
Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտանշաններով, Սուրբ Թոմասի հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք։ Այդ մասին գրում է «BBC»-ն։
55-ամյա Ջոնսոնը կիրակի օրը հոսպիտալացվել էր COVID-19 կորոնավիրուսի ախտանշաններով, որոնց թվում էին հազը և բարձր ջերմությունը, իսկ երկուշաբթի օրը, երբ նրա վիճակը վատացել էր, տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք։ Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է. «Այսօր երեկոյան վարչապետը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, որտեղ նա ստանում է հոգատար խնամք։ Վարչապետն ունի ամուր ոգի»։
Բորիս Ջոնսոնը, կորոնավիրուսով հիվանդ լինելու մասին, առաջին անգամ հայտարարել էր դեռ մարտի 27-ին, որից հետո վարչապետն ինքնամեկուսացվել էր, սակայն հիվանդության ախտանշանները չէին անցել և 10 օր անց որոշվել էր նրան հոսպիտալացնել։
Վերջին մի քանի օրերի ընթացքում Դաունինգ սթրիթը մի քանի անգամ հայտարարել էր, որ վարչապետի առողջական վիճակը կայունանում է։ Կառավարության ներկայացուցիչները նշել են, որ Ջոնսոնի գիտակցությունը տեղն է, և կարիք չունի թոքերի արհեստական շնչառության միացման։
Ջոնսոնին շուտափույթ ապաքինում էին մաղթել մի շարք երկրների առաջնորդներ։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակ էր հղել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ մաղթելով առողջություն, ուժ և շուտափույթ ապաքինում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ բոլոր ամերիկացիներն աղոթում են Մեծ Բրիտանիայի վարչապետի ապաքինման համար՝ Ջոնսոնին անվանելով «իր և ողջ Ամերիկայի շատ լավ ընկեր, որն ուժեղ է և հենց այնպես չի հանձնվի»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ Ջոնսոնին մաղթել էր շուտափույթ ապաքինում։ «Վստահ եմ, որ ձեր էներգիան, լավատեսությունը և հումորի զգացումը կօգնեն ձեզ հաղթահարել հիվանդությունը»,- նշվում է Պուտինի հեռագրի մեջ։
Վերակենդանացման բաժանմունքից դուրս գալու կապակցությամբ Ջոնսոնին շնորհավորել է Թրամփը։
Great News: Prime Minister Boris Johnson has just been moved out of Intensive Care. Get well Boris!!!
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 9, 2020
«Հիանալի նորություն։ Վարչապետ Բորիս Ջոնսոնը հենց նոր դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում հայտարարել է Թրամփը։
Ներկայում վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է երկրի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։
Լուսանկարը՝ Downing street-ի
Մեկնաբանել