
Հայաստանի ռազմական ներկրումներից նյարդայնացող Ադրբեջանը շարունակում է բեռնատար թռիչքներն իր մատակարար Իսրայելից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա ենթակաները պարբերաբար դժգոհում են երրորդ երկրների կողմից դեպի Հայաստան իրականացվող ռազմական մատակարարումներից: Վերջերս, օրինակ, Ալիեւը հայտարարեց, թե Բաքուն չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչեւ Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Հունաստանը զինեն Հայաստանին: Նրա խոսքով՝ այս պետությունները «դա անում են բացահայտ եւ ցուցադրաբար ու նույնիսկ փորձում են Բաքվին այդ կերպ ինչ-որ բան ապացուցել»:
Բաքվի ռեժիմի ներկայացուցիչների այս հայտարարություններին Հայաստանն ու նրա ռազմական մատակարարները արձագանքում են հետեւյալ տրամաբանական մտքով՝ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու համար բանակ ունենալ եւ զինվել:
Հիստերիա բարձրացնելու արհեստական առիթները բաց չթողնող Ադրբեջանն, իհարկե, չի խոսում իր ռազմական ներկրումների մասին: Վարչապետ Փաշինյանն, օրինակ, վերջերս բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է. «…Եթե մենք տեսնենք Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա… Բայց մեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նույնիսկ այս դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին եւ սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, չնայած, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն: Նաեւ ես մի քանի անգամ ասել եմ, որ որեւէ երկիր չի կարող վիճարկել որեւէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը: Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց մարտունակ բանակ ունենալը կարեւոր է նաեւ խաղաղության համար, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար: Եվ նաեւ այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես՝ մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որն Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ՝ եւ՛ ֆինանսական, եւ՛ ծավալի առումով, եւ հիմնականում կրում է պաշտպանական բնույթ ու ունի պաշտպանական նշանակություն, բայց մենք նաեւ այդ հայտարարություններն անարձագանք չենք թողնում»:
«Հետքը» նախկինում պարբերաբար անդրադարձել է Ադրբեջանի ռազմական գործարքներին եւ ներկրումներին:
- Ինչպես է Իսրայելը զինում Ադրբեջանին
- Ինչով է զինվում Ադրբեջանը վերջին տարիներին
- Ովքե՞ր են եղել Հայաստանի ու Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարները 2011-2020 թթ.
- 2016-ից մինչ օրս ադրբեջանցիները նվազագույնը 96 անգամ թռել են իսրայելական ավիաբազա՝ պայթուցիկների «առաքման կետ»
- Թուրքական նոր ԱԹՍ-ների հնարավոր ձեռքբերումը Ադրբեջանի կողմից. մեկնաբանում է ռազմական փորձագետը
- Ադրբեջանցիներն ակտիվացրել են թռիչքները իսրայելական ավիաբազա, որը պայթուցիկ սպառազինության «հասցե» է
- Ադրբեջանին փաստացի հրետանի առաքած Սլովակիան անմեղ է ձեւանում
- Իսրայելն Ադրբեջանին ՀՕՊ համակարգեր ու արբանյակներ է վաճառելու. փորձագետը մեկնաբանում է դրանց դերը Հայաստանի դեմ
Սրանցում առանձին տեղ է գրավում Ադրբեջան-Իսրայել բազմակողմանի համագործակցությունը: Վերջին տարիներին Իսրայելը դարձել է Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը:
Իսրայելական «Haaretz» օրաթերթը 2023-ի մարտին հրապարակել էր մի հետաքննություն ըստ որի՝ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները 2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Իսրայելի «Օվդա» ավիաբազայում: Ադրբեջանական ինքնաթիռների վայրէջքներն այստեղ ուշագրավ են նրանով, որ «Օվդան», «Haaretz»-ի փոխանցմամբ, Իսրայելում միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում:
«Օվդա»-Բաքու չվերթը (ZP 4612), 04.04.2024
«Օվդան» ռազմավարական նշանակություն ունի զարգացած ռազմարդյունաբերություն ունեցող Իսրայելի եւ այս ոլորտում նրա գործընկեր երկրների համար: «Haaretz»-ը նշել էր, որ պայթուցիկների տեղափոխումը Իսրայելի գլխավոր՝ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի միջոցով արգելված է, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված գոտում: Իսկ ահա «Օվդան» երկրի հարավային անապատային հատվածում է՝ Էյլաթ քաղաքից մոտ 45 կմ հյուսիս: 1980 թ. կառուցված «Օվդան» նախկինում ոչ միայն ռազմական ավիացիային էր ծառայում, այլեւ ընդունում էր քաղաքացիական չվերթեր՝ սպասարկելով Էյլաթ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Սակայն 2019 թվականից այն միայն ռազմական աերոդրոմ է՝ ավիաբազա:
«Օվդա» միջազգային օդանավակայանը՝ թռիչքի բարձրությունից. 05.09.2011 թ.
«Haaretz»-ի հետազոտությունը ցույց էր տվել, որ ադրբեջանական բեռնատարների թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այսինքն՝ կարելի է ասել, որ դեպի «Օվդա» թռիչքներն ու այնտեղից կատարվող ներկրումները եղել են Բաքվի ռեժիմի հակահայ ագրեսիվության ակտիվացման ցուցիչ:
«Հետքն» իր հերթին ուսումնասիրել էր «Haaretz»-ի հրապարակումից հետո կայացած նույնատիպ չվերթերը եւ պարզել, որ 2023 թ. ապրիլ-հունիս ամիսներին տեղի էր ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»:
Արցախի բռնի հայաթափումից առաջ էլ՝ 2023-ի օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը, ադրբեջանական բեռնատար օդանավերը եւս 4 անգամ մեկնել էին «Օվդա»:
Սեպտեմբերի 2-ից մինչեւ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ պատերազմի սանձազերծումն ու հետագա հայաթափումը ադրբեջանցիները շարունակել են առաքումները պայթուցիկ սպառազինության հաբ հանդիսացող «Օվդայից»:
Եթե ներառենք վերոնշյալ 4 չվերթերը եւս, որոնց մասին գրել էինք 2023 թ. սեպտեմբերի 3-ին, ապա կստացվի հետեւյալ պատկերը (փակագծերում նշված են չվերթերի համարները, ZP-ն ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերության կոդն է, որն էլ կատարել է թռիչքները):
15.08.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.08.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Բաքու (ZP 4632)
01.09.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4641), «Օվդա»-Գյանջա (ZP 4642)
02.09.2023 - Գյանջա-«Օվդա» (ZP 4651), «Օվդա»-Գյանջա (ZP 4652), Գյանջա-Բաքու (ZP 4652)
05.09.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
13.09.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
14.09.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4621), «Օվդա»-Բաքու (ZP 4622)
17.09.2023- Գյանջա-«Օվդա» (ZP 4642), «Օվդա»-Բաքու (ZP 4643)
Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախի դեմ հարձակում պլանավորած Ադրբեջանի բեռնատար ինքնաթիռները ագրեսիայից առաջ՝ մեկ ամսում, 8 անգամ թռել են իսրայելական պայթուցիկների առաքման կետ:
Օգոստոս-սեպտեմբերին նույն օդանավերը թռել են նաեւ Թուրքիա, որն Ադրբեջանի գլխավոր ռազմական դաշնակիցն է:
Արցախի ամբողջական օկուպացիայից եւ բռնի հայաթափումից հետո դեպի «Օվդա» թռիչքների հաճախականությունը նվազել է, բայց չվերթերը շարունակվել են: Մինչ օրս կայացել են հետեւյալ թռիչքները:
21.11.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
12.12.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
21.12.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Տալլին/Էստոնիա (ZP 4632), 22.12.2023 – Տալլին-Անկարա (ZP 4633), Անկարա-Բաքու (ZP 4634)
26.12.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
03.01.2024- Բաքու-«Օվդա» (ZP 4621), «Օվդա»-Բաքու (ZP 4622)
18.02.2024- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.02.2024- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
04.04.2024- Թել Ավիվ-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
18.04.2024- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
Առաջին լուսանկարում՝ «Silk Way Airlines»-ի «Իլ-76ՏԴ-90» ինքնաթիռը (ադրբեջանական գրանցումը՝ 4K-AZ100)՝ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի երկնքում, 20.11.2022 թ., Էյալ Զարադ/jetphotos.com
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել