HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կարանտինային վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը

Ռուսաստանը վաղվանից՝ 2026 թվականի հունիսի 12-ից, սահմանափակում է հայկական ծագման և Հայաստանից արտահանվող՝ կարանտինային վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև այդ արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ 

Այս մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ը (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն)։

Նշենք, որ կարանտինային վերահսկողության ենթակա են բուսասանիտարական (ֆիտոսանիտարական) ապրանքները՝ մրգերը, բանջարեղենը, ծաղիկները, սերմերը, չրերը և բուսական ծագման այլ արտադրանքը։

Որոշումն, ըստ կառույցի, ընդունվել է կարանտինային օբյեկտների պարբերաբար հայտնաբերման պատճառով, ինչպիսիք են վնասատուները, տարբեր հիվանդությունները։

«Ծառայությունը, սկսած ընթացիկ տարվա մայիսից, փուլ առ փուլ սահմանափակել է հայկական ծագման առանձին տեսակի՝ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև բազմիցս տեղեկացրել է հայկական կողմին մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների մասին»,- նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ՝ հավելելով, որ կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շարունակվում են։ Հունիսին արձանագրվել է կապրովյան բզեզով վարակվածության 3 դեպք՝ Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի խմբաքանակներում։

«Ռոսսելխոզնադզոր»-ը կրկին ուղիղ տեքստով հայտարարում է, որ Հայաստանի լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը «բավարար չէ և անվստահություն է առաջացնում ֆիտոսանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ»։ Դա, ըստ կառույցի, վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի ֆիտոսանիտարական բարեկեցությունը (անվտանգությունը)։

Առաջին անգամ չէ, որ ռուսական կողմն ուղիղ կերպով հայկական կողմին մեղադրում է ոչ պատշաճ վերահսկողության համար։

Օրինակ՝ այս տարվա մայիսի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանը սահմանափակեց Հայաստանից ծաղիկների ներմուծումը, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարեց, որ չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացրած երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։

Ռուս մասնագետները եկան Հայաստան ստուգումներ իրականացնելու։

2026 թվականի մայիսի վերջին Ռուսաստանը մի շարք սահմանափակումներ մտցրեց Հայաստանից կատարվող ներմուծման նկատմամբ։ «Ռոսսելխոզնադզորը» սկսեց սահմանափակել հայկական բանջարեղենի (լոլիկ, վարունգ, պղպեղ և այլն), մրգերի (մասնավորապես՝ ելակի), ինչպես նաև ձկան և ձկնամթերքի ներմուծումը։

Նախկինում սահմանափակումներ էին կիրառվել նաև հայկական կոնյակի, գինու, ծաղիկների և «Ջերմուկ» հանքային ջրի ներկրման վրա։

Այս սահմանափակումների համատեքստում հայկական կողմը քննարկում է հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելու հնարավորությունները։ 

Հայաստանը 2015 թվականի հունվարից պաշտոնապես միացել է Եվրասիական տնտեսական միությանը։ Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է Եվրամիությանը ՀՀ անդամակցության հարցը, սակայն ռուս պաշտոնյաները պարբերաբար նշում են, որ Երևանը չի կարող միաժամանակ գտնվել երկու միություններում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter