HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմը չի փոխել պոչամբարների լցակույտերը վերամշակելու ծրագիրը

Կապանցի գործարար Վարդան Շահնազարյանն արդեն 13 տարի մտածում է Հայաստանում պոչամբարների թափոններ վերամշակելու մասին: Նրա ընկերության՝ «Ալյոտիգ» ՍՊԸ-ի թիրախում են Սյունիքի մարզում գտնվող Արծվանիկի, Փուխրուտի եւ Ողջիի պոչամբարները։ Երեքում էլ կուտակված են Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերող ընկերության՝ Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) թափոնները։ Ընդ որում՝ Փուխրուտն ու Ողջին չեն գործում, իսկ Արծվանիկը, որը մեր երկրի ամենամեծ պոչամբարն է, դեռ շահագործվում է:

Ողջիի եւ Փուխրուտի ծավալների վերաբերյալ թվերը տարբեր են: ԱԻՆ-ի տվյալներով՝ Ողջիի պոչամբարի նախագծային ծավալը եղել է 30 մլն խմ, որից լցվել է 10 մլն խմ-ն, այնինչ ԵՊՀ գիտական տեղեկագրում հրապարակված «ՀՀ հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» հոդվածում (2014 թ.) նշվում է, որ 1977-ին կոնսերվացված Ողջիի պոչամբարում առկա է 19,4 մլն խմ թափոն: Ողջի գետի հունում գտնվող պոչամբարից քիչ հեռու է դրա աջ վտակ Փուխրուտի համանուն պոչամբարը, որն, ըստ ԱԻՆ-ի, ունի 3,2 մլն խմ նախագծային ծավալ եւ ամբողջությամբ լցված է, այնինչ ԵՊՀ տեղեկագրում նախագծային ծավալը նշվում է 6 մլն խմ: Փուխրուտը կոնսերվացվել է 1969-ին:

Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի հարեւանությամբ գտնվող Արծվանիկի պոչամբարի նախագծային ծավալն էլ 325 մլն խմ է, սակայն չի բացառվում, որ ապագայում, երբ այդ ծավալն ամբողջությամբ լցվի պոչերով, նոր ծավալ սահմանվի՝ 398 մլն խմ:

Վարդան Շահնազարյանն ասում է, որ ԶՊՄԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն իր ավագ ընկերն էր։ Ըստ Շահնազարյանի՝ պոչամբարները վերամշակելու գաղափարը ծագել է 2008-2009 թթ․ Հակոբյանի հետ զրույցների ժամանակ։ Ինքը՝ Շահնազարյանը, այդ ժամանակ Կապանի կահույքի ֆաբրիկայի տնօրենն էր։

2009-ին Շահնազարյանը հիմնել է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, որի նպատակը եղել ու մնում է պոչամբարների վերամշակումը (սկզբնապես ընկերության հիմնադիրներ էին գրանցվել Շահնազարյանի եւ նրա ընկերոջ որդիները, սակայն 2011-ից միակ փայատերը ինքն է): «Հետքի» զրուցակիցը պատմում է, որ ի սկզբանե ընկերությունում ընդգրկվել են մասնագետներ, որոնց վերլուծություններն ու լաբորատոր փորձաքննությունների արդյունքներն իրատեսական հիմք են դարձել պոչամբարների վերամշակման համար։

«Ալյոտիգի» նախկին տնօրեն, լեռնային ինժեներ Մանվել Ոսկանյանը «Հետքին» նախկինում պատմել էր, որ 2011 թ․ Ողջիի, Փուխրուտի եւ Արծվանիկի պոչամբարներից հորատման միջոցով ընդհանուր 2,5 տ փորձանմուշ էին վերցրել եւ ուսումնասիրել Հայաստանի, Ռուսաստանի ու Չինաստանի երեք ինստիտուտներում, որոնց եզրակացությունների հիման վրա էլ բիզնես պլան էր մշակվել ու ներկայացվել ներդրողին, որը ոգեւորվել էր:

Իսկ գլխավոր ներդրողը հրեական ծագում ունեցող ռուսաստանցի (նախկինում՝ ուկրաինաբնակ) գործարար Եվգենի Գիներն էր, ում մեջ, ըստ Մ. Ոսկանյանի, եւս հայկական արյուն կա (տատը հայ է): Գիները լայն շրջանակներին հայտնի է որպես Մոսկվայի «ԲԿՄԱ» (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) ֆուտբոլային ակումբի նախագահ, չնայած դա նրա միակ բիզնեսը չէ: Այդուհանդերձ, 2014-ին Ուկրաինայում սկսված քաղաքական պրոցեսներն ու պատերազմը հարված էին Եվգենի Գիների ուկրաինական բիզնեսին, մյուս կողմից՝ գործարարը մեծ գումարներ էր ներդնում Մոսկվայում կառուցվող նոր մարզադաշտի վրա: Արդյունքում Հայաստանում պոչամբարներ վերամշակելու ծրագիրը հետին պլան մղվեց: Ավելին՝ 2016-ին «Ալյոտիգը» սնանկ ճանաչվեց, սակայն հետո կարողացավ առողջանալ ու շարունակել գործունեությունը:

Վարդան Շահնազարյանն ասում է, որ 3 տարում փորձարկումների վրա իրենք ծախսել են մի քանի միլիոն դոլար։ Սակայն դրանով լաբորատոր փորձերը չեն ավարտվել։ «Հետքի» զրուցակիցն ասում է, թե նախկին փորձերի արդյունքները վստահություն չէին ներշնչում, եւ իրենք անընդհատ ռիսկի էին դիմում՝ մեծ գումարներ ներդնելով։ 2019-ին «Ալյոտիգը» նոր փորձանմուշներ է ուղարկել Ճապոնիա, Ղազախստան, Ուկրաինա եւ Ռուսաստան։

«Հիմա այս նոր փորձերը մեզ բավականին մեծ հույս են տալիս, որ կգտնենք սրա բանալին, որ արդյունավետ լինի»,- ասում է Վարդան Շահնազարյանն ու ավելացնում է, թե եթե անգամ մի աննշան մինուս լինի այդ փորձերում, ապա ծրագիրն ուղղակի չեն սկսի։ Հիմա նրա գործընկերները Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից ու Ղազախստանից են:

Գործարարի խոսքով՝ իրենց ծրագիրը երկու փուլից է։ Առաջին փուլը լաբորատոր փորձաքննություններն են՝ մետաղների, քիմիական տարրերի ստացման հավաստիացումը։ Երկրորդ փուլը վերամշակման գործարանի կառուցումն է, որը ենթադրում է 800.000 դոլարի ներդրում։ Ծրագրվում է այն կառուցել Կապան համայնքի Աճանան գյուղի տարածքում: Գործարանի նախագիծը պատվիրելու են արտերկրյա կազմակերպության։ Վերամշակման տեխնոլոգիան էլ, ըստ մեր զրուցակցի, լինելու է կա՛մ ֆիննական, կա՛մ ավստրիական, կա՛մ ճապոնական։ Ընտրությունը պայմանավորված կլինի առաջարկվող մոդելով եւ գնով։

Մենք Վ. Շահնազարյանին հանդիպել էինք 2020-ի սեպտեմբերին՝ պատերազմից առաջ: Այն ժամանակ նա ասել էր, որ կորոնավիրուսի համավարակը որոշակիորեն դանդաղեցրել է ծրագրի իրականացումը, բայց եթե նոյեմբերին գործարանի նախագիծը պատրաստ լինի, 2021-ի գարնանը կսկսեն հողային աշխատանքները: Մեր հանդիպումից օրեր անց սկսվեց 44-օրյա պատերազմը: Սակայն այսօր մեզ հետ հեռախոսազրույցում գործարարը նշեց, թե պատերազմը չի խանգարել իրենց ծրագրին, գուցե ժամկետների փոփոխություն եղել է, սակայն ավելի քան 10 տարի առաջ ծագած գաղափարը իրագործվելու է։

Ծրագիրը նախատեսում է տարեկան մինչեւ 25 միլիոն տոննա լցակույտի վերամշակում։ Ըստ Շահնազարյանի՝ գաղափարն այն է, որ վերամշակեն ԶՊՄԿ-ի տարեկան պոչանքից մի փոքր շատ (կոմբինատը տարեկան արդյունահանում է 22 մլն տ հանքաքար, որից 21,8 տոննան դառնում է պոչանք)։ «Հետքի» զրուցակիցն իրենց ծրագրի սկզբունքներից է համարում առանց թափոնների արտադրությունը։

«Ալյոտիգը» պոչամբարների թափոնների վերամշակումից նախատեսում է նվազագույնը 15 տեսակի խտանյութ ստանալ, այդ թվում՝ մոլիբդեն, պղինձ, երկաթ, քվարց, որոնք հետո իրացվելու են արտերկրում։ Ըստ Վ. Շահնազարյանի՝ խտանյութերի արտադրությունն առաջին փուլն է, իսկ թե ինչ արտադրանք կլինի երկրորդ փուլում, ցույց կտա հետագա ընթացքը: Այս առումով նկատում է, որ վրացական մի ընկերություն իրենց առաջարկել է պոչանքների վերամշակումից ստանալիք ապակու հումքը՝ փոշին, տեղափոխել իրենց գործարան, որը պետք է կառուցվի Փոթիում: Դրա համար, հայ գործարարի տեղեկացմամբ, նախ պետք է ստեղծել հայկական բեռնափոխադրող ընկերություն, որ լոգիստիկայից գոյացած եկամուտները մնան Հայաստանում։

«Եթե ես կարողանամ այս ծրագիրն իրականություն դարձնել, մեր երկրի վարչապետը պիտի ինձ հերոսի կոչում տա»,- հայտարարում է Վարդան Շահնազարյանը։

Ինչու՞ «Ալյոտիգի» համար օրենք ընդունվեց, բայց ընկերությունը մաստեր պլան չներկայացրեց

Այն բանից հետո, երբ «Ալյոտիգի» առաջին փորձարկումները դրական արդյունք էին տվել, ինչից ոգեւորվել էր նաեւ գլխավոր ներդրող Եվգենի Գիները, վերջինս, ընկերության նախկին տնօրեն Մանվել Ոսկանյանի պատմելով, հանդիպել էր այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին:

Այնուհետ՝ 2014-ի հոկտեմբերին, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը լիազորել էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին գործադիրի անունից մտադրությունների մասին հուշագիր ստորագրել ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Նիլ Սթիվենսոնի, ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետեր գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության օպերատիվ տնօրեն Մհեր Պոլոսկովի (ներկայում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենն է), որպես ներդրող հանդես եկող «VS Energy International» (VSEI) հոլդինգի ներկայացուցիչ Եվգենի Գիների, ինչպես նաեւ «Ալյոտիգի» սեփականատեր Վարդան Շահնազարյանի եւ գլխավոր տնօրեն Մանվել Ոսկանյանի հետ:

«Ներդրողը հավաստում է, որ ծրագրի իրականացման համար արդեն իսկ կատարել է եւ շարունակելու է կատարել անհրաժեշտ ներդրումները, որոնց չափը կազմելու է առնվազն 200 մլն դոլար: Դա ներառում է վերամշակման գործարանի նախագծումը, կառուցումը եւ շահագործման սկիզբը: Հետագայում մաստեր պլանով նախատեսված եւ անհրաժեշտ գումարները կշարունակեն ներդրվել՝ ապահովելու համար ծրագրի լիարժեք իրագործումը»,- ասվում էր հուշագրում: Կառավարության նիստում նշվել էր, թե նախնական հաշվարկներով ստեղծվելու է 1800 աշխատատեղ:     

Հուշագրի ստորագրումից հետո կողմերը ձեւավորելու էին աշխատանքային խումբ, որը պիտի զբաղվեր մաստեր պլանի իրագործման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ ուսումնասիրություններ անելով: Մ. Ոսկանյանը մեզ պատմել էր, թե իրենք նախապես չէին մտածում ծրագրի համար օրենք ընդունելու մասին, սակայն ԶՊՄԿ-ի հետ վերջնական համաձայնության գալու մասով ինչ-ինչ խնդիրներ էին ծագել, եւ դրանից հետո Գիները պնդել էր, որ անհրաժեշտ է օրենքի ուժ տալ ծրագրին, ինչն էլ տեղի ունեցավ: 2015-ի մայիսին կառավարությունը համապատասխան օրինագիծն անհետաձգելի էր համարել, ինչից շատ չանցած՝ հունիսի 23-ին, ԱԺ-ն ընդունել էր օրենքն ու առաջացրել շատերի տրամաբանական զարմանքը:

Առանձին օրենք ընդունելու պատճառի մասին Վ. Շահնազարյանն ասում է. «Գիների պահանջն էր, որպեսզի ինքն էդ ներդրումն աներ։ Նա էն ժամանակ այն կարծիքին էր, որ ուրիշը չզբաղվի, բայց ես միշտ պատասխանում էի, թե թող զբաղվեն»:

Օրենքով սահմանվել է, որ դրա ուժի մեջ մտնելու պահից (01.08.2015-ից) Ողջիի եւ Փուխրուտի կոնսերվացված պոչամբարներում առկա լցակույտերի հանդեպ ՀՀ սեփականության իրավունքը փոխանցվում է «Ալյոտիգին»: Մյուս կողմից՝ Արծվանիկի պոչամբարում մինչեւ 2011-ի դեկտեմբերի 31-ը կուտակված լցակույտերի հանդեպ օրենքով ճանաչվել է ԶՊՄԿ-ի սեփականության իրավունքը, սակայն պայման է դրվել, որ այդ, ինչպես նաեւ 2012-ի հունվարի 1-ից հետո նույն պոչամբարում կուտակված պոչանքները որպես սեփականություն հանձնվելու են ՀՀ-ին այն օրը, երբ Արծվանիկը կկոնսերվացվի, կամ դրա շահագործումը կդադարեցվի: Օրենքով, սակայն, ՀՀ-ն էլ իր հերթին Արծվանիկի լցակույտերը պիտի անմիջապես հանձնի «Ալյոտիգի» սեփականությանը:

Օրենքի ուժի մեջ մտնելուց մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ 2016-ի օգոստոսի 1-ը, «Ալյոտիգը» պետք է կառավարության հաստատմանը ներկայացներ մաստեր պլան, սակայնը դա տեղի չի ունեցել, ավելին՝ օրենքի ընդունումից 6 ամիս անց՝ 2016-ի հունվարին, դատարանը ֆիննախի պահանջով սնանկ է ճանաչել «Ալյոտիգին», որը հետագայում առողջացել է:

Մաստեր պլանի մասին Վ. Շահնազարյանն ասում է. «Մաստեր պլանը սխալ գաղափար է եղել։ Դա օրենքի մեջ անիմաստ, չհիմնավորված են մտցրել, ես կռիվ եմ արել, որ դա սխալ է։ Ի՞նչ է նշանակում մաստեր պլան․ պիտի գրեմ ծրագիրը, ներդրումների գրաֆիկ տամ, թե ինչ ժամկետներում եմ կառուցում կոմբինատը, ինչքան աշխատատեղ է լինելու, ինչ աշխատավարձ է լինելու, ինչ քանակի արտադրություն… Ես Դավիթ Հարությունյանին (այդ ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր - «Հետք») ասել եմ՝ որ գրում ես 1 տարվա մեջ ներկայացրու, հիմնավորումդ ո՞րն ա: 2 տարում մենակ էֆեկտիվության պրոյեկտ պիտի անեմ, մաստեր պլանը կհասցնե՞մ 1 տարվա մեջ, տեսնու՞մ ես՝ քանի տարի ա անցնել, դեռ էֆեկտիվությունը չեմ կարողացել բերել: Ես համաձայնել եմ օրենքի մեջ այդ կետի լինելուն, որովհետեւ ոչ մի բան է. եթե չներկայացնեմ, ի՞նչ ես անելու»։

Շահնազարյանի խոսքով՝ օրենքում մաստեր պլանի կետը մտցրել են ընկերության նախկին տնօրեն Մանվել Ոսկանյանը եւ գործերի կառավարիչ Ահարոն Չիլինգարյանը։ Բայց ասում է, թե քանի որ սահմանված չէ մաստեր պլան չներկայացնելու դեպքում ընկերության պատասխանատվությունը, «Ալյոտիգը» որեւէ խախտում չի արել։ «Հետքի» զրուցակիցը պնդում է, թե քանի որ մաստեր պլանը ենթադրում է հստակ գործողությունների ժամանակացույց, ինքը կառավարությանը մաստեր պլան կներկայացնի այն ժամանակ, երբ ծրագրի նախագիծը պատրաստ լինի:

Հավելում է, թե օրենքը, որը մինչ օրս գործում է, անձամբ իրեն ոչ մի առավելություն չի տալիս, ինքն իր սեփական հողն ունի, գործարանը կկառուցի, բայց օրենքի առկայությունը գրավում է օտարերկրացի ներդրողներին։ Դիտարկմանը, թե շատ գործարարներ ծրագրեր են անում՝ առանց իրենց համար օրենքի ընդունման, «Ալյոտիգի» սեփականատերն ասում է, թե դրսի մենթալիտետի համար օրենքը կարեւոր է, քանի որ շատ դժվար է օտարերկրացուն համոզել, որ գա եւ ներդրումներ անի այստեղ՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, կոմունիկացիոն միջոցների խնդիրը, երկաթգիծ չունենալը։

Օրենքի չեղարկման նախագծի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանն պատգամավոր Մերի Գալստյանը «Ալյոտիգի» համար 2015-ի ամռանն ընդունված օրենքի չեղարկման նախագիծ էր ներկայացրել 2019 թ. դեկտեմբերին:  

Օրինագծի հիմնավորման մեջ ասվում էր, որ «Ալյոտիգը» չի ներկայացնել մաստեր պլան, որը պետք է ներառեր տեղեկատվություն ծրագրի իրականացման հիմնական նպատակների, գործողությունների, հիմնական եւ միջանկյալ փուլերի մասին: Բացի դրանից՝ Մ. Գալստյանը հիմնավորել էր, որ 2016 թ. փոփոխություններ են կատարվել Ընդերքի մասին օրենսգրքում, ըստ որոնց՝ այլեւս մանրամասն կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման ընթացակարգերը: «Համաձայն վերոնշյալ փոփոխությունների՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակումը եւս հանդիսանում է ընդերքօգտագործում, եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ստանալու համար 2016 թվականից ի վեր գործում են նոր եւ հստակ ընթացակարգեր եւ կարգավորումներ, որոնք ներառում են նաեւ վերամշակման ծրագրերի բնապահպանական ազդեցությունների եւ ռիսկերի կառավարմանն առնչվող հարցեր»,- նշվել էր օրինագծում:

2020 թ. հունիսին Մերի Գալստյանը շրջանառությունից հանել է օրինագիծը:

Հարցին, թե ինչու է հանել նախագիծը, պատգամավորը «Հետքին» տեղեկացրել էր, որ հարցի լուծման այլ ուղղություն են դիտարկում, մասնավորապես՝ քննարկումներ են ընթանում կառավարության հետ, եւ ավելի ուշ, երբ քննարկումներն սկսվեն եւ արդյունքներ ունենան, հնարավոր կլինի մանրամասն խոսել այդ թեմայով։ Պատգամավորը նաեւ նշել էր, որ օրինագիծը քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովում, եւ կարծիքները մեծամասամբ համընկել են՝ օրենքը խնդրահարույց է։

Մենք տեղեկացել էինք, որ Վարդան Շահնազարյանը հանդիպել է Մերի Գալստյանին, սակայն վերջինս նշել էր, որ դա ազդեցություն չի ունեցել իր որոշման վրա։ «Հանդիպելու ցանկություն հայտնել էր ընկերության սեփականատերը,- «Հետքին» փոխանցել էր պատգամավորը,- հանդիպման ընթացքում յուրաքանչյուրս մեր մասով ներկայացրել ենք մեր դիրքորոշումների հիմնավորումները: Իմ դիրքորոշումը թե՛ օրենքի խնդրահարույց լինելու եւ թե՛ վերոնշյալ ներդրումային ծրագրի հատկապես տեխնիկական մասով տեղեկատվության բացեր ունենալու տեսանկյունից չփոխվեց: Այս հանդիպումը իմ կողմից նախագիծը շրջանառությունից հանելու որոշման հետ որեւէ առնչություն չունի»։ Վ. Շահնազարյանն իր հերթին ասում է, որ Գալստյանին մանրամասն ներկայացրել է «Ալյոտիգի» ծրագիրը, որից Հայաստանը միայն շահում է, իսկ թե դրանից հետո պատգամավորն ինչ կաներ, ըստ գործարարի, նրա իրավունքն էր։  

«Ալյոտիգի» սեփականատերը կարծում է, որ կառավարությունը դրական է տրամադրված իրենց ծրագրի հանդեպ, ինչը ցույց են տվել հանդիպումները էկոնոմիկայի, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններում։

Գլխավոր լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter