HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ապօրինի աբորտ, ՄԻԱՎ-ի վարակ և օրգանների վաճառք. վերջին 5 տարում հարուցված քրեական գործերը

«Հետք»-ը վերջերս ուսումնասիրել է բժշկական սխալի թեմայով վերջին 5 տարում հարուցված քրեական գործերը։ Պարզվել է, որ դրանց ընդամնեը 3,6 %-ն է հասնում դատարան, մեծամասնությունը կամ կարճվում, կասեցվում է, կամ՝ արդարացվում։

Թեև առողջապահական ոլորտի վերաբերյալ հարուցված քրեական գործերի 95 %-ը վերաբերում է բժշկական սխալին, այնուամենայնիվ հազվադեպ, բայց հարուցվում են քրեական գործեր նաև ապօրինի աբորտ կատարելու, ՄԻԱՎ-ով, սեռավարակով վարակելու, օգնություն ցույց չտալու, վտանգի մեջ թողնելու և այլ դեպքերի առթիվ:

Ինչպես բժշկի սխալով պայմանավորված քրեական գործերը, այնպես էլ վերը նշված թեմաներով հարուցված գործերը հիմնականում կարճվում կամ կասեցվում են:

 

Ապօրինի աբորտ կատարելը

 Հոդված 122. Ապօրինի աբորտ կատարելը

1. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: 3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 2) անչափահասի նկատմամբ, 3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

2. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկու հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հայաստանում հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է միայն մինչև 12 շաբաթական ժամկետներում: Դրանից հետո աբորտ կատարելն արգելվում է և քրեորեն պատժելի է:

2017թ.-ին քրեական գործ էր հարուցել Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտ կատարելու դեպքի առթիվ: Մասնավորապես, Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական և ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, «չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և բժշկական բարձրագույն կրթություն, մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող՝ նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․ Թ.-ին  զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ, վերջինս էլ, խախտելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ»:

Դատախազության՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ 2017թ. հարուցված քրեական գործը կասեցվել է, քանի որ հայտնի չի եղել այնձը, որը պետք է գործով ներգրավվի՝ որպես մեղադրյալ (ՔԴՕ 31մ1կ1):

Ընդհանուր առմամբ՝ 2015-2019թթ ընթացքում ապօրինի աբորտ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է ընդամենը 3 քրեական գործ՝ 1-ը 2017թ.-ին, 2-ը՝ 2019թ.: Առաջին դեպքում քրեական գործը հարուցվել է բժշկի դեմ, իսկ մնացած երկու դեպքերում՝ մեղադրյալը մասնագիտությամբ բժիշկ չի եղել:

2019թ. գործերից մեկը կարճվել է, քանի որ «անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից» (ՔԴՕ 35մ1կ12): Մյուսը եղել է քննության համար ժամկետներն անցած:

ՄԻԱՎ-ով վարակելը

 

  Հոդված 123. Մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելը

1. Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկու հարյուր հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2019թ. հոկտեմբերին քրեական գործ է հարուցվել անչափահաս երեխային ՄԻԱՎ-ով վարակելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել»:

Նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքաննությունը շարունակվում է:

Վերջին 5 տարում ՄԻԱՎ-ով վարակելու դեպքերի առթիվ հարուցվել է 5 քրեական գործ, որից 3-ն ուղարկվել է դատարան, մեկը եղել է քննության համար ժամկետանց, իսկ մեկը դեռ քննության փուլում է:

ՄԻԱՎ-ով վարակելու դեպքերից երկուսը հարուցվել է դիտավորությամբ վարակելու մասով:

Դատական գործեր
Infogram

Սեռավարակով վարակելը

 

 Հոդված 124. Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը

1. Այլ անձին վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից չորս հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Չնայած Հայաստանում սեռավարակների թվի աճին՝ դրանց առթիվ հազվադեպ են հարուցվում քրեական գործեր:

Վերջին 5 տարիների ընթացքում ընդամենը մեկ քրեական գործ է հարուցվել մարդուն վերենարական հիվանդություններով կամ այլ սեռավարակներով վարակելու հատկանիշով՝ 2018թ.-ին, որը, սակայն, եղել է քննության համար ժամկետանց:

Վտանգի մեջ թողնել և օգնություն ցույց չտալ

Վտանգի մեջ թողնելու հոդվածով (ՔՕ հոդված 128) 2015-2019թթ. հարուցվել է 8 քրեական գործ, որից 4-ը՝ 2019թ.-ին:

Քրեական գործերից 4-ը եղել է կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու դեպքերի առթիվ:

Գործերից միայն մեկն է մտել դատարան, մեկը կարճվել է՝ համաներմամբ, մեկը՝ կասեցվել, մյուսը գտնվում է քննության մեջ:

2 քրեական գործ հարուցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու համար, որից մեկն ուղարկվել է դատարան, մեկը կարճվել է:

2019թ. հարուցված 2 քրեական գործերը եղել են մահվան ելքով. վտանգի մեջ թողնելը հանգեցրել է մահվան: Դրանցից 1-ն ուղարկվել է դատարան, մյուսը գտնվում է քննության ժամկետների մեջ:

Հիվանդին օգնություն ցույց չտալու դեպքերով (ՔՕ հոդված 129) 2015-2019թթ հարուցվել է 4 քրեական գործ: Բոլոր դեպքերում էլ օգնություն ցույց չտալը հանգեցրել է հիվանդի մահվան: Գործերից 2-ը կարճվել է՝ արդարացման հիմքերով, մեկը կասեցվել է, քանի որ հայտնի չի եղել այնձը, որը պետք է գործով ներգրավվի՝ որպես մեղադրյալ (ՔԴՕ 31մ1կ1):

4-րդ գործը հարուցվել է 2018թ.-ին և դեռևս քննության փուլում է:

Օրգանների ապօրինի շրջանառություն և փոխպատվաստման վիրահատություն կատարելու կանոնների խախտում

 

 Հոդված 125.1. Մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը

1. Մարդու օրգանների (և) կամ հյուսվածքների ապօրինի ձեռքբերումը, փոխանցումը, ինչպես նաև իրացումը` պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2019թ. հոկտեմբերին ոստիկանությունը բացահայտել է, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել են օրգանների ապօրինի շրջանառության մեջ։ Քրեական գործի շրջանակներում այդ անձանցից մեկը ոստիկանությունում ցուցմունք է տվել, որ «իրոք, երիկամի առուվաճառքի շուրջ խոսակցություններ է վարել այդպիսի առաջարկով իրեն դիմած մարդու հետ»: Սա ՔՕ 125 պ1 հոդվածով 2019թ. հարուցված միակ դեպքն է, որ մինչ այժմ գտնվում է քննության փուլում:

Փոխպատվաստման վիրահատություն կատարելու կանոնները խախտելու գործով (ՔՕ հոդված 125) 2015-2019թթ հարուցվել է միայն 1 քրեական գործ՝ 2018թ.-ին, որը վերաորակավորվել է՝ որպես ՔՕ 325 հոդված, այն է՝ «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը» և կարճվել է համաներմամբ:

Նույն հոդվածով 2019թ. հարուցվել է ևս 1 քրեական գործ՝ մարդու օրգանների և հյուսվածքների ապօրինի շրջանառության վերաբերյալ (ՔՕ 125պ1մ1 ), որը դեռևս քննության փուլում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter