HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված ևս 1 հա անտառ վերադարձվեց պետությանը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող 1 հեկտար մակերեսով անտառը վերադարձվեց պետությանը։ Նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը՝ բավարարելով Գլխավոր դատախազության հայցը։ Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։

Անտառային հողը սեփականաշնորհվել էր 2007 թ․-ին, Կոտայքի այդ ժամանակվա մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշումներով։ Երկու առանձին 0.5 հեկտարից բաղկացած հողամասերը կեղծ աճուրդներով օտարվել էին մարզպետի հետ կապված անձին՝ Չարենցավան համայնքի բնակիչ Աշոտ Վաղինակի Խաչատրյանին։

Հողամասերը գտնվում են Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի տարածքում և ամբողջությամբ ծառապատ են։ Դատավճռում նշված է, որ «Հետքի»՝ Ծաղկաձորում սեփականաշնորհված անտառների մասին հրապարակումը Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է, որից հետո քրեական գործ է հարուցվել և քննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ Նախաքննության ժամանակ պարզվել է, որ աճուրդները տեղի չեն ունեցել, և կեղծիքների միջոցով են հողամասերն օտարվել։

Այդ փաստը հաստատվել է նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի գլխավորությամբ այդ ժամանակ ձևավորված աճուրդային հանձնաժողովի անդամների ցուցմունքներով։ Կովալենկո Շահգալդյանն էլ Քննչականում հայտնել է՝ դեմ է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի վաղեմության ժամկետն անցած լինելու՝ ոչ արդարացնող հիմքով։ ՀՔԾ-ում քրեական գործի կարճումից հետո Դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում հայցեր է հարուցել, որոնցից մի քանիսը բավարարվել են, իսկ մեծ մասը դեռ դատաքննության փուլում է։

Չարենցավանի բնակիչ Աշոտ Խաչատրյանը Ծաղկաձորում ևս մեկ հողամաս է ապօրինի սեփականաշնորհել, որը հետագայում փոխանցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին։ Կոտայքի մարզում կայացված այն կեղծ աճուրդները, որոնք կազմակերպել է մարզպետարանը, դատարանում վիճարկում է Դատախազությունը, որոնք կազմակերպել է Հրազդան համայնքը՝ վիճարկում է համայնքապետարանը։ Աշոտ Խաչատրյանի և այլ անձանց հենց Ծաղկաձոր քաղաքի տարածքում սեփականաշնորհած անտառների գործերով Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը տապալել է դատական գործընթացը։ Հայտնի չէ՝ արդյո՞ք դրանից հետո հնարավորություն կա պետությանը վերադարձնելու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի սեփականաշնորհված անտառային տարածքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter