HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումը կարող է հարվածել արտադրողներին և նոր թանկացումների հանգեցնել

Այս տարվա ապրիլից գազի հնարավոր թանկացումը էական բեռ է դառնալու տնտեսվարողների, արտադրողների ու ջերմոցային տնտեսությունների համար։ Զուգահեռաբար, փետրվարից թանկացող էլեկտրաէներգիան ու արդեն թանկացած խմելու ջուրը ստիպել են տնտեսվարողներին վերանայել ծախսերը։ Թանկացումներից տուժում են հատկապես այն բիզնեսները, որոնց արտադրանքի ինքնարժեքում գազն ու էլեկտրաէներգիան էական տեսակարար կշիռ ունեն։ Տեղական արտադրության ապրանքների գնաճի նոր ալիքը չի բացառվում։ 

«Եթե լոլիկի ինքնարժեքը 450-500 դրամ է, դրա 70-80%-ը միայն էներգակիրներն են՝ գազ, հոսանք։ Հիմա, որ էլի բարձրանում է, կարող է էներգակիրների կշիռը ինքնարժեքում 5%-ով էլ ավելանա։ Կարելի է արդեն հայտարարություններ տեսնել վաճառքի կայքերում, որտեղ ֆերմերները վաճառում են ջերմատուն, ագրեգատ, ջերմոցի պարագաներ, որովհետև էլ չեն կարողանում ծախսերը փակել»,- ասում է «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Խոդեդանյանը։  

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով: Ընկերությունը մտադիր է գազի գինը հաշվել ըստ կալորիականության՝ թանկացնելով այն սպառողների համար։ Եթե այսօր բաժանորդներին հասնող գազի միջին կշռված արժեքը հազար խմ-ի դիմաց 266.7 ԱՄՆ դոլար է, ապա «Գազպրոմ Արմենիա»-ի նոր առաջարկով այն կդառնա 282.6 դոլար: Այսինքն՝ կթանկանա 6%-ով։ Հաշվարկները կատարվել են՝ հիմք ընդունելով մեկ խորանարդ մետր գազի 8500 կկալ ջերմատվությունը։ Կախված ջերմատվությունից՝ գազի գինը կարող է նվազել կամ աճել, մինչդեռ այսօր մեկ ֆիքսված գին է։ 

Ներկայում գործող 266.71 դոլար/1000 խմ գազի սակագինը միջին կշռված գին է։ Սակայն, Հայաստանում գազի սպառողների հինգ խումբ է տարբերակված, որոնց հասնող գազի գները տարբեր են: Նոր հայտով «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է բոլոր խմբերի համար մեկ միասնական սակագին սահմանել։ Սրա արդյունքում խոշոր սպառողների համար գազի գինը միջինում կբարձրանա 10%-ով։ Խոշոր են համարվում այն սպառողները, որոնք սպառում են  ամսական 10 հազար խմ-ից ավելի գազ։ Խոսքը արտադրամասերի, ջերմոցների և այլ խոշոր սպառողների մասին է։ 

Վարուժան Խոդեդանյանը  շեշտում է, որ եթե գազը թանկանում է 10%-ով, դրան գումարվում է էլեկտրաէներգիայի ու ջրի թանկացումը, ապա հատկապես փոքր ու միջին ջերմոցների համար ծախսերի մոտ 30% աճ է սպասվում։ 

«Ջերմոցային տնտեսությունների բեռը թեթևացնելու տարբերակ կլինի, եթե պետությունը ջերմոցներին ազատի գազի գնի մեջ ներառվող ԱԱՀ-ից։ 

Ես տարեկան ծախսում եմ 10-12 մլն դրամի գազ, դրա 20%-ը որպես ԱԱՀ եմ վճարում։ Գազը թող առանց ԱԱՀ-ի տրամադրեն, գյուղմթերք ենք արտադրում։ Երբ գյուղմթերք ես ներկրում, ԱԱՀ չկա, իսկ երբ ջերմոց ես աշխատացնում, կա։ Նույնն էլ՝ հոսանքը»,- նշում է ֆերմերը:

Ջերմոցային ասոցիացիա հասարակական կազմակերպության ղեկավար Պողոս Գևորգյանը շեշտում է, որ էներգակիրների թանկացումից բացի, պտուղ-բանջարեղեն մշակող տեղական տնտեսվարողների համար մեկ այլ հարված կլինի թուրքական պտուղ-բանջարեղենի անարգել մուտքը Հայաստան։ 

2021 թվականի տարեվերջին Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց, որ միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Հիշեցնենք՝ 2020 թվականին հոկտեմբերին, երբ Արցախում ընթանում էին մարտական թեժ գործողություններ, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց, որով դեկտեմբերի 31-ից արգելվեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։  Հետագայում թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարաձգվեց ևս վեց ամսով։

Արդեն այս տարվանից, ինչպես սպասվում է, թուրքական ապրանքները կարող են անարգել ներմուծվել Հայաստան։ 

Հայաստանը Թուրքիայից ներմուծում է մեծ ծավալի միրգ և բանջարեղեն։ Տարիներ շարունակ հայ ֆերմերները դժգոհել են, որ թուրքականն անհամեմատ էժան է տեղականից, այդ պատճառով տեղականի պահանաջարկը փոքր է։ Նախորդ տարվանից թուրքական արժույթի՝ լիրայի արժեզրկման հետևանքով թուրքական ապրանքներն էժանացել են։ 

Ըստ Պողոս Գևորգյանի՝ էժանացած թուրքական միրգն ու բանջարեղենը հայկական շուկայում «կոչնչացնեն» տեղականը։ 

«Հայկականը կդառնա ոչ մրցունակ թե' ներքին շուկայում, թե' արտաքին»,- ասում է նա։ 

Ինչ վերաբերում է խոշոր ջերմացային տնտեսություններին, ապա այստեղ հաշվարկներն այլ են։ Խոշորներն ավելի «ապահովագրված են» էներգակիրների գնային տատանումների ազդեցություններից։ Շնորհիվ իրենց տեխնոլոգիական հագեցվածության՝ նրանք կարողացել են գազի տեսակարար կշիռը նվազեցնել արտադրանքի ինքնարժեքում։ 

Գյուղմթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ՍՊ ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք առայժմ հաշվարկներ չունեն, թե գազի հնավոր թանկացումն ինչպես կազդի արտադրանքի գնի վրա, քանի որ դեռևս վերջնական որոշում չկա գազի թանկացման վերաբերյալ։

«Պետք է հստակ որոշում լինի, որ կարողանանք հաշվարկներ կատարել։ Գազը բավականին կարևոր դեր է խաղում՝ 30-60%, նայած, թե ինչ աստիճանի տեխնոլոգիապես հագեցած ջերմոց է։ Եթե գազի գինը բարձրանում է ինչ-որ տոկոսով, ինքնարժեքը համամասնորեն չի բարձրանում, այլ իր տեսակարար կշռի վրա է ազդում, հետո նոր է բարձրանում»,- նշեց Կարեն Բաղդասարյանը։ 

Մի շարք արտադրություններ էլ, որոնք առանձնապես մեծ կախում չունեն գազից, ինչպես ջերմոցային տնտեսությունները, անհանգստացած են էլեկտրաէներգիայի թանկացմամբ։ 

Թանկ էներգակիրները հանգեցնելու են սպառողական ապրանքների գնաճի։ Դա իր հերթին ազդելու է տեղական արտադրության ապրանքների մրցունակության վրա ներքին եւ արտաքին շուկաներում։ 

«Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի տնօրեն Կարեն Խաչիկյանը շեշտում է, որ անկախ նրանից, թե քանի տոկոսով կթանկանա էներգիան և քանի տոկոս կկազմեն էներգետիկ ծախսերը, միևնույն է, դա բացասաբար է ազդելու արտադրության վրա։ Հանգեցնելու է արտադրանքի գնի թանկացման։ 

«Ընդ որում ՝ կթանկանա ոչ միայն տեղական շուկայում վաճառվող ապրանքը, այլև՝ արտահանվող։ Այստեղ արդեն մրցակցության խնդիրներ են առաջանալու։  Հայ արտադրողները նախանձելի վիճակում չեն հայտնվում միջազգային շուկայում։ Միանշանակ բոլորի մոտ էլ խնդիրներ լինելու են։ Մեկի մոտ՝ մի քիչ շատ, մյուսի մոտ՝ մի քիչ պակաս»,- ասում է տնտեսվարողը։  

Էլեկտրաէներգիայից կախվածությունը նվազեցնելու համար ընկերությունը պլանավորել է առաջիկա տարիներին արևային կայաններ տեղադրել։ 

«Բայց հաշվի առնելով, որ շինարարական մեծ աշխատանքներ են լինելու, առայժմ դրան չենք անցել, բայց հետագայում կանենք»,- ասում է Կարեն Խաչիկյանը։ 

Արիշտայի արտադրությամբ զբաղվող («Բազիկյանների արիշտա») գործարանն արդեն մասնակի անցում է կատարել արևային կայանների կիրառմանը։ Արտադրության ղեկավար Վիգեն Բազիկյանը նշում է, որ ներկա հաշվարկներով՝ իրենք շատ չեն տուժի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից, իսկ գազ հիմնականում չեն օգտագործում արտադրության մեջ։ 

«Մի քանի տարի առաջ մենք հոսանքի հարցը որոշակի լուծել ենք՝ արևային կայաններ ենք տեղադրել։ Մեզ համար հոսանքի թանկացումն այդքան էլ անհանգստացնող չէ այս պահին։ Արտադրանքի ընդհանուր գործընթացում էլեկտրաէներգիայի կշիռը մեծ է։ Մեր արևային կայանը ժամում արտադրում է 100 կվտ հոսանք, և մեր արտադրությունը հիմնականում աշխատում է այդ հոսանքով»,- նշում է Վիգեն Բազիկյանը։ 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին էլեկտրաէներգիան միջինը 4.7 դրամով կթանկանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված ֆինանսական պարտավորությունների պատճառով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու անհրաժեշտություն է առաջացել։

Մասնավորապես, բնակիչ-բաժանորդների համար, որոնք ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեն, սակագինը կավելանա 1.5 դրամ/կՎտժ-ով, իսկ ավելի խոշոր սպառողների համար՝ 3.5-5.5 դրամ/կՎտժ-ով։ 

Այս տարի թանկացել է նաև խմելու ջուրը։ Հունվարի 1-ից ջրի մեկ խորանարդի դիմաց 180 դրամի փոխարեն սպառողները կվճարեն 200 դրամ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter