HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկը Լեռնարոտում երեք հաղթանակները խորհրդանշող հուշակոթող է տեղադրել

Երեկ՝ մայիսի 9-ին, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում հուշակոթող է բացվել` նվիրված 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի ազատագրական պայքարին, Հայրենական մեծ պատերազմին ու Արցախյան շարժմանը։ Նախաձեռնությունը «Տոնոյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ Տարոն Տոնոյանինն է։ Նա Լեռնարոտ գյուղից է։ Մասնակցել է արցախյան երեք պատերազմներին։ 44-օրյա պատերազմին ոչ միայն Տարոն Տոնոյանը, այլեւ նրա ղեկավարած կենտրոնի բուժանձնակազմը ռազմաճակատում է եղել՝ դաշտային հոսպիտալ են հիմնել, վիրահատություններ արել։

Լեռնարոտում հուշակոթողը օրհնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրա խոսքով՝ մայիսի 9-ը խորհրդանշական օր է եւ խառն ապրումներով է նրանց համար, ովքեր պատիվ եւ հայրենիք ունեն։

«Խառն են մեր ապրումները, որովհետեւ այսօր մենք կոչված էինք տոնախմբելու եւ նշելու մեր վերջին շրջանի բոլոր ժամանակների հերոսական դրվագներից մեկը՝ մեր պատվի եւ արժանապատվության կերտումը։ Շուշիի դիցուհու ազատագարումը՝ որպես հայության հավերժագնացի խորհրդանիշ։ Բայց այսօր, ցավոք, մեր սիրելի թագուհին գտնվում է գերության մեջ, պատանդի կարգավիճակում, վերստին անպատվության խարանը մեր ճակատներին դրոշմելով։ Մեր գլուխները կախ են եւ չեն կարող բարձր լինել մինչեւ այն ժամը, երբ մենք եւ միայն մենք, միայն մեզնով կվերադառնա մեր թագուհին մեր տուն»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Տարոն Տոնոյան էլ նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո վերադառնալուց հետո գիտեր, որ պարտվել ենք, բայց երբեք չէր պատկերացնում, որ այդ պարտությունը կարող է այդպես թեւաթափ անել։ Նրա խոսքով՝ պարտությունները կարող են ժամանակավոր լինել, եթե դրսեւորենք կամք, ունենանք հաղթանակի հասնելու նպատակ։ Բայց, ըստ նրա, առավել կարեւոր է պայքարը։ Հայ ժողովրդի պատմությունն էլ վկայում է, որ ավելի դժվար ժամանակներ են եղել, բայց հնարավոր է եղել պայքարի միջոցով հասնել հաղթանակի։

Հուշակոթողի հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է։

Հուշարձանը հրաբխից կամ հողից ժայթքած երեք հաղթանակների խորհուրդ ունի։ Քանդակագործն ասում է՝ գաղափարը հաղթանակն է, որը խորհրդանշում է երեք տարբեր ժամանակների պայքարները։ «Ամեն դեպքում ծնունդ է, իրենք ուժեղ են, ձգտում են դեպի վերեւ»,- նշում է քանդակագործը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter