
Որքան նախագիծ է ընդունել խորհրդարանը երրորդ նստաշրջանում, և քանիսն է պատգամավորների հեղինակածը
Խորհրդարանը յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանում (առանց արտահերթ նիստերի) ամբողջությամբ ընդունել է 169 օրենքի նախագիծ, վավերացրել 12 համաձայնագիր: 169 նախագծերից 54-ը կամ շուրջ 32 տոկոսը հեղինակել են ԱԺ խմբակցությունները և պատգամավորները (համաձայնագրերը կարող է վավերացման ներկայացնել միայն Կառավարությունը), մյուս նախագծերը հեղինակել է Կառավարությունը:
Ամբողջությամբ ընդունված նախագծերի համար ամենաշատը գլխադասային է նշանակվել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը` 49 նախագծերի դեպքում, ամենաքիչը` Եվրոպական ինտեգրման և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:
Ներկայացնենք նախորդ նստաշրջանում ամբողջությամբ ընդունված նախագծերից որոշները` ըստ հանձնաժողովների:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկով քրեականացվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Ըստ այս փոփոխության` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել կենդանիների ոչնչացմանը կամ խեղմանը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեք հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով:
Ամբողջությամբ ընդունվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վարազդատ Կարապետյանի համահեղինակած «Տեղական հանրաքվեի» և «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը, որով ամրագրվում է, որ համայնքի բնակչության նախաձեռնությամբ համայնքի միավորման կամ բաժանման հարցը կարող է դրվել տեղական հանրաքվեի, ինչի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ:
Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը փոփոխություններ է հեղինակել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում` առաջարկելով ընդլայնել խմբակցությունների լիազորությունները։
Փոփոխություններով ամրագրվում է, որ խմբակցությունն իրավունք ունի օրենքով նախատեսված դեպքերում ինքնավար մարմնի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրել։
Քաղաքական մեծամասնությունը` «Իմ քայլը» խմբակցությունը, հեղինակել է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը, ՍԴ-ն, սակայն, մերժել էր դիմումը քննել:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Չնայած Կառավարությունը դեմ էր, սակայն խորհրդարանը կողմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագծին, որով վերջինս առաջարկում էր մասնավորեցման ցանկից հանել Մաշկաբանության և սեռավարակաբանության ինստիտուտը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած Վիճակախաղերի մասին նախագծի նպատակն ըստ հեղինակների` բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելն է:
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի համահեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ամբողջությամբ ընդունվել է: Այս նախագծի էությունն այն է, որ քաղաքացին, տեսնելով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտում, կարող է այն տեսանկարահանել և հատուկ հավելվածի միջոցով ուղարկել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ՃՈ-ն խախտում արձանագրելու դեպքում վարչական պատասխանատվության է ենթարկում խախտողին:
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի, հետագայում նաև նրանց միացած Նարեկ Զեյնալյանի համահեղինակած նախագծերի փաթեթով բարձրացել է նվազագույն ամսական աշխատավարձը: Այն 55 հազար դրամից դարձել է 68 հազար դրամ, օրենքի փոփոխությունը գործում է 2020թ․ հունվարի 1-ից:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողով
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հեղինակել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս փոփոխությամբ օրենքով ամրագրվել է, որ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու դռնբաց նիստերին` ավագանու նիստերի դահլիճում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար հատկացված տեղում:
Հիշեցնենք նաև, որ երրորդ նստաշրջանում երկարաձգվել է գործող 3 ժամանակավոր հանձնաժողովների գործունեությունը: Նաև «Լուսավոր Հայաստանի» կողմից ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, որն ուսումնասիրելու է 2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին որպես նվեր հանձնված տրասնպորտային միջոցները և այլ գույք: Այս հանձնաժողովն իր գործունեությունը կսկսի չորրորդ նստաշրջանում:
Մեկնաբանել