HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը կրկին Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրելու

Խորհրդարանը վաղը գումարվող հերթական քառօրյայում կրկին քննարկելու է Սահմանադրական դատարանի (ՍԴ)՝ թափուր տեղում առաջադրված դատավորի ընտրության հարցը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: Թեպետ նույնիսկ խորհրդարանի գումարումն ու քաղաքական մեծամասնություն է փոխվել, սակայն թեկնածուները շարունակում են մերժվել:

Այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Վաղարշյանն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2005 թվականից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչն է: Վաղարշյանն իր կենսագրական տվյալների մեջ գրել է, որ միայն ՀՀ քաղաքացի է, չունի այնպիսի հիվանդություն, որի պատճառով ի վիճակի չլինի ՍԴ դատավորի լիազորությունները կատարել, դատվածություն չունի, իր նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, չի ճանաչվել անգործունակ կամ սնանկ:

Նախորդ գումարման խորհրդարանը մերժել էր նախագաh Արմեն Սարգսյանի առաջադրած առաջին թեկնածությունը: Նախագահն առաջադրել էր Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Այդ օրերին նիստերի ժամանակ քվորում չէր ապահովվում, խորհրդարանի շենքը շրջափակված էր, և ՀՀԿ-ականները չէին կարողանում խորհրդարանի շենք մուտք գործել: Քվեարկությանը 105 պատգամավորներից մասնակցել էր 54-ը, որից 51-ը՝ կողմ, երեքը՝ դեմ։

Այնուհետև դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: Այս անգամ ևս 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 54-ը, նրա թեկնածությունը խորհրդարանը մերժել էր 36 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ, մեկ քվեաթերթիկ ճանաչել էր անվավեր:

Հոկտեմբերի 23-ին կրկին ՍԴ անդամի ընտրություն կայացավ. այս անգամ նախագահն առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, սակայն այն մերժվեց 30 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նոր գումարման խորհրդարանին էլ նախագահը ներկայացրեց Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի՝ սահմանադրական իրավունքի ոլորտում իրավաբանական գիտությունների դոկտորի (Doctor iuris) աստիճան ունեցող Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը մերժվեց 24 կողմ, 75 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հովհաննիսյանն արձանագրեց՝ կարևորում է ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու համար մասնագիտական պատրաստվածությունը և քաղաքական չեզոքությունը, ուստի իր պատասխանների ընթացքում փորձում էր քաղաքական գնահատականներ չտալ՝ անկախ նրանից, թե ինչ ակնկալիքներ ուներ քաղաքական մեծամասնությունը:

Հիշեցնենք, որ ՍԴ անդամն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների երեք հինգերորդի ձայներով:

Նկատենք նաև, որ յոթերորդ գումարման խորհրդարանը ՍԴ-ի պահանջով փոփոխություններ է կատարել Սահմանադրական դատարանի մասին օրենքում, ըստ որի՝ օրենքով ամրագրվել է, որ եթե սահմանված կարգով ՍԴ դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինը պետք է առաջադրի Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու։ Այս դրույթը քաղաքական մեծամասնության և ընդդիմադիրների վիճաբանության առիթ դարձավ: Ընդդիմադիրների կարծիքով՝ ՍԴ նոր թեկնածու նշանակում է նախկինում չառաջադրված ու չմերժված թեկնածու, իսկ նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ թեկնածուի առաջադրման գործընթացն է նոր, այլ ոչ թե նոր թեկնածուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter