HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմինը գնացել է 3 տարվա վաղեմության տեսանյութի հետքերով

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) երեկ իր ֆեյսբուքյան էջով հայտնել է, թե համացանցում տարածված Արծվանիկի պոչամբարի պարզվածքի վերաբերյալ ահազանգի հետքերով օգոստոսի 24-ին տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարից հեռացվող հոսքաջրերի թունելախորշի սկզբնամասում: Կատարվել են հոսքաջրերի նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար: Այս առնչությամբ տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ:

Տեսչական մարմնին խնդրել էինք տեղեկություններ տրամադրել «համացանցում տարածված ահազանգի» մասին: Ի պատասխան՝ մեզ ուղարկել են Թեհմինե Ենոքյանի կողմից յութուբյան ալիքում օգոստոսի 24-ին տարածված տեսանյութը, որը վերնագրված է «Հաղորդում հանցագործության մասին. Արծվանիկի պոչամբարի պարզվածքն է»: Տեսանյութի նկարագրության մեջ նշված չէ, թե ով է դրա հեղինակը, երբ է կատարվել նկարահանումը:

Պարզվում է, սա այն նույն տեսանյութն է, որն ամսի 23-ին ֆեյսբուքյան իր էջում տարածել էր կապանցի բնապահպան, «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Տեսանյութի հեղինակը հենց նա է:

«Ֆեյսբուքում» տեսանյութի հետ միասին կապանցի բնապահպանը նշել էր հետեւյալը. «Սա Արծվանիկի պոչամբարի պարզվածքն է, եւ սա եզակի դեպք չէ, տասնյակ անգամ նկարել էմ սենց տեսանյութեր, բարձրաձայնել: Այս «անարատ ու կենարար» հեղուկով ոռոգվում են հեկտարներով այգիներ: Ոլորտում առկա օրենսդրական, կադրային, նյութատեխնիկական խնդիրները դեռ չլուծած՝ ի՞նչ նոր հանքի մասին է խոսքը: Ոչ մի նոր հանք Հայաստանում»: Մեկնաբանություններում Ա. Փարսադանյանը պարզաբանել է, որ տեսանյութը նկարել է 2016 թվականին՝ միաժամանակ նշելով, որ պոչամբարի պարզվածի մաքրման խնդիրը դեռ լուծված չէ:

Ահա այսքանից հետո տեսչական մարմինը հայտարարել է, թե գնացել է ահազանգի հետքերով ու նմուշառում կատարել: Փաստորեն, ԲԸՏՄ-ն չի ճշտել, թե երբ է նկարվել տեսանյութը, փոխարենը շտապել է նմուշառման ու վարչական վարույթի մասին տեղեկացնել: Տպավորություն է, որ տեսչական մարմինն ուղղակի աշխատելու իմիտացիա է անում սոցիալական ցանցերի միջոցով:

2013 թվականից «Հետքը» պարբերաբար անդրադառնում է ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարի կեղտոտ պարզվածքի արտահոսքերին, որոնք լցվում են Նորաշենիկ գետը, այնտեղից էլ՝ Ողջի: Երբեմն նման արտահոսքերը օրեր են տեւել, սակայն կոմբինատի նկատմամբ հաշվարկվել են չնչին տուգանքներ: Տարբեր ժամանահատվածներում արտահոսքեր են գրանցվել նաեւ ԶՊՄԿ-ի ենթակայության «Լեռ-Էքս» ընկերության կոմբինատում, որը գտնվում է Գեղի գետի ձորում: Կարծիք կա նույնիսկ, որ ԶՊՄԿ-ն պարբերական արտահոսքերի միջոցով բեռնաթափում է Արծվանիկի պոչամբարը, որը լցվում է արագ տեմպերով:

2017-ին բնապահպանության նախարարությանը (ներկայում՝ շրջակա միջավայրի նախարարություն), որին այն ժամանակ ենթարկվում էր նաեւ բնապահպանական պետական տեսչությունը, խնդրել էինք հայտնել, թե 2012-2017 թթ. ԶՊՄԿ-ի ու Կապանի ԼՀԿ-ի գործունեության ընթացքում քանի վթար (ոչ միայն պոչամբարներին առնչվող) է արձանագրել տեսչությունը, դրանցից քանիսի դեպքում են տուգանվել ընկերությունները: Խնդրել էինք վթարները ներկայացնել ըստ տարիների եւ տուգանքի չափի: ԲՆ-ից տվել էին գրեթե ոչինչ չասող պատասխան. «2012 թ. մինչ օրս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության հետեւանքով առաջացած վթարներն օրենքով սահմանված կարգով արձանագրվել, եւ հաշվարկվել են վնասի հատուցման ենթակա գումարների չափերը, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում» (նույն պատասխանը տրվել էր Կապանի կոմբինատի վերաբերյալ): ԲՆ-ի կայքում սուղ տեղեկություններ էինք գտել հանքարդյունաբերական ընկերությունների խախտումների մասին, սակայն պատասխանատվության միջոցների մասին ինֆորմացիան էլ ավելի քիչ էր: Վերջերս էլ ներկայացրել ենք Արծվանիկի պոչամբարի մասին մեր ծավալուն ուսումնասիրությունը՝ բնակիչների բողոքներից մինչեւ բնապահպանների անհանգստություններ:

Այս ամենից կարելի է գալ այն եզրակացության, որ տարիներ շարունակ նույն ԶՊՄԿ-ի հանդեպ լոյալ վերաբերմունք ցուցաբերած նախարարությունն ու տեսչություն-տեսչական մարմինը այժմ, երբ Ամուլսարում հանքի բացման դեմ մեծ շարժում է սկսվել, փորձում են ցույց տալ, թե իրենք իրենց տեղում են ու օպերատիվ արձագանքում են ահազանգերին:  

Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter