HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Անվտանգ սնունդ»․ տասնյակ ահազանգեր, որոնք փոփոխությունների պատճառ են դարձել

Մոտ երկու տարի է, ինչ ստեղծվել է «Հետք»-ի «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խումբը։ Այդ ընթացքում խմբում բարձրացվել են տասնյակ հարցեր, ծավալվել քննարկումներ, գրացվել ահազանգեր, որոնց մեծամասնությանն արձագանքել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իրականացնելով վերահսկողություն և որոշ դեպքերում շտկելով խախտումները։

Մենք ամփոփել ենք «Անվտանգ սնունդ» խմբի մեկ տարվա գործունեությունն ու հավաստիացել, որ պահանջատեր ու պատասխանատու սպառողն է անվտանգ սննդամթերքի շուկա ունենալու ամենակարևոր նախապայմանը։

 

Տարին՝ թվերով

Նախքան բովանդակային մասին անցնելը, ներկայացնենք մի քանի փաստական տվյալ։

  • «Անվտանգ սնունդ» խմբի անդամների թիվը մեկ տարում կրկնապատվել է՝ հասնելով 2600-ի։
  • Տարվա ընթացքում ամենաշատ գրառումներն արվել են չորեքշաբթի, շաբաթ և կիրակի՝ երեկոյան 23:00 միջակայքում, ամենաքիչը՝ ուրբաթ օրերին։
  • Ամենաակտիվ մասնակիցները կանայք են՝ 25-34 տարեկան։
  • Խմբի անդամների մեծամասնությունը Երևանից է։ Երևանին հաջորդում է Վանաձորը, Գյումրին, Մոսկվան, Աբովյանը, Արտաշատն ու Ստեփանակերտը։
  • Խմբի անդամներ ունենք նաև Եվրոպական երկրներից, Միացյալ Թագավորությունից, Արաբական Էմիրություններից և ԱՊՀ երկրներից։
  • Մեկ տարում խմբում արվել է 218 գրառում, 1869 մեկնաբանություն, 4500 հավանում։
  • Գրառումները միջինում տեսնում են մոտ 1000 հոգի, իսկ ամենաակտիվ ու տարածվածները՝ 1800-ից ավելի մարդ է տեսնում, այսինքն՝ խմբի 70 %-ը,

Ձեզ ենք ներկայացնում այդ գրառումներից մի քանիսն ու դրանց արձագանքները։

Հայտնաբերել ենք մի քանի կեղծված սննդամթերք

Խմբի որոշ ահազանգների շնորհիվ լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել կարագներն ու պարզել, որ դրանք կեղծված են։

Օրինակ, բողոքներ են եղել «Իգիթ» ընկերության կարագից․ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է բուսական յուղ, այսինքն՝ կեղծված է։

Լաբորատոր փորձաքննությամբ ևս մեկ կեղծված կարագ ենք հայտնաբերել․ «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի («Կալինինո կաթ») սերուցքային կարագ անվան տակ վաճառվող ապրանքը պարունակում էր բուսական յուղ։

Խմբի անդամների առաջարկով՝ ուսումնասիրել ենք պանրի շուկան, փորձաքննել ենք  Լոռի պանրի 9 նմուշ և պարզել, որ «Սևան Կաթը» վաճառում է կեղծված պանիր՝ դարձյալ բուսական յուղով։

Մակնշման խախտումներ

Այս թեման շատ է քննարկվում խմբում․ դրանք վերաբերում են թերի, ոչ լիարժեք մակնշումներին, դրանց բացակայությանն ու անհամապատասխանությանը։ Որոշ գրառումներ վերաբերում են նաև ապագայի ամսաթվով մակնշմանը։

Խախտումներից որոշները գրանցվում են որպես ահազանգ, և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները հանձարարում են վերացնել թերությունները։

ՍԱՏՄ արձագանքը՝ մակնշման խախտմանը․

«ՍԱՏՄ տեսուչների այցելության արդյունքում հայ-բելառուսական խանութում պարզաբանել են, որ վաճառվող հացն ունի հայերեն մակնշմամբ կրկնապիտակ, սակայն սառնարանում պահելու արդյունքում այն պարզապես պոկվել էր: Հանձնարարվել է վերացնել թերությունները և վերականգնել հայերեն մակնշումը»:


Բորբոսնած սննդամթերք

Բորբոսնած սնունդը ևս հաճախակի հանդիպող խախտումներից է։ Օրինակ, «Կարմիր լավաշ» դիետիկ լավաշը եղել է բորբոսով։ ՍԱՏՄ-ից հայտնել են, որ տնտեսվարողը հրավիրվել է ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որտեղ մասնագետներին ներկայացրել է, որ ուղղել է մակնշման մեջ առկա տեղեկատվությունը (դիետիկ բառը հանել է), իսկ լավաշի բորբոսնած լինելն իր համար էլ է զարմանալի եղել: Դեպքի հետ կապված ներողություն է խնդրել:

Բողոքներ ստացել ենք նաև բորբոսնած «Գեղամա» հացից, կիլոգրամով վաճառվող թխվածքներից, «Մարիաննա» ընկերության բորբոսնած ֆետա պանրից, պանրիկից։ Որոշ բողոքերի ՍԱՏՄ-ն ընթացք է տվել։

«Ֆերնդալ» ապրանքատեսակի չեդր պանիրը ևս եղել է բորբոսով։ ՍԱՏՄ-ից արձագանքել են` հայտնել, որ իրենց տեսուչներն այցելել են նշված խանութ, սակայն այնտեղ ««Ֆերնդալ» ապրանքատեսակի չեդր պանիր բորբոսնած վիճակում չի հայտնաբերվել, այնուամենայնիվ զգուշացրել են, որ առավել ուշադիր լինեն»:

Իրեր՝ սննդամթերքում

Տարածված բողոքներից է նաև սննդի մեջ տարբեր իրեր գտնելը։ Օրինակ, «DANIELYAN BAKERY» պիցայի խմորում մեխանման բան են հայտնաբերել։ ՍԱՏՄ-ից պատասխանել են, որ ընթացք կտան ահազանգին։

«Բիոկաթ» ընկերության կաթնամթերքում եղել է ռետինե կտոր։ ՍԱՏՄ-ից հայտնել են, որ տեսուչները կապվել են տնտեսվարողի հետ, «վերջինս հաստատել է, որ աշխատում են ռեզինե ձեռնոցներով, ներողություն է խնդրել և վստահեցրել, որ ավելի ուշադիր կլինեն նման դեպքերից զերծ մնալու համար»:

Մի քանի անգամ թելեր են հայտնաբերվել «Ծիրան» սուպերմարկետից գնած մսամթերքում։ ՍԱՏՄ-ից արձագանքել են` բողոքին ընթացք կտրվի։

Սուր ծայրով քարանման իր՝ «Սևանի գաթա»-ում։

Կարագի, պանրի, թխվածքների մեջ հայտնաբերվել են մազեր։ Մի քանի անգամ որդեր հայտնաբերելու ահազանգ ենք ստացել «Արտֆուդ» ընկերության պահածոյացված լոլիկից և պղպեղից։ 

Քանիցս բողոքներ ենք ստացել «Բաղրամյանի ալյուր»-ում հայտնաբերած միջատներից, անդրադարձել ենք խնդրին։ Հարցին արձագանքել են թե՛ խանութում, թե՛ ալյուրի արտադրամասում. վերահսկողություն են իրականացրել ՍԱՏՄ տեսուչները։

Բողոքներ՝ կոնկրետ խանութներից

Որդեր հայտնաբերվել են նաև «Գրանդ Քենդի» ընկերության կոնֆետներում։ Մասնավորապես, մի քանի ահազանգեր վերաբերում էին հենց Վանաձորի «Ալյոնկա» խանութից պարբերաբար գնված  կոնֆետներին։

Նմանատիպ բողոքներ են եղել նաև Ստեփանավանի «Հարությունյաններ» սուպերմարկետից գնված կոնֆետների վերաբերյալ։

Ընթերցողներից մեկը նշել էր, որ Նորաբաց գյուղում Գևորգ Ռուշանյան Ա/Ձ-ն վաճառում է 2 ամիս ժամկետանց «Ջուսինադ» հյութեր։ ՍԱՏՄ տեսուչներն այցելել են այդ խանութ, «հայտնաբերել են ոչ միայն ժամկետանց հյութեր, այլև մայոնեզ և թխվածքաբլիթ: Ժամկետանց բոլոր սննդամթերքները հանվել են վաճառքից: Տնտեսվարողը ստորագրել է պարտավորագիր նման խախտումներ այլևս թույլ չտալու մասին»:

Մի քանի անգամ ահազանգեր ենք ստացել նաև «SAS Food Court»-ից գնված մթերքներից և SAS սուպերմարկետից գնված ապրանքներից։

Այցելել ենք ԳՈՒՄ-ի շուկա՝ պարզելու՝ ինչ պայմաններում է վաճառվում միսը

ՍԱՏՄ տեսուչ Արմեն Գալստյանի ուղեկցությամբ շրջել ենք ԳՈՒՄ-ի շուկայում՝ պարզելու՝ որտեղ և ինչ պայմաններում է պահվում, փորձաքննվում և վաճառակետերում հայտնվում այնտեղ իրացվող մսամթերքը։

Խմբի արդյունավետությունը ստուգելու համար մեկ ամսվա կտրվածքով ամփոփել ենք խմբի ահազանգերն ու դրանց արդյունքները։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ՝

ՍԱՏՄ պետը պատասխանել է խմբի անդամների հարցերին

Տարվա ավարտին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պատասխանել է խմբի անդամների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են սննդամթերքի որակին, խախտումներին և վերահսկողությանը: 

 

Խմբին կարող եք միանալ՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter