HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Առանձնահատուկ կարգավիճակ»՝ Եղիպատրուշ գյուղում խաղատուն կառուցելու համար

Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում կառուցվելիք լեռնային համալիրի տարածքում խաղատնային գործունեություն ծավալելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է խաղատան լիցենզիա տրամադրել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Համապատասխան օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում իրականացնում է «Մայլեռ» ներդրումային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է կառուցել լեռնային համալիր՝ ճոպանուղի, հյուրանոցներ և խաղատուն։

Ընկերությանը խաղատան լիցենզիայի տրամադրման նպատակով առաջարկվում է գանձել տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի 100 000-ապատիկի չափով, այսինքն՝ 10 միլիոն դրամ։

«Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման համար խաղատան կազմակերպման նպատակով առանձին օրենսդրական ակտով կսահմանվի առանձնահատուկ կարգավիճակ, քանի որ գործող օրենքով՝ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան և Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում։

Հիշեցնենք՝ լեռնային համալիրում խաղատուն հիմնելու հարցը բավական երկար քննարկվել է նաև կառավարության 2021թ․ հուլիսի 29-ի նիստում, որի ընթացքում էլ ներկայացվել և հաստատվել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը։ Քննարկման ընթացքում խաղատուն հիմնելու նախաձեռնությանը դեմ էր հանդես եկել ֆինանսների այն ժամանակվա նախարար Ատոմ Ջաջնջուղազյանը՝ նշելով, թե կառավարությունը պետք է կողմնորոշովի՝ առաջնորդվում է խաղային ոլորտում իր որդեգրած քաղաքականությամբ, թե համակերպվում է ներդրողների պահանջներին։

Արձագանքելով Ջանջուղազյանի դիտարկումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կարող են փոխել իրենց քաղաքականությունը և որոշել կոնկրետ ներդրումային ծրագրի առկայության դեպքում կոնկրետ վայրում խաղատան թույլտվություն տալ, ինչը և փաստորեն արվում է։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընգդծել էր, որ ընդհանուր 60 մլն դոլար ներդրումից 7 մլն դոլարն է լինելու խաղատան համար, բացի այդ Քերոբյանի խոսքով՝ Եղիպատրուշ գյուղի մոտակայքում ստեղծվելու է նոր փոքր քաղաք, որը տվյալ տարածաշրջանի զարգացման նոր հնարավարություններ է բացելու, ինչպես օրինակ՝ Ծաղկաձորի դեպքում։

2021թ․ նոյեմբերին էլ էկոնոմիկայի նախարարությունը օրինագծերի փաթեթ էր ներկայացրել, որով առաջարկում էր խաղատնային գործունեություն թույլատրել նաև Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերով ստեղծվող՝ զբոսաշրջային ուղղվածություն ունեցող հանգստի գոտիներում, և տարեկան տուրք սահմանել 15 միլիոն դրամը։ Սակայն այդ նախագիծն այդպես էլ չի ընդունվել։

Փոխարենը էկոնոմիկայի նախարարություը մշակել է նոր օրենքի նախագիծ, որով «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի համար առանձնահատուկ կարգավիճակ կսահմանի:

Կառավարության 2022թ․ փետրվարի 3-ի նիստում էլ հաստատվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագիրը, որը կնքվելու է ընկերության և էկոնոմիկայի նախարարության միջև։

Հիշեցնենք՝ այս ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության համար առաջինը չէ։ 2018 թվականին այս ընկերությունը, որն այդ ժամանակ կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, նախատեսում էր լեռնադահուկային համալիր կառուցել։ 2018 թվականի մարտի 6-ին կառավարության որոշմամբ՝ «Մայմեխ սկի ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվել էր 584 հեկտար մակերեսով տարածքում, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

Սակայն մեկուկես տարի անց՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին, կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ուժը կորցրած ճանաչվեց 2018թ․ մարտի 6-ի որոշումը, քանի որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության և պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Բացի այդ, ծրագրի իրականացմանը դեմ էին հարակից Անտառամեջ գյուղի բնակիչները։ Արդյունքում, Մայմեխ լեռան լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը այդպես էլ չիրականացավ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն (այժմ արդեն «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ») ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։

«Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter