HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Դեմի Ֆարմը» զրպարտություն է համարում պարզաբանման համար ժամանակ խնդրելը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նստավայրում ՝ Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, շարունակվում էր «Դեմի Ֆարմ»-ն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի դատական գործի քննությունը։

Նախորդ նիստերի ժամանակ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը հանգամանքներ էր ներկայացրել, որոնք դատավոր Սիմիզար Հովսեփյանին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքեր էին տալիս, սակայն դատավորը նշեց, որ այդ հանգամանքներն իրեն չեն կաշկանդում, և իր անաչառության վրա չեն ազդի։

Այսօր արդեն պետք է ներկայացվեին փաստական և իրավական հիմքերը ապացուցման բեռը բաշխելու համար։

Հայցվոր կողմը՝ «Դեմի ֆարմի» ներկայացուցիչ փաստաբան Վահագ Գասպարյանը նորից ընթերցեց հայցադիմումն ամբողջությամբ, որի մեծ մասը «Հետք»-ի հոդվածից մեջբերումներ էին, ապա նշեց, որ զրպարտության համար պահանջելու են նաև վնասի փոխհատուցում՝ 2 մլն դրամի չափով։

-Այո’, մենք ասում ենք, որ մենք գրանցում ունենք,-ասաց փաստաբանը։
-Եվ գրանցում ունեցել եք մինչև ապրիլի 26-ը նա՞և (2021թ. հեղ.),-հետաքրքվեց դատարանը։
- Այո’,-հաստատեց Վահագ Գասպարյանը։- Ապրանքը գրանցում ունեցել է, իրենք («Հետք»-ը, հեղ.) ասում են՝ ապրանքը գրանցված չէ։ Մենք ապրիլի 26-ից հետո ենք ունեցել, թե առաջ ենք ունեցել, դա էական չի։ Իրենք ասում են՝ ապրանքը գրանցում չի ունեցել։ Այսինքն, դրանից հետևում է, որ իրավունք չեն ունեցել վաճառել։ Հրապարակվում է, որ մենք իրենցից ինչ-որ բան ենք խնդրել, ժամանակ ենք խնդրել և այլն։

Դատարանը փորձեց հստակեցնել՝ ի վերջո, այդքան նշվածից հայցվորը որն է համարում զրպարտություն։

- Զրպարտություն է համարվում այն հանգամանքը, որ ապրանքը գրանցում չի ունեցել և իրավունք չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում վաճառվի։
-Մինչդեռ դուք ունեցել եք այդպիսի թույլտվություն, այո՞,-ճշտեց Դատարանը։
-Այո',-հաստատեց «Դեմի Ֆարմ» ընկերության ներկայացուցիչը։

«Հետք»-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը նշեց, որ հայցադիմումում այդպես էլ հստակեցված չէ, թե հատկապես որն է զրպարտություն.

«Ամբողջ հայցադիմումը երբ կարդում ենք, ընդամենը պարբերություններ են մեջբերած, որից հասկանալի չի, թե կոնկրետ որն է զրպարտություն»,-ասաց Գ. Բալասանյանը, ապա ընթերցեց հայցադիմումից հատված, որտեղ նշված էր, որ «Հետքը» պարզել է, որ «Դեմի Ֆարմ»-ն է հայաստանյան շուկա մատակարարում «Herbaland» վիտամինները։ Բալասանյանը հետաքրքրվեց՝ արդյոք դա էլ է հայցվոր կողմը համարում զրպարտություն, որ իրենք են դա վաճառում, կամ որ նման վիտամիններ են արտադրվում. «Հստակություն չկա հայցադիմումում»,-ընդգծեց «Հետք»-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ եթե հստակ լիներ պահանջը, ավելի հասկանալի կլիներ՝ ինչն է «Դեմի Ֆարմը» համարում զրպարտություն։

Վ. Գասպարյանն ասաց, որ հայցադիմումի մեջ հոդվածի բովանդակային մասը մեջբերել է, որ հետագայում հերքման տեքստ ներկայացնելիս հստակ լինի՝ ինչն են հերքում։

Դատարանը հետաքրքրվեց՝ այսինքն՝ պետական գրանցում չունենալու փա՞ստն է հայցվորը համարում զրպարտություն, Վ. Գասպարյանը հաստատեց, ապա նշեց, որ եթե հստակեցման խնդիր կար, կարելի էր արտադատական կարգով, կամ իրեն դիմելով ճշտել՝ որն է զրպարտություն։

Նշենք, որ «Հետք»-ը 2021թ հունիսի 8-ին՝ Վ. Գասպարյանից հերքման պահանջն ստանալուց 2 օր հետո գրություն է ուղարկել՝ խնդրելով հստակեցնել՝ հատկապես որ մասն է հոդվածի զրպարտություն, ինչին ի պատասխան վերջինս պարզապես հայտնել է, որ «նյութում նշվածները փաստական տվյալներ չեն պարունակում և իրականությանը չեն համապատասխանում»։

Դատարանը հայցվորին առաջարկեց հստակեցնել՝ կոնկրետ ինչն է համարում զրպարտություն, քանի որ հայցադիմումի մեջ Վ. Գասպարյանը այլ հոդվածից այլ հատվածներ էլ է մեջբերել, օրինակ, որ լրագրողը խոսել է «Դեմի Ֆարմի» տնօրեն Լևոն Մխիթարյանի հետ, որը ժամանակ է խնդրել՝ փաստաթղթեր տրամադրելու։ Փաստաբանը պատասխանեց, որ «որևէ մեկն իրենցից («Հետք»-ից, հեղ.) բան չի խնդրել», և սա նույնպես զրպարտության մաս է։

Դատարանն ասաց, որ «Հետք»-ի հոդվածում խոսքը պարզաբանում տրամադրելու համար ժամանակ խնդրելու մասին է.

- Սա այն խնդրանքը չի, որ զրպարտություն համարվի,-նշեց դատավոր Սիմիզար Հովեսփյանը։ - Այն, որ զանգ եղել է, որ հետո դուք էլ եք խոսել, այդ փաստերը դուք էլ եք ասում։ Բա էստեղ որ՞ն է էդ դեպքում զրպարտություն կոչվածը, էդ որ ժամանակ եք խնդրել, հա՞։ Այսինքն՝ չե՞ք խնդրել ժամանակ։
- Այո’,- ասաց փաստաբանը.-հոդվածում դա ուրիշ ձև է ներկայացված։
- Այդ դեպքում, եթե տնօրենն ամբողջությամբ պարզաբանել էր, կամ ժամանակ չէր խնդրել, ինչու՞ անհրաժեշտություն առաջացավ, կամ որտեղից իրենք իմացան, որ ձեր տվյալներով իրավաբան ունեն, և ասել, որ նա ձեզ հետ կկապվի, կամ դուք կկապվեք,-հարցրեց դատավորը։

Փաստաբանը նշեց, որ տնօրենն ուղղակի ասել է, որ ընկերությունն ունի իրավաբան և ուղղակի նշել է իրավաբանի տվյալները։ Ապա հավելեց, որ նյութի բովանդակությունից ստացվում է, որ «Դեմի Ֆարմը» «Հետք»-ին ինչ-որ բան է խոստացել, սակայն դա այդպես չէ։

- Իրենք են խնդրել, ասել ենք՝ եթե ժամանակ ունենանք, նյութերը տրամադրելու անհրաժեշտություն գտնենք՝ կա, կտրամադրենք, եթե չկա, չենք տրամադրի»,-ասաց փաստաբանը՝ կրկնելով, որ տպավորություն է, որ իրենք ընկել են «Հետք»-ի հետևից և որևէ բան են խնդրել։

- Ես, օրինակ, այդպիսի տպավորություն չստացա,-ասաց դատավորը։
Իսկ «Հետք»-ի ներկայացուցիչն ասաց, որ լրագրողն, ընդակառակը, չի շտապել, ժամանակ է տվել ընկերությանը տվյալներ ներկայացնելու, իսկ այն հանգամանքը, որ իրենք նպատակահարմար չեն գտել, դա արդեն իրենց որոշումն է։ Այնուամենայնիվ, լրագրողը բարեխիղճ է գտնվել՝ կողմին տալով պարզաբանման հնարավորություն և դրա համար մոտ մեկ ամիս ժամանակ։

Վ. Գասպարյանը չհամաձայնեց՝ նշելով, որ «Վայբեր»-ով  լրագրողին «Ռուսաստանի գրանցման տվյալներ» է ուղարկել, սակայն, լրագրողը, լինելով անբարեխիղճ, այդ մասին տեղեկությունը չի ներառել հոդվածում։

Դատարանը հետաքրքրվեց՝ եթե գրանցում եղել է, և այլ գրանցման կարիք չի եղել, ինչու՞ է ապրիլի 26-ին այն հայտնվել ԵԱՏՄ ռեեստրում, Վ. Գասպարյանն ասաց, որ այդ ընթացակարգն իրենք դեռևս մեկ տարի առաջ էին սկսել.

«Տևական ժամանակ առաջ, որ ընդհանրապես իրենք («Հետք»-ը, հեղ.) չէին էլ փորձել պարզել, մինչև էդ է եղել դա,-ասաց փաստաբանը.- Ուղղակի, մենք գրանցումը…. ուսումնասիրումը քանի որ ԵԱՏՄ է, ուսումնասիրվում է նաև այնտեղի բազան, հարցումներ է կատարվում, հետ են ստանում, որից հետո նոր գրանցում է կատարվում»,-ասաց Վ. Գասպարյանը։

Դատավորը ճշտեց՝ այսինքն՝ վաճառքի պահին ապրանքը չի ունեցե՞լ պետական գրանցում, բավարարվել է միայն «ռուսական գրանցումով», սակայն զուգահեռ սկսել է նաև այլ գործընթաց Հայաստանի՞ տարածքում գրանցելու համար։

- Այո’,-պատասխանեց փաստաբանը, ապա նշեց, որ հրապարակումից հետո ոլորտը վերահսկող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրենց ընկերությունում ստուգումներ է արել, և խախտումներ չի հայտնաբերել։ Ինչին ի պատասխան Գ. Բալասանյանն ասաց, որ ձևակերպումն ընդհանուր է. պարզ չէ՝ ՍԱՏՄ-ն ինչ է ստուգել՝ գրանցում, մակնշում և այլն։

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 14-ին՝ ժամը 16:00-ին։

Հիշեցնենք, որ ​​դատական հայցը «Դեմի Ֆարմ» ընկերությունը ներկայացրել էր «Հետք»-ի հոդվածից հետո, որը վերաբերում էր ընկերության կողմից ներկրվող և դեղատներում վաճառվող մանկական «Herbaland» վիտամիններին։

Դրանք գրանցվել էին խախտումներով։ «Դեմի Ֆարմ»-ը նախ պահանջել էր հերքել հրապարակումն ու վճարել 1 000 000 դրամ, իսկ երբ խնդրել էինք հստակեցնել, թե հոդվածում կոնկրետ ինչն է զրպարտություն, որ կարողանանք բավարարել իրենց պահանջը, ընկերության փաստաբան Վահագն Գասպարյանը հայտնել էր, որ «նյութում նշվածները փաստական տվյալներ չեն պարունակում և իրականությանը չեն համապատասխանում»։

«Դեմի Ֆարմը» դատական հայց էր ներկայացրել «Հետք»-ի դեմ՝ համարելով հրապարակումը զրպարտություն եւ պահանջելով հրապարակային հերքել այն։ Մինչ այդ փաստաբանը հայտնել էր, որ չհերքելու դեպքում դատական կարգով պարտավորեցնելու են «Հետք»-ին վճարել 2 000 000 դրամ՝ որպես զրպարտության հետեւանքով պատճառված վնաս եւ պահանջելու են հեռացնել նյութը կայքից։

Նշենք, որ «Հետք»-ի հրապարակմանն արձագանքել էր ոլորտը վերահսկող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, և «Դեմի Ֆարմ» ընկերության կողմից ներկրվող «Herbaland» կալցիում և D3 վիտամինների պետական գրանցումը հեռացվել էր ԵԱՏՄ պետական գրանցման միասնական ռեեստրից, քանի որ հաստատվել էր հրապարակման մեջ արդեն իսկ նշված խախտումը՝ վիտամինների «ձևակերպման ժամանակ եղած տեխնիկական սխալը» (սպեցիֆիկացիայի թարգմանության մեջ տեղի է ունեցել սխալմունք, որն արտացոլվել է պիտակի նախագծի մեջ): Այն ուղղելուց հետո ապրանքը վերագրանցվել էր։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter