HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Դեմի Ֆարմն» ընդդեմ «Հետք»-ի. զրպարտությունը պետք է ապացուցել

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նստավայրում ՝ Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ,  շարունակվեց «Դեմի Ֆարմ»-ն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի դատական գործի քննությունը։

Պատասխանող կողմը՝ «Դեմի ֆարմ» ընկերության ներկայացուցիչ Վահագ Գասպարյանը, ռուսերեն թուղթ էր ներկայացրել, որով պնդում էր, թե ընկերության «Herbaland» վիտամիններն ունեին պետական գրանցում դեռևս 2015թ.-ին։ Սակայն դատարանը նշեց, որ փաստաթուղթը ռուսերեն և պետք է հայերեն թարգմանվի՝ հետազոտելու համար։

Վ. Գասպարյանը, ինչպես նախորդ նիստերի ժամանակ, այս անգամ նույնպես պնդեց, որ իրենք «Հետք»-ի լրագրողից ժամանակ չեն խնդրել. սա, ըստ փաստաբանի, իրականությանը չի համապատասխանում։ 

-Ինձ դիմել են, ասել են՝ նման բան կա՞, ասել եմ՝ այո’, բաց հրապարակված է,-ասաց Վ. Գասպարյանը։- Լրագրողի հետ կապված՝ ես ընդամենը ասել եմ, որ պայմանագրի համաձայն՝ դա գաղտնի տեղեկատվություն է։

- Ո՞րը, գրանցված լինե՞լը,- ճշտեց Սիմիզար Հովսեփյանը։

- Չէ’, պայմանագրի…. որ համատեղ գործունեություն է և այլն, և այլն, մանրամասները։ 

- Այսինքն՝ ընդունում եք այն հանգամանքը, որ, այնուամենայնիվ, նրանք («Հետք»-ը, հեղ.) դիմել են ձեզ, պահանջել են համապատասխան փաստաթղթեր, որպեսզի դուք ներկայացնեք։ Եվ քանի որ չեք ներկայացրել, իրենք հրապարակել են,-ասաց դատավորը՝ նշելով, որ եթե այդ ժամանակ փոխանցեր դրանք, հրապարակումը, ինչպես նաև՝ հայցադիմումը չէին լինի։

Փոխարենը փաստաբանն ասաց, որ լրագրողին ասել է, որ կարող է մուտք գործել «այդ կայք, և կբերի»։

«Հետք»-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը պատասխանող կողմից հետաքրքրվեց՝ հաստատու՞մ են, արդյոք, որ մինչև 2021թ. ապրիլի 26-ն «այդ կայքում» պետական գրանցման մասին տվյալը չի եղել։ 

Վ. Գասպարյանը պատասխանեց, թե «Հետքն» ասում է՝ ապրանքը չունի գրանցում, ոչ թե ասում է՝ «Դեմի Ֆարմը» չունի գրանցում, ու վաճառվում է. «Ապրանքը, ես ասել եմ, 2015թ.-ին գրացված է, իսկ մենք արդեն… մեր ընկերությունը հեղինակային իրավունք, լրացուցիչ գրանցում ստացել է 26-ին»։

Գ. Բալասանյանը մեջբերում արեց հայցի առարկա հրապարակումից՝ նշելով, որ նյութում հստակ նշված է, որ գրանցված ու իրական ապրանքը չեն համապաստախանում. մակնշման տարբերություն կա, և ապրանքի նույնականացումն ապահովված չէ։ Սա էլ, ըստ Բալասանյանի, լրագրողին թույլ է տվել եզրակացնել, որ գրանցվածն այլ ապրանք է։ 

«Բայց ավելի ուշագրավ է, որ «Kid`s Gummy Calcium with D3» անունը կրողը ապրանքը, որը ստացել է պետական գրանցում, պարունակում է «օմեգա-3», որը չկա նույնանուն ապրանքի մակնշման վրա, ըստ էության, սա նույն անվանումով մեկ այլ ապրանք է, որը պարունակում է օմեգա-3։ Oմեգա-3-ն էլ իր հերթին կարգավորվում է ՄՄ ՏԿ 024/2011 «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»-ով, ինչի համապատասխանություն այս հավելումները չունեն։ Ստացվում է, որ դեղատներում վաճառվող «Kid`s Gummy Calcium with D3» ապրանքը չունի պետական գրանցում. գրանցվածն այլ ապրանք է»,-մեջբերումը։

«Բացի այդ, հստակ նշված է, որ {լրագրողը} օգտվել է բաց աղբյուրներից և պարբերաբար ստուգել է»,-ասաց Գ. Բալասանյանը՝ պարզաբնելով, որ տեղեկությունը քանիցս ճշտվել է, և ընթերցողին մոլորեցնելու նպատակ չի եղել։

Սակայն Վ. Գասպարյանը չհամաձայնեց. ըստ նրա՝ հրապարակումից ակնհայտ երևում է՝ «նյութ գրողը տրամադրված է եղել ընկերությունը վարկաբեկելու»։ 

Խոսելով մակնշման մեջ բացակայող, բայց ռեեստրում գրանցված «Օմեգա 3» բաղադրատարրի մասին՝  Վ. Գասպարյանն ասաց, որ դիմել են ՍԱՏՄ, որտեղից, ըստ փաստաբանի, հայտնել են, որ որևէ խախտում չի հայտնաբերվել։ 

«Այսինքն՝ այն, որ «օմեգայի» մասին նշում չի պարունակում, դա խախտում չի համարվում»,-ասաց Վ. Գասպարյանը։ Ըստ նրա՝ դա լրացուցիչ տվյալ է ընթերցողի համար։ 

Գ. Բալասանյանը հակադարձեց՝ նշելով, որ մակնշումների հարցը հստակ է դրված. այն պետք է միասնական լինի ԵԱՏՄ բոլոր երկրների համար և համապատասխանի գրանցման տվյալներին, հակառակ դեպքում նույնականացում չի ապահովվում, ինչը թույլ չի տալիս վստահ լինել՝ փորձաքննվել և նույնականացվել է հենց ա՞յդ ապրանքը, թե՞ ոչ։

Դատավորը, լսելով կողմերի փաստարկները, ապացուցման պարտավորությունը դրեց հայցվորի վրա (ապացուցել, որ մինչև 2021թ ապրիլի 26-ն այդ ապրանքն ունեցել է պետական գրանցում)։ 

Վ. Գասպարյանը, սակայն, առարկեց։ Ապա դատավորը հետաքրքվեց՝ երբ «Դեմի Ֆարմ» ընկերությունը դիմել է «Հետքին» հերքելու պահանջով, ներկայացրե՞լ  է գրանցված լինելու ապացույցը, իր վկայակոչված ռեգիստրի տվյալները, որն այսօր ուզում է ներկայացնել՝ որպես ապացույց, և որի շնորհիվ, գուցե, այսօր այս դատական գործընթացը չսկսվեր։

- Ես պարտավորություն չունեմ կցելու,-ասաց Վ. Գասպարյանը՝ նշելով, որ «լրագրողին պարզ բացատրել է»՝ ոնց գտնի «Herbaland» ապրանքը. «բառը գրում ես՝ բերում է»։ 

Դատավորը հետաքրքրվեց՝ Վ. Գասպարյանը նշե՞լ է՝ որտեղից լրագրողը կարող է այդ գրությունը գտնել։ Վերջինս դարձյալ պատասխանեց, որ իրենք ապրանքի ներկայացուցիչն են և իրավունք ունեն վաճառելու։ Սրան արձագանքեց  Գ. Բալասանյանը՝ նշելով, որ հակառակը հոդվածում չի էլ գրվել։ 

Վերադառնալով ապացուցման բեռի բաշխմանը՝ դատավորը նորից հետաքրքրվեց՝  արդյոք կողմերը կցանկանան հաշտություն կնքել։ 

-Այո’, առաջարկում ենք։ Իրականությունը, ինչ որ կա, ձեր նյութում գրեք,- ասաց «Դեմի Ֆարմ» ընկերության ներկայացուցիչը՝ նշելով, որ «Հետք»-ը պետք է զրպարտության մասն ընդունի։ 

-Եթե կողմը կբերի հստակ տվյալ, որը կհերքի նյութում հրապարակվածը... մինչ այս պահը մեզ կոնկրետ ապացույց չի ներկայացվել, որ մեր նշածն իրականությանը չի համապատասխանում, որևէ փաստաթուղթ չի ներկայացվել,-ասաց «Հետք»-ի ներկայացուցիչը։

Ս. Հովսեփյանը կրկին նշեց, որ զրպարտությունը պետք է ապացուցել, եթե «Դեմի Ֆարմն» ասում է, որ տեղեկությունը սխալ է, պետք է փաստեր տրամադրի։

- Չեք կարող ասել՝ չէ’, հերքե'ք. էդպես լինի՝ բոլոր կգան, կասեն՝ հարգելի’ լրագրողներ, հերքե’ք. ոչ մի բան չենք ապացուցում, բայց հերքեք,-նշեց դատարանն ու զրպարտության փաստի ապացուցման բեռը թողեց պատասխանող կողմի՝ «Դեմի Ֆարմ» ընկերության վրա։ 

Վ. Գասպարյանն ասաց, որ կառարկի որոշման դեմ։ 

Ապացույցների տրամադրման վերջնաժամկետը հունվարի 3-ն է։ 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին՝ ժամը 16:45։ 

Հիշեցնենք, որ ​​դատական հայցը «Դեմի Ֆարմ» ընկերությունը ներկայացրել էր «Հետք»-ի հոդվածից հետո, որը վերաբերում էր ընկերության կողմից ներկրվող և դեղատներում վաճառվող մանկական «Herbaland» վիտամիններին։

Դրանք գրանցվել էին խախտումներով։ «Դեմի Ֆարմ»-ը նախ պահանջել էր հերքել հրապարակումն ու վճարել 1 000 000 դրամ, իսկ երբ խնդրել էինք հստակեցնել, թե հոդվածում կոնկրետ ինչն է զրպարտություն, որ կարողանանք բավարարել իրենց պահանջը, ընկերության փաստաբան Վահագն Գասպարյանը հայտնել էր, որ «նյութում նշվածները փաստական տվյալներ չեն պարունակում և իրականությանը չեն համապատասխանում»։

«Դեմի Ֆարմը» դատական հայց էր ներկայացրել «Հետք»-ի դեմ՝ համարելով հրապարակումը զրպարտություն եւ պահանջելով հրապարակային հերքել այն։ Մինչ այդ փաստաբանը հայտնել էր, որ չհերքելու դեպքում դատական կարգով պարտավորեցնելու են «Հետք»-ին վճարել 2 000 000 դրամ՝ որպես զրպարտության հետեւանքով պատճառված վնաս եւ պահանջելու են հեռացնել նյութը կայքից։

Նշենք, որ «Հետք»-ի հրապարակմանն արձագանքել էր ոլորտը վերահսկող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, և «Դեմի Ֆարմ» ընկերության կողմից ներկրվող «Herbaland» կալցիում և D3 վիտամինների պետական գրանցումը հեռացվել էր ԵԱՏՄ պետական գրանցման միասնական ռեեստրից, քանի որ հաստատվել էր հրապարակման մեջ արդեն իսկ նշված խախտումը՝ վիտամինների «ձևակերպման ժամանակ եղած տեխնիկական սխալը» (սպեցիֆիկացիայի թարգմանության մեջ տեղի է ունեցել սխալմունք, որն արտացոլվել է պիտակի նախագծի մեջ): Այն ուղղելուց հետո ապրանքը վերագրանցվել էր։

 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter