էլ պիտի չտայիք տեղեկատվություն: Ի՞նչ է, այս մարդիկ չունեն անձնական կյանքի իրավունք»,- նշեց Գրիշա Բալասանյանը:
Փաստաբան Բալասանյանը նշեց, որ հարցը վերաբերում է հանցագործությանը, և անձնական կյանքի մասին խոսք լինել չի կարող: Փաստաբանը ներկայացրեց այն հոդվածները, որոնք հրապարակվել են: Բանն այն է, որ «Հետքի» խմբագրություն դիմած մի խումբ քաղաքացիների բողոքների հիման վրա «Հետքը» մի քանի հոդված է հրապարակել նույն քաղաքացիների` Նաիրա Ասատրյանի և Վարուժան Մարգարյանի վերաբերյալ: Մեզ դիմած քաղաքացիները պատմել են, թե ինչպես են տոկոսով գումարներ վերցրել Նաիրա Ասատրյանից ու Վարուժան Մարգարյանից, սակայն տոկոսները չմարելու հետևանքով զրկվել ու զրկվում են իրենց բնակարաններից: Բացի այդ, «Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիները ապրիլի 13-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որպեսզի վաշխառության հատկանիշներով մեղադրանք առաջադրվի նույն քաղաքացիների նկատմամբ: Փաստաբանը նաև ներկայացրեց դատարանին նույն երկու անձանց վերաբերյալ ԴԱՀԿ ծառայության պատասխանը: Բոլոր նյութերը կցվեցին գործին:
Լուսանկարը` Police.am-ի
Մեկնաբանել