HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իսրայելական արդարադատությու՞ն, թե՞ փարիսեցիություն․ Ադրբեջանի գործընկեր ԱԹՍ արտադրողը՝ քրեական գործի թիրախում  

Իսրայելական «Haaretz» օրաթերթը գրել է, որ ԱԹՍ-ների արտադրությամբ հայտնի տեղական «Aeronautics» ընկերությանը եւ դրա 3 ավագ աշխատակիցներին դեկտեմբերի 29-ին մեղադրանք է առաջադրվել, որը վերաբերում է ընկերության նշանակալի հաճախորդներից մեկի հետ գործարքի ժամանակ պաշտպանական արտադրանքի արտահանման մասին օրենքը խախտելուն։ Չնայած իսրայելական դատարանի որոշմամբ՝ արգելվել է մանրամասների հանրայնացումը, հայտնի է, որ այս ընկերությունը Ադրբեջանի գլխավոր մատակարարներից է։

«Haaretz»-ը գրում է, որ վերջին տարիներին «Aeronautics»-ի վերաբերյալ հետաքննություն էր ընթանում։ 2018-ին Իսրայելի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ դատախազությունը մտադիր է մեղադրանք առաջադրել ընկերության աշխատակիցներին ծանրացուցիչ հանգամանքներում խարդախություն կատարելու եւ պաշտպանական արտադրանքի արտահանման մասին օրենքը խախտելու հիմքով։

Այս ամենի հիմքում 2017-ին տեղի ունեցած միջադեպն է, ինչից հետո՝ այդ տարվա օգոստոսին, Իսրայելի ՊՆ-ն հայտարարեց, որ կասեցնում է «Aeronautics»-ի մարտական դրոններից մեկի՝ արտասահմանյան խոշոր գնորդին արտահանելու լիցենզիան։ Դրանից հետո ոստիկանությունը հետաքննություն էր սկսել։ Նույն ամսում հայտնի դարձավ, որ Իսրայելի ՊՆ-ի անվտանգության գործակալությունն է հետաքննություն սկսել մի բողոքի վերաբերյալ, որում նշվել է, որ «Aeronautics»-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում ինքնասպան (մահապարտ, կամիկաձե) անօդաչուի փորձարկում են կատարել՝ հարձակվելով հայկական բանակի դիրքերի վրա։

Նկատենք, որ խոսքն «Aeronautics»-ի «Orbiter 1K» դրոնի մասին է։ 2017-ին իսրայելական մամուլը գրել էր, որ այս զենքի գնորդ ադրբեջանցիները իսրայելցի մասնագետներին առաջարկել էին նոր ԱԹՍ-ն փորձարկել Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա: Չնայած օպերատորները հրաժարվել էին, դա արել էր իսրայելական պատվիրակության ղեկավարությունը, ինչի արդյունքում 2 հայ զինծառայող թեթեւ վիրավորում էր ստացել:

Այն ժամանակ, ինչպես հայտնում է «Haaretz»-ը, մատակարար ընկերությունը հերքել էր իր հասցեին մեղադրանքներն ու հայտարարել, թե ԱԹՍ-ի օպերատիվ կիրառողը գնորդն է եղել, ու հավելել, թե ինքը կենդանի թիրախների վրա երբեք փորձարկում չի անում։

Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք Իսրայելի իրավապահների գործողություններից, «Aeronautics»-ի հայտարարությունները կեղծիք են եղել։ Ենթադրելի է, որ Արցախի ՊԲ դիրքի վրա ինքնասպան դրոնը կիրառած պատվիրակության ղեկավարներն են քրգործով մեղադրյալները։ Բայց այստեղ հետաքրքիր է նաեւ այն, որ մեղադրանքն առաջադրվել է 2017-ի միջադեպից միայն 4,5 տարի անց։ Ի՞նչ է սա․ իսրայելական արդարադատությու՞ն, թե՞ փարիսեցիություն։

Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI), որը հայտնի է զենքի վաճառքի մասին իր հետազոտություններով ու վիճակագրությամբ, 2011-2020 թթ․ Ադրբեջանի ռազմական գնումների 60,1 %-ը բաժին է հասել Ռուսաստանին (շեշտենք, որ խոսքը ծախսված դրամական միջոցների մասին է, ոչ թե զենքի քանակի): Նույն ընթացքում մեր թշնամու մյուս խոշոր «առաքիչներն» են եղել Իսրայելը (26,6 %), Բելառուսը (7,1 %) եւ Թուրքիան (2,9 %), իսկ այլ երկրների կողմից Ադրբեջանին վաճառած զենքի դրամական ընդհանուր ծավալը եղել է 3,3 %: 

Ընդ որում՝ 2011-2020 թթ. Ադրբեջանի ձեռք բերած զենքի (գումարային տեսքով) շուրջ 27 %-ի առաքիչ Իսրայելի մատակարարումները գլխավորապես արվել են 2016-2020 թթ., երբ այդ երկիրը դարձել է Ադրբեջանի գլխավոր ռազմական դոնորը. այդ ընթացքում իսրայելական զենքի համար ծախսված գումարը կազմել է Ալիեւի ռեժիմի ռազմական ներկրումների 69 %-ը:

Այս տարվա ապրիլին հրապարակած հետազոտության մեջ «SIPRI»-ն գրել է, որ չնայած բաց աղբյուրներում բավականաչափ ինֆորմացիա կա Ադրբեջանի կողմից իսրայելական կոնկրետ զինատեսակների ձեռքբերման մասին, իրականում քիչ բան է հայտնի փաստացի առաքված զենքի քանակի մասին: Այդուհանդերձ, հայտնի է, որ Իսրայելը հիմնականում վաճառում է բարաժող ռազմամթերք (խոսքն ինքնասպան ԱԹՍ-ների մասին է, որոնք օդում ինչ-որ ժամանակ թռիչք են իրականացնում, հետախուզում, թիրախավորում, ապա գրոհում), հետախուզական ԱԹՍ-ներ, կառավարվող եւ բալիստիկ հրթիռներ, որոնք կիրառվել են թե՛ 2020 թ. պատերազմում, թե՛ դրանից առաջ տեղի ունեցած սահմանային բախումներում («SIPRI»-ն առաջին հերթին նկատի է ունեցել 2016 թ. քառօրյա պատերազմն ու 2020 թ. ամռանը Տավուշում տեղի ունեցած բախումները):

Դեռ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո «Հետքն» անդրադարձել էր Ադրբեջանի իսրայելական մատակարարումներին։ Բայց նույն դրոնների առաքումները դրանից ավելի վաղ էին սկսվել։

Համաձայն «SIPRI»-ի՝ դեռ 2007-2008 թթ. Ադրբեջանն Իսրայելին պատվիրել էր 4 հատ «Aerostar» եւ 10 հատ «Hermes-450» տիպի հետախուզական ԱԹՍ-ներ, որոնցից առաջինի արտադրողը հենց «Aeronautics»-ն է, իսկ երկրորդինը՝ մեկ այլ իսրայելական հայտնի արտադրող՝ «Elbit Systems»-ը։ Ավելին՝ 2009-ին «Aeronautics»-ն ու Ադրբեջանը համաձայնագիր էին կնքել վերջինիս տարածքում ԱԹՍ-ների գործարան կառուցելու մասին: 2011-ի մարտին կայացել էր «AZAD Systems» ձեռնարկության բացումը, որը կոչված էր «Orbiter 2M» եւ «Aerostar» հետախուզական սարքերի մասերի արտադրությանը: Հետագայում այս ձեռնարկությունում սկսեցին արտադրել հետախուզական «Orbiter 3» ԱԹՍ-ն եւ «Orbiter 1K» կամիկաձեի տեղական տարբերակը, որը կոչվում է «Zerbe»։

Իսրայելական արտադրության մյուս ԱԹՍ-ների մասին նախկինում պարբերաբար գրել ենք եւ այստեղ կրկին չենք անդրադառնա, բայց փաստ է, որ դրանք, ինչպես եւ թուրքական «Bayraktar TB2» հարվածային դրոնները, վճռական դեր են խաղացել վերջին տարիներին ռազմական բալանսը Ադրբեջանի կողմը թեքելու եւ 44-օրյա պատերազմում ագրեսորի հաջողության հարցում։

Իսրայելը Ադրբեջանին մատակարարումներ է արել ոչ միայն 44-օրյա պատերազմից առաջ, այլեւ այդ օրերին։ «Հետքն» անցյալ տարի գրել է Թուրքիայից, Իսրայելից, Լիբիայից, Աֆղանստանից եւ Ուկրաինայից դեպի Ադրբեջան բազմաթիվ բեռնատար ու մարդատար թռիչքների մասին, որոնց զգալի մասը կատարվել է Վրաստանի օդային տարածքով (հոդվածների շարքը կարող եք տեսնել այստեղ)։ Ադրբեջանի նախագահի խորհրդական, տխրահռչակ Հիքմեթ Հաջիեւն էլ պատերազմի առաջին օրերին իսրայելցի լրագրողին հայտնել էր, որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգնում են Ադրբեջանին ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, եւ իսրայելցի ինժեներներին պետք է շնորհավորել:

Նկատենք նաեւ, որ 2016-ի քառօրյա պատերազմում, երբ թշնամին իսրայելական արտադրության հետախուզական եւ ինքնասպան (կամիկաձե) ԱԹՍ-ներ էր օգտագործում, Արցախում գտնվող «Հետքի» գլխավոր խմբագիրն իրազեկ աղբյուրներից իմացել էր, որ ադրբեջանական զինուժի ԱԹՍ-ների գործարկումը մեծապես ապահովում են իսրայելցի մասնագետները: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ հայկական կողմը նշում էր, որ թուրք մասնագետներն են ապահովում «Bayraktar TB2»-ների աշխատանքը։

«Aeronautics» ընկերության գործով մեղադրանքների առաջադրումը 2017-ի միջադեպից 4,5 տարի անց, թվում է, պատահական չէ։ Այս նորությունից քիչ առաջ՝ դեկտեմբերի 28-ին, հայտնի դարձավ, որ Իսրայելում ՀՀ-ն նոր դեսպան է նշանակել Արման Հակոբյանին։ Բնականաբար, դեսպան նշանակելը մեկ օրում չի կատարվում․ այդ պրոցեսը որոշակի ժամանակ է ենթադրում, այդ թվում՝ ընդունող կողմի համաձայնություն։

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսին Թել Ավիվում սկսել էր գործել ՀՀ դեսպանությունը, որը պաշտոնապես բացվեց պատերազմից առաջ՝ սեպտեմբերին։ Մինչ այդ ՀՀ դեսպանն աշխատում էր Երեւանից։ Ընդ որում՝ մինչ օրս Հայաստանում Իսրայելի դեսպանի նստավայրը իր երկրի ԱԳՆ շենքում է՝ Երուսաղեմում։ Նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին, երբ ռազմական ագրեսիան Արցախի ու Հայաստանի շարունակվում էր լայն թափով եւ դրանում ակնհայտ էր նաեւ Ադրբեջանին սատարող Իսրայելի դերը, ՀՀ ԱԳՆ-ն խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց այդ երկրում մեր դեսպան Արմեն Սմբատյանին։ Այս տարվա օգոստոսին Սմբատյանը, որը նշանակվել էր 2018-ի մարտին, ազատվեց դեսպանի պաշտոնից։ Եվ փաստորեն նոր նշանակումը եղավ դրանից 4 ամիս անց։

Չի բացառվում, որ նոր դեսպանի նշանակումը եւ իսրայելական կողմի վերոնշյալ քայլը քրեական գործի շրջանակներում անուղղակիորեն փոխկապակցված են, այսինքն՝ իսրայելցի իրավապահների գործողություններում չենք կարող բացառել քաղաքական նրբերանգը։ Այս առումով արժե առանձնացնել նաեւ Հունգարիայի քայլերը, որի հետ Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները 2012-ին այն բանից հետո, երբ այդ երկիրը հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ու ցմահ դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց իր երկրին, որտեղ նրան անմիջապես ներում շնորհեցին։ Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Հունգարիայի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրել է 5 հայ ռազմագերու, իսկ դեկտեմբերի 30-ին առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին:

Տպավորություն կա, որ Հայաստանի իշխանությունները հարաբերությունները կարգավորելու գործընթաց են սկսել ոչ միայն Թուրքիայի, այլեւ Իսրայելի ու Հունգարիայի հետ, բայց առայժմ շատ բան կատարվում է կուլիսներում։

Լուսանկարում՝ «Orbiter 1K» դրոնը՝ արձակման պահին

Մեկնաբանություններ (3)

Anaheed
Azeris continue buying powerful guns from Turkey, Israel, Pakistan, Russia, USA, France, Canada, Serbia Ukrainian and Germany and more…. Pashinyan, busy putting his opponents in jail so he can hold on to PM job, and dismantling the army because he is afraid they will overthrow him.
john
I repeat : never,never trust a moslem . Countries, leaders ,politicians who trust, defend and colaborate with moslems, NEVER are real christians . And the only Creator-God JHWH will make the bill correctly . What they sow, they will earn - as you can see currently
George
When it comes to lucrative business of arms trade, the CHILDREN of HOLOCAUST SURVIVORS don’t hesitate to supply deadly weapons to GRANDCHILDREN of GENOCIDE PERPETRATORS for killing of GRANDCHILDREN of GENOCIDE SURVIVORS! In fact, as a high-tech immoral banana republic Israel puts profit before the people always. Despite sympathy for the Armenian people at a civic level, Israel was committed to maintaining pivotal support for its ally Azerbaijan in the war for Artsakh, knowing that lethal weapons delivered to Azerbaijan would be used for ethnic cleansing of Armenians who lived there for centuries. The most disgusting part is that its authorities even openly brag about that at the end: “Azerbaijan would not be able to continue its operation at this intensity without our support,” a senior source in the Israeli Ministry of Defense told Asia Times on condition of anonymity. https://asiatimes.com/2020/10/israel-to-maintain-azeri-edge-in-karabakh-war/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter