HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

7-րդ գումարման խորհրդարանի քննարկվածներն ու քննադատվածները

Մի քանի օր ևս ու պատմություն կդառնա 7-րդ գումարման խորհրդարանը և իր գործունեությունը կսկսի 8-րդ գումարման Ազգային ժողովը: Ամփոփենք անցնող խորհրդարանի ամենաշատ քննարկված նախագծերը, միջադեպերը և իրադարձությունները:

2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով խորհրդարան անցան 3 ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

Քաղաքական մեծամասնության առաջին օրենսդրական փոփոխություններից էր «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը ամրագրվեց որպես Քաղաքացու օր՝ 2018 թվականի գարնանային իրադարձությունների համար: Կառավարությունը 124 միլիոն դրամ հատկացրեց տոնական օրվա միջոցառումների համար:

Քաղաքական մեծամասնությունը դեռևս 2019-ին օրենսդրական փոփոխությամբ բարձրացրեց նվազագույն ամսական աշխատավարձը. այն 55 հազար դրամից դարձավ 68 հազար դրամ:

«Իմ քայլի» թերևս ամենաքննադատված և քննարկված նախագծերը Սահմանադրության փոփոխության փորձերն էին՝ ՍԴ գործող կազմը փոփոխելու և մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից ազատելու մտադրությամբ:

Նախ 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակվեց Սահմանադրության փոփոխության հանրաքվե, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն չեղարկվեց, որից հետո իմքայլական մի խումբ պատգամավորներ հեղինակեցին նախագիծ, որի համաձայն՝ Հրայր Թովմասյանի` որպես ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցին, շարունակեց պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, իսկ ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորություններն առհասարակ դադարեցին:

Այս խորհրդարանը Կառավարության նախաձեռնությամբ կրճատեց նախարարությունների թիվը` դարձնելով 12: Ընդդիմությունը պնդում էր, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է նախարարությունների վերածվեն` այդ կերպ լինելով խորհրդարանական վերահսկողության ներքո: 

Խորհրդարանն ընդունեց և այս տարվա հուլիսի 1-ից արդեն գործում է Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, ըստ որի՝ քաղաքացին, տեսնելով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտում, կարող է տեսանկարահանել և հատուկ հավելվածի միջոցով ուղարկել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ՃՈ-ն վարչական պատասխանատվության կենթարկի խախտում կատարած անձին:

Խորհրդարանական երեք խմբակցությունները Կառավարության հետ համատեղ մշակեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որի համաձայն՝ սահմանվեցին մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: Արդեն ապրիլին «Իմ քայլ»-ի նախաձեռնությամբ ընդունվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու ԸՕ-ի փաթեթը, որով առաջարկվող այլ կարգավորումներ դեռևս ուժի մեջ չեն մտել:

Յոթերորդ գումարման խորհրդարանն աննախադեպ էր նաև մանդատը վայր դրած պատգամավորների քանակով: Մեծ մասամբ մանդատը վայր են դրել քաղաքական մեծամասնության ներկայացուցիցչներ՝ մի մասը այլ աշխատանքի անցնելու պատճառով, ինչպես` Արամ Խաչատրյանը, Նարեկ Մկրտչյանը, Արմեն Փամբուխչյանը, Տիգրան Ուլիխանյանը, Արգիշտի Մեխակյանը, Երջանիկ Հակոբյանը, Նարինե Խաչատուրյանը, Վահագն Թևոսյանը, Սերգեյ Ատոմյանը: Մյուս մասը մանդատը վայր է դրել թիմի հետ քաղաքական խնդիրներ ունենալու պատճառով, ինչպես` Գայանե Աբրահամյանը, Էդգար Առաքելյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Տիգրան Կարապետյանը, Վարազդատ Կարապետյանը:

Թագուհի Թովմասյանը, Սոֆիա Հովսեփյանը և Գոռ Գևորգյանը խմբակցությունից են դուրս եկել, սակայն մանդատը վայր չեն դրել, նույն կերպ է վարվել նաև Տիգրան Կարապետյանի մանդատը ստացած Աննա Գրիգորյանը:

ԸՕ-ի աշխատանքային խմբի ղեկավար Համազասպ Դանիելյանը մանդատը վայր է դրել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` հավանաբար որպես դժգոհության քայլ` իր աշխատանքային խմբի մշակած նախագծերի փաթեթն ամբողջությամբ այս ընտրություններին կյանքի չկոչելու համար:

ԼՀԿ նախկին փոխնախագահ Մանե Թանդիլյանը մանդատը վայր դրեց առողջական խնդիրների պաճառով, սակայն ամիսներ անց՝ պատերազմից հետո, նշանակվեց Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը դուրս եկավ խմբակցությունից` գործելով որպես անկախ պատգամավոր: Ութերորդ գումարման խորհադարանում նա կլինի ՔՊ-ի շարքերում: ԲՀԿ-ից դուրս եկան նաև կուսակցության նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ապա Գևորգ Պետրոսյանն ու Տիգրան Ուրիխանյանը` գործելով որպես անկախ պատգամավորներ:

Յոթերորդ գումարման խորհրդարանն իր կարճ կյանքի ընթացքում նաև մի քանի միջադեպով, միմյանց հասցեին հնչած վիրավորանքներով, նաև քաշքշուկներով ու ծեծկռտուքով կհիշվի:

Քրեական ենթամշակույթի դեմ ուղղված նախագծի քննարկմանը վիճաբանություն սկսվեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ու ԲՀԿ-ական պատգամավորների միջև, քաշքշուկին հաջորդեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգապահական տույժը` նիստերի դահլիճից չորս ԲՀԿ-ական պատգամավորի մեկ օրով հեռացնելը:

Այդ նիստի հաջորդ օրը Միրզոյանը, որպես կարգապահական տույժ, նախազգուշացում կիրառեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչու` ասելով Սիմոնյանը գիտի պատճառը: Ի դեպ, դա հաջորդել էր Էդմոն Մարուքյանին նման նկատողություն տալուն, ընդդիմադիր պատգամավորը պնդել էր, թե Միրզոյանը միակողմանի է պատգամավորներին կարգապահական տույժի ենթարկում:

Հաջորդ բանավեճի կիզակետում Ալեն Սիմոնյանն ու Էդմոն Մարուքյանն էին, օրենսդիրները միմյանց վիրավորեցին «քաղաքական տրյապկա»  և «անբարոյականի վաստակ» արտահայտություններով: Միջադեպից մեկ ժամ անց Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեց հանրությունից նման բառապաշարի համար, նույն կերպ, սակայն, Մարուքյանը չվարվեց:

Աղմկահարույց մյուս միջադեպը կապվում է Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի հետ: Կառավարության գործունեության 2019-ի զեկույցը իշխանության և ընդդիմության միջև հերթական բանավեճի առիթ դարձավ, և ահա չհավանելով Մարուքյանի բառապաշարը՝ Միքայելյանը նախ սպառնաց «ցխել» վերջինիս, ապա ապտակեց:

Հիշեցնենք, որ 2021թ․ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել երեք ուժ` «Քաղաքացիականն պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը (իրավունքի ուժով): Մի քանի կուսակցություն այժմ Սահմանադրական դատարանում վիճարկում է ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, բարձր դատարանի որոշումից հետո ԿԸՀ-ն մանդատները կբաժանի, որից հետո կհրավիրվի ԱԺ առաջին նիստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter