HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրք-ադրբեջանական տանդեմը ֆրանսիական տեխնոլոգիաներ է կիրառել Արցախում. պաշտոնական Փարիզը խուսափում է մեկնաբանել

Այն բանից հետո, երբ Կանադան պաշտոնապես չեղարկեց Թուրքիայի համար ռազմական արտադրանք արտահանելու թույլտվությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին Արցախյան վերջին պատերազմում կիրառված «Bayraktar TB2» դրոնների կանադական համակարգերին, մենք գրեցինք, որ առաջիկայում շարքով ներկայացնելու ենք թուրքական այդ դրոնների վրա կիրառված արտասահմանյան տեխնոլոգիաները: 

Թուրքական այս դրոնի վրա շեշտադրումը պատահական չենք արել, քանի որ այն վճռական դեր է խաղացել թշնամու ձեռքում: Սակայն բացի դրանից՝ առաջիկայում անդրադառնալու ենք նաեւ ադրբեջանցիների գնած ու կիրառած այլ զենքերի՝ ռուսական, իսրայելական, եվրոպական եւ այլն: 

Այս հոդվածում կպատմենք «Bayraktar TB2»-ի ֆրանսիական դետալների մասին, բայց մինչ այդ կանդրադառնանք ֆաշիստական վարքագծով աչքի ընկնող Ալիեւի ռեժիմի ձեռքում հայտնված արբանյակին, որը պատերազմի օրերին, ինչպես նաեւ առաջ ու հետո մեծ ծառայություններ է մատուցել մեր թշնամուն:

«Azersky» արբանյակով թշնամին ռազմական խնդիրներ է լուծել

Դեռ 2014-ի հունիսին «Airbus Dеfence and Space»-ը Հնդկաստանի տարածքից ուղեծիր է հանել «Azersky» արբանյակը, որը, ըստ Ադրբեջանի տրանսպորտի, հաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության, ունի կիրառման լայն սպեկտր՝ պաշտպանություն, անվտանգություն, արձագանք արտակարգ իրավիճակներին, բնական ռեսուրսների հետախուզություն, ծովային դիտարկում, շրջակա միջավայրի պաշտպանություն, քաղաքային պլանավորում, քարտեզագրում, գյուղատնտեսություն, տուրիզմ եւ այլն:

«Airbus Dеfence and Space»-ը եվրոպական գիգանտ «Airbus»-ի պաշտպանական եւ օդատիեզերական ստորաբաժանումն է: «Airbus»-ում 10,9 % մասնակցություն ունի նաեւ Ֆրանսիան:

«Azersky» արբանյակի կողմից ստացվում են լավ որակի նկարներ, ավելին՝ «Airbus Dеfence and Space»-ի հետ առկա համաձայնության հիման վրա ադրբեջանցիները կարող են ավելի բարձրորակ պատկերներ ձեռք բերել «Pléiades 1A» եւ «Pléiades 1B» արբանյակներից, որոնք աշխատում են «Azersky»-ի հետ նույն ուղեծրի վրա: «Azersky»-ի շահագործման ժամկետը շուրջ 12 տարի է, այսինքն՝ մոտավոր մինչեւ 2026 թ.:

2015-ի փետրվարին պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ «Azersky» նախագիծն արժեցել է 157 մլն եվրո:  

2015-ի մայիսին էլ հայտնի դարձավ, որ «Airbus Dеfence and Space»-ի փորձագետները Ադրբեջանի արբանյակային վերգետնյա կառավարման գլխավոր կայանում հանդիպել են տեղի մասնագետների հետ: Սեմինարի նպատակը, ըստ Ադրբեջանի տրանսպորտի, հաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների նախարարության, եղել է «Azersky»-ի հնարավորությունների ցուցադրությունը, այդ պահին կիրառման ոլորտների եւ հավանական նոր ոլորտներում օգտագործելու հնարավորության քննարկումը: Սեմինարին մասնակցել են Ադրբեջանի ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները:

Արցախյան վերջին պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 15-ին, ֆրանսիական «L’Obs» (նախկինում՝ «Le Nouvel Observateur») հայտնի պարբերականը անդրադարձել էր Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին կատարվող մատակարարումներին: Պարբերականը նշել էր, որ չնայած Ֆրանսիան Հայաստանին դիտարկում է որպես բարեկամ երկիր, դա չի խանգարում նրան խոշոր գործարքներ կնքել Հայաստանի թշնամի Ադրբեջանի հետ:

Նույն «Azersky»-ի մասին «L’Obs»-ը գրել էր, որ չնայած այն պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին, փաստացի աշխատում է նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Ֆրանսիական պարբերականը նկատել էր, որ այդ քաղաքացիական արբանյակը թույլ է տալիս Բաքվին հեռակա կարգով ղեկավարել հայերի դեմ գործողությունները։

Այս միտքը պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին, հաստատել է Իլհամ Ալիեւը: «Երբ մենք արբանյակները հանեցինք ուղեծիր (Ադրբեջանն ունի 3 արբանյակ, որոնցից երկուսը («Azerspace-1» եւ «Azerspace-2») աշխատում են հեռահաղորդակցության ոլորտում - «Հետք»), ոմանք հարցնում էին, թե ինչ նպատակով է արվում այդ ամենը։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ այն մեզ շատ անհրաժեշտ էր։ Արբանյակների օգտագործումը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո մեզ հսկայական առավելություն էր տալիս... Պատերազմի ընթացքում հակառակորդի տեղաշարժին առցանց հետեւելը եւ նրա սադրանքների կանխումը, իհարկե, մեզ լրացուցիչ առավելություն էր տվել»,- հայտարարել է Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծած բռնապետն ու հավելել, թե արբանյակները մեծ նշանակություն ունեն նաեւ պատերազմից հետո իրենց պլաններն իրագործելիս, որոնք կապված են վերականգնողական աշխատանքների, մասնավորապես՝ ականազերծման հետ։ Ըստ Ալիեւի՝ արբանյակից ստացվող տվյալներն ունեն նաեւ հատուկ նշանակություն գյուղատնտեսության, անտառային ֆոնդի, ջրային ռեսուրսների, բնապահպանական իրավիճակի հետագա զարգացման համար:

Ֆրանսիական տեխնոլոգիաները՝ «Bayraktar TB2» դրոնի վրա. «BERINGER» եւ «ASB»

«Հետքի» տրամադրության տակ կան փաստական տվյալներ, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 19-ին Արցախի պաշտպանության բանակի կողմից խոցված «Bayraktar TB2»-ի դետալների ուսումնասիրության արդյունքում: Այդ դետալները ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրանք են:

Ըստ այդ տվյալների՝ Արցախյան պատերազմում թշնամու համար էական դեր խաղացած թուրքական դրոնների համար երկու տեսակի դետալ են մատակարարել ֆրանսիացիները:

Առաջին ընկերությունը «BERINGER AERO»-ն է, որը հայտնի է օդանավերի անիվների ու արգելակների արտադրությամբ: Ինչպես կարող ենք տեսնել Արցախում խոցված թուրքական դրոնի օրինակով, ֆրանսիական ընկերությունը «Bayraktar TB2»-ի համար առաքել է արգելակման համակարգի հեղուկի տարաներ (բաքեր):

Այդուհանդերձ, նոյեմբերի 6-ին, երբ դեռ ռազմական գործողություններն ընթացքի մեջ էին, «BERINGER AERO»-ն հայտարարել է, որ կասեցնում է բոլոր մատակարարումները թուրքական ԱԹՍ արտադրողներին այն բանից հետո, երբ պարզել է, որ իր ապրանքները (չի հստակեցված, թե կոնկրետ ինչ տեսականու մասին է խոսքը) տեղադրվել են մարտական ԱԹՍ-ների վրա եւ կիրառվել Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ (տես ստորեւ): Ընկերությունը նշել է, որ հավատարիմ է մնում իր էթիկական քաղաքականությանը եւ երբեք չի թույլատրել իր արտադրանքն օգտագործել այնպիսի տրանսպորտային միջոցների վրա, որոնք կարող են սպառնալ մարդու կյանքին:

«BERINGER AERO»-ն ընդգծել է, որ Ֆրանսիայում նախագծվող եւ թողարկվող իր արտադրանքը նախատեսված  է ընդհանուր նշանակության եւ քաղաքացիական ավիացիայի համար: Ըստ ընկերության՝ այդ ապրանքները վաճառվում են աշխարհով մեկ տարբեր ուղիներով եւ տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ ԱԹՍ-ների ստանդարտ կոմպլեկտացիայի մաս են կազմում. սա է պատճառը, որ ԵՄ երկակի նշանակության ապրանքների վերահսկման ցուցակում «BERINGER AERO»-ի արտադրանքը նշված չէ:

Ֆրանսիական երկրորդ մատակարարը «ASB»-ն է, որը ֆրանսիական «ASB Group»-ի դուստր ընկերությունն է: Բայց սա իրականում ոչ թե մատակարարումներ է անում «Bayraktar TB2»-ի համար, այլ դրա վրա կիրառվող ռումբերի: Նկատենք, որ «ASB Group»-ի գործունեության առանցքներից մեկը ջերմային մարտկոցների արտադրությունն է, որոնք օգտագործվում են, մասնավորապես, ռազմական արտադրանքի վրա, ինչպիսիք են հրթիռները, արկերն ու միջուկային զենքը: «ASB Group»-ը ձեւավորվել է ֆրանսիական «Aérospatiale» («Airbus»-ի իրավանախորդներից է) եւ «SAFT» ընկերությունների ջերմային մարտկոցների արտադրությունների միավորման արդյունքում, սեփականատերերն են հենց «Airbus»-ն ու «SAFT»-ը:

«Baykar Defence»-ի արտադրած «Bayraktar TB2»-ի սպառազինության մեջ են մտնում թուրքական մեկ այլ ընկերության՝ «Roketsan»-ի թողարկած «MAM-L» եւ «MAM-S» տիպի գերճշգրիտ ռումբերը, որոնց վրա էլ տեղադրվում են «ASB»-ի ջերմային մարտկոցները:

«ASB Group»-ը ցույց է տալիս ֆրանսիական կառավարության կողմը

Քանի որ «ASB Group»-ը, ի տարբերություն «BERINGER AERO»-ի, հանդես չի եկել որեւէ հայտարարությամբ, «Հետքը» փորձել է կապ հաստատել ֆրանսիական ձեռնարկության հետ՝ հասկանալու, թե ինչպես են մեկնաբանում իրենց արտադրանքի կիրառումը թուրք-ադրբեջանական ագրեսիվ տանդեմի կողմից ընդդեմ հայկական կողմի, ինչը հանգեցրել է քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակավայրերի ու պաշտամունքի վայրերի բազմաթիվ ավերածությունների եւ քաղաքացիական անձանց մահվան:

Մեր լրագրողն արտադրողին է ուղարկել Արցախում խոցված թուրքական դրոնի վրա հայտնաբերված «MAM-L» գերճշգրիտ ռումբի միջից հանված մարտկոցի նկարն ու դրա բնութագրիչները՝ սերիական համար, թողարկման ամսաթիվ (2019 թ. ապրիլ) եւ այլն: Նա մի քանի անգամ գրավոր նամակով խնդրել է մեկնաբանել կամ հարցազրույց տալ վերոնշյալի շուրջ, սակայն «ASB Group»-ը որեւէ կերպ չի արձագանքել նամակներին: Իսկ ահա երբ լրագրողը զանգել է ֆրանսիական ձեռնարկություն, վերջինիս ներկայացուցիչն ասել է, որ չեն կարող քննարկել իրենց հաճախորդներին (նկատի է ունեցել թուրքերին), եւ նշել է, թե այդ հարցով անհրաժեշտ է դիմել Ֆրանսիայի կառավարությանը:

Նախարարությունը չի արձագանքում, դեսպանատունը լռում է

«Հետքի» լրագրողը նմանատիպ նամակներ ուղարկել է նաեւ Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակին եւ նրա տեղակալներին՝ խնդրելով մեկնաբանել «ASB Group»-ի մարտկոցների առկայությունը Ադրբեջանի կիրառած թուրքական զենքի վրա: Նախարարության մամուլի պատասխանատուները չեն արձագանքել, լրագրողը նամակ է ուղարկել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ փորձելով մեկնաբանություն կամ հարցազրույց վերցնել դեսպան Ջոնաթան Լաքոտից: Դեսպանատնից գրավոր ու բանավոր հայտնել են, թե իրավասու չեն մեկնաբանել խնդիրը եւ ուղղորդել են նույն տեղը՝ Եվրոպայի ու ԱԳ նախարարության լրատվական ծառայություն, որին մենք գրել ենք մեկից ավելի անգամ, սակայն որեւէ պատասխան չի եղել:

Պետքարտուղար Լըմուանը չի հիշում

Ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երեւան էր գործուղել Եվրոպայի ու ԱԳ նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանին: «Հետքը» ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյային հարցրել է, թե ինչ դիրքորոշում ունի Ֆրանսիան ռազմական ագրեսիա իրականացնող Ադրբեջանին ու Թուրքիային այնպիսի տեխնոլոգիաներ վաճառելու վերաբերյալ, որոնք կիրառվել են Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ: Լրագրողը նկատի է ունեցել «Azersky» արբանյակն ու թուրքական դրոնի դետալները: «Ես չեմ հիշում նման դեպք: Քանի որ ես պաշտպանության ոլորտի նախարար չեմ, ինձ համար դժվար է պատասխանել Ձեր հարցին: Ես կարող եմ նշել դիվանագիտական այն ահռելի ջանքերը, որոնք գործադրեց Ֆրանսիան՝ հրադադար հաստատելու համար»,- ասել է Ժան Բատիստ Լըմուանը:

Ֆրանսիացի պաշտոնյայի ասածն առնվազն անկեղծ չէ կամ գոնե տարօրինակ է: Մինսկի խմբի համանախագահ երկրի բարձրաստիճան դիվանագետը պիտի լավ իմանա, թե ինչպիսի ռազմական համագործակցություն կա իր երկրի եւ հակամարտող կողմերից մեկի միջեւ, առավել եւս, որ այդ հակամարտությունն ամիսներ առաջ վերաճել է լայնամասշտաբ պատերազմի, որում կիրառվել են նաեւ քո երկրի տեխնոլոգիաները:

Երբ նախագահ Մակրոնը պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 2-ին, հայտարարեց նոր իրողության՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկվող սիրիացի ծայրահեղականների մասին, նա հիմնվում էր հետախուզական տվյալների վրա: Իսկ պետքարտուղար Լըմուանն անտեղյակ է ձեւանում ֆրանս-թուրքական կամ ֆրանս-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ, որը տարիների պատմություն ունի:

Այս իրավիճակն առավելագույնս դիպուկ դեռ անցյալ հոկտեմբերին նկարագրել է վերը հիշատակված «L’Obs» պարբերականը, որն անդրադարձել էր Ֆրանսիայի ու Ադրբեջանի ռազմական գործընկերությանը. «Ֆրանսիան բառացիորեն «կիսվում է» իր մեծ հայկական սփյուռքի (ինչպես նաեւ՝ ընդհանուր հայամետ վերաբերմունքի) եւ ադրբեջանական նավթադոլարների ծանր պորտֆելի միջեւ»:    

Ովքեր են դադարեցրել մատակարարումները թուրքական դրոնի համար

Արդել գրել ենք այն մասին, որ դեռ անցյալ աշնանը՝ պատերազմի օրերին, դեպի Թուրքիա մատակարարումները կասեցրել է ավստրիական «BRP-Rotax» ընկերությունը, որը «Bayraktar TB2» դրոնների վրա գործածվող շարժիչներ էր պատրաստում (տես ստորեւ): Սա կանադական «Bombardier Recreational Products»-ի (BRP) դուստր ընկերությունն է եւ հենց կանդական ձեռնարկության հրահանգով է դադարեցրել թուրքական կողմի հետ համագործակցությունը:

Հարկ է նկատել, որ «BRP-Rotax»-ի շարժիչներն արտադրվել են թեթեւ ու գերթեթեւ ինքնաթիռների համար՝ ոչ ռազմական նպատակներով, իսկ դրանց վաճառքն իրականացվել է միջազգային միջնորդների կողմից։ Այս դեպքում Թուրքիային մատակարարումներ է կատարել Իտալիան։

Բրիտանական «Andair»-ն իր հերթին այս տարվա հունվարին հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունից համապատասխան տեղեկություններ ստանալուց եւ դրանց իսկության մեջ հավաստիանալուց հետո անմիջապես դադարեցրել է առաքումներն ու «Bayraktar TB2»-ի արտադրող «Baykar» ընկերությունից ստացված բոլոր պատվերների իրականացումը: «Andair»-ը վառելիքի պոմպեր էր առաքում թուրքական կողմին (տես ստորեւ), սակայն, ըստ իր հայտարարության, տեղյակ չի եղել, որ դրանք կիրառվում են մարտական դրոնների վրա:

Մի շարք տարածաշրջաններում ագրեսիա սերմանող եւ այլոց հանդեպ տարածքային հավակնություններ ունեցող բռնապետական Թուրքիային ռազմական մատակարարումները պաշտոնապես դադարեցրել է Կանադան: Այս երկրի «L3Harris WESCAM» ընկերությունը դիտարկման եւ թիրախավորման համակարգեր էր առաքում «Bayraktar TB2»-ի համար (տես ստորեւ):

Բացի նշվածից՝ թուրքական դրոնի վրա կիրառվում են նաեւ կանադական «Microhard Systems Inc.»-ի ռադիոհաղորդիչն (antenna radio transmitter) ու ուժեղացուցիչը (amplifier):

Այդուհանդերձ, հստակ չէ՝ արդյոք այս արտադրանքի արտահանումը Թուրքիա եւս դադարեցվել է Կանադայի կողմից, քանի որ այն կարող է կիրառվել նաեւ քաղաքացիական կարիքների համար:

Մի քանի ամերիկյան ընկերություններ առանձին հայտարարություններ են արել իրենց մատակարարումների մասին, բայց դրանց կանդրադառնանք մեկ այլ հոդվածում:

Հոդվածի պատրաստմանն աջակցել են Աստղիկ Հակոբյանն ու Լիանա Սայադյանը

Մեկնաբանություններ (6)

Miguel Angel Nalpatian
--- Realmente ya nada sorprende , " el mundo es un genocidio " , el destino de la Rca de Armenia es totalmente incierto toda vez que esta gobernada por rusos armenios que durante 69 años de soguzgamiento sovietico se adaptaron a la corrupcion , la millonaria sangre derramada desde 1892 / 2020 no sirvio para nada ...
Nichan Balian
Well researched article. Very proud of the authors. Shnorhavorem tsez.
GB
Once again proved that Armenia must rely on its own technology, especially in the military field. In the next war, Armenia must destroy Azerbaijani entire pipeline going to Europe.
Հովիկին
Ուրեմն «անհամեստ ու ոչ պրագմատիկ» են եղել դիվանագիտական ու հատկապես էն սփյուռքահայ կառույցները, որոնք ճնշում են գործադրել Կանադայի վրա՝ կանադական կարեւորագույն տեխնոլոգիաների մատակարարումը թուրքերին դադարեցնելու համար: Սխալ է արել ՄԹ-ում ՀՀ դեսպանությունը, որ կոնկրետ ընկերությանը տեղյակ է պահել ու հասել մատակարարումների կասեցմանը: Չեն հասկանում էլի, թե դիվանագիտությունն ինչ է:
Հովիկ
Նման տրաբանությամբ կարելի է մեղադրել սփյուռքահայությանը Արցախի նախկին տարածքներում դպրոցներ ու հիվանդանոցներ վերակառուցելու ու ֆինանսավորելու, ճանապարհներ ասփալտապատելու համար, ամբողջը անցավ ազերիների վերահսկողության ներքո. ուրեմն սփյուռքը ֆինանսավորել է ազերիներին...էլ չասեմ Շուշիի մասին, ողջ ազգով քաղաք ենք կառուցել թշնամու համար։ Նման ձև են մտածել երևի տեղական չինովնիկներն ու սփյուռքյան կաշառակերները երբ խոչընդոտել են ավելի լայն ծրագրերին։ Պետա չի աշխարհին "բոլորը մեր դեմ են" ու "բոլորը մեզ պարտք են" ակնոցներով նայել։ Մի փոքր համեստուտյունն ու պրագմատիզմը չէր խանգարի իրավիճակի ճիշտ գնահատման համար։
George
This situation was most accurately described last October by the L'Obs magazine, which referred to the military partnership between France and Azerbaijan. "France is literally ‘divided’ between its large Armenian Diaspora (as well as the general pro-Armenian attitude) and the serious portfolio of Azerbaijani petrodollars." When it comes to Azerbaijani petrodollars, the so-called "leftist/socialist"pro-Armenian French government acts more like a RIGHTIST one that cares the least about HUMAN RIGHTS!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter