HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ընկավ Քարին Տակը. զոհերն ու տեղահանվածները 

Արցախի Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի ղեկավարի աշխատանքները ժամանակավորապես վստահվել են Աշոտ Հակոբյանին։ Համայնքապետ Մխիթար Առուշանյանի՝ պատերազմում զոհվելուց հետո տեղահանված գյուղացիների հետ ամենօրյա կապ պահողը նա է։ Աշոտ Հակոբյանին հանդիպեցինք Ստեփանակերտում՝ նրա քրոջ տանը, որի հյուրասենյակը աշխատասենյակի էին վերածել։ Համայնքապետարանի քարտուղարը համակարգչի մոտ նստած լրացնում էր գյուղացիների ընտանիքների վերաբերյալ տվյալները։

Աշոտ Հայոբյանի հետ զրուցեցինք Քարին Տակի պաշտպանական մարտերից, զոհերից, տեղահանված բնակչության խնդիրներից և նրանց վերաբերող մի շարք այլ հարցերից։ 

Ըստ Հակոբյանի՝ Քարին Տակում պատերազմական գործողությունները ակտիվ փուլ են մտել նոյեմբերի 3-ին, գյուղը ժամեր շարունակ հրետակոծվել է, նոյեմբերի 4-ին՝ ժամը 4-5-ի սահմաններում հակառակորդը տարբեր ուղղություններով հարձակում է ձեռնարկել գյուղի ուղղությամբ։ Գյուղի պաշտպանական խմբերը շարժ են նկատել Սղնախ տանող ճանապարհի սկզբնամասի ձորի կողմով։ Մեկ օր առաջ էլ քարինտակցիներն ադրբեջանական ուժերի կուտակումներ են նկատել Շուշիից դեպի Լիսագոր տանող ճանապարհին, իսկ ձորում նկատված շարժը մի քանի անգամ կարողացել են հետ շպրտել, որից հետո հակառակորդի ականանետերն ու ԱԹՍ-ներն են գործի անցել։ Պաշտպանական ուժերը զինված են եղել ինքաձիգերով և գնդացիրներով։ Մեծ տրամաչափի զենքերը պետք է գործեին Շուշիի ճանապարհից։ Քարին Տակից վերջին տղաները նոյեմբերի 4-ի երեկոյան դուրս են եկել պաշտպանական հատվածներից։ Սղնախի ուղղությամբ գյուղի վերջին տներից հակառակորդը նահանջողների վրա կրակոցներ է արձակել։ Շփոթմունք է առաջացել։ 

Աշոտ Հակոբյանի խոսքով՝ տղաները տարակուսանքի մեջ են եղել, չեն հասկացել, թե ինչ է կատարվում, քանի որ հակառակորդը, Հադրութից առաջ շարժվելով, ինչ հայտարարել է, իրականություն է դարձել։ Գյուղը հարվածներ է սկսել ստանալ ականանետերից, «Սմերչ» կայանքներից։ Գյուղից դուրս գալու ճանապարհը երկու կողմից թիրախավորվել է, ճանապարհն օգտագործողներին հակառակորդն «ուղեկցել է» ականանետային հարվածներով։

Հակոբյանն ասում է, որ գյուղից քարինտակցիները դուրս էին գալիս ձորով, որի երկու կողմերը հակառակորդի նշանառության տակ էին մինչև «Զաստավ» (Շուշիի մուտքը) կոչվող տեղամասը, հետևաբար, եթե տարհանումն արվեր խմբով, մեծ թվով զոհեր կլինեին։

Գյուղի զոհերը

Տոնաշենից եկած գումարտակը և գյուղի պաշտպանական ուժերը դիրքավորված են եղել Սղնախ գյուղի մոտ գտնվող «Չախմախ» տեղամասում՝ դեպի Քարին Տակ հակառակորդի առաջխաղացումը կանխելու համար։ Հոկտեմբերի 29-ին այդ դիրքում անօդաչու թռչող սարքի հարվածից զոհվել են Քարին Տակի համայնքապետ Մխիթար Առուշանյանը, գյուղի ջոկատի հրամանատար Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։ Նույն տեղում վիրավորներ էլ են եղել, որոնք հետագայում ապաքինվել են, միայն մեկն է դեռ բուժվում Երևանում։

Մարտունիում մարտերի ժամանակ զոհվել է Քարին Տակի դպրոցի տնօրենի որդին՝ Ալեքսեյ Հովհաննիսյանը, Մարտունիում զոհվել են Գերասիմ Հովհաննիսյանը և Արսեն Ավանեսյանը, քարինտակցի փոխգնդապետ Մխիթար Հովհաննիսյանն էլ զոհվել է Ջաբրայիլում, իսկ հետախուզական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Վարդանյանից մինչ օրս ընտանիքը լուր չունի (Քարին Տակի պաշտպանական մարտերին առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք)։ Պատերազմի առաջին օրը նա գտնվել է Մատաղիսում։ Զոհերի ընտանիքներից երեքն են Հայաստանում՝ Առաքելյան քույրերը՝ իրենց երեխաների հետ և Հովհաննիսյանները, մյուսներն Արցախում են։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ գյուղում դեռ կանայք են եղել, երկու անչափահաս երեխա, մեկը՝ 9-ը, մյուսը՝ 4 տարեկան։ Վերջին մեքենան կանանց և երեխաներին գյուղից դուրս է բերել հոկտեմբերի 29-ին։ Հինգ օր անց գյուղը վերածվել է մարտադաշտի։

«Պատկերացրեք՝ հինգ օր շուտ։ Մի շատ սարսափելի պատկեր կլիներ, եթե կանայք գյուղում լինեին։ Հնարավոր չէր լինի նրանց դուրս բերել, կամ էլ պետք է ստիպված բոլորս մնայինք գյուղում»,- այդ օրերը վերհիշում է Աշոտ Հակոբյանը։

Կանանցից գյուղը չի լքել միայն 58-ամյա Ալվարդ Թովմասյանը, որի հետ վերջին անգամ նոյեմբերի 5-ին են հարազատները խոսել հեռախոսով։ Նա 2-րդ կարգի հաշմանդամություն ուներ և մտավոր խնդիրներ։ Պատերազմից հետո նրան համարել են անհետ կորած և միայն այս տարվա հունվարի 14-ին են գտել մասնատված մարմինը։

Գյուղացիները չեն հավատացել, որ գյուղն ընկնելու է։ Դուրս են եկել տներից՝ մի քանի օր անց վերադառնալու նպատակով։ Տներից դուրս են եկել՝ ոչինչ չվերցնելով, նույնիսկ լրացուցիչ հագուստ։

Քարինտակցիները վերադառնում են Արցախ, գույքագրվում են կորուստները

Մինչև 160 ընտանիք ունեցող Քարին Տակից Արցախում ապաստան է գտել 90-95 ընտանիք։ Մի մասը Ստեփանակերտում է, մյուսները՝ Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններում։ Ընտանիքներ կան, որ Հայաստանում են, բայց անդամներից մեկը Արցախում է, աշխատում է։ Արցախ վերադառնալու ցանկություն շատերն ունեն։ Աշոտ Հակոբյանն ասում է, որ քարինտակիցները չեն կարողանում հարմարվել առանց գյուղատնտեսական աշխատանքի, բացի դրանից՝ իրար կարոտել են։ Հակոբյանը հույս ունի, որ առաջիկայում ևս 10-15 ընտանիք կվերադառնա Արցախ։

Քարինտակցիները կորցրել են ամեն ինչ, բայց այժմ ընտանիք առ ընտանիք հաշվվում են կորուստները։ Սկսել են գյուղատնտեսական տեխնիկայից և ընտանի կենդանիներից։ Ամփոփ տվյալները պետք է ներկայացվեն Կառավարություն, որ հասկանան մասնակի փոխհատուցման ծավալները։

Գյուղացիները կորցրել են նաև իրենց փաստաթղթերը, համայնքապետարանի արխիվն էլ չեն հասցրել հանել։ Քարին Տակում է մնացել մեծ թվով գյուղտեխնիկա՝ հիմնականում բեռնատարներ, որոնք չեն ունեցել փաստաթղթեր, քանի որ մարդիկ դրանք շահագործել են միայն գյուղում և հաշվառման չեն կանգնեցրել։ Ու հիմա չեն կարողանում փաստաթղթերով ցույց տալ, որ կորցրել են իրենց մեքենաները։ 

Ըստ Աշոտ Հակոբյանի՝ երկարաժամկետ ծրագրերից մեկը նոր գյուղ հիմնելու հարցն է։ Գյուղացիների և Արցախի իշխանությունների միջև քննարկումներ են ընթանում՝ որտեղ կառուցել գյուղը, ինչ տներ կառուցել, տեղանքն են զննում։ Մեծամասնությունը ցանկանում է Ստեփանակերտում մնալ, բայց բնակֆոնդը չի բավարարում։ Համաձայնության են եկել Ասկերանի շրջանում Նոր Քարին Տակ կառուցելու հարցում։

Մարդկանց անհանգստությունները 

Փախստական դարձած ու տեղահանված գյուղացիները վախեր ունեն ապագայի վերաբերյալ։ Չգիտեն՝ եթե այսօր օգնություն ստացան, վա՞ղն էլ կստանան։ Աշխատանք չունեցողները դրա մասին են մտածում։ Գյուղացիների հիմնական մասն ամենօրյա զբաղմունք է ունեցել Քարին Տակում. մեծ մասը բանջարանոցային բույսերի մշակությամբ է զբաղվել, մյուս մասը փայտանյութ է հավաքել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter