HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի լավ է հանցագործությունը չբացահայտվի, քան դատապարտվի անմեղը

Քրեագիտության այս ոսկե կանոնն արդյո՞ք գործում է հայաստանյան իրականության մեջ: «Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի հերոսներն ավելանում են: Պարբերաբար ստանում ենք ահազանգեր բանտերում գտնվող անձանցից, նրանց հարազատներից, ովքեր բարձրաձայնում են անարդար դատավճիռների, դատական սխալների մասին, պնդում, որ իրենք կամ իրենց հարազատն անմեղ են, սակայն դատապարտվել ու պատիժ են կրում: Իսկ քրեական գործերի վերաբացման ուղղությամբ իրենց բոլոր ջանքերը անհաջողությամբ են ավարտվում, քանի որ պետական համապատասխան մարմիններից ստացվում է մեկ պատասխան. «Կա օրինական ուժի մեջ մտած դադավճիռ»: Երբեմն նաև գրվում է. «Քրեական գործը կարող է վերանայվել նոր երևան եկած հանգամանքների հիմքով»:

Այդպիսի մի պատասխան գլխավոր դատախազությունից վերջերս ստացավ «Հետքը», երբ այդ պետական կառույցին դիմել էինք ցմահ դատապարտյալ, 11 տարի բանտում գտնվող, նախկին շարքային, երկկողմանի ծնողազուրկ Ցոլակ Պողոսյանի գործի համար: Հիշեցնենք, որ «Հետքը» դատարանների արխիվում ուսումնասիրել ու շարքով ներկայացրել է այդ քրեական գործը, հանդիպել Ցոլակին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ու հարցազրույց անցկացրել:

Գլխավոր դատախազին ուղղված մեր նամակում մատնանշել էինք, որ շարքային զինվոր Ցոլակ Պողոսյանը չի ունեցել պաշտպան ողջ նախաքննության ընթացքում, չի ունեցել թարգմանիչ, չի տիրապետել հայերեն գրավոր լեզվին, չի ունեցել ծնողներ: Նշել էինք նախաքննության ու դատավարության խախտումների մասին, որ մեկ անձի (այն էլ գործի նման ելքով շահագրգիռ մյուս մեղադրյալ Սայաթ Արշակյանի) պարբերաբար փոփոխվող ու լրացվող ցուցմունքներն են դատավճռի հիմքում և Ցոլակի ինքնախոստովանական ցուցմունքը (վերցված բռնությամբ ու ճնշումներով՝ առանց փաստաբանի), սակայն գլխավոր դատախազությունից «Հետքին» պատասխանեցին, որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ և այն կայացվել է դատավարական համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ:

Մի՛ ոչնչացրեք գործերի վերաբացման հիմքերը

Վերջին 5 ամիսներին ընթերցողին ենք ներկայացնում երիտասարդ տարիքում՝ 18-21 տարեկանում դատապարտված, հիմնականում զինվորական ծառայության ժամանակ կատարված հանցագործությունների մեջ մեղադրված նախկին զինվորների գործեր: Մոտ 15 քրեական գործ ուսումնասիրելով՝ ակնհայտ երևում է նախաքննական ու դատական մարմինների նույն ձեռագրերը: Հատկապես հին գործերում, 15-18 տարվա վաղեմության (որոնց ծանոթացանք դատարանների կենտրոնական արխիվում), անգամ մահապատժի գործերով այնքան քիչ են գործերի հատորները (միջինը 3 հատոր), քիչ են փորձաքննությունները (1-2 փորձաքննության տեսակ), քիչ են լուսանկարները՝ տեղազննության արձանագրությանը կցված (կամ առհասարակ չկան, դրանց փոխարեն վատ նկարչությամբ սխեմաներ են), քիչ են իրեղեն ապացույցները (քննիչի սենյակից, օրինակ, կարող է կորչել սպանված զինվորի հագուստը, որը կարող է լույս սփռել կատարվածի վրա): Իրեղեն ապացույցները դատավարությունից հետո ոչնչացվում են օրենքով, այդպիսով վերացվում է գործի վերաբացման ամենաառանցքային հիմքը: Դատավճիռների հիմքում շատ հաճախ ինքնախոստովանական ցուցմունքներն են՝ կորզված բռնության հետևանքով:

Փոխարենը շատ են տարբեր վկաների ցուցնունքներ, որոնք հիմնականում շարքայիններ են (միջին ու բարձր սպայական կազմից անձինք չկան): Դատավճիռների հիմքում էլ դրվում են այդպիսի ցուցմունքներ: Ու թեպետ հետո դատարանում այդ վկաները հայտարարում են, որ ծեծի հետևանքով են ստիպված գրել այդ ցուցմունքները, սակայն այդպես էլ քննություն բռնությունների ուղղությամբ չի կատարվում:

Ահազանգում է ՄԻ պաշտպանը

Զինադադարից հետո հայկական բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի քննության թերի մակարդակի մասին անդրադարձ կա ՀՀ բոլոր երեք օմբուդսմենների տարեկան զեկույցներում: Դրանց բովանդակությունը գրեթե չի փոխվում, թերևս, փոխվում են միայն թվերն ու կոնկրետ դեպքերը, սակայն խնդիրը մնում է նույնը, քանի որ լուծում չի ստանում: Այսպես՝ Մի պաշտպան Կարեն Անդրեասյանի վերջին տարեկան զեկույցում կարդում ենք. «Խնդրահարույց է մնում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի քննությունը: Այս գործերի թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության նկատմամբ առկա է հանրային մեծ անվստահություն: 2013թ. Պաշտպանի կողմից ուսումնասիրվել է ՀՀ զինված ուժերում ծեծի, այլ բռնի գործողությունների ենթարկված և հետագայում մահացած զինծառայող Ժորա Մկրտչյանի քրեական գործը, որի արդյունքում արձանագրվել է, որ նախաքննական մարմինը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ վերջինիս ապօրինի կերպով մարտական հերթապահության ուղարկած պաշտոնատար անձանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հարցում: Վարույթ իրականացնող մարմնի կողմից անհապաղ չեն ձեռնարկվել միջոցներ անհրաժեշտ փորձաքննություններ նշանակելու ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքներով կայացվել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում… 2013 թվականին արձանագրվել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտման 241 դեպք, սակայն տարվա ընթացքում կարգապահական պատասխանատվության են ենթարկվել ընդամենը 10 զորամասերի հրամանատարներ»:

Ահազանգում են նաև իրավապաշտպանները

«ՀՀ ԶՈՒ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերով նախաքննության ու դատաքննության ընթացքում վերհանված խախտումների դեպքերի վերլուծությամբ», հեղինակներ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանն ու բանակային դեպքերի փորձագետ, տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ հանդես եկող Ռուբեն Մարտիրոսյանն ուսումնասիրել են հայկական բանակում կատարված 22 զինվորի մահվան դեպք: Պարզվել է, որ գործերից և ոչ մեկով չկա նախադեպ, երբ դատարանը հարթել է գործում առկա հակասությունները, երբևէ չի միջնորդել, որպեսզի դրանց շուրջ կատարվի լրացուցիչ քննություն: Վերլուծության հեղինակները, ինչպես և «Հետքն» իր լրագրողական ուսումնասիրություններով իրեղեն ապացույցների ոչնչացման, անտեսման մասով հանգել են նույն եզրահանգումների: Վերլուծության մեջ կարդում ենք.

«Որպես կանոն նախաքննական մարմինը ոչնչացնում է դեպքի վայրը` այնտեղից վերցնելով և պարտակելով իրեղեն ապացույցները, որոնք ուղղակի մատնացույց են անում մարդասպանին, կամ առնվազն ապացուցում են, որ տեղի ունեցածն սպանություն է: Որքան քիչ են իրեղեն ապացույցները, այնքան քննիչի համար դյուրին է գործը ցանկալի հունով տանելը, այս կամ այն զինվորին սպանության մեջ մեղադրելը, հետագայում՝ անհրաժեշտություն առաջանալու դեպքում, մեկ այլ զինվորին մեղադրելը: Գրեթե բոլոր գործերում քննիչները փորձաքննության չեն ուղարկում իրեղեն ապացույցները, որոնց հիման վրա տրված եզրակացությունները կարող են էապես հակասել իրենց կեղծ նախաքննությանը: Հաճախ նման իրերը նույնիսկ չեն ճանաչվում որպես իրեղեն ապացույցներ: Նախաքննական մարմինը ոչնչացնում է այն իրեղեն ապացույցները` հագուստ, արյուն, գնդակ, պարկուճ, որոնք կարող են խոչընդոտել կեղծ նախաքննություն կատարելուն…Վերջին տասը տարիների ընթացքում հայտնի չէ թեկուզ մեկ դեպք, երբ սպանության գործիքի վրա հայտնաբերվեն մատնահետքեր և այդ փաստը դրվի մեղադրանքի հիմքում»:

Իրեղեն ապացույցների պահպանմամբ կարելի է հասնել արդարացումների

Քրեագիտության ոսկե կանոնը հաճախ չի գործում անգամ իրավական պետություններում, որտեղ, սակայն, չեն բացառում դատական սխալի հավանականությունը, ուստի և գործիքներ են ստեղծվում, որպեսզի թեկուզ տարիներ անց վերաբացվեն հին քրեական գործեր: Գրեթե ամեն օր միջազգային մամուլը գրում է ԱՄն-ում, Ճապոնիայում, Կանադայում այս կամ այն արդարացված դատապարտյալի մասին, ով մինչև կյանքի վերջ պիտի մնար բանտում, սակայն ԴՆԹ թեստը՝ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ ապացուցում է բանտարկյալի անմեղությունը: Հայաստանը դեռ այս գործիքները չի կիրառում, դեռ հեռու է նաև մեր իրավական համակարգը սեփական սխալներն ընդունելուց: Սակայն նոր ձևավորվող հանրային ճնշման տակ համակարգը վաղ թե ուշ կգնա սեփական սխալները սրբագրելու ճանապարհով: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի Առաքելյան
Իշխող-կառավարողներն են ավելի մեծ հանցագործներ եղել /և են/ և այդ պատճառով մեր բանտերում մեծ մասամբ ոչ թե կաշառք առաջարկող հանցագործներն են հայտնվել, այլ ազնիվ և անմեղ մարդիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter