HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՀԴՄ-ների գնման Կառավարության գաղտնի որոշումները գաղտնազերծվել են․ 10-օրյա ժամկետում դրանք կհրապարակվեն

Պետական եկամուտների կոմիտեն գաղտնազերծել է ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը, դրա արդյունքում՝ պայմանագրերի կնքումը կարգավորող Կառավարության գաղտնի որոշումները։ Այս մասին «Հետք»-ին գրությամբ հայտնել է կոմիտեն։

ՊԵԿ-ից պարզաբանեցին, որ գաղտնազերծված որոշումները «Հետք»-ին կտրամադրեն 10-օրյա ժամկետում։ Որոշումները գաղտնազերծվել են Կառավարության նիստում, գաղտնի ընթացակարգով, ենթադրաբար սեպտեմբերի 5-ին, քանի որ միայն այդ նիստին է ՊԵԿ-ը գաղտնի որոշման նախագծեր ներկայացրել, որոնք անգամ անվանում չեն ունեցել։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրաժարվել էր տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Պատճառաբանել էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:

ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերի տրամադրման մերժումը ապրիլի 15-ին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն բողոքարկել էր դատական կարգով` հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի։ Օգոստոսի 6-ին Վարչական դատարանը որոշեց ՊԵԿ-ին պարտավորեցնել տրամադրել չինական «Պաքս Թեքնոլոջի» և թայվանական «Միտաք Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերի պատճենները՝ փակելով այն տեղեկությունները, որոնք, ըստ Կառավարության որոշման, համարվում են գաղտնի։ 

Այնինչ օրեր առաջ ՊԵԿ-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վարչական դատարանի՝ օգոստոսի 6-ին հօգուտ «Հետաքննող լրագրողներ»-ի կայացրած վճռի դեմ։ Կոմիտեն մասնավորապես բողոքարկման հայցադիմում հայտնել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի վերլուծել այս գործի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները։

Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը, ում կողմից երեկ «Հետքը» ստացել է այս գրությունը, հայտնել է, որ վերաքննիչ բողոքի պատճառը Վարչական դատարանի որոշ մեկնաբանությունների անհամաձայնությամբ է պայմանավորված։

Ընթերցեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter