HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

7.2% գնաճ՝ 2021-ին. գնաճի «առաջատարները» ու պատճառները Հայաստանում

2021 թվականին նախորդ տարվա համեմատ Հայաստանի սպառողական շուկայում ապրանքները և ծառայությունները միջինում թանկացել են 7.2%-ով։  Ըստ խոշորացված ապրանքախմբերի՝ գնաճով «առաջատարը» սնունդն է։ Քաղաքացիները դժգոհում են, որ ունեցած գումարը չի բավականացնում ծախսերին, Կառավարությունն ու ԿԲ-ն էլ պնդում են, որ այս բարձր գնաճը դրսից է «ներթափանցել»։

Հայաստանում գրանցվող բարձր գնաճը քաղաքացիներին ստիպում է վերանայել առևտուրը՝ կրճատել ցանկը, առավել թանկ ապրանքները փոխարինել համեմատաբար էժաններով, թեև դա հաճախ արվում է որակի հաշվին։

Երևանյան շուկաներից մեկում առևտուր անող Աշխեն Մարտիրոսյանը դժգոհում է, որ նախապես պլանավորված գումարը այլևս չի բավականացնում առևտրին։

«Գալիս ես ու ամեն ամեն անգամ տեսնում, որ ապրանքները ավելի են թանկացել ու այդպես անընդհատ։ Ապրանքներ կան, որ կրկնակի են թանկացել։ Մտածում էի, որ Ամանորից հետո առևտուրը պակասել է, գները իջած կլինեն, բայց ոչ մի նման բան»,- ասում է քաղաքացին։

Դեռևս 2020 թվականի վերջերից գնաճի տեմպերը Հայաստանում կտրուկ արագացել են։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2021 թվականին նախորդ տարվա համեմատ Հայաստանի սպառողական շուկայում 7.2% գնաճ է գրանցվել։ Դինամիկան ցույց է տալիս, որ բացառությամբ մայիսի, գնաճի տեմպը անշեղորեն աճել է մինչև դեկտեմբեր։

Միայն դեկտեմբերին որոշակիորեն դանդաղել է: 2021 թվականի ընթացքում գնաճի ամենաբարձր տեմպը գրանցվել է նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմելով 9.6%։

Դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 7.7%։ 

Առաձին ապրանքատեսակների գծով գները բարձրացել են երկնիշ տեմպերով։ 2021 թվականին, 2020-ի համեմատ, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 11.2%-ով, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 9.3%-ով։ Սրանք ամենաշատ թանկացած ապրանքներն են։

Զգալի բարձրացել են նաև տրանսպորտի գները, որի տակ պետք է հասկանալ ոչ միայն տրանսպորտային ծառայությունները, այլև՝ մեքենաների, բենզինի, անվադողերի և տրանսպորտի ոլորտի հետ կապված մյուս ծախսերը։ Տեսանելիորեն թանկացել են նաև կենցաղային ապրանքները, հագուստն և կոշիկը։

Գնաճ է գրանցվել բոլոր խոշորացված ապրանքատեսակների գծով։ Միայն կապի ոլորտում է, որ այն մնացածի համեմատ «համեստ» է՝ 0.9%: Այս ոլորտն էլ ներառում է բջջային կապը, ինտերնետ հասանելիությունը, ֆիքսված հեռախոսային կապը և այլն։ 

2021 թվականին Հայաստանում գրանցված գնաճի վրա ազդել են ինչպես ներմուծվող ապրանքների գների բարձրացումը, այնպես էլ՝ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը տարվա սկզբում, կարծում է Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

«Հայաստանում գրանցված գնաճի վրա ազդած համաշխարհային գործոններից են էներգակիրների ու բնական հանածոների գների աճը, պարենային ապրանքների համաշխահային գների աճը, և այդ գնաճը «ներմուծվել» է տարբեր զարգացող երկրներ, այդ թվում՝ Հայաստան»,- ասում է Հրանտ Միքայելյանը։

Հայաստանը, լինելով ներմուծող երկիր, այդ ապրանքները ներմուծում է արդեն թանկ գնով, հետևաբար՝ համաշխարհային գնաճը հարվածում է նաև հայ սպառողին։

Իսկ թե ինչու է Հայաստանը այդքան զգայուն համաշխարհային շուկաներում արձանագրվող գնային փոփոխությունների նկատմամբ, բացատրվում է հայաստանյան տնտեսության կառուցվածքով։ Ունենալով ոչ զարգացած արդյունաբերություն՝ Հայաստանը, տեղի պահանջարկը բավարարելու համար, ստիպված է ներմուծել այն ապրանքները, որոնք տեղում կամ չեն արտադրվում կամ փոքր քանակությամբ են արտադրվում։ Հետևաբար, արտաքին շուկաներից ունեցած կախվածությունը մեծ է։

«Հատկապես 2003 թվականից Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը խիստ փոխվել է՝ արտահանման ու ներմուծման տարբերությունը էապես մեծացել է։ Այսօր տեղական արտադրողներն էլ են կախված դրսից, քանի որ հումքի և արտադրության էլեմենտների մեծ մասը ևս ներմուծում են։ Հետևաբար, երբ թանկանում է հումքը, թանկանում է նաև արտադրանքը»,- ասում է փորձագետը։

Ըստ Հրանտ Միքայելյանի՝ նախկինում Հայաստանը Արցախից ստացել է ցորեն և պարենային այլ ապրանքներ։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ շատ ցանքատարածքներ անցան հակառակորդի վերահսկողության տակ, Հայաստանը ստիպված եղավ նույն ապրանքները ներմուծել արտերկրից և ավելի բարձր գներով։ Փորձագետը սա համարում է գնաճի վրա ազդող ներքին գործոններից մեկը։

Գյուղմթերքի որոշ տեսակների դեպքում էլ, ինչպես կաղամբի, կարտոֆիլի, գազարի և այլն, թանկացումը բացատրվում է բերքատվության ծավալների կրճատմամբ և արտահանման ծավալների աճով։

Փորձագետը նկատում է, որ թեև դեկտեմբերին գրանցված 12-ամսյա գնաճը (7.7%) ավելի ցածր է, քան նոյեմբերին (9.6%), սակայն դա դեռևս չի նշանակում, որ գնաճը բարձր մակարդակում չէ։ Այն շարունակում է Կենտրոնական բանկի նախանշած թիրախից՝ 4%-ից զգալի բարձր լինել։

Հայաստանի Կառավարությունն ու Կենտրոնական բանկը 2021 թվականին բազմաթիվ առիթներով շեշտել են, որ երկրում գրանցվող գնաճը ներթափանցել է արտաքին շուկաներից։

Ամենադիպուկ օրինակներից են ոչ միայն սննդամթերքը, այլև բենզինն ու դիզելային վառելիքը։ Պաշտոնական տվյալներով՝ 2021 թվականի հունվար-դեկտեմբերին, 2020 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ, Հայաստանում բենզինը թանկացել է 31.9%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 24.5%։

«Հայաստանում գրանցվող գնաճի վրա ազդում են ինչպես համաշխարհային շուկաներում արձանագրվող բարձր գնաճային միտումները, որոնք ներմուծվող ապրանքների միջոցով հասնում են հայ սպառողներին, անպես էլ՝ բնակչության սպասումները»,- 2021 թվականի մայիսի 4-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը: Սակայն, թե՛ Կենտրոնական բանկը, թե՛ Կառավարությունը լիազորված չեն ուղղակիորեն զսպելու կամ բարձրացնելու գնաճը, քանի որ ընտրված է շուկայական տնտեսության մոդելը, երբ գինը որոշում է շուկան։ Փոխարենը, Կենտրոնական բանկին տրված են գործիքներ, որոնցով կարող է միջամտել գնաճին։ Դրանցից մեկը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է, որի միջոցով ԿԲ-ն փորձում է ազդել սպառողական շուկայի պահանջարկի ու գների վրա։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Կենտրոնական բանկը բարձրացնում է տոկոսադրույքը, երբ երկրում գնաճային ռիսկեր են գրանցվում:

Բարձր գնաճը 2021 թվականի ընթացքում ստիպել է Կենտրոնական բանկին պարբերաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ընդհանուր առմամբ, գլխավոր դրամատունը տարվա ընթացքում 6 անգամ բարձրացրել է այն։

Եթե տարեսկզբին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5% էր, ապա տարեվերջին, ինչպես նաև այսօրվա դրությամբ՝ 7.75% է։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպումներում մի քանի անգամ շեշտել է, որ 2022 թվականից գնաճի տեմպը կնվազի և կվերադառնա թիրախային 4%-ի մակարդակին։ Հիշեցնենք, ԿԲ-ն ու Կառավարությունը գնաճի նպատակային ցուցանիշ են սահմանել 4%-ը՝ ±1.5% տատանումների թույլատրելի միջակայքով՝ համարելով, որ դա Հայաստանի համար գնաճի լավագույն մակարդակն է, որը կարող է նպաստել տնտեսական աճին։ Երբ գնաճը շեղվում է այդ միջակայքից, ԿԲ-ն պարտավորվում է  դրամավարկային գործիքների միջոցով նպաստել այն նշված միջակայք վերադարձնելու համար։

Չնայած այս ամենին՝ փաստացի ցուցանիշները ցույց են տալիս, որ գոնե 2021 թվականի ընթացքում ոչ ԿԲ-ն, ոչ էլ Կառավարությունը չեն կարողացել զսպել գնաճը։

Հայաստանում գրեթե չի խոսվում այն մասին, որ գնաճի պատճառ կարող է լինել նաև ներմուծող տնտեսվարողների անբարեխիղճ վարքագիծը։ Խոսքը ոչ թե դեմպինգի մասին է, երբ խոշոր տնտեսվարողները համաձայնության են գալիս փոքրերին շուկայից դուրս մղելու համար, այլ այն դեպքերի, երբ  համաշխարհային գնաճի պարագայում անմիջապես բարձրացնում են գները, սակայն գնանկմանը կամ դրամի արժևորմանը նույնքան օպերատիվ չեն արձագանքում։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ևս կարծում է, որ Հայաստանում գնաճը դրսից ներթափանցող գործոններով է պայմանավորված, բայց «ներքին ճշգրտումներ չեն եղել», ինչը պետք է աներ Կառավարությունը՝ ի դեմս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի: Անգամ, երբ փոխարժեքը տարեսկզբի թռիչքից հետո վերադարձավ նախկին մակարդակին, արտադրողները և հատկապես ներմուծողները իրենց գնային քաղաքականությունը չփոխեցին:

Մինչդեռ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի նվազման պարագայում ներմուծվող ապրանքները դառնում են ավելի մատչելի հայ տնտեսվարողների համար։ Նրանք ներմուծված ապրանքների դիմաց վճարում են դոլարով, հետևաբար՝ երբ դոլարը էժանանում է, մեխանիկորեն էժանանում է նաև ներմուծվող ապրանքը։

«Այս առումով ԿԲ-ն չունի շատ գործիքներ, որոնցով կարող էր ազդել իրավիճակի վրա: Հիմնական գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է՝ փողի թանկացումը: Բայց դա ընդհանուր գնաճի վրա ազդելու համար է: Այդ գործիքը կոնկրետ ապրանքատեսակի գնաճի վրա չի կարող ազդել: Օրինակ՝ կարագի, բրնձի, սննդամթերքի այլ տեսակների գների վրա ազդելու համար պետք է այլ կառույցներ աշխատեն, որոնք զբաղվում են շուկայական մրցակցությամբ, տեղական արտադրության խթանմամբ և այլն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վաչե Գաբրիելյանը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter