HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Շահնազարյանին հրավիրում են ԱԱԾ, իսկ Աշոտյանը խաղադրույքներ է ընդունում. քարոզարշավի տասներորդ օրը

«Հետք»-ն ամփոփում է նախընտրական քարոզարշավի տասներորդ օրը

Շահնազարյանին հրավիրել են ԱԱԾ, բայց նա չի գնացել

Քարոզարշավի տասներորդ օրը ամենաքննարկված թեման, եթե չհաշվենք 21:45-ին Հանրայինի եթերում մեկնարկելիք բանավեճը՝ առաջին համարների ձևաչափով, ապա կարելի է համարել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համապետական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանին Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) հրավիրելը: Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Շահնազարյանի խոսքերը պետական դավաճանության մեղադրանք են՝ ուղղված ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Շահնազարյանը նշել էր՝ Փաշինյանն իրականացնում է «իշխանություն՝ Արցախի փոխարեն» քաղաքական ծրագիրը:

ՀՀԿ-ական թեկնածուն դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ էլ ասել էր հետևյալը. «Ես այսօր բոլոր փաստերը չի, որ ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը: Դեռ շատ բան կա»: Հենց այս հայտարարության վերաբերյալ էլ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու, սակայն պատգամավորի թեկնածուն չի գնացել և այսօր էլ 14:00-ին մամուլի ասուլիս է հրավիրել ու կրկին վերահաստատել իր հայտարարությունները ներկայիս իշխանության մասին: Դավիթ Շահնազարյանը ԱԱԾ-ն անվանել է «Փաշինյանին սպասարկող պատժիչ կառույց»:

ՀՀԿ համապետական ցուցակի հինգերորդ համար Արմեն Աշոտյանն էլ խաղադրույքներ է ընդունում Նիկոլ Փաշինյանի, իր ձևակերպմամբ, խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ: «Դավիթ Շահնազարյանին այսօր հրավիրել էին ԱԱԾ: «Արփինե Հովհաննիսյանն այս պահին ոստիկանությունում է: Ես վաղը նույնպես ոստիկանություն եմ հրավիրված: Ընդունում եմ խաղադրույքներ Նիկոլի Փաշինյանի վախեցած և խուճապային հաջորդ քայլերի վերաբերյալ»,- գրել է Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում:

Արմեն Աշոտյանն այսօր հարցազրույց է տվել «Հետք»-ին, որը կարող եք կարդալ այստեղ:

Քարոզչության մեկնարկը Երևանում

«Իմ քայլը» դաշինքը գլխավորող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ այսօր սկսել է քարոզարշավը մայրաքաղաք Երևանում: Նախորդ օրերին նա եղել է հանրապետության բոլոր մարզերում:

Այսօր Երևանում Փաշինյանը հավաքներ չի արել, այլ քայլել է քաղաքի փողոցներով, բակերով, այցելել քաղաքացիների բնակարաններ, շրջել երթուղայինով և մետրոյով, ու զրուցել քաղաքացիների հետ: Ի դեպ, մետրոպոլիտենում Փաշինյանի քարոզչությունը ուղիղ եթերով հեռարձակվել է նրա ՖԲ պաշտոնական էջում: Մետրոյում, որպես ստրատեգիական նշանակության օբյեկտի, արգելվում է նկարահանում իրականացնելը, և այն թույլատրվում է միայն մետրոպոլիտենի տնօրինության գրավոր թույլտվության դեպքում, որը վարչապետի պաշտոնակատարը չի ունեցել: Այս առնչությամբ նա ասել է, որ եթե ինչ-որ բան այն չի եղել, պատրաստ է կրել օրենքով նախատեսված պատիժը:

Անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե նա պետական դավաճանության մասին հաղորդում չի տվել իրավապահ մարմիններին կամ հրապարակային փաստեր չի ներկայացրել, ուրեմն շառլատան է:

Ի դեպ, այսօր համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը, որում նրանք խոսում են ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործից և նրա խափանման միջոցի ընտրությունից: Ձայնագրության հղումը իր ՖԲ էջում դրել էր նաև անձամբ Փաշինյանը, իսկ որոշ ժամանակ անց ուղիղ եթերով հայտարարել էր, որ դա պատերազմ է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ: Կառավարության ղեկավարը կոչ արեց քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին իրեն հզոր մանդատ տալ, որպեսզի նա կարողանա «ջախջախիչ հարված հասցնել կոռուպցիային և ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ հետ բերել»:

Երևանում բնակարանաշինության պատրաստակամություն 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր քաղաքացիների հետ հանդիպում է ունեցել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ծառուկյանն այսօր, ըստ էության, ոչ մի նոր բան չի ասել: Կրկին խոսել է բնակարանաշինության, մասնավորապես երիտասարդ ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին, և պատրաստակամություն է հայտնել Երևանում բնակելի շենքեր կառուցել, եթե քաղաքապետը տարածք հատկացնի:

ԲՀԿ առաջնորդը նշել է նաև բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին աշխատանքով ապահովելու, մարզերում և Երևանում անվճար հիվանդանոցներ կառուցելու և այլ սոցիալ-տնտեսական թեմաների մասին:

«Երկրին օդուջրի պես անհրաժեշտ են ԼՀԿ-ականների նման պրոֆեսիոնալներ»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ), Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, այսօր քարոզարշավ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Նախընտրական թիմի անդամները շրջել են բակերում, զրուցել քաղաքացիների հետ և թռուցիկներ բաժանել:

ԼՀԿ առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ իրենց կուսակցությունը հավակնում է խորհրդարանում ներկայացվածությամբ երկրորդ ուժը լինել, և այսօր Մարուքյանը հայտարարել է, որ քաղաքացիները ասել են, թե երկրին օդուջրի պես անհրաժեշտ են ԼՀԿ-ականների նման պրոֆեսիոնալ և մաքուր անցյալ ունեցող անհատներ:

Խոսելով քարոզարշավի ընթացքում հավասար պայմանների մասին՝ «Լուսավոր Հայաստան»-ի համապետական ցուցակի առաջին համարը նշել է, որ պայմանները միշտ էլ հավասար են եղել, պարզապես հնարավորություններն են տարբեր եղել, մասնավորապես ՀՀԿ-ի, որն ըստ Մարուքյանի՝ ընտրակաշառք բաժանելով, մարդկանց ահաբեկելով՝ խախտել է քարոզարշավի պայմանները:

Նշենք նաև, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ և համապետական ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանն էլ այսօր հարցազրույց է տվել «Հետք»-ին:

«Հայ-ռուսական հարաբերությունները փրկելու կարիք կա»

«Մենք» դաշինքը այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Գեղարքունիքի մարզում:

Մարտունիում արևմտամետ կողմնորոշում ունեցող դաշինիքի համապետական ցուցակի երկրորդ համար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հայտարարել է, որ շատերը փորձում են տպավորություն ստեղծել, թե «Մենք» դաշինքը հակառուսական ուղղություն է տանում, սակայն ըստ նրա՝ իրենք միակն են, որ ասում են՝ հայ-ռուսական հարաբերությունները փրկելու կարիք կա: Քոքոբելյանն ասում է, որ հայ-ռուսական հարաբերություները պետք է հասցնել այնպիսի մակարդակի, որ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում ստիպված չլինեն, օրենքը չխախտելով, խնդիր ունենալ:

«Մենք» դաշինքի թեկնածուն ասել է նաև, որ պետք է ռուս բարեկամներին հորդորել և պահանջել, որ արտագնա աշխատանքի համար Ռուսաստան մեկնած Հայաստանի քաղաքացիների շահերը հարգվեն:

Հիշեցնենք, որ «Մենք» դաշինիքի կազմում են Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» և Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունները:

Մանրամասներ Ապարանի միջադեպից

Այսօր մի շարք մանրամասներ են հայտնի դարձել նախօրեին Ապարանում «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամների իրականացրած քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ երեկ կուսակցությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի մոտակայքում անհայտ անձը նկարահանման ընթացքում հարվածել էր ՔՈ-ի տարածքային թեկնածու Մարիամ Չախոյանի հեռախոսին և այն վայր գցել: Այսօր պարզվել է, որ հարվածողը եղել է «Գնթունիք»-ի աշխատակից Հայկ Կիրակոսյանը, ով ըստ Մարիամ Չախոյանի, մոտեցել է իրենց և հորդորել քարոզչություն չիրականացնել սուպերմարկետի մոտակայքում, քանի որ խոչընդոտվում է նրա բնականոն աշխատանքը:

Չախոյանի՝ բացատրություն տալու պահանջի փոխարեն Հայկ Կիրակոսյանը հարվածել և գցել է թեկնածուի հեռախոսը, այնուհետև վերցրել է այն և փորձել է ջնջել նկարահանվածը, սակայն չի կարողացել և հեռախոսը վերադարձրել է Մարիամ Չախոյանին: Դեպքի վերաբերյալ Չախոյանը հաղորդում չի տվել, սակայն տվել է բացատրություններ: Հայկ Կիրակոսյանը ոստիկանական բաժանմունքում նույնպես բացատրություն է տվել՝ նշելով, որ չի խոչընդոտել քարոզարշավը: Կիրակոսյանը բաց է թողնվել:

Ոստիկանությունը կատարվածի առնչությամբ նյութեր է նախապատրաստում:

Ի դեպ այս միջադեպի և քարոզարշավին առնչվող այլ հարցերի մասին այսօր «Հետք»-ի սրահում խոսել է «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը:

«Հստակեցնել դիրքորոշումը Արցախի հարցում»

«Սասնա ծռեր» կուսակցությունը այսօր քարոզարշավ է իրականացրել Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում, հանդիպել քաղաքացիներին և ներկայացրել իրենց նախընտրական ծրագրի դրույթները:

Ուշագրավ էր «Սասնա ծռեր»-ի այսօր տարածած հայտարարությունը, որում կոչ էր արվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հստակեցնել իրենց դիրքորոշումները Արցախի հարցում, մասնավորապես նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի շրջակա 7 ազատագրված շրջանների հարցում: «Սասնա ծռեր»-ը դեմ է որևէ պարագայում տարածք հանձնելու մոտեցմանը:

«Նոր որակի ընտրություններ ունենալու հույս»

Հայ hեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) այսօր հանրահավաք է կազմակերպել Սևան քաղաքում: ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ելույթ ունենալով հավաքվածների առաջ, թվարկել է իրենց նախընտրական ծրագրի հիմնաքարերը, որոնց թվում Մանոյանը նշել է՝ ազգային խնդիրների առաջնահերթություն, հողի պաշտպանություն, ազգային արժեքների պաշտպանություն, Արցախի հարցում ընդհանրապես առանց զիջելու զարգացում, սոցիալական արդարություն և կառավարման համակարգի բարելավում:

ՀՅԴ բյուրոյի անդամն ասել է նաև, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները կարող են լինել նոր որակի ընտրություններ, և չնայած քարոզարշավի ընթացքը Մանոյանին այնքան էլ հույս չի ներշնչում որակի մասին, սակայն նա հավանակությունը մեծ է համարում:

«Ռոբոտներ առաջնագծում»

«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր մի շարք տեսաուղերձներ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: Դրանցից մեկում նա խոսում է բանակի մարտունակությունը բարձրացնելու քայլերից:

Ըստ Բաղդասարյանի՝ պետությունը պետք է աչքի լույսով վերաբերվի բանակին և լուծի զինծառայողների բնակարանային հարցերը: ՕԵԿ նախագահն ասում է, որ պետությունը պիտի ապահովի սպայի արժանապատիվ կյանքը:

Մարտունակության մասին խոսելիս Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը պետք է անցում կատարի «վարձատրվող բանակի»: Նա առաջարկում է նաև 18-ամյա զինծառայողների փոխարեն առաջնագիծ ուղարկել ժամանակակից ռոբոտներ: Ըստ նրա՝ այդ ռոբոտները թանկ չեն, և պետբյուջեի միջոցները բավարար են ՀՀ զինված ուժերը ժամանակակից սարքավորումներով ապահովելու համար:

«Վերացնել պատգամավորական անձեռնմխելիությունը»

«Ազգային առաջընթաց» (ԱԱԿ) կուսակցությունն առաջարկում է վերացնել պատգամավորական անձեռնմխելիությունը և պատգամավորի հետկանչման ինստիտուտ ներդնել: Այս և մի քանի այլ ծրագրային դրույթների մասին «Ազգային առաջընթաց»-ը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով քաղաքացիներին դրանց իրականացման համար քվեարկել իրենց:

Ֆլեշմոբ Գյումրիում

«Քրիստոնեա-ժողովրդական» վերածնունդ կուսակցությունն (ՔԺՎԿ) էլ այսօր ֆլեշմոբ է իրականացրել հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում:

«Ֆլեշ մոբ` Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության կողմից Գյումրու կենտրոնական հրապարակում` Խաչ ջահերով»,- գրել է կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը՝ իր ՖԲ էջում կիսվելով ֆլեշմոբի տեսանյութով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter