HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ թե բանտի տանիքով, այլ՝ շքամուտքով...

Մհեր Ենոքյան,  «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Տարեվերջին բոլորը ամփոփում են տարին: Ես էլ մտովի հիշում եմ այս տարվա հաջողություններս: Երևի թվեմ.

  1. Դատական հաղթանակներ,
  2. իմ քրեական գործով վիճարկման նոր հիմքերի հայտնաբերում
  3. իրավագիտության ֆակուլտետի 5-րդ կուրսի ամփոփում,
  4. նոր գիտելիքների ձեռքբերում, նաև առցանց քննության հանձնում
  5. «Հետք» ինտերնետային թերթում արդեն 4-ամյա աշխատանք՝ որպես բանտային թղթակից,
  6. Հանդիպում հրաշալի մարդ-փաստաբանի հետ
  7. պայքարի այս երկար տարիներին հարազատ դարձած մարդկանց հետ ընկերություն,
  8. ընթերցողներ:

Այնքան շատ են մարդիկ, որոնց ուզում եմ անհատապես երախտագիտության խոսքեր ասել, բայց մտավախություն միշտ կա, որ մեկին կմոռանամ: Շնորհակալություն այն մարդկանց, ովքեր արդար դատաքննության պահանջ ունեն ու այս տարիներին, անկախ իմ գտնվելու վայրից, սատար են կանգնել, ոգևորել, աշխատանքի ու ուսման հնարավորություն տվել, օգնել նոր հետաքննություն անել իմ գործով, դատարանում լսել ինձ, գիտելիք փոխանցել, պաշտպանել իմ շահերը:

Ու թեպետ 22-րդ Նոր Տարին եմ դիմավորում բանտի պատերի մեջ, բայց շարունակում եմ պայքարել ու մանկան պես հավատալ Հրաշքներին: Հավատում եմ, որ այս անգամ ոչ թե բանտի տանիքով, այլ շքամուտքով՝ օրինական կերպով կվերադառնամ ազատություն:

21 տարվա ընթացքում առաջին դատական Հաղթանակի պտուղները քաղեցի նաև ծննդյանս օրը՝ դեկտեմբերի 26-ին: Երկու տասնամյակից ավելի բանտում եմ, և երկրորդ անգամ ինձ բախտ վիճակվեց ծննդյանս օրը լինել իմ հարազատների հետ: Երկու օր «Ազատության» մեջ էի՝ ընտանիքիս հետ «հյուրանոցային» երկու սենյականոց համարում: Հյութով բաժակ բարձրացրեցինք (ալկոհոլ բանտում չի թույլատրվում), Աստծուց բարու և արդարության հաղթանակ խնդրեցինք:

Անչափ շնորհակալ եմ Մարդ-դատավորից, ում արդարադատության շնորհիվ հնարավոր դարձավ ընտանիքիս անդամների ու պայքարի այս երկար տարիներին հարազատ դարձած մարդկանց հետ հաճախակի հանդիպելը:

Այս՝ 2017 թվականին ամփոփեցի ուսումս հայ-ռուսական Սլավոնական համալսարանի 5-րդ կուրսում: Քննություններից երեքը հանձնեցի սովորականի պես. դասախոսներն այցելեցին ինձ, իսկ վերջին՝ քրեական իրավունք առարկայի քննությանը ինքս՝ առաջին անգամ «գնացի» համալսարան՝ տեսախցիկի միջոցով: Երևի հիշում եք՝ գրել եմ հիշարժան այդ օրվա մասին, երբ ինտերնետով կապ հաստատեցի համալսարանի դասախոսների հետ ու քննությունը տեսակապով հանձնեցի: Հիմա էլ պատրաստվում եմ ավարտական պետական քննություններին և դիպլոմային աշխատանքի պաշտպանությանը:

Իմացա, որ միաձայն հաստատվել են նաև պրակտիկաներս: Պատկերացրեք, որ բանտում նստած անցել եմ ուսումնական, հետազոտական ու արտադրական պրակտիկա: Ներկայացրել էի իմ դատական վիճարկումները, որոնք կազմել էի ինքնուրույն՝ օգտագործելով իրավագիտական գիտելիքներս: Պատահական չէ, որ կուրսայինս էլ գրել էի անհատական դիտարկման մեթոդով: Այսինքն՝ ցմահ ազատազրկման թեմայով գրել է մեկն, ով ներսից է տեսնում ողջ պրոցեսը: Այո՛, այստեղ գտնվելս ինքնին կյանքի «պրակտիկա» է, որ անցնում եմ արդեն 22-րդ տարին:  

Շատ կցանկանայի՝ ի թիվս սահմանադրական այլ դրույթների, կյանքի կոչվեր նաև ՀՀ Սահմանադրության 63 հոդվածում ամրագրված նորմը. «Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռքբերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է»: Հենց այդպիսի անթույլատրելի, անօրինական ապացույց է դրվել 1996-ի նոյեմբերի 29-ին իմ նկատմամբ կայացված դատավճռում: Արդեն գրել եմ, որ դա հայտնաբերվեց 21 տարի անց՝ շնորհիվ իմ գործով նոր հետաքննության: Ինքս, ուսումնասիրելով Վճռաբեկ դատարանի նախադեպերն այս կամ այն քրեական գործով, համոզվում եմ, որ նախադեպային իրավունքը շատ է զարգացել: Համոզված եմ, որ շուրջ 22 տարի անց Հայաստանի դատական-իրավական համակարգը, իրոք, այնպիսի առաջընթաց է ապրել, որ իրավունքի գերակայությունը դարձել է դոմինանտ արժեք:

Նամակիս վերջում շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում հոգևոր Ազատություն, ապրելու Արդար միջավայր: 

Մեկնաբանություններ (2)

Հարություն
Շնորհակալություն մաղթանքների համար Մհեր ջան։ Իհարկե շատ դժվար է շնորհավորել անազատության մեջ գտնվողի Ամանորը․․․ Ես և բազմաթիվ հետևորդներդ լիահույս ենք որ այս տարին կլինի բեկումնային քո կյանքում և դու կվայելես ազատության բերկրանքը․․․ Մաղթում եմ անկոտրում կամք և անսպառ էներգիա քո հանդեպ անարդարության դեմ պայքարում։
Հասմիկ Ա. Ա.
Շնորհակալություն, Մհեր ջան: Շնորհավոր: Այս տարի քեզ տեսնենք ազատության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter