HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ ուղղություններով է աճում բյուջեն

Հայաստանի պետական բյուջե հավաքագրվող հարկերն այս տարի գերակատարվում են. ծրագրվածից շատ հարկ է հավաքվում։ Սա իշխանության «նախընտրելի» թեմաներից է, որի մասին հաճախ է հիշեցվում, քանի որ դրական արդյունքները տեսանելի են։ Վերջին տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին 1 տրլն 79.2 մլրդ դրամի հարկ է հաշվեգրվել պետբյուջե, որը նշանակում է` 17.7 մլրդ դրամով կամ 1.7 %-ով գերակատարվել է բյուջեով սահմանված և ճշգրտված ծրագիրը։ Այս մասին նախորդ ամիս հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը։

2018 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ հարկերի ծավալն աճել է 191.5 մլրդ դրամով կամ 21.6 %-ով։ Հարկային մարմինների հավաքագրած հարկերն աճել են 157.6 մլրդ դրամով կամ 24.1 %-ով, իսկ մաքսային մարմինների հավաքագրած հարկերն ավելացել են 33.9 մլրդ դրամով կամ 14.6 %-ով։

ՊԵԿ-ի տրամադրած տվյալների հիման վրա փորձել ենք պարզել, թե որ հարկատեսակների հաշվին է գոյանում բյուջեն, և որ ուղղություններով է գրանցվել հարկերի աճը։

Այսպես, հարկերի կազմում առաջին տեղում ավելացված արժեքի հարկն է (ԱԱՀ), որին այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով բաժին է ընկնում հավաքագրված ամբողջ հարկերի մոտ 33 %-ը, հաջորդում են եկամտային հարկն (28 %) ու շահութահարկը (մոտ 14 %)։ Մյուս հարկատեսակների կշիռը էականորեն ավելի ցածր է։ Ամենափոքր ծավալի հարկերը գոյանում են արտոնագրային հարկի գծով (0.6%): 

Բացի ինֆոգրաֆիկայում նշված հարկերից, ընդհանուր հարկային եկամուտների և պետական տուրքի ցուցանիշը ստանալու համար հարկավոր է հաշվի առնել հարկերի անցումային գերավճարները (-850.8 մլն դրամ), ինչպես նաև՝ միասնական հաշվի մնացորդը (-9.2 մլրդ դրամ): Ստացվում է, որ ընդամենը վճարված հարկային եկամուտները և պետական տուրքը կազմել են մոտ է 1 տրլն 70 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճել է 16.3 %-ով։

Այս տարվա հունվար-սեպտեմբերին պետական բյուջե է հաշվեգրվել 356.2 մլրդ դրամի ԱԱՀ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է մոտ 51 մլրդ դրամով կամ 16.7 %-ով։

Երկրորդ ամենախոշոր հարկատեսակը, ինչպես նշեցինք, եկամտային հարկն է։ Հունվար-սեպտեմբերին այն կազմել է 304.4 մլրդ դրամ՝ աճելով մոտ 45 մլրդ դրամով կամ 17.3 %-ով։ Ստացվում է, որ միայն ԱԱՀ-ի և եկամտային հարկի գծով մուտքերը միասին ավելացել են մոտ 96 մլրդ դրամով։ Եկամտային հարկի գծով, սակայն, գալիք տարում նվազում է սպասվում՝ պայմանավորված եկամտային հարկի համահարթեցմամբ։ Հարկային փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովում ներկայացնելիս ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հայտարարել է, որ  եկամտային հարկի համահարթեցումը կհանգեցնի բյուջեի տարեկան 30 մլրդ դրամի կորստի։

Հարկային մյուս խոշոր ուղղությունը, որով «լցվում է» բյուջեն, շահութահարկն է։ Այս տարվա առաջին ինն ամիսներին հավաքագրվել է 148.6 մլրդ դրամի շահութահարկ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 19.6 մլրդ դրամով կամ 15.2 %-ով։

Ընդհանուր առմամբ, այս տարի հարկերի աճը մեծ մասամբ պայմանավորված է նշված երեք հարկատեսակների գծով հավաքագրված հարկերի ավելացմամբ՝ ԱԱՀ-ի, եկամտային հարկի և ակցիզային հարկի։ Բացի այդ զգալի կրճատվել է նաև անցումային գերավճարների ցուցանիշը. եթե 2018 թվականի հունվար-սեպտեմբերին այն կազմել է 55.2 մլրդ դրամ, ապա այս տարվա նույն ամիսներին՝ 850.8 մլն դրամ։ Սրանք հարկատուների կողմից իրենց պարտավորություններից ավել վճարված հարկերն են, այսինքն՝ նախորդ տարիների աճողական պարտքն է հարկատուների նկատմամբ։ Այս ցուցանիշները հարկերի վիճակագրության մեջ ներկայացվում են մինուսով, քանի որ ընդհանուր հարկային եկամուտների ցուցանիշը ներկայացնելիս այս գերավճարները հանվում են։

Հարկերի աճ է արձանագրվել նաև մյուս հարկատեսակների գծով, բայց խոսքն ավելի փոքր ծավալների մասին է։ Միայն արտոնագրային հարկի ու բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի ծավալներն են նվազել այս տարի։ Մանրամասները ներկայացրել ենք ինֆոգրաֆիկայում։ 

Մաքսատուրքերի թեմայով վերջին ժամանակահատվածում շատ է քննարկվում, որ ավտոմեքենաների ներմուծման արդյունքում էական գումարներ են մտնում պետական բյուջե, և դրանք նույնքան էական ազդեցություն ունեն բյուջեի ընդհանուր ծավալի աճի վրա։ Ավելի վաղ՝ լրագրողների հետ հանդիպմանը, ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ  այս տարվա սկզբից մինչև հոկտեմբերի 14-ը Հայաստան է ներմուծվել շուրջ 114 հազար ավտոմեքենա։ Ավտոմեքենաների ներմուծումից գանձվել է շուրջ 51 մլրդ դրամի մաքսատուրք, որը 27 մլրդ դրամով ավել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գանձված մաքսատուրքից։ Այսինքն՝ ավտոմեքենաների ներմուծման արդյունքում, իսկապես, բյուջեն լրացուցիչ գումարներ է ստացել, ակայն չափազանցված են պնդումները, որ մեծ մասամբ հենց ավտոմեքենաների ներմուծմամբ է պայմանավորված հարկերի աճը։

Հարկատուներին վերադարձվել է 87.2 մլրդ դրամ

ԱԱՀ-ի և եկամտային հարկի գծով այս տարվա առաջին 9 ամիսներին հարկատուներին է վերադարձվել 87.2 մլրդ դրամ: Սրանք այն գումարներն են, որոնք հարկատուները հետ են ստանում բյուջեից ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից, Tax free ծրագրի շրջանակներում, հիպոթեքային ծրագրերից օգտվելիս և այլն։ Նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի համեմատ վերադարձվող գումարների ծավալն աճել է 19.4 %-ով։ Մասնավորապես, ԱԱՀ-ի գծով հարկատուներին է վերադարձվել 81.7 մլրդ դրամ, իսկ եկամտային հարկի գծով՝ 5.45 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ եկամտային հարկը վերադարձվում է կառուցապատողից գնված բնակարանի կամ տան հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter