HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Բիզնես, քաղաքականություն և անձնական թշնամանք. Փաշինյան-Ծառուկյան հակամարտության նոր փուլը

Ծառուկյանի ձերբակալությունն ու նոր մեղադրանքները 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի  հարաբերությունները վաղուց դուրս են եկել սովորական քաղաքական բանավեճի շրջանակներից՝ վերածվելով անձնական ու  քաղաքական գոյատևման պայքարի։ 

2026թ. հուլիսի 6-ին ձերբակալվեց գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Ձերբակալությանը նախորդել էին ժամեր տևած խուզարկությունները Ծառուկյանի առանձնատանն ու նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի հասցեներում։

Հաջորդ օրը՝ հուլիսի 7-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ծառուկյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ:

Ըստ Քննչական կոմիտեի, Գագիկ Ծառուկյանը և մի քանի իրանցի գործարարներ համատեղ հիմնել են ընկերություններ՝ իրավաբանական անձինք։ Ապա Իրանից Հայաստան են ներկրել 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ։

«Ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունը կասկածելի է համարում Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք գույքերի ձեռք բերման օրինականությունը։ 2023 թվականինց Ծառուկյանի ու ընտանիքի անդամների՝ կնոջ, ծնողների, որդիների, հարսի գույքն ուսումնասիրվում է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում:

Քրիստոսի նոր փորձությունը

Այս ամենին զուգահեռ, անորոշ է նաև Գագիկ Ծառուկյանի ամենահավակնոտ նախագծի ճակատագիրը՝ Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը։ 33 մետր բարձրությամբ (իսկ պատվանդանով՝ շուրջ 77 մետր) մոնումենտալ կոթողի նախագիծը հայտնվել է նաև միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հրապարակված հոդվածներում անդրադարձել են հայ գործարարի՝ աշխարհում Քրիստոսի ամենաբարձր արձանն ունենալու գաղափարին։ Շատերն են համոզված, որ հուշարձանը տարբեր երկրներից Հայաստան կբերի մեծաթիվ զբոսաշրջիկների։

36a8f665-3e47-4c9c-b2bc-68ac1adceaa7.jpeg (88 KB)

Այս նախագիծը սկզբից ևեթ բախումների պատճառ դարձավ։ Հայ Առաքելական եկեղեցին կտրականապես դեմ էր՝ Փրկչի արձանի տեղադրումը չի համապատասխանում եկեղեցու դարավոր ավանդույթներին։ Բնապահպաններն ու հնագետներն էլ ահազանգում էին Հատիսի պատմամշակութային շերտերի ու բրոնզեդարյա ամրոցի ավերման մասին։ Ի հեճուկս եկեղեցու և հանրային դիմադրության, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կանաչ լույս վառեց նախագծի համար՝ հայտարարելով, որ այն կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Այսօր, երբ Ծառուկյանը կրկին կալանավորված է, իսկ նրա ձեռնարկությունների գործունեությունը՝ կասեցված, Հատիսի գագաթին կիսատ մնացած կառուցապատումը ստանում է միանգամայն այլ խորհուրդ։ Պետության հետ համագործակցությամբ սկսված սրբատեղիի շինարարությունը վերածվել է Փաշինյան-Ծառուկյան հակամարտության ևս մեկ ճակատի։ Քրիստոսի արձանի ճակատագիրը նույնքան մշուշոտ է, որքան ԲՀԿ առաջնորդինը։  

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ։ Հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է։ Հիմնադրումից հետո կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական բոլոր ընտրություններին։ 2007, 2012, 2017 և 2018 թվականների Ազգային ժողովի ընտրություններում ԲՀԿ-ն եղել է երկրորդ ամենաշատ ձայներ ստացած ուժը։

2007-2012 թվականներին ԲՀԿ-ն սերտ համագործակցում էր այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի և իշխող Հանրապետական կուսակցության հետ։ Սակայն 2012 թվականին ԲՀԿ-ն հայտարարեց, որ իշխանական կոալիցիային չի միանա։

Այդ շրջանում ԲՀԿ-ն սկսեց համագործակցել ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» հետ։ Ձևավորվեց «ոչ իշխանական քառյակը», որը հետագայում՝ Դաշնակցության դուրս գալուց հետո, վերածվեց «եռյակի»։ Այս ուժերը հանրահավաքներ էին կազմակերպում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու նպատակով։ Այդ փորձերը, սակայն, ձախողվեցին։ 

Իշխանությունների հետ հարաբերությունները հատկապես լարվեցին 2015 թվականին։ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը և կուսակցության առանցքային դեմքերը խիստ քննադատության ենթարկեցին Ծառուկյանին։ Դրանից հետո ստուգումներ սկսվեցին Ծառուկյանին պատկանող բիզնեսներում։

Ծառուկյանն ու համակիրները մի քանի օր բողոքի ակցիաներ իրականացրին։ Բայց կարճ ժամանակ անց Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը։

Քաղաքականության էջը Ծառուկյանը վերաբացեց 2017-ին, խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այդ ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն հայտնվեց ԱԺ-ում՝ դառնալով ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը։ 

2018 թվականի ապրիլին Ծառուկյանն իր աջակցությունը հայտնեց անհնազանդության ակցիաներ իրականացնող Փաշինյանին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո էլ ԲՀԿ-ն խորհրդարանում աջակցեց Փաշինյանին՝ վարչապետ դառնալու հարցում։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած առաջին կառավարության կազմում ԲՀԿ-ն ևս նախարարական և մարզպետների պորտֆելներ ստացավ։ Սակայն այս համագործակցությունը երկար չտևեց։ Նույն տարվա հոկտեմբերին ԲՀԿ նախարարներն ու մարզպետները ազատվեցին պաշտոններից։

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստանը հավաքեց 3.9% և իր պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։ 

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցում էր նաև Ազգային ժողովի վերջին ընտրություններին։ Կուսակցությունը, ըստ նախնական արդյունքների, ստացել էր ձայների 3.996%-ը կամ 58 378 քվե։ ԲՀԿ-ին պակասում էր մի քանի տասնյակ ձայն անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ տվյալները սխալ են մուտքագրվել համակարգ։ 

Եվ երբ թվում էր, թե վերահաշվարկից հետո ԲՀԿ-ն կմտնի ԱԺ, ԿԸՀ-ն որոշեց անվավեր ճանաչել երեք ընտրատեղամասերի արդյունքները։ Հանձնաժողովն այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակեց։ Այսպիսով, ըստ ԿԸՀ վերջնական արդյուքների, ԲՀԿ-ն ստացավ 58 287 քվե կամ 3.9893 %։

Գործակալ լինելու մեղադրանք ու առյուծի վանդակ գցելու խոստում. Ծառուկյան-Փաշինյան հեռակա բանավեճը

ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական վարույթի նախաձեռնումը և կալանավորումը նրա թիմակիցները և ընդդիմադիր մի շարք ուժեր համարում են քաղաքական հետապնդում ու ընդդիմախոսներին ճնշելու հերթական փորձ։

Ընտրարշավի ընթացքում կրկին լարվել էին Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Մայիսի 20-ին Լոռու մարզում քարոզարշավ անող Փաշինյանը հայտարարեց, որ «Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին»։ Ծառուկյանը պատասխանեց վարչապետի այս հայտարարությանը՝ թե դրանով իրեն չեն կարող վախեցնել ու հավելեց՝ ունեցվածքը հայրենիքի հետ չի փոխի։

Ընտրարշավի հաջորդ օրերին կրքերը էլ ավելի թեժացան։ Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվեց Ծառուկյանի գլխավորած ցուցակի երկրորդ համար՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։ Փաշինյանն էլ հայտարարեց, որ Ծառուկյանը Թևանյանին իր ցուցակում ներառել էր օտար ուժերի պահանջով։ Վարչապետը Ծառուկյանին անվանեց օտարերկրյա գործակալ։ 

Այս հայտարարությանն ի պատասխան Ծառուկյանն ասաց.

«Եթե հայտարարում են՝ Ծառուկյանը շպիոն է, ինձ թող գնդակահարեն, իմ ցանկությամբ թուղթը գրեմ։ Եթե չէ, արտահայտողը պետք է գա, մտնի իմ առյուծի մոտ՝ իր ցանկությամբ։ Թե չէ՝ դատարկ-դատարկ խոսելով, մարդկանց վրա ցեխ շպրտելով չի, ժողովուրդ ջան, արած բան չունեն, ասելու բան չունեն, ժողովրդի համբերությունը հելել է, էսօր փոփոխություն է պետք, ժողովուրդ»։

Ի դեպ, Ծառուկյանին ձերբակալելուց հետո մեկ այլ քրեական գործի շրջանակում որպես իրեղեն ապացույց ճանաչված նրա կենդանիներին քաղաքապետարանի աշխատակիցները ժամանակավոր անզգայացրին ու տեղափոխեցին կենդանաբանական այգի։ Այդ կենդանիներից մեկը՝ առյուծը, այդպես էլ չարթնացավ։ Կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանու անկման պատճառ համարեցին տարիքը։

Մայիսի 28-ի Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում վարչապետը, պատասխանելով Գագիկ Ծառուկյանին, հայտարարեց, որ նա «առաջիկա տասնամյակներում ապրելու է վանդակում»։ Փաշինյանը Ծառուկյանին անվանեց հանցագործ, գործակալ ու հորդորեց խելքը գլուխը հավաքել ու հաշիվ տալ ասածների համար։

«Մի հատ խելքդ գլուխդ հավաքի, հլը մի հատ քեզ հաշիվ տուր՝ դու ով ես ընդհանրապես և ում հետ ես խոսում: Հանցագործ, քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ: Պատրաստվի՝ «Արարատցեմենտը» պետականացնում ենք, և այդ հանցավոր գործարքի համար դու ու խնամիդ պատասխանատվություն եք կրելու: Եվ պատրաստվի, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը: Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ»,- ասաց Փաշինյանը։ 

Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին այս խոսքերի համար և պահանջել ներողություն խնդրել, հերքել ասածներն ու վճարել 9 մլն դրամ։

Ծառուկյանին պատկանող բոլոր օբյեկտները նրա կալանավորումից հետո կապարակնքվել են։ «Փարավոն» ռեստորանը, Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը, «Օլիմպավանը», «Շանգրի լա» խաղատունը, «Մուլտի վելնես»-ը և այլ ձեռնարկություններ դեռ փակ են։ Միայն «Արարատցեմենտ» գործարանն է վերսկսել աշխատանքը աշխատողների բողոքի ակցիայից հետո։

Փաշինյանը քարոզարշավի ընթացքում Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին ու Ռոբերտ Քոչարյանին անվանում էր պատերազմի եռագլուխ հրեշ և մեղադրում օտար ուժերի շահերը սպասարկելու մեջ։ Ծառուկյանին Փաշինյանն ու թիմակիցները նաև բելառուսամետ օլիգխարխ էին անվանում՝ նկատի ունենալով նրա կապերը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Հայտնի է, որ Ծառուկյանն ու Լուկաշենկոն մտերիմ են, Ծառուկյանը նաև բիզնես գործունեություն է ծավալում Բելառուսում։ Նրա որդին՝ Նվեր Ծառուկյանը, ով մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար, արդեն երկու տարի է՝ ապաստան է գտել Բելառուսում։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Սա Փաշինյան-Ծառուկյան առաջին հակամարտությունը չէ։ 2020 թվականին, երբ Ծառուկյանը ղեկավարում էր 7-րդ գումարման ԱԺ-ի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, նրա դեմ քրեական հետապնդում հարուցվեց ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ 2020 թվականի հունիսի 16-ին ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ որոշեց զրկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և համաձայնություն տվեց նրան կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը։ Այս քրեական գործով դատարանի վերջնական վճիռը հրապարակվեց 2026-ին՝ Ծառուկյանն արդարացվեց։

Թե ինչպիսին կլինի ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի քաղաքական ապագան, դժվար է ասել։ Տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանին հաջողվել է մանևրել քաղաքական տարբեր ճգնաժամերի ժամանակ և կրկին ակտիվ խաղի մեջ մտնել։ Սակայն այսօր միանգամայն այլ իրավիճակ է՝ Փաշինյանի և Ծառուկյանի հակամարտությունը, կարծես, հասել է գագաթնակետին։

Գլխավոր լուսանկարը՝ էկրանակադր, 02.05.2018թ. 

Քրիստոսի արձանի լուսանկարը՝ Սուսաննա Հարությունյանի, Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter