HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իսրայելն Ադրբեջանին ՀՕՊ համակարգեր ու արբանյակներ է վաճառելու. փորձագետը մեկնաբանում է դրանց դերը Հայաստանի դեմ

Իսրայելական ՀՕՊ համակարգը կարող է հակազդող միջոց լինել Հայաստանի նոր ռազմական ձեռքբերումներին

Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերելու հակաօդային պաշտպանության «Barak MX» համակարգեր: Գործարքի գինը գնահատվում է 1,2 մլրդ դոլար: Այս մասին նոյեմբերին հայտնել է «Defence Industry Europe»-ը:

Վերջինս սեպտեմբերին գրել էր, որ «Barak MX»-ը ցուցադրվել է Ադրբեջանում, եւ դա բերելու է այս զինատեսակի ձեռքբերման գործարքի կնքման: Ըստ այդմ՝ զինատեսակի արտադրող «Israel Aerospace Industries»-ը (IAI) չնայած տատանվել է զենքն Ադրբեջանում փորձարկելու հարցի շուրջ, Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ դա, այդուհանդերձ, տեղի է ունեցել: Ըստ ադրբեջանական կողմի՝ փորձարկվել են «Barak MX»-ի տարբեր հրթիռներ:

Բանն այն է, որ «Barak MX»-ը կարող է օդային թիրախների դեմ կիրառել 35, 70 եւ 150 կմ հեռահարության հրթիռներ: Մեկ արձակիչի վրա տեղավորվում է 8 հրթիռ: Զինատեսակը կիրառելի է թե՛ ծովում, թե՛ ցամաքում: Ընդ որում՝ ցամաքային տարբերակը կարող է լինել ստացիոնար (չշարժվող), քարշակվող կամ մոբիլ (ինքնագնաց): Այս ՀՕՊ համակարգի թիրախներ կարող են լինել կործանիչները, ուղղաթիռները, թեւավոր եւ օպտիկամարտավարական հրթիռները, ԱԹՍ-ները, կառավարվող ավիառումբերը:

«Barak» (եբրայերեն նշանակում է կայծակ) ընտանիքի համակարգերը նորություն չեն Ադրբեջանի զինուժի համար: Դեռ 2012 թ. Ադրբեջանը 1,6 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել «IAI»-ի հետ, որը պիտի մատակարարեր ԱԹՍ-ներ եւ ՀՕՊ նորագույն համակարգեր: Իբրեւ այս գործարքի մաս 2016-ին Իսրայելն առաքել է «Barak 8» համակարգ եւ դրա հրթիռներ: Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանի կողմից կիրառվող «Barak 8»-ի արձակող կայանը մոնտաժված է բելառուսական «MZKT-7301» բեռնատարի շասսիի վրա, այսինքն՝ այն մոբիլ զինատեսակ է:

Փաստորեն, նոր ձեռք բերվող «Barak MX»-ը, կարող է կիրառել 3 տիպի հրթիռ՝ կարճ (35 կմ), միջին (70 կմ) ու ընդլայնված (150 կմ) հեռահարության:

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը, «Հետքի» հետ զրույցում մեկնաբանելով Բաքվի այս նոր գործարքը, ասում է, որ «Barak MX»-ը հարմար տարբերակ է ադրբեջանական բանակի համար, քանի որ վերջինս վաղուց է օգտագործում «Barak» համակարգեր, ինչը նշանակում է, որ ունեն այդ զինատեսակը շահագործող համապատասխան մասնագետներ, նաեւ, ըստ էության, «Barak MX»-ն այդ ֆոնին հեշտ է ինտեգրել ադրբեջանական զինուժի կառավարման համակարգի մեջ:

Ներսիսյանը բարձր է գնահատում «Barak MX»-ի մարտավարատեխնիկական բնութագրերը: «Այս զինատեսակը կարող է զենիթային հրթիռներ օգտագործել տարբեր թիրախների դեմ, օրինակ՝ 150 կմ հեռահարության հրթիռով, որը թանկ արժի, խոցել մեծ առաջնահերթություն ունեցող թիրախներ, կամ ավելի էժան, 35 կմ հեռահարության հրթիռով խոցել թիրախներ, որոնք դանդաղաշարժ են կամ մոտ են գտնվում»,- ասում է փորձագետը:

Ինչպես վերեւում ասվեց, «Barak MX»-ը կիրառելի է նաեւ օպտիկամարտավարական (ՕՄ) հրթիռների դեմ: ՕՄ հրթիռային համակարգ է Հայաստանի զինանոցում գտնվող ռուսական «Իսկանդերը»: 44-օրյա պատերազմից հետո լուր տարածվեց, թե իբր Հայաստանը 2020-ի նոյեմբերին՝ հրադադարից մի քանի օր առաջ, «Իսկանդերի» հրթիռ է արձակել հենց Բաքվի ուղղությամբ, որը խոցվել է իսրայելական «Barak 8»-ի կողմից: Նկատենք, որ ասվածին որեւէ ապացույց չի ներկայացվել:

Լեոնիդ Ներսիսյանն ասում է, որ «Barak MX»-ը գուցե հնարավոր լինի կիրառել նաեւ «Իսկանդերի» դեմ, եւ այդ առումով բերում է ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերի փորձը «Իսկանդերի» հրթիռների դեմ, բայց եւ հավելում է, որ 44-օրյայից հետո տարածված ինֆորմացիան «Barak 8»-ով խոցում կատարելու մասին 90 տոկոսով քարոզչական հնարք է, քանի որ հիմքում չկան փաստեր. «Կարծում եմ, որ դա ավելի շատ պրոպագանդիստական քայլ էր Ադրբեջանի կողմից՝ ցույց տալու, թե իրենք կարող են «Իսկանդեր» խոցել, եւ որ Հայաստանը նման հրթիռ է կրակում իրենց ուղղությամբ»: 

Վերադառնալով «Barak MX»-ին՝ «Հետքի» զրուցակիցը նշում է, որ դրա ազդեցությունը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ այս պահին գուցե այդքան շատ չի երեւում, բայց պետք է հասկանալ, որ ՀՀ բանակը զարգանում է ու պիտի զարգանա, իսկ «Barak MX»-ը կարող է դառնալ հակազդող միջոց այն զենք-զինամթերքին, որը Հայաստանը կգնի, օրինակ, մի քանի տարուց:

Նկատենք, որ «Barak MX»-ը զուտ իսրայելական զինատեսակ է, այնինչ, օրինակ, նույն ընտանիքի «MR-SAM»-ը կամ «LR-SAM»-ը նախագծվել ու արտադրվում են Հնդկաստանի հետ համատեղ: Այս տարվա հունվարին հնդկական «Indian Defence Research Wing» հարթակը հայտնել էր, թե Հայաստանը դիտարկում է միջին հեռահարության «MR-SAM» համակարգերի ձեռքբերումը Հնդկաստանից: Հնդկական աղբյուրը նաեւ գրել էր, որ իր տեղեկություններով՝ չնայած «MR-SAM»-ի արտահանման համար կարող է չպահանջվել Իսրայելի համաձայնությունը, այդուհանդերձ, Հնդկաստանը պետք է «IAI»-ին տեղյակ պահի Հայաստանի հետ գործարքի մասին (մանրամասները՝ այստեղ):

Լ. Ներսիսյանը նշում է, որ տեղյակ չէ «MR-SAM»-ի վերաբերյալ հայ-հնդկական որեւէ պայմանագրից, հավելում է, որ խոսքն, ըստ էության, հայկական կողմից այդ զինատեսակի հանդեպ զուտ հետաքրքրության մասին է: Փորձագետը լավատես չէ այն հարցում, թե արդյոք ցանկության դեպքում Հայաստանը կկարողանա Հնդկաստանից ձեռք բերել այդ զենքը, եթե դրա համար անհրաժեշտ լինի ստանալ Իսրայելի համաձայնությունը: «Իսրայելի հետ մեր հարաբերությունները հիմա այնքան էլ լավ վիճակում չեն, ու Իսրայելն իր նախընտրած գործընկերն ունի ռեգիոնում»,- ասում է «Հետքի» զրուցակիցը՝ ակնարկելով Ադրբեջանին:

Նշենք, որ տեղեկություններ չկան այն մասին, թե 1,2 մլրդ դոլար գնահատված գործարքում «Barak MX»-ի ինչ բաղադրիչներ են ներառված (օրինակ՝ արձակող կայան, հրամանատարական կետ, ռադար, լիցքավորող եւ սպասարկող մեքենաներ) եւ քանիսն են դրանք, բացի դրանից՝ արդյոք այդ գործարքում միայն այս զինատեսակն է ընդգրկված:   

Ադրբեջանը նոր արբանյակներ կստանա Իսրայելից

«Barak MX»-ի ձեռքբերումը Ադրբեջանի ու իսրայելական ռազմարդյունաբերող «Israel Aerospace Industries»-ի (IAI) համագործակցության միակ արդյունքը չէ: «IAI»-ն է Բաքվի ռեժիմին մատակարարում, մասնավորապես, «կամիկաձե» տիպի «Harop» ԱԹՍ-ներ, «LORA» օպտիկամարտավարական հրթիռային համակարգեր, «LAHAT» հակատանկային հրթիռներ:

Այս տարվա գարնան էլ հայտնի դարձավ, որ «IAI»-ի ու ադրբեջանցիների համագործակցությունը կներառի նաեւ տիեզերական գործունեությունը: Ըստ այդմ՝ ընկերությունն Ադրբեջանին կվաճառի 2 հատ դիտարկող արբանյակ:

Նկատենք, որ Ադրբեջանը մինչ այս եւս ուներ դիտարկող արբանյակ: Դեռ 2014-ի հունիսին եվրոպական «Airbus Dеfence and Space»-ը Հնդկաստանի տարածքից ուղեծիր էր հանել «SPOT 7» արբանյակը, որը նույն տարվա դեկտեմբերին ձեռք էր բերել Ադրբեջանն ու վերանվանել «Azersky»: Արբանյակն, ըստ ադրբեջանական կողմի, ուներ կիրառման լայն սպեկտր՝ պաշտպանություն, անվտանգություն, արձագանք արտակարգ իրավիճակներին, բնական ռեսուրսների հետախուզություն, ծովային դիտարկում, շրջակա միջավայրի պաշտպանություն, քաղաքային պլանավորում, քարտեզագրում, գյուղատնտեսություն, տուրիզմ եւ այլն:

«Azersky»-ի կողմից արվում էին 1,5 մ լուծաչափի պանքրոմային (սեւ-սպիտակ) եւ 6 մ լուծաչափի մուլտիսպեկտրալ (RGB+NIR, այսինքն՝ մարդու աչքին տեսանելի կարմիր-կանաչ-կապույտ սպեկտրը եւ մերձինֆրակարմիր սպեկտրը, որը ընկալելի չէ մեր աչքի համար) նկարներ: Լուծաչափը (resolution) նշանակում է, որ արբանյակի արած նկարներում 1 պիքսելը համապատասխանում է Երկրի մակերեսի վրա, օրինակ, 1,5 կամ 6 մետրի:

«Airbus Dеfence and Space»-ի հետ առկա համաձայնության հիման վրա ադրբեջանցիները կարող էին նաեւ ավելի բարձրորակ պատկերներ ձեռք բերել «Pléiades 1A» եւ «Pléiades 1B» արբանյակներից: «Azersky»-ի շահագործման ժամկետը շուրջ 12 տարի էր, այսինքն՝ մոտավոր մինչեւ 2026 թ., սակայն այս տարվա ապրիլին կապն արբանյակի հետ ընդհատվել էր, եւ չէր հաջողվել վերականգնել: Հավանական է համարվել, որ արբանյակը բախվել է տիեզերական աղբի կամ մետեորիդի հետ, չնայած տեղեկություն կար նաեւ, որ այն շարունակում է թռիչքն իր սահմանված ուղեծրով:

Արբանյակը ձեռք բերելուց հետո՝ 2015-ի փետրվարին, Բաքուն հայտարարել է, որ «Azersky» նախագիծն արժեցել է 157 մլն եվրո: 2015-ի մայիսին էլ հայտնի դարձավ, որ «Airbus Dеfence and Space»-ի փորձագետները Ադրբեջանի արբանյակային վերգետնյա կառավարման գլխավոր կայանում հանդիպել են տեղի մասնագետների հետ: Սեմինարի նպատակը, ըստ ադրբեջանական կողմի, եղել է «Azersky»-ի հնարավորությունների ցուցադրությունը, այդ պահին կիրառման ոլորտների եւ հավանական նոր ոլորտներում օգտագործելու հնարավորության քննարկումը: Սեմինարին մասնակցել էին Ադրբեջանի ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները:

44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 15-ին, ֆրանսիական «L’Obs» պարբերականը գրել էր, որ չնայած «Azersky»-ը պետք է հետեւեր բացառապես Բաքվի նավթագազային հանքավայրերին, փաստացի աշխատում է նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում: Ֆրանսիական պարբերականը նկատել էր, որ այդ քաղաքացիական արբանյակը թույլ է տալիս Բաքվին հեռակա կարգով ղեկավարել հայերի դեմ գործողությունները։ Այս պնդումը 2021-ի փետրվարին հաստատել էր նաեւ Իլհամ Ալիեւը:

Փաստորեն, երբ եվրոպական արտադրության «Azersky»-ը (SPOT 7) դուրս է եկել վերահսկողությունից, Ադրբեջանը դիմել է Իսրայելի օգնությանը: Իսրայելական «Globes» պարբերականը գրել է, որ խոսքն այս պարագայում «IAI»-ի «OptSat 500» դիտարկող արբանյակների մասին է:

Ըստ «IAI»-ի տվյալների՝ այս արբանյակները նկարում են պանքրոմատիկ, մուլտիսպեկտրալ (RGB+NIR) եւ կարճալիք ինֆրակարմիր (SWIR) տիրույթներում: Նկարների լուծաչափը 0,4 մ է կամ 40 սմ, ինչը գերազանցում է «Azersky»-ի ցուցանիշները: «OptSat 500» արբանյակների շահագործման ժամկետը 7 տարի է:

«Այս արբանյակները բավական կարեւոր գնում են ադրբեջանցիների համար,- մեկնաբանում է Լեոնիդ Ներսիսյանը,- լուծաչափը բավականին լավն է, կան նման մակարդակի կոմերցիոն արբանյակներ, որոնցից կարելի է նկարներ պատվիրել, կոմերցիոն ամենալավ արբանյակները ամերիկյան «Maxar»-ինն են, որոնց լուծաչափը 0,3 մ է, բայց մի բան է պատվիրել, ուրիշ բան՝ երկու հատ սեփականն ունենալ եւ հնարավորություն ունենալ նկարել ինչ ուզում ես»:

Հիշեցնենք, որ Հայաստանը եւս ունի իր դիտարկող արբանյակը, որը Երկրի ուղեծիր է ուղարկվել 2022 թ. մայիսի 25-ին ԱՄՆ-ից: Իսպանական արտադրության արբանյակը, որը ստացել է «ARMSAT_1» անունը, նկարում է մուլտիսպեկտրալ (RGB+NIR) տիրույթում, իսկ նկարների լուծաչափը 1,8 մ է, ինչն ավելի թույլ ցուցանիշ է, քան «Azersky»-ինն ու իսրայելական «OptSat 500»-ներինը:

«Դիտարկող արբանյակները օպտիկական հետախուզության համար են,- բացատրում է Լեոնիդ Ներսիսյանը,- ճիշտ է, 40 սմ լուծաչափի դեպքում չեք կարող տեսնել մարդկանց, բայց շատ լավ կարող եք տեսնել, ասենք, տանկ, մեքենա, ռազմական տարբեր օբյեկտներ, դիրքեր: Անընդհատ նկարներ անելն Ադրբեջանին բավական մեծ ինֆորմացիա կարող է տալ ոչ միայն Հայաստանի բանակի, այլեւ ստրատեգիկ այլ ոլորտների մասին»:

Հատկանշական է այն, որ Ադրբեջանի կողմից ձեռքբերվելիք արբանյակները դեռ պետք է պատրաստվեն: Ըստ «Globes»-ի՝ մինչ այդ «IAI»-ը պետք է արբանյակների տեխնոլոգիայի եւ շահագործման դասընթացներ անցակցնի ադրբեջանցիների համար: Ադրբեջանական կողմի փոխանցմամբ էլ՝ «IAI»-ն իր վրա է վերցնելու «OptSat 500» արբանյակներից առաջինի նախագծումը, հավաքումը, ինտեգրացիան եւ թեստավորումը՝ դրանում ներգրավելով ադրբեջանցի մասնագետների:

Բացի դրանից՝ իսրայելցիներն «Ազերկոսմոս» գործակալությանը պետք է օգնեն նաեւ Ադրբեջանի տարածքում արբանյակների պատրաստման նոր կենտրոնի նախագծման աշխատանքներում: Այս առումով «Globes»-ը հայտնել է, որ «Ազերկոսմոսը» նախատեսում է երկարատեւ համագործակցություն «IAI»-ի հետ, որը ներառում է տիեզերական գործունեության ոլորտում նորարարական եւ ձեռնարկատիրական կենտրոնների ստեղծում Ադրբեջանում, տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիական ուսուցում, ինչպես նաեւ համատեղ բիզնես կենտրոնի բացում:   

Ամփոփելով Ադրբեջանի կողմից իսրայելական ռազմական գնումները՝ Լ. Ներսիսյանն ասում է, որ երկու երկրների միջեւ շարունակական բեռնատար թռիչքները ցույց են տալիս, որ բացի «Barak MX»-ի ու արբանյակների մատակարարումից՝ կան այլ պայմանագրեր եւս, որոնք, սակայն, ադրբեջանցիները չեն գովազդում: Ռազմական փորձագետը նկատում է, որ 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանը շատ չի բարձրաձայնում իր ռազմական գնումների մասին, ինչը չենք կարող ասել նախապատերազմական ժամանակահատվածի մասին:

Տես նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter