HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Արդյոք պետական պարտքի բեռը կնվազի

Եթե այս տարեսկզբի համեմատ տարեվերջին  դոլարի փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելի փոքր կլինի։ Հետևաբար,  կառավարության  պարտք/ՀՆԱ ցուցանիշը կանխատեսված ​​60.2%-ից  ցածր կլինի։ Հունիսի 15-ին խորհրդարանում նման հայտարարություն  արեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

Երբ դոլարը էժանանանում է, պետության համար պետական պարտքի բեռը որոշ չափով թեթևանում է։ Հայաստանի պետական պարտքի գերակշիռ մասը՝ շուրջ 70%-ը, արտաքին պարտքն է։ Այն հիմնականում ստացվում և մարվում է դոլարով, սակայն դրա համար պետական բյուջեից տրամադրվող գումարը, բնականաբար, ՀՀ դրամով է։ Հետևաբար, որքան ավելի էժան է լինում դոլարը, այնքան ավելի քիչ դրամ է ուղղվում պետական պարտքի մայր գումարներին ու տոկոսավճարներին։ 

Ճիշտ հակառակն է տեղի ունենում, երբ դոլարը թանկանում և պետական պարտքի բեռը ծանրանում է։ 

Դրամը դոլարի նկատմամբ արժևորվում է մայիսի վերջերից, հատկապես հունիսի առաջին երկու շաբաթում՝ կտրուկ  տեմպերով։  Հունիսի 14-ին դոլարի որոշակի աճ նկատվեց, սակայն հունիսի 17-ից կրկին էժանանում է։ 

Դատելով հունիսի առաջին կեսի տվյալներից՝ ամսական միջին ցուցանիշով դոլար/դրամ փոխարժեքը էապես ավելի ցածր կլինի մայիսից։ Ուստի՝ երբ հրապարակվեն հունիսի պետական պարտքի տվյալներով, արդեն ավելի հստկա կերևա, թե պետությունն այստեղ որքանով է շահել։ 

Մինչև այդ՝ վերջինը մայիսի տվյալներն են։  Այստեղ, արդեն իսկ երևում է, որ դրամի որոշակի արժևորման հետևանքով պետական պարտքը՝ դրամով արտահայտված նվազել է տարեսզբի համեմատ, մինչդեռ դոլարով՝ աճել։ 

Հինգ ամսում պարտքը դոլարային արտահայտությամբ աճել է 3.8%-ով, դրամային արտահայտությամբ՝ նվազել 2.8%-ով

Այսպես, ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ 2022 թվականի մայիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է  մոտ 9 մլրդ 581 մլն դոլար, որը տարեսզբի համեմատ աճել է 355 մլն դոլարով կամ 3.8%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 533 մլն դոլար՝ 1.7%-ով։

Հակառակ դրան՝ 18.2%-ով աճել է  ներքին պարտքը՝ կազմելով 3 մլրդ  047 մլն դոլար։ 

Սրանք պարտքի դոլարային ցուցանիշներն են։

Այժմ տեսնենք, թե այդ ցուցանիշները դրամով արտահայտված ինչ միտումներ են գրանցել։

2022 թվականի մայիսի վերջի համեմատ պետական պարտքը կազմել է 4 տրլն 307 մլրդ դրամ։ Տարեսզբի համեմատ այն նվազել է 123 մլրդ դրամով կամ 2.8%-ով։ Համեմատության համար հիշենք, որ դոլարային հաշվարկներով պարտքը այս հինգ ամսում աճել է 3.8%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը կազմել է 2 տրլն 937 մլրդ դրամ՝ նվազելով 8%-ով։ Իսկ ներքին պարտքը կազմել է 1 տրլն 370 մլրդ դրամ՝ նվազելով 10.7%-ով։ 

Ըստ Ֆինանսների նախարարության հիմնավորման պետական պարտքի հաշվարկներում   փոխարկման համար կիրառված ԱՄՆ դոլար / ՀՀ դրամ փոխարժեքը  2021 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 480.14 դրամ, իսկ 2022 թվականի մայիսի վերջին՝ 449.56 դրամ։  Այդպիսով, փոխարժեքի նվազումը մեխանիկորեն նվազեցրել է պարտքը՝ դրամային արտահայտությամբ։ 

Այդ ազդեցությունը տարածվում է արտաքին պարտքի վրա, քանի որ այն արտարժույթով է, իսկ ներքին պարտքը՝ դրամով է։ Ինչպես նշեցինք վերևում, արտաքին պարտքը Հայաստանի ընդհանուր պետական պարտքի մոտ 70%-ն է։ 

Արտաքին պարտքը հիմնականում միջազգային կազմակերպություններից ու օտարերկրյա պետություններից ստացված վարկերն են և  եվրապարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավված գումարները։ 

Իսկ ներքին պարտքը ռեզիդենտների  կողմից պետական պարտատոմսերի ձեռքբերման արդյունքում ստացված պարտքերն են։ Այդ գործարքները կատարվում են ՀՀ դրամով, հետևաբար՝ զերծ են փոխարժեքի տատանումների ազդեցություններից։

Հայաստանի բյուջեից ամեն տարի միլիարդավոր դրամներ են ծախսվում պետական պարտքը սպասարկելու համար։ 2022 թվականի բյուջեի մոտ 10%-ը՝ 215 մլրդ դրամ,  պլանավորված է  ուղղել միայն պետական պարտքի տոկոսավճարներին։  

Ինչ ազդեցություն կունենան դոլարի էժանացումը  պարտքի սպասարկման վրա ՝ կախված կլինի նրանցի, թե դրամը որքան երկար կպահպանի իր դիրքերը։ 


Տեսա նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter