ԵՄ-ի աշխարհաքաղաքական ուղենիշները. Ուկրաինայից մինչև Իրան
Հայաստանը վերջին շրջանում ավելի սերտ է համագործակցում ԵՄ-ի հետ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բաց հայտարարում է Հայաստանի եվրոպական ամբիցիաների մասին։
Դեռ անցած տարի ապրիլին ԱԺ-ն ընդունել էր ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Իսկ այս տարի Երևանում կայացավ միանգամից երկու խոշոր քաղաքական միջոցառում՝ ԵՄ–Հայաստան ու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները։
Բրյուսելի քաղաքական շրջանակներում հիմա Հայաստանն է համարվում տարածաշրջանի եվրոպամետ փայլող «աստղ»։
Այս համատեքստում Բրյուսելի առաջնահերթություններն ու աշխարհաքաղաքական դիրքորոշումների մասին իրազեկ լինելը կարեւոր է հայալեզու լսարանի համար։
Ինչպես արդեն հայտնել էինք, Բրյուսելում կայացած Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները 2 օր շարունակ քննարկեցին և սահմանեցին ԵՄ-ի քաղաքական դիրքորոշումները տարբեր հարցերում։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական խորհրդարանում ունեցած իր ելույթով ամփոփեց գագաթնաժողովի ընթացքում ընդունված ամենակարևոր եզրակացությունները։ Ահա, թե որոնք են դրանք։
ԵՄ-ի աշխարհաքաղաքական դիրքորոշման վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավարի գլխավոր ուղերձն այն էր, որ Եվրոպան պատրաստ է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և մտադրված է շարունակել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։
Եվրոպական խորհուրդն իր եզրակացություններում ողջունում է 2026–2027 թվականներին նախատեսված Ուկրաինայի աջակցության 90 միլիարդանոց վարկից ընթացիկ վճարումները և նշում է, որ 2026 թվականի բյուջետային և պաշտպանական կարիքները ծածկելու միջոցներ կան։
Եզրակացությունում նշվում է, որ Եվրոպական խաղաղության հիմնադրամից (EPF) Ուկրաինային ռազմական աջակցության նպատակով ևս 6,6 միլիարդ եվրո կտրվի։
Ուկրաինային ֆինանսական աջակցության հետևում ոչ միայն Կիևին օգնելու ցանկությունն է, այլև ֆինանսական շահը։
Ուկրաինան ֆինանսական աջակցություն ու վարկեր է ստանում Արևմուտքից և նրանից է գնում սպառազինություն։ Այդպես Ուկրաինային տրված գումարը հետ է գալիս Եվրոպա և ԱՄՆ՝ ռազմական պայմանագրերի տեսքով։ ԱՄՆ-ից հետո Ուկրաինային ամենաշատ զենք վաճառած երկրները Գերմանիան և Լեհաստանն են։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովին հրավիրված էր նաև Զելենսկին, որը հայտարարեց, թե Ուկրաինան հավելյալ ֆինանսական աջակցության կարիք ունի։ Այս հարցին Խորհուրդը որոշել է անդրադառնալ Եվրահանձնաժողովից և Արժույթի միջազգային հիմնադրամից թարմ գնահատական ստանալուց հետո։
Խոշոր հաշվով, հենց ռուս-ուկրաինական պատերազմն է թելադրում ԵՄ-ի աշխարհաքաղաքական դիրքորոշումը։
Ֆոն դեր Լայենն իր ելույթում կտրականապես մերժեց Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը մեղմելու ցանկացած փորձ:
«Ուզում եմ միանգամայն հստակ արտահայտվել. այս պատժամիջոցները կմնան ուժի մեջ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել պատերազմը»,- ասաց նա։
Եվրոպական քաղաքական վերնախավը հենց Ռուսաստանն է համարում հիմնական սպառնալիք, ընդ որում՝ ոչ միայն ռազմական, այլև ներքին սպառնալիք։
Այժմ եվրոպացի ղեկավարները, հատկապես արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրներում, տարբեր առիթներով նշում են, որ Ռուսաստանը հիբրիդային հարձակումներով փորձում է ապակայունացնել ԵՄ ներքին կյանքը։
ԵՄ-ն ողջունել է պատժամիջոցների 21-րդ փաթեթի ընդունումը և կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստանի էներգետիկ եկամուտները նվազեցնելու, շրջանցումները կասեցնելու և ռուսական «ստվերային նավատորմի» գործունեությունը սահմանափակելու համար։
Հիշեցնենք, որ պատժամիջոցների այս փաթեթի ընդունման բանակցությունները սպասվածից թեժ էին, և դրանց արդյունքը շոկային էր շատերի համար։ ԵՄ-ն պատժամիջոցների ցանկից հանեց ռուսաստանցի միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովին ու Միխայիլ Ֆրիդմանին։
Ալիշեր Ուսմանովի անունը ցուցակից հանվեց Ֆրանսիայի պահանջով։ Իսկ Միխայիլ Ֆրիդմանինը՝ Սլովակիայի և Լյուքսեմբուրգի։ Սրանից անմիջապես հետո Ադրբեջանը ներում շնորհեց Ֆրանսիայի օգտին լրտեսության համար դատապարված Մարտեն Ռայանին։
Կարդացեք նաև. Ի՞նչ կապ ունեն Ալիշեր Ուսմանովն ու Ադրբեջանում կալանավորված երկու ֆրանսիացին ԵՄ պատժամիջոցների բանակցությունների հետ
ԵՄ-ն նաև ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի՝ ռուսական դիզելի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես վերացնելու առթիվ։ ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքը հատկապես զայրացրել էր եվրոպացի ավելի ռազմատենչ շրջանակներին։ Բայց հրապարակայնորեն ԵՄ-ն սահմանափակվեց հավասարակշռված հայտարարություններով։
Չնայած անհամաձայնություններին, ԵՄ-ն ասաց, որ պատրաստ է ավելի ակտիվ ներգրավվել ռուս-ուկրաինական առայժմ գրեթե գոյություն չունեցող խաղաղության գործընթացում։
Գագաթնաժողովի կարևոր թեմաներից էր պայքարը հիբրիդային սպառնալիքների դեմ։
Եվրոպական խորհուրդը նշում է, որ վերջին ամիսներին սաբոտաժների, հիբրիդային հարձակումների և ԵՄ անդամ երկրների օդային տարածքի խախտումները ավելի հրատապ են դարձնում Եվրոպայի պաշտպանական պատրաստվածության ընդլայնումը։ Եզրակացություններում ասվում է նաև, որ Ռուսաստանի գործողություններն «անպատասխան չեն մնա»։
Կարդացեք նաև. Ավելի միլիտարիզացված Եվրոպա. ԵՄ-ն սահմանել է ռազմական ոլորտի հինգ առաջնահերթ ուղղությունները
ԵՄ-ն նաև պատրաստվում է քննարկել Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման խստացումը։ Հիշեցնենք, որ ԵՄ մի շարք անդամներ ցանկանում են խիստ սահմանափակել ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը, օրինակ՝ տալ «հատուկ» վիզա, որը թույլ է տալիս այցելել միայն մեկ երկիր։
Ընդլայնման առնչությամբ ԵՄ-ն մշակում է նոր ծրագիր, որը կարող է փոխել ընդլայնման կանոններն ու տրամաբանությունը։
Կարդացեք նաև. ԵՄ-ն ներկայացրեց ընդլայնման քաղաքականությունում փոփոխությունների ծրագիրը
ԵՄ-ին անդամակցել ձգտող երկրների համար Եվրոպական խորհուրդը վերահաստատեց՝ ընդլայնումը «խաղաղության, անվտանգության, կայունության և բարգավաճման աշխարհառազմավարական ներդրում» է։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն բացեց Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների 2-րդ և 3-րդ կլաստերները (բանակցային բլոկերը), ինչպես նաև՝ Մոնտենեգրոյի հետ անդամակցության պայմանագրի նախագծման աշխատանքները։
ԵՄ-ն շեշտում է, որ անդամակցության գործընթացը հիմնված է արժանիքների վրա։ Թղթի վրա սա նշանակում է, որ եթե թեկնածու երկիրը լավ է կատարում իր տնային աշխատանքը, գործընթացն առաջ է գնում։ Գործնականում ԵՄ ընդլայնման հարցը մնում է առաջին հերթին աշխարհաքաղաքական հարց։
Միգրացիան շարունակում է կարևոր թեմա լինել ԵՄ-ի համար։
Անդամ երկրների ղեկավարների շրջանում կարծես թե կա անկանոն միգրացիոն հոսքերը կրճատելու և դեպի ԵՄ մուտքը խստացնելու վերաբերյալ կոնսենսուս։
Կարդացեք նաև. Միգրանտների վերադարձի կենտրոններ և ավելի խիստ կանոններ. ԵՄ-ն նոր կանոնակարգ ընդունեց
«Այս ամառ մենք ականատես եղանք Սեուտայում տեղի ունեցած ողբերգական դեպքերին։ Մենք նաև տեսանք, թե ինչպես Ռուսաստանն ու Բելառուսը միգրացիան վերածեցին մեր դեմ զենքի։ Պետական և ոչ պետական դերակատարները միտումնավոր կերպով կազմակերպում են մարդկանց զանգվածային տեղաշարժեր։ Նպատակը հստակ է՝ ծանրաբեռնել իշխանություններին, վախ տարածել և պառակտել մեզ։ Նրանց դա չի հաջողվի»,-ասել է Ֆոն դեր Լայենը։
Չնայած իր ելույթում Ֆոն դեր Լայենը հստակ մատնանշում է Ռուսաստանին և Բելառուսին, ԵՄ-ում, կարծես թե, չեն ցանկանում հանրայնորեն խոսել Իսրայելի կողմից Սեուտայի դեպքերին հնարավոր միջամտությունների մասին։
Գազայի կապակցությամբ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ կոնֆլիկտի՝ երկու պետությունների լուծման մոդելին։ ԵՄ-ն խուսափում է Գազայում մասսայական սպանությունները ցեղասպանություն որակելուց և մտահոգություն է հայտնում Գազայում մարդասիրական ճգնաժամի խորացման կապակցությամբ։
Իսրայելին կոչ են անում Գազա անարգել մուտք ապահովել մարդասիրական օգնության համար և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի դրույթները. պահպանել հրադադարը, զինաթափել Համասը և Գազայից դուրս բերել իսրայելական ուժերը։ Ըստ ԵՄ-ի՝ Համասը չպետք է որևէ դեր ունենա Գազայի ապագա կառավարման մեջ։
Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմի առնչությամբ ԵՄ-ն գրեթե ամբողջությամբ ամերիկյան գիծն է որդեգրել։
Եվրոպական խորհուրդը խստորեն դատապարտում է Իրանի հարձակումները տարածաշրջանի երկրների դեմ և կոչ անում Իրանին ու նրա պրոքսի խմբերին հրաժարվել դրանցից։
ԵՄ-ն նաև դատապարտում է Հորմուզի նեղուցում նավարկությանը սպառնացող ցանկացած քայլ և նշում է, որ նեղուցով նավարկության ազատությունը չպետք է խախտվի։ Բացի այդ, ԵՄ-ն կրկնում է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի և կոչ անում վերսկսել լիարժեք համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։
Այսպիսով, Եվրոպայի աշխարհաքաղաքական դիրքորոշումը մեծապես ձևավորում են ռուս-ուկրաինական պատերազմն ու անվտանգային նոր իրողությունները։ Քանի դեռ չկան պատերազմի ավարտի իրատեսական պայմաններ և քաղաքական կամք, ԵՄ-ն շարունակելու է ավելի շատ ռեսուրս ծախսել ռազմականացման վրա։ Զուգահեռաբար, խորանում են Իրանի դեմ պատերազմի պատճառով ստեղծված էներգետիկ ճգնաժամն ու գնաճը ԵՄ-ում։
Հայաստանի իշխանություններն ընդգծում են ԵՄ-ի հետ ավելի խորը քաղաքական կապերի ձևավորումն ու համագործակցությունը, սակայն նման աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը բաց կմնա դեռ երկար ժամանակ։
Գլխավոր ուսանկարը՝ CE - Service audiovisuel
Զելենսկու լուսանկարը՝ Սամսոն Մարտիրոսյանի, «Հետք»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել