HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են վերաձևակերպել պարտավորությունները․ ԿԲ պաշտոնյա

Կենտրոնական բանկում չունեն վիճակագրություն, թե բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության օրերին քանի քաղաքացու վարկի մարում են հետաձգել։ Միևնույն ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը վստահեցնում է, որ Կենտորանկան բանկի թեժ գծին ստացած ահազանգերի մեծ մասին դրական լուծում է տրվել` հօգուտ վարկ ունեցող քաղաքացիների։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը պարզաբանեց, թե ինչ պետք է անեն վարկ ունեցողները։ Վարկի հերթական մարումը կատարելու հարցում դժվարություն ուենցողները առաջին հերթին պետք է դիմեն բանկին։ Ապա հանգամանալից ներկայացնեն, թե ինչ խնդրի առաջ են կանգնել։ «Այսօր բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են վերաձևակերպել այդ պարտավորություններն այնպես, որպեսզի վարկային բեռը կտրուկ չավելանա և այդ հաճախորդների վարկային պատմությունը բացասական չդառնա»,– հայտարարեց Արթուր Ստեփանյանը։

Նա կարծում է, որ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները լավ հասկանում են, որ հարկ եղած դեպքում Կենտրոնական բանկը որոշակի մեղմացումներ կիրականացնի նաև այս ոլորտում, որպեսզի համակարգը կարողանա կլանել կամ մեղմել բոլոր հնարավոր բացասական զարգացումները, որոնք կարող են տեղի ունենալ հետագայում։

Մինչ արտակարգ դրություն հայտարարելը և դրա օրերին հայաստանյան բանկերը հայտարարություններ արեցին վարկային արձակուրդներ տրամադրելու մասին։ Բանկերի հայտարարությունները միանշանակ և միանման չէին։ Մինչ այս պահը հասկանալի չէ՝ մարտ և ապրիլ ամիսների չվճարած վարկերի գումարները բաշխվելու են հաջորդ ամիսների վրա՞, բանկերը դրանք միանվա՞գ են պահանջելու, թե՞ վարկի մարման ժամանակացույցն է երկարաձգվելու։

Ստորև ներկայացված տեսանյութում քաղաքացին, անորոշությունից դրդված, գնացել և բանկից պարզաբանումներ է պահանջել և պարզվել է, որ դեռ բանկում էլ հստակ որոշում չունեն՝ վերևում նշված տարբերակներից որն են կիրառելու։ 

Տնտեսագետ Հայկ Մնացականյանը բացատրում է, որ վարկային արձակուրդը չի նշանակում վարկային բեռի ներում։ «Նշանակում է՝ կամ բեռի վերաբաշխում տվյալ ժամանակահատվածի մեջ կամ ժամկետի երկարաձգում»,- ասում է տնտեսագետն ու շարունակում, որ բանկերը եկամուտ են ստանում ավանդի և վարկերի տոկոսադրույքների տարբերությունից։

«Եթե բնակչության մի մասը մտածում է, որ պետք է վարկը ներվի, վարկը էլ չմարվի, դա չի կարող լինել։ Հետևաբար խնդիրը տեղափոխելու ենք ավանդատուների վրա, որովհետև այդ պայմաններում իրենք չեն ստանալու այն տոկոսադրույթը, որը որ կարող են, իսկ խնդիրը հասարակության մի խմբից մյուսին փոխանցելով` պետության և հասարակության համար լուծում չի կարող լինել։ Դա խնդիր կառաջացնի ֆինանսական համակարգում և կբերի համակարգի կայունության հետ կապված խնդիրների»,– նկատում է տնտեսագետ Հայկ Մնացականյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter