
Խորհրդարանական ընդդիմությունը ճգնաժամը հաղթահարելու ուղիներ է փնտրում
Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ քաղաքական մեծամասնության պատճառով օրենսդիր մարմինը անգործության է մատնված:
Նման տեսակետ հայտնեցին թե՛ «Լուսավոր Հայաստան», թե՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանական ճեպազրույցներին: Ընդդիմադիրներին ստիպել է այդպես մտածել երեք օր խորհրդարանում ընթացած Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների ընտրության գործընթացը, երբ այդպես էլ ընտրություն չի եղել «Իմ քայլի» բոյկոտի պատճառով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընդգծեց` քաղաքական մեծամասնությունը երեք օր կորցրեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի պատճառով, պետությունն այդքան ռեսուրս ծախսեց, սակայն ընտրություն այդպես էլ չեղավ բոյկոտի պատճառով: Ըստ Մարուքյանի` երբ իշխանությունը ցանկանում էր, որ Ռուբեն Վարդազարյանը լինի ԲԴԽ նախագահ, մտածում էր, թե վերջինս պետք է իրենց հանձնարարությունները կատարի, այժմ բողոքի ձայն են հնչեցնում` հրահանգները չկատարելու համար:
Մարուքյանը երեկ հանդիպել էր վարչապետի հետ, սակայն համաձայնության չեն եկել: Ընդդիմադիր պատգամավորը վստահեցրեց` շարունակելու են փնտրել լուծումներ այս իրավիճակից դուրս գալու համար, ըստ նրա` ճգնաժամի լուծման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Մարուքյանի խոսքով` այդ հարցում խորհրդարանական ընդդիմությունը պետք է միասնական լինի և պատրաստ փոխզիջումների, քանի որ թե՛ առանց «Լուսավոր Հայաստանի», թե՛ առանց «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանը չի կարող լուծարվել: Մարուքյանը վստահեցրեց` պատրաստ է ամեն ինչ անել ներկա վիճակից դուրս գալու համար:
«Մեզ համար հարցը օրակարգից դուրս չի գալու, պետք է լուծումներ գտնենք այս վիճակից դուրս գալու համար, մեր առաջարկի արդիականությունը չի վերացել, Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԳՇ պետ»,- ասաց նա` ընդգծելով, որ շտաբի ու Կառավարության միջև եղած հակասությունը պետք է վերանա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը չմանրամասնեց` երբ է լինելու կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նրա խոսքով` ներքաղաքական վերջին իրողությունները կուսակցությունում դեռ չեն քննարկել, պետք է լինի քաղաքական խորհրդի նիստ, որտեղ էլ կքննարկվի վարչապետի առաջարկը:
«Այս պահին ձեռնպահ ենք մնում մեր անձնական դիրքորոշումը հայտնելուց մինչ այն պահը, երբ կուսակցության քաղաքական խորհուրդը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի այդ հարցը»,- ասաց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հավելեց` ճգնաժամը վաղ թե ուշ պետք է հանգուցալուծվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով, ինչը ևս իրենց օրակարգում է, խնդիրը ժամկետի ու պայմանների մեջ է:
Իվետա Տոնոյանը ևս անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցին` նշելով, որ երեք օր շարունակ ծավալվող հարցուպատասխանն այդպես էլ դատավորի ընտրության չհանգեցրեց:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ ի պատասխան ընդդիմության քննադատություններին ասաց, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը իր հայտնի ուղերձով ակնհայտ քաղաքական հայտարարություն է արել ու ներխուժել քաղաքական գործընթացներ` փորձ անելով ազդել դատավճիռների արդյունքների վրա: Ըստ նրա` ԲԴԽ նախագահը դատական համակարգի անաչառության ամենամեծ կասկածն է դարձել:
Կոնջորյանն ասաց` թեզերը, թե երեք օր տևած քնարկումները մեկ անձի մասին էր, այդպես չէ, պարզապես եղել է խորհրդարանի ու դատական համակարգի երկխոսություն, իրենք քաղաքացիներին հուզող հարցեր են բարձրացրել:
Ինչ վերաբերում է ընդդիմությանն ուղղված առաջարկին` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու քննարկումների մասին, Կոնջորյանն ընդգծեց` քննարկումների համար բաց են, պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ ու գնալ ընտրությունների:
Մեկնաբանել