«Bayraktar»-ի գերմանական կոլեգաները. ինչպե՞ս է ֆաշիզմի միջով անցած երկիրն արձագանքում իր տեխնոլոգիաներով ագրեսիա իրականացնելուն
Շարունակելով 2020 թ. Արցախյան պատերազմում թուրք-ադրբեջանական ագրեսոր տանդեմի կողմից կիրառված «Bayraktar TB2» դրոնի դետալների թեման՝ այս անգամ կանդրադառնանք դրա գերմանական մասերին:
Հիշեցնենք, որ թուրքական այս ԱԹՍ-ի վրա շեշտադրումը պատահական չենք արել, քանի որ այն վճռական դեր է խաղացել թշնամու ձեռքում: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ չենք անդրադառնալու ադրբեջանցիների գնած ու կիրառած այլ զենքերի՝ ռուսական, իսրայելական, եվրոպական եւ այլն:
Հոկտեմբերի 19-ին Արցախի հակաօդային պաշտպանության կողմից խոցված դրոնի դետալները ուսումնասիրելիս պարզ է դարձել, որ դրանում կիրառվել են գերմանական արտադրության մի քանի սարքեր:
Գերմանական ռադիոբարձրաչափ եւ վառելիքի ֆիլտր՝ թուրքական մարտական դրոնի վրա
Դրանցից մեկը ռադիոբարձրաչափ է (radar altimeter), որից արձակվող ռադիոալիքների միջոցով դրոնը չափում է երկրի մակերեւույթից իր բարձրությունը: «Bayraktar TB2»-ի վրա կիրառվում է գերմանական «s. m. s, smart microwave sensors» ընկերության ռադիոբարձրաչափը:
Դատելով Արցախում խոցված դրոնի վրա հայտնաբերված բարձրաչափի տուփի վրայի նշումից՝ այն ԱԹՍ-ի վրա տեղադրվել է 2020-ի հունվարին:
Թշնամու դրոնի վրա երկրորդ գերմանական տարրը վառելիքի ֆիլտրն է, որն արտադրել է «Hengst» ընկերությունը: Ստորեւ ներկայացված նկարում կարող եք տեսնել ֆիլտրն ու բրիտանական «Andair» ընկերության թողարկած վառելիքի պոմպը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Andair»-ը հայտարարեց, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից համապատասխան տեղեկություններ ստանալուց եւ դրանց իսկության մեջ հավաստիանալուց հետո անմիջապես դադարեցրել է առաքումներն ու «Bayraktar TB2»-ի արտադրող «Baykar» ընկերությունից ստացված բոլոր պատվերների իրականացումը: Արտադրողը նշել էր, թե տեղյակ չի եղել, որ իր պոմպերը կիրառվում են մարտական դրոնների վրա:
Բացի վերոնշյալներից՝ թուրքական դրոնի CMX-15D դիտարկման եւ թիրախավորման համակարգի մեջ, որը կանադական «L3Harris WESCAM» ընկերության արտադրանքն է, օգտագործվում է գերմանական «Faulhaber»-ի թողարկած դետալը (տես լուսանկարի ստորին հատվածում): Կանադան այս ապրիլին հայտարարեց, որ չեղարկում է դեպի Թուրքիա ռազմական արտադրանք արտահանելու բոլոր թույլտվությունները, որոնց մեջ առանցքային տեղ ունեին հենց վերոնշյալ համակարգերը:
«Faulhaber»-ին անդրադարձել էինք մեր նախորդ հոդվածներում, երբ գրել էինք, որ դրա շվեյցարական դուստր ձեռնարկությունը՝ «Faulhaber Minimotor SA»-ն, արտադրում է փոքր էլեկտրաշարժիչներ, որոնք կիրառվում են իսրայելական «Harop» ինքնասպան (կամիկաձե) դրոնների վրա: Ադրբեջանն այսպիսի ԱԹՍ-ներ օգտագործել է թե՛ 2016 թ. ապրիլյան քառօրյա, թե՛ 2020 թ. 44-օրյա պատերազմների ժամանակ:
«Hengst»-ի համար ծիծաղելի է
«Հետքի» լրագրողը «Bayraktar TB2»-ի գերմանական մատակարարներ «s. m. s, smart microwave sensors» եւ «Hengst» ընկերություններին մի քանի անգամ նամակներ է գրել՝ խնդրելով մեկնաբանել իրենց արտադրանքի կիրառումը Արցախի դեմ պատերազմում օգտագործված մարտական դրոնների վրա, որոնք բազմաթիվ ավերածությունների ու զոհերի պատճառ են դարձել:
Գերմանական ձեռնարկությունները գրավոր հարցումներին որեւէ կերպ չեն արձագանքել: Իսկ ահա երբ լրագրողը զանգահարել է վառելիքի ֆիլտր արտադրող «Hengst» ընկերության գրասենյակ եւ խնդիրը ներկայացրել հանրային կապերի բաժնի աշխատակցուհուն (չի ներկայացել, թե ով է), վերջինս լրագրողին լսելուց հետո ծիծաղել է ու անջատել հեռախոսը:
Գերմանիային ապացույցնե՞ր են պետք
Մեր լրագրողը դիմել է նաեւ Գերմանիայի մի շարք դաշնային մարմինների՝ արտգործնախարարությանը, պաշտպանության նախարարությանը, Բունդեսթագին, Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցությանը եւ դրա անդամ, Բունդեսթագի պատգամավոր Սեւիմ Դաղդելենին, ով ունի թրքական-քրդական ծագում եւ հանդես է գալիս Էրդողանի ռեժիմի դեմ: Դաղդելենը մեկն է այն պատգամավորներից, ովքեր 2016 թ. Բուդեսթագում ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ՝ դառնալով Էրդողանի թշնամի:
«Հետքի» լրագրողի նպատակն էր թուրքական մարտական դրոնի վրա կիրառվող գերմանական տեխնոլոգիաների մասին մեկնաբանություն կամ հարցազրույց վերցնել նշված անձանցից: Այդուհանդերձ, նրանցից լրագրողի հարցմանը պատասխանել են միայն ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն: Վերջինիս խոսնակներից Լարս Էբինգերը հայտնել է, որ ՊՆ-ն իրավասու չէ պատասխանել զենքի արտահանմանն ու վերահսկողությանը վերաբերող հարցերին: Խոսնակը հավելել է, որ դրա համար անհրաժեշտ է դիմել ԱԳՆ-ին, չնայած մենք արդել գրել էինք այս նախարարությանը:
Իսկ ԱԳՆ-ի պատասխանը հետեւյալն է. «Գերմանական կառավարությունն իր համար հատկապես խիստ կանոններ է սահմանել ռազմական տեխնիկայի արտահանման մասով: Ուստի, արտահանման թույլտվություն տալու որոշումները կայացվում են յուրաքանչյուր դեպքում մանրակրկիտ գնահատում անելուց հետո՝ հաշվի առնելով արտաքին եւ անվտանգային քաղաքականության նկատառումները, մասնավորապես՝ տվյալ երկրում մարդու իրավունքների վիճակը: Գերմանիան չի արտոնում ռազմական տեխնիկայի արտահանումը, եթե կան բավարար ապացույցներ առ այն, որ այն օգտագործվում է ներքին ճնշումների կամ մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների նպատակով: Կոնկրետ այս երկու ընկերությունների դեպքում, որոնց մասին Դուք նշել եք, Գերմանիայի ԱԳՆ-ն զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրություններից դուրս որեւէ ինֆորմացիայի չի տիրապետում»:
Փաստորեն, Գերմանիայի արտաքին գերատեսչությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում կիրառված գերմանական տեխնոլոգիաների մասին լսել է միայն մամուլից, ինչը, դատելով ԱԳՆ-ի պատասխանից, վերջինիս համար հիմք չէ որեւէ քայլ ձեռնարկելու համար: Մեզ հայտնի չէ, թե այս հարցի շուրջ ինչ հաղորդակցություն է եղել, ասենք, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան եւ մեր ԱԳՆ-ի կամ Գերմանիայում ՀՀ դեսպանության եւ այդ երկրի ԱԳՆ-ի միջեւ: Կամ արդյոք ընդհանրապես եղել է նման շփում: Այդուհանդերձ, ռազմական արտադրանքի արտահանման խիստ վերահսկողության մասին հայտարարող պաշտոնական Բեռլինի համար հաստատ դժվար չէր լինի ստուգել իր անունը շոշափող մամուլի հրապարակումների իսկությունը:
Գերմանիան, այդ երկրի քաղաքացիներն ու ազգությամբ գերմանացիները, թերեւս, ամենալավը գիտեն, թե ինչ կործանիչ հետեւանքներ է ունենում ֆաշիզմն ու նացիզմը ոչ միայն սեփական, այլեւ ուրիշների կյանքի, խաղաղ գոյակցության իրավունքի վրա: Թվում է, թե այս առումով Գերմանիան առաջիններից մեկը պիտի ոտքի կանգներ ու ոչ միայն դատապարտեր թուրք-ադրբեջանական դուետի նացիստական գործողությունները Արցախի ու Հայաստանի դեմ, նաեւ Ալիեւի ռեժիմի ֆաշիստական խրախճանքները, այլեւ գործնական քայլեր ձեռնարկեր՝ գոնե իր անուղղակի մասնակցությունը թուրք-ադրբեջանական ագրեսիային այսուհետ դադարեցնելու համար: Կանադան եւ տարբեր արտադրողներ իրենց համագործակցությունը Թուրքիայի հետ դադարեցրել են, ըստ էության, հենց այս նկատառումով:
Եթե Գերմանիայի պետական ատյաններին, պաշտոնյաներին, հասարակական գործիչներին, լրագրողներին կամ ընդհանրապես հասարակությանը անհերքելի ապացույցներ են անհրաժեշտ առ այն, որ գերմանական ձեռնարկությունների արտադրանքն օգնել է թուրքական մարտական ԱԹՍ-ներին կռվել Արցախի երկնքում, թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ապա այս հոդվածում ներկայացվող լուսանկարները կարող են ընդունել որպես այդպիսին:
Այս առումով հրավիրում ենք նաեւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆի ուշադրությունը:
Հոդվածի պատրաստմանն աջակցել է Աստղիկ Հակոբյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել