
«Դուք մեր թշնամին չեք». Բայդենը դիմել է ռուսաստանցիներին
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն չեն սպառնում ռուսաստանցիներին և չեն պատրաստվում ապակայունացնել Ռուսաստանը։ Այդ մասին Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այն հեռարձակել է Սպիտակ տան յութուբյան ալիքը։
«Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար սպառնալիք չեն ներկայացնում։ Մենք չենք ձգտում ապակայունացնել Ռուսաստանը։ Ռուսաստանի քաղաքացինե՛ր, դուք մեր թշնամին չեք։ Ես չեմ հավատում, որ որևէ մեկը Ուկրաինայի դեմ կործանիչ պատերազմ է ցանկանում»,- հայտարարել է Բայդենը։
Ընդ որում, ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման հավանականությունը պահպանվում է։ Նրա տվյալներով՝ ուկրաինական սահմանների մոտ կենտրոնացված է ավելի քան 150 000 ռուս զինծառայող։ Մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը կապված Ուկրաինայի հետ սահմանին կայացած զորավարժություններից զորքերի զինվորական կայազորներ ուղարկելու մասին՝ Բայդենը նշել է, որ ԱՄՆ դեռ պետք է ստուգի այդ տեղեկատվությունը։ «Դա լավ կլիներ, բայց մենք դեռ չենք համոզվել դրանում»,- նշել է նա։
Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. և դիվանագիտության, և հարձակման պարագայում որոշիչ պատասանի, այդ թվում պատժամիջոցների տեսքով։ Ընդ որում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է դիվանագիտության ճանապարհին և հավատում է ճգնաժամի խաղաղ լուծման հնարավորությանը։
«Մենք պետք է դիվանագիտությանը տանը բոլոր շանսերը, որպեսզի հասնենք հաջողության»,- հայտարարել է Բայդենը։
2021 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայողների՝ դա պայմանավորելով ռազմական զորավարժություններով։ Արևմտյան երկրների առաջնորդները մտահոգություն ունեն, որ Մոսկվան պատրաստվում է պատերազմի։
Կրեմլը հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրությունները և Արևմուտքին մեղադրում այդ երկրին զինելու ու ռուսական սահմանին զորավարժություններ անելու մեջ։ Հունվարին տեղի ունեցած երկկողմ բանակցություններն ապարդյուն են անցել։ Արևմտյան գերտերությունները Ռուսաստանին կոչ են անում Ուկրաինայի հետ սահմանից հեռացնել զորքերը և սպառնում կոշտ պատժամիջոցներով։
Գերմանական Der Spiegel-ը, հղում անելով բարձրաստիճան իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ առաջիկա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 16-ին Ռուսաստանն արդեն կարող է սկսել իր ներխուժումն Ուկրաինա։
Նախագահ Ջո Բայդենի օգնականները պաշտոնապես չէին հաստատել այս տեղեկատվությունը, բայց և չէին բացառել հավանականությունը, որ «ներխուժումը կարող է սկսվել մինչև Պեկինում Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտը՝ փետրվարի 20-ը»։
Փետրվարի 13-ին առնվազն 17 երկիր իր քաղաքացիներին կոչ էր արել լքել Ուկրաինան, ինչը պայմանավորված է այդ երկիր Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետ։
Լուսանկարը՝ JIM WATSON/AFP via Getty Images
Մեկնաբանել