ԶՊՄԿ-ն նախատեսում է ընդլայնել Արծվանիկի պոչամբարը. Կապանի ավագանին կողմ է
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) մտադիր է ընդլայնել Արծվանիկի պոչամբարը: Ընկերության կազմած նախագիծը նախնական հավանության է արժանացել Կապանի ավագանու դեկտեմբերի 10-ի նիստում: Ավագանու անդամներից 20-ը կողմ են քվեարկել համաձայնություն տալուն, 1-ը՝ ձեռնպահ:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքը սահմանում է, որ նախաձեռնողը (այս դեպքում՝ ԶՊՄԿ-ն) պարտավոր է ծանուցել այն համայնքի (տվյալ պարագայում՝ Կապանի) ղեկավարին, որի սահմաններում նախատեսում է համապատասխան գործունեություն իրականացնել (այս դեպքում՝ ընդլայնել պոչամբարը): Դրանից հետո համայնքի ղեկավարը պարտավոր է ծանուցել շահագրգիռ հանրությանը եւ հանրային լսում կազմակերպել:
Կապանի համայնքապետարանից տեղեկացել ենք, որ այդ լսումը կայացել է նոյեմբերի 18-ին (արձանագրությունը՝ այստեղ): Նույն օրենքի համաձայն՝ հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին պետք է որոշում կայացնի նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնելու մասին: Որոշումը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին։ Ահա այս նախնական համաձայնությունն է, որ ԶՊՄԿ-ն դեկտեմբերի 10-ին ստացել է Կապանի ավագանուց: Եվս մեկ հանրային լսում պետք է կազմակերպվի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության փորձաքննության ժամանակ, որն իրականացնելու է ՇՄՆ-ին ենթակա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Նոյեմբերին կայացած հանրային լսման ժամանակ ԶՊՄԿ-ն ներկայացրել է Արծվանիկի պոչամբարի ընդլայնման համառոտ նկարագիրը (առաջին լսմանը ՇՄԱԳ հաշվետվություն չի ներկայացվում):
Դրանում ասվում է, որ պոչամբարի շինարարությունը սկսվել է 1970-ին, եւ այն շահագործման է հանձնվել 1977-ին: 2024 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ԶՊՄԿ-ի, պոչամբարի լցվածությունը եղել է մոտ 300 մլն խմ:
2019-ի ամռանը «Հետքը» ծավալուն անդրադարձ էր կատարել այս պոչամբարի գործունեությանը: 2019-ի հունվարի դրությամբ, պոչամբարում կար շուրջ 240 մլն խմ պոչանք:
Այսինքն՝ 5 տարի 9 ամսում այստեղ լցվել է շուրջ 60 մլն խմ պոչանք: Ընդ որում՝ Հայաստանի ամենամեծ այս պոչամբարի նախագծային ծավալը 325 մլն խմ է:
ԶՊՄԿ-ն նախատեսում է պատվարը ներկա թույլատրելիից բարձրացնել եւս 21 մ
Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին ԶՊՄԿ-ն թույլտվություն էր ստացել մեծացնել հանքաքարի արդյունահանման ծավալները՝ հասցնելով տարեկան 22 մլն տոննայի: Բնականաբար, դա նշանակում էր ավելի շատ պոչանքի տեղադրում Արծվանիկի պոչամբարում:
Բնապահպանության նախարարության կողմից 2016-ի դեկտեմբերին տրամադրված փորձաքննական եզրակացությամբ ամրագրվել է, որ եթե կոմբինատն աշխատի տարեկան 22 մլն տ արտադրողականությամբ, ապա 325 մլն խմ նախագծային ծավալ ունեցող Արծվանիկի պոչամբարը կարող է ծառայել մոտ 10 տարի, այսինքն՝ մինչեւ 2026 թ.: Միաժամանակ ԲՆ-ն փորձաքննական եզրակացությամբ ԶՊՄԿ-ին պարտավորեցրել է առաջիկա 10 տարիների ընթացքում իրականացնել պոչամբարի համալիր ուսումնասիրություններ ու մշակել նոր պոչամբարի կամ ներկայիս (Արծվանիկի) պոչամբարի ընդլայնման նախագիծ։
«Հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության նվազեցման անհրաժետությունը, ինչպես նաեւ նոր հողատարածքների խախտումից խուսափելու համար, ընկերությունը նախատեսում է պոչանքները տեղադրել Արծվանիկի պոչամբարում»,- ընդլայնման համառոտ նկարագրում հայտնել է ԶՊՄԿ-ն։ Ըստ կոմբինատի՝ 2024-ի սեպտեմբերից մինչեւ 2041-ի մայիս (Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության ավարտը) արտադրության ընթացքում գոյանալու է եւս 238 մլն խմ պոչանք: Ինչպես ասվեց, 2024-ի սեպտեմբերի դրությամբ Արծվանիկում արդեն իսկ կար մոտ 300 մլն խմ պոչանք:
Ըստ կոմբինատի՝ ներկայում պոչամբարի պատվարը գտնվում է ծովի մակարդակից 936 մ բարձրության վրա, իսկ դրա գործող նախագծային ծավալը՝ 325 մլն խմ-ն, ամբողջությամբ լցնելու համար (մինչեւ 2026 թ.) հարկ կլինի պատվարը հասցնել 964 մ-ի:
2016 թ. փորձաքննության ներկայացված փաստաթղթերում ԶՊՄԿ-ն առաջարկել էր պատվարի վերջնական նիշ ընդունել ծովի մակարդակից 1010 մետրը, ինչի պարագայում պոչամբարում հնարավոր կլիներ տեղավորել ոչ թե 325 մլն, այլ 398 մլն խմ պոչանք: Սակայն փորձաքննությունը, ինչպես վերեւում ասվեց, կոմբինատից պահանջել էր առաջիկա 10 տարիների ընթացքում կատարել լրացուցիչ հետազոտություններ, ուսումնասիրություններ՝ պոչամբարի պատվարի կայունության ստուգման եւ այլ նպատակների համար: Դրա հետեւանքով 325 մլն խմ նախագծային ծավալը մնացել էր անփոփոխ:
Այժմ ԶՊՄԿ-ն առաջարկում է 1010 մ-ի փոխարեն պատվարի վերին շեմ սահմանել 985 մ-ը, այսինքն՝ այս պահին նախատեսված 964-ը ավելացնել 21 մետրով: Իսկ թե ինչով է պայմանավորված նման փոփոխությունը, կոմբինատը բացատրել է այսպես. «Նախագծի շրջանակներում նախատեսվում է փոփոխել հարավային պատվարի կոնֆիգուրացիան, շեպերի թեքությունը մեղմացնել՝ հասցնելով 1Ու:6Հ, ինչը թույլ կտա բարձրացնել պատվարի կայունության աստիճանը, իսկ պատվարի առավելագույն բարձրությունը 1010 մ-ի փոխարեն հասցնել առավելագույնը 985 մ նիշի։ Ի տարբերություն գործող նախագծի՝ այս դեպքում նախատեսվում է պոչամբարի հարավային պատվարի բարձրացումը կատարել բերովի քարալիցքային գրունտից։ Այս մոտեցումը կամրացնի պոչամբարի պատվարի շեպը եւ հետեւաբար կբարձրացնի պատվարի կայունությունը։ Կբացառի պոչամբարի պատվարի շեպի հնարավոր ներքին էրոզիան՝ մասնիկների լվացումը։ Պատվարը պահպանելու է վերընթաց բարձրացման եղանակը, տղմալցումն իրականացվելու է զենիթային եղանակով»:
Առաջարկվում է պատվար կառուցել նաեւ պոչամբարի հյուսիսային մասում
Արծվանիկի պոչամբարը ներկայում ունի միայն մեկ պատվար, որը գտնվում է կառույցի հարավային մասում: Պոչանքը լցվում է այս պատվարի վրայից: Նոր նախագծում կոմբինատն այն հենց այդպես էլ անվանում է՝ հարավային, քանի որ նախատեսում է կառուցել եւս մեկը, այս անգամ՝ հյուսիսային մասում:
Նոր կամ հյուսիսային պատվարը, ըստ նախագծի, կառուցվելու Արծվանիկ գետի՝ պոչամբարին հարող վերին հոսանքում: Մինչեւ 970 մ նիշը այն կառուցվելու է ափապաշտպան պատվարների տեխնոլոգիայով: Դա հնարավորություն է տալու կանխել պոչամբարի լճակի տարածումը դեպի գետի վերին հոսանքներ: Հյուսիսային պատվարը հարավային նման բարձրացվելու է քարագրունտային լիցքով, իսկ ամենավերին նիշը պետք է լինի 985 մետրը: Հյուսիսային պատվարից եւս պոչանք է լցվելու պոչամբար:
Բացի դրանից՝ պոչամբարի հայելու տարածումը դեպի արեւելք ու հյուսիս-արեւելք (դեպի Արծվանիկ ու Չափնի գյուղեր) կանխելու համար նախատեսվում է կառուցել 3 հատ ափապաշտպան պատվար:
Գործող նախագծով, որը դեռ իրականություն չի դարձել, ծրագրվում է տեղափոխել Արծվանիկ գետի հունը, ինչի համար պետք է կառուցվի մոտ 6 կմ երկարությամբ ջրահեռացման երկաթբետոնե առու եւ մոտ 0,5 կմ երկարությամբ ջրահեռացման թունել: Նոր՝ ընդլայնման նախագծով առաջարկվում է թունելի ելքամասում կառուցել ջրամբար, որը, ըստ կոմբինատի, հնարավորություն կտա կուտակել Արծվանիկ գետի ջրահավաք ավազանի մակերեւութային ջրերի մեծ մասն ու գետի հիմնական հոսքը: Ջրամբարում կուտակված ջրերը հնարավոր կլինի օգտագործել գյուղատնտեսական նպատակներով:
Տես նաեւ՝
- Պոչամբարները վերամշակելու ծրագիր կա, բայց դրա շահավետությունը վեճի թեմա է
- Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պոչանքների մշակմանը վերաբերող օրենքը, որը գրվել էր կոնկրետ ընկերության համար
- Պոչամբարների վերամշակման մասին օրենքը չեղյալ ճանաչելու նախագիծը հանվել է շրջանառությունից․ պարզաբանում է հեղինակը
- Պատերազմը չի փոխել պոչամբարների լցակույտերը վերամշակելու ծրագիրը
Լուսանկարները՝ արխիվային, հեղինակ՝ Սարո Բաղդասարյան
Մեկնաբանել