
Վրացիները թույլատրում են ադրբեջանական ռազմական օդանավի թռիչքներն իրենց տարածքով
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար օդանավը (գրանցումը՝ 4K-78131) Վրաստանի երկնքով շարունակում է թռիչքներ կատարել դեպի Թուրքիա եւ հետադարձ ուղղությամբ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Վրաստանի կառավարությունը հայտարարել էր, թե իբր արգելելու է իր օդային տարածքով ռազմական բեռի տեղափոխումը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտի: Դրանից հետո մի որոշ ժամանակ նշված ինքնաթիռը չվերթներ չէր իրականացնում, սակայն հոկտեմբերի վերջին տասնօրյակում կրկին սկսել է օդ բարձրանալ:
Ինչպես արդեն գրել ենք մի քանի անգամ, Ադրբեջանի օդային կապը, մասնավորապես, Թուրքիայի, Իսրայելի, Ուկրաինայի ու Աֆղանստանի հետ ապահովում են «Silk Way Airlines», «Silk Way West Airlines» քաղաքացիական բեռնափոխադրողների եւ այդ երկրի ազգային օպերատոր «Azerbaijan Airlines»-ի ուղեւորատար օդանավերը (թուրքական «Turkish Airlines»-ին չենք անդրադառնում): Հասկանալի է, որ նշված 3 ընկերությունների թռիչքների ֆոնին ռազմական բորտի փոխադրումները շատ ավելի քիչ են, բայց այդ թռիչքները հատկանշական են մեր հյուսիսային հարեւան Վրաստանի հայտարարության ֆոնին, որը, փաստորեն, չի արգելում պատերազմի մեջ գտնվող երկրի ռազմական ինքնաթիռի տարանցիկ չվերթներն իր օդային տարածքով:
Բնականաբար, վրացիները կարող են ասել, թե ռազմական օդանավն իրականացնում է հումանիտար թռիչքներ, սակայն նման հայտարարություն անելուց առաջ ցանկացած կողմ պետք է ունենա իր ասածը հիմնավորող հստակ փաստեր՝ քաղաքական չեզոքություն պահպանելու եւ կողմերի միջեւ անհավասար պայմաններ չստեղծելու համար:
Օրինակ այն, որ հոկտեմբերի 30-ին ռազմական 4K-78131-ը թռել է Ստամբուլից ոչ հեռու գտնվող Թեքիրդաղի օդանավակայան (վերադարձել է ամսի 31-ին), որն օգտագործվում է ոչ միայն քաղաքացիական, այլեւ ռազմական նպատակներով, մեծ կասկածներ է առաջացնում այն բանի վերաբերյալ, թե ինչ բեռ կարող էր տեղափոխել ինքնաթիռը:
Բավական է ասել, որ հոկտեմբերի 29-31-ը վերոնշյալ ռազմական «Իլ-76»-ը Վրաստանի երկնքով դեպի Թուրքիա է թռել 4 անգամ:
Հետաքրքիր է նաեւ, որ դրա թռիչքները, համաձայն flightradar24.com կայքի, համարակալվում են ոչ թե Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համապատասխան կոդով (AZAF), այլ քաղաքացիական ավիաօպերատոր «Azerbaijan Airlines»-ին տրված J2 կոդով, ինչը տեսականորեն նշանակում է, թե ռազմական բորտն իրականացնում է թռիչքներ «Azerbaijan Airlines»-ի անունից: Ընդ որում՝ նման բան եղել է նաեւ պատերազմից առաջ ու հետո՝ ռազմական գործողությունների առաջին օրերին: Սա, թերեւս, կարող ենք ադրբեջանական խորամանկություն համարել, ինչը նաեւ շատ հարմար պատրվակ կարող է լինել վրացիների համար՝ ռազմական ինքնաթիռի տարանցիկ թռիչքները թույլատրելու համար:
Տես նաեւ՝
- «AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա
- Թուրքիայից ու Իսրայելից հետո ադրբեջանցիները նոր «երակ» են բացել Աֆղանստանից
- Ադրբեջանական բեռնատար օդանավերը մեկ շաբաթից քիչ ժամկետում 33 անգամ Թուրքիա ու Իսրայել են թռել
- Ի հեճուկս Վրաստանի հայտարարության՝ ադրբեջանական բեռնատարները մեկնում են Թուրքիա. Աֆղանստանից եւս բեռ է տեղափոխվել
- Ադրբեջանը քաղաքացիական օդանավերով բեռնափոխադրումներ է կատարում Թուրքիայից եւ Իսրայելից՝ օգտագործելով Վրաստանի երկինքը
- Ադրբեջանական բեռնատար օդանավերը պատերազմի օրերին թռչում են Իսրայել ու Թուրքիա
- Լիբիական օդանավը Թուրքիայի աջակցությունը վայելող Տրիպոլիից մեկնել է Բաքու
Լուսանկարում՝ պատերազմի սանձազերծումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ադրբեջանական ռազմական «Իլ-76»-ը (4K-78131) գտնվում էր ուկրաինական Լվովում. jetphotos.com/Vasia Mechanic
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել