HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ամերիկյան պատժամիջոցները, իրանական փոխադրողի հեռանալն ու հայկական ընկերության համար առաջացած նպաստավոր միջավայրը

Հայկական ավիափոխադրող «Արմենիա Էյրվեյզ» ընկերությունը, որը հունիսի 15-ից թռչում է Երեւան-Թեհրան-Երեւան ուղեգծով, օրերս իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ օգոստոսի 19-ից ավելացնելու է թռիչքների թիվը:

Հիշեցնենք, որ ավիաօպերատորը ներկայում ամեն օր առավոտյան «Զվարթնոցից» թռչում է Իրանի մայրաքաղաքի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայան ու վերադառնում կեսօրից հետո: Մյուս շաբաթվանից սկսած՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին «Արմենիան» Թեհրան կմեկնի նաեւ երկրորդ անգամ՝ 17:30-ին, իսկ այնտեղից կվերադառնա 21:00-ին: 

Ինչպես հայտնի է, ընկերությունը շահագործում է 112 հոգի տեղավորող «BAe 146-300» տիպի օդանավ: Մեր տեղեկություններով ու նաեւ դատելով նոր թռիչքներ բացելու հանգամանքից՝ հայկական ավիաընկերության գործերը լավ են ընթանում: Սա տրամաբանական է, քանի որ «Արմենիա Էյրվեյզը» ներկայում Երեւանն ու Թեհրանն օդով իրար կապող միակ ընկերությունն է, իսկ հարեւան երկրից դեպի Հայաստան տուրիստների հոսքը բավականին մեծ է, այսինքն՝ չվերթները մեծ պահանջարկ ունեն: 

«Արմենիան» այս դաշտում մնաց միակը այն բանից հետո, երբ հայկական շուկայից դուրս եկավ իրանական «Mahan Air»-ը: Իրադարձությունների զարգացումը հուշում է, որ վերջինս Հայաստանից հեռացել է ոչ սեփական կամքով, առավել եւս որ շուկան շահութաբեր է:

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին հայկական «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ն, որն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով եւ «Mahan Air»-ի ներկայացուցիչն էր մեր երկրում, հայտնվեց ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ: Նրա «մեղքը» իրանական ավիաընկերության հետ կապ ունենալն էր, իսկ «Mahan Air»-ը դեռ 2008-ից ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում է: Ամերիկյան իշխանությունները իրանական մասնավոր ավիաընկերությանը մեղադրում են այդ երկրի էլիտար զինվորական ստորաբաժանում համարվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցելու եւ վերջինիս հարող սիրիական ուժերին անձնակազմ ու զենք առաքելու մեջ: ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ դրանց տակ հայտնված ընկերությունների ամերիկյան բոլոր ակտիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին արգելվում է նրանց հետ որեւէ գործարք կնքել: ԱՄՆ-ն սպառնացել է նաեւ պատժամիջոցներ կիրառել այն օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների դեմ, որոնք էական ծառայություններ կմատուցեն ցանկում հայտնված ընկերություններին: 

«Ֆլայթ Թրավելի» տնօրեն Բելլա Գեւորգյանը հունվարին «Հետքին» հայտնել էր, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները 2018-ի աշնանից իրեն պարբերաբար հորդորել են դադարեցնել գործունեությունը, սակայն ինքը չի լսել. «Հանդիպումների ընթացքում ես պնդել եմ, որ համարվում եմ ՀՀ քաղաքացի, եւ երբ իմ պետությունը կորոշի, որ այդ ավիաընկերության հետ չի կարելի աշխատել, այդ դեպքում մենք կդադարեցնենք մեր գործունեությունը: Առայժմ մենք մեր երկրում խնդիրներ չենք ունեցել աշխատանքը սկսելու օրվանից»: Գեւորգյանը հավելել էր, որ եթե չհամագործակցեն «Mahan Air»-ի հետ, ստիպված կլինեն ընդհանրապես դադարեցնել ընկերության գործունեությունը, քանի որ «Ֆլայթ Թրավելը» զբաղվում է բացառապես Երեւան-Թեհրան ավիատոմսերի վաճառքով: Մյուս կողմից՝ հայկական ՍՊԸ-ի ղեկավարը շեշտել էր, որ պատժամիջոցների վերաբերյալ իրենք մտահոգվելու խնդիր չունեն, քանի որ ԱՄՆ-ում ո՛չ սեփականություն ունեն, ո՛չ էլ բանկային հաշիվներ: 

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Ֆլայթ Թրավելի» հետ համագործակցությունը դադարեցրել է «Կոնվերս Բանկը»: Չնայած բանկը տեղեկացրել էր, թե դա արվել է ընկերության դիմումով, հիշատակել էր նաեւ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների դեմ ամերիկյան հնարավոր պատժամիջոցների մասին: Ահա այս ամենից հետո «Mahan Air»-ն ամռանը դուրս եկավ հայկական շուկայից: Ինչ վերաբերում է «Ֆլայթ Թրավելին», ապա ՍՊԸ-ն, համաձայն ՊԵԿ-ի, շարունակում է գործել:      

Հիշեցնենք նաեւ, որ «Mahan Air»-ի հետ կապ ունենալու պատճառով ամերիկյան իշխանությունները 2013-ին պատժամիջոցներ էին կիրառել հայկական «Վերթիռ» ավիաընկերության դեմ: Այս ՍՊԸ-ն համարվել է այն միջնորդներից մեկը, որոնք «ներգրավված են ավիացիոն գնումների անօրինական ցանցում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ արգելքները շրջանցելու համար»: «Վերթիռը» պատկանում է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբոր ընտանիքին, չնայած ներկայում, ըստ ՊԵԿ-ի տվյալների, գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:

Փաստորեն, ամերիկյան տեւական ճնշումներից հետո իրանական ավիաընկերությունը, որն իր երկրում առաջատարներից մեկն է, ոչ սեփական կամքով (չի բացառվում, որ «Mahan Air»-ին նաեւ Հայաստանից են հորդորել դիմել այդ քայլին) դուրս է եկել հայկական շուկայից, ինչից ակամայից շահել է հայկական փոխադրողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter