HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարազդատ Լալայանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան +109 կգ քաշային կարգի ծանրորդները։ Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Վարազդատ Լալայանը, իսկ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր։ 

Հարկ է նշել, որ գերծանր քաշային կարգի՝ վերջին տարիների անվիճելի առաջատար, Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, վրացի Լաշա Տալախաձեն վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել պայքարին։

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը սկսեց 200 կիլոգրամից և վստահությամբ բարձրացրեց։ Երկրորդ մոտեցմամբ նա գլխավերևում պահեց 205 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երրորդ մոտեցման համար Լալայանը պատվիրեց 210 կգ, սակայն չկարողացավ պոկել, չնայած որ դա չխանգարեց նրան նվաճել պոկում վարժության ոսկին։

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունը սկսեց 190 կգ-ից և հաջողությամբ ֆիքսեց, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումներին չկարողացավ բարձրացնել 200 կիլոգրամանոց ծանրաձողը։ Մարտիրոսյանն այս վարժությունում 3-րդն էր։ 

Պոկում վարժության արծաթին արժանացավ չեզոք դրոշի ներքո հանդես եկող բելառուսցի Էդուարդ Զիազուլինը` 195 արդյունքով։

Հրում վարժությունում Վարազդատ Լալայանը սկսեց 240 կիլոգրամից և հաջողությամբ հրեց։ Երկրորդ մոտեցմամբ Լալայանը հաջողությամբ հրեց նաև 250 կիլոգրամը, իսկ երրորդ մոտեցումից հրաժարվեց, քանի որ արդեն ապահովել էր չեմպիոնությունը։

Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 241 կգ։ Նա վստահությամբ բարձրացրեց նաև 247 կիլոգրամը։ Վերջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 255 կգ, սակայն չկարողացավ հրել՝ դառնալով հրում վարժության արծաթե մեդալակիր։ Այս վարժության բրոնզն էլ բաժին հասավ Էդուարդ Զիազուլինին՝ 241 կգ արդյունքով։

Այսպիսով, երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Սիմոն Մարտիրոսյանը 437 կգ արդյունքով դարձավ փոխչեմպիոն, իսկ Էդուարդ Զիազուլինը՝ բրոնզե մեդալակիր՝ 436 կգ արդյունքով։

Հիշեցնենք, որ որ Վարազդատ Լալայանը Եվրոպայի 2022 և 2023 թվականներին դարձել էր փոխչեմպիոն, իսկ 2021-ին՝ բրոնզե մեդալակիր։

Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականը հաղթեց թիմային հաշվարկում, ինչպես 2023 թվականին։ Այս տարի մեր հավաքականն ունեցավ 4 չեմպիոն՝ տղամարդկանց պայքարում՝ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, +109 կգ քաշում Վարազդատ Լալայանը և կանանց 55 կգ քաշում Ալեքսանդրա Գրիգորյանը։

Եվրոպայի փոխչեմպիոններ դարձան 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը և +109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը։

81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, կանանց պայքարում էլ 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը դարձան բրոնզե մեդալակիրներ։  

Այսպիսով ստացվեց 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter