HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան 109 կգ քաշային կարգի տղամարդիկ, որտեղ Հայաստանը ուներ երկու ներկայացուցիչ։ Նրանցից Սամվել Գասպարյանը իր կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ մեծահասակների առաջնություններում իր նորամուտը նշած Պետրոս Պետրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։

Սամվել Գասպարյանը պոկում վարությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 172 կիլոգրամ, սակայն երկրորդ մոտեցման համար պատվիրած 173-ը չկարողացավ պոկել։ Երրորդ մոտեցման համար Սամվել Գասպարյանը պատվիրել էր 175 կգ, որը կարողացավ մեծ դժվարությամբ բարձրացնել և նվաճել պոկում վարժության ոսկին։ Նա 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած բուլղարացի Վասիլ Մարինովին։ Այս վարժությունում երրորդ տեղը զբաղեցրեց Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը՝ 173 կգ արդյունքով։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը պոկեց 165 կգ։

Հրում վարժությունում Սամվել Գասպարյանը սկսեց 211 կիլոգրամից և վստահությամբ հրեց այն։ Երկրորդ մոտեցմամբ Գասպարյանը արդեն իսկ չեմպիոննությունն ապահոված հաջողությամբ հրեց 220 կգ։ Երրորդ մոտեցումից նա հրաժարվեց։ Հրում վարժությունում Պետրոս Պետրոսյանի վերջնական արդյունքը 214 կիլոգրամ էր, որը այս վարժության համար երկրորդն էր։

Այսպիսով, երկամարտի 395 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, իսկ Պետրոս Պետրոսյանը 379 կգ արդյունքով՝ բրոնզե մեդալակիր։ Այս քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ վրացի Գեորգի Չխեիձեն (381 կգ)։

Հիշեցնենք, որ Սամվել Գասպարյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին, սակայն 102 կգ քաշային կարգում։

Եվրոպայի ընթացիկ առաջնությունում սա Հայաստանի հավաքականի համար չորրորդ չեմպիոնական տիտղոսն էր։ Ավելի վաղ, Գոռ Սահակյանը չեմպիոն էր հռչակվել 67 կգ քաշային կարգում, Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշում, իսկ Գարիկ Կարապետյանը՝ 102 կգ-ում։ Անդրանիկ Կարապետյանն (89 կգ) ու Արա Աղանյանը (96 կգ) հռչակվել են փոխչեմպիոններ, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր։ 

Կանանց պայքարում 55 կգ քաշում Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 74 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter