HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ՔԿ պաշտոնյայի կողմից Ծաղկաձորում սեփականաշնորհված 2.4 հա անտառը վերադարձվեց պետությանը

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ պետությանը վերադարձվեց 17 տարի առաջ ապօրինի սեփականաշնորհված անտառային հող։ Կեղծ աճուրդներով 2.4 հեկտար անտառը ձեռք էր բերել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի խորհրդական Կարեն Մարգարյանը։ Սեփականաշնորհելուց հետո այն վաճառել էր մարզպետի որդուն՝ Չարենցավանի ներկայիս համայնքապետ Հակոբ Շահգալդյանին։ Գույքն առաջինը ձեռք բերած Կարեն Մարգարյանն այժմ զբաղեցնում է Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Կառավարության որոշման նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ըստ նախագծի՝ նախարարությանը դիմել է Գլխավոր դատախազությունը՝ հայտնելով, որ Հակակոռուպցիոն դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանի անվամբ Ծաղկաձոր համայնքի Արտավազ գյուղում գտնվող 2,4 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Նախարարության առաջարկով 47 միլիոն դրամ արժեցող գույքն ամրացվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Ուշագրավ է, որ նախկինում պետական սեփականություն հանդիսացած անտառային հողը ապօրինի սեփականաշնորհումից, ապա պետությանը վերադարձնելուց հետո ոչ թե ամրացվում է, օրինակ, Հայանտառ ՊՈԱԿ-ին, այլ ամրացվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Նախարարությանը ենթակա կոմիտեն զբաղվում է պետական գույքի մասնավորեցմամբ։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս անտառային հողը նախկին պաշտոնյաներից վերցնելուց հետո կրկին չի վաճառվի, ինչպես, օրինակ, «Գոլդեն Փելիս» հյուրանոցի դեպքում եղավ։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում ներկայացրեց Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված անտառները պետությանը վերադարձնելու գործընթացի նախապատմությունը։ Նրա խոսքով՝ առաջիկայում ևս մեկ անտառային հող (2հա) կամրացվի պետությանը, իսկ դատարանում գտնվող նմանօրինակ գործերով ակնկալում են Դատախազության հայցերի բավարարում, քանի որ այս գործերով արդեն իսկ կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում անտառային հողերի սեփականաշնորհման մասին «Հետքը» 2018թ․ հրապարակեց «Պաշտոնյաները Ծաղկաձորում 50 հեկտար անտառ են սեփականաշնորհել» վերնագրով հետաքննությունը։ Հաջորդիվ քրեական գործ հարուցվեց, որը վաղեմության հիմքով կարճվեց։ Դրանից հետո Դատախազությունը պետշահերի պաշտպանության շրջանակում դիմեց դատարան, որպեսզի անտառները վերադարձվեն պետությանը։

Ապօրինի աճուրդների միջոցով Ծաղկաձորում 2007-2009 թթ․-երին հողամասեր էին ձեռք բերել այդ ժամանակահատվածում պաշտոններ զբաղեցրած հետևյալ անձինք՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը, Դանիելյանի խորհրդականի որդին՝ Արսեն Արզումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, գործարար Սամվել Մայրապետյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, ինչպես նաև՝ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Նիկիտա Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter