HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 13 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 9-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

22:19

BBC-ն չորսօրյա դադարից հետո կվերսկսի անգլերենով իր հեռարձակումը Ռուսաստանից։

22:09

⚡️Unilever ընկերությունը, որը ներկայացնում է Dove, Axe, Rexona, Чистая Линия, Domestos, Cif և հանրահայտ այլ ապրանքանիշներ, դադարեցնում է ՌԴ իր արտադրանքի արտահանումը։

22:07

GQ-ն, Vogue-ը, Tatler-ը, Glamour-ը, AD-ը դադարեցնում են Ռուսաստանում հրատարակչական գործունեությունը։

21:49

⚡️McDonaldʼs-ը ժամանակավորապես փակում է Ռուսաստանում իր բոլոր ռեստորանները

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ընկերության ղեկավարությունը կշարունակի վճարել 62 000 ռուսաստանցի աշխատակիցների աշխատավարձերը, որոնք «իրենց սիրտն ու հոգին են ներդրել McDonaldʼs-ում»։

Ռուսաստանում ցանցն ունի արագ սննդի 850 ռեստորան։

21:28

LʼOreal ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանում իր ուղիղ կառավարման տակ գտնվող խանութների աշխատանքը, ինչպես նաև ռուսական շուկայում իր ներդրումները։

21:22

ՌԴ ՊՆ-ն մարտի 8-ի երեկոյան նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ։ Հիմնական մտքերը.

  • Ուկրաինայում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության տակ է անցել 2 բնակավայր,
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան Ուկրաինայում ոչնչացրել է 32 ռազմական օբյեկտ, այդ թվում սպառազինության և տեխնիկայի կենտրոնացման 23 շրջան,
  • Ընդանուր առմամբ, «հատուկ գործողության» ողջ ընթացքում, ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի 2581 ռազմական օբյեկտ։
  • «ԴԺՀ» ուժերը մեկ կիլոմետրով առաջ են շարժվել Մարիուպոլում,
  • «Հատուկ գործողության» ողջ ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական բանակի ՀՕՊ 123 զենիթահրթիռային համալիր, ներառյալ С-300, «БУК М-1» և «Оса»։

21:13

Զելենսկին դիմել է Մեծ Բրիտանիայի համայնքների պալատին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատին։

Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Բորիս Ջոնսոնին Ուկրաինային աջակցելու համար և կոչ արել ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։

21:09

⚡️Ferrari-ն դադարեցնում է Ռուսաստանի համար ավտոարտադրությունը

Իտալական Ferrari ընկերությունը որոշել է դադարեցնել ռուսական շուկայի համար ավտոարտադրությունը, ինչպես նաև հատկացնել մեկ միլիոն եվրո Ուկրաինայի բնակիչներին հումանիտար աջակցության նպատակով։

«Ferrari-ն Ուկրաինայում աջակցում է բոլոր նրանց, որոնք տուժել են այս շարունակվող հումանիտար ճգնաժամից»,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Բենեդետո Վինյան։

21:03

Մեծ Բրիտանիան 2022 թվականի ընթացքում պատրաստվում է հրաժարվել ռուսական էներգակիրներից կախվածություննից։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Վերջինիս խոսքով՝ կառավարությունը գտնվում է բիզնեսի հետ սերտ կապի մեջ, որպեսզի սպառողները չտուժեն այդպիսի որոշումից։

21:01

ՄԱԿ-ն իր աշխատակիցներին չի արգելել կիրառել որևէ բառ՝ Ուկրաինայում իրադարձությունները մեկնաբանելու ժամանակ։ Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Ըստ նրա՝ խոսքն այն մասին է, որ ցանկացած հայտարարություն պետք է համապատասխանի ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշմանը։

20:58

Conflict Intelligence Team-ը կարծում է, որ Ռուսաստանը Ուկրաինա է տեղափոխում հավելյալ ուժեր։ Գոմելի շրջանում նկատվել է զրահատեխնիկայի էշելոն, որը ժամանել էր Պսկովի մարզի Չերեխա կայարանից, որտեղ տեղակայված է 76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիայի 104-րդ գվարդիական դեսանտագրոհային գունդը։

«Էշելոնը շարժվում է արևմտյան ուղղությամբ։ Այնտեղից կարող է թեքվել դեպի Ուկրաինայի Կիևի մարզի կողմ, որտեղ շարունակվում են ծանր մարտերն ու որտեղ ռուսական օդադեսանտային ուժերը կորուստներ ունեն»։

20:54

Բայդենը, հայտարարելով ռուսական էներգակիրների ներկրման արգելքի մասին, նշեց, որ այդ որոշումն ընդունվել է ԱՄՆ դաշնակիցների հետ սերտ համագործակցության արդյունքում։ Ընդ որում, ԱՄՆ նախագահի խոսքով, Միացյալ Նահանգները հասկանում է, որ կախվածություն ունենալով ռուսական գազից և նավթից, եվրոպական երկրները նման քայլի չեն կարող գնալ։

20:51

⚡️Ջո Բայդենն արգելեց Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը։

20:32

ԱՄՆ ԿՀՎ տվյալներով՝ Ուկրաինա ներխուժելուց հետո ռուսական կողմը կորցրել է 2000-4000 զինծառայող։ Այդ մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսին։

Մինչև 4000 զոհի մասին ավելի վաղ տեղեկատվություն հրապարակել էին նաև ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Պենտագոնի իրենց աղբյուրներին։

Ուկրաինական կողմը հայտարարում է, որ ռուսական զինուժի կորուստների թիվը կազմում է մոտ 12 000` չնշելով, թե դրանցից քանիսն են զոհվել, իսկ քանիսը վիրավորվել։

Միակ անգամը, երբ ռուսական կողմը հայտնել էր զոհերի մասին, մարտի 2-ն էր։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 2-ի դրությամբ, Ուկրաինայում զոհվել է այդ երկրի զինված ուժերի 498 զինծառայող։

20:19

The New York Times-ը Ռուսաստանից դուրս է բերում իր բոլոր աշխատակիցներին՝ այդ երկրում ֆեյքերի օրենքի ընդունման պատճառով, որով քրեական պատասխանատվություն է սպառնում բոլոր այն անձանց, որոնց հրապարակումները կարող են հակասել ՌԴ պաշտոնական դիրքորոշմանը։

Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Քլիֆ Լևին, որը նախկինում գլխավորում էր ամերիկյան պարբերականի մոսկովյան բյուրոն, իսկ ներկայումս զբաղեցնում է The New York Times-ի պատասխանատու խմբագրի տեղակալի պաշտոնը։

20:04

Ռուսաստանը կարող էր դադարեցնել ՆԱՏՕ-ի և մյուս ոչ բարեկամական երկրներ նավթի ու գազի մատակարարումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Սերգեյ Ստեպաշինը։

«Բայց այսօր մենք մտածում ենք ոչ թե պետությունների, այլ կոնկրետ մարդկանց մասին։ Այդ թվում նաև Եվրոպայի մարդկանց»,- ասել է Ստեպաշինը։

19:43

ՄԱԿ-ի աշխատակիցներին, Ուկրաինայում իրադարձությունները մեկնաբանելիս, արգելվել է կիրառել «պատերազմ» և «հատուկ գործողություն» բառերը

Ինչպես գրում է The Irish Times-ը, համապատասխան ցուցումը ներառված է նամակում, որը մարտի 7-ին ուղարկվել ՄԱԿ-ի աշխատակիցներին՝ կազմակերպության հաղորդակցության բաժնի կողմից։ Պարբերականը պնդում է, որ նամակի տեքստն իր տրամադրության տակ է։

Ըստ այդ նամակի՝ «պատերազմ» և «հատուկ գործողություն» բառերի փոխարեն ՄԱԿ-ի աշխատակիցները պետք է կիրառեն «հակամարտություն» և «ռազմական գործողություն» բառերը։

ՄԱԿ-ի հաղորդակցությունների հարցերով դեպարտամենտը նաև կազմակերպության աշխատակիցներին արգելել է սոցիալական ցանցերի իրենց անձնական կամ աշխատանքային օգտահաշիվներում տեղադրել Ուկրաինայի դրոշը։ 

Նամակում նշվում է, որ ՄԱԿ-ի աշխատակիցները պարտավորվում են ցուցաբերել չեզոքություն, հակառակ դեպքում «մեծ է հեղինակության ռիսկերի հավանականությունը»։

19:36

⚡️Իրականում ինչ է ասել Վլադիմիր Զելենսկին Ղրիմի հետ կապված ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում

«Մենք չենք կարող ճանաչել, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է։ Կարծում եմ, ՌԴ-ի համար դժվար կլինի ընդունել, որ դա Ուկրաինայի տարածքն է։ Կարծում եմ, որ մենք բավարար խելացի ենք, որպեսզի այդ երկու հարցերի լուծումը չառաջացնի որևէ հեղափոխություն համայնքների ներսում, որ այդ որոշումից գոհ լինեն մարդիկ, այսինք նրանք, որոնք ապրում են այդ տարածքներում, և նրանք, որոնք ապրում են Ուկրաինայում»։

19:23

Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկում է Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ հայտարարել ԱՄՆ-ին, Թուրքիային և Ուկրաինայի հարևան պետություններին։ 

Դրա շրջանակներում Ռուսաստանից պահանջվում է, որ նա ճանաչի Ուկրաինայի պետականությունն ու տա երաշխիքներ, որ ապագայում Մոսկվան չի սպառնա Ուկրաինային։

19:16

Ուկրաինայի Զապորոժյեի մարզի իշխանությունները, հղում անելով այդ երկրի Անվտանգության ծառայությանը, հրապարակել են թռուցիկներ, որը, ինչպես նշվում է, Բերդյանսկում տարածում են ռուսական իշխանությունները։ Այնտեղ մասնավորապես նշվում է.

«Մեր ընդհանուր խնդիրն իշխանության պետական մարմինների, արդյունաբերության և բիզնեսի նորմալ աշխատանքի վերականգնումն է, հանրաքվեի անցկացումն ու Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միավորման պայմանների ստեղծումը»։

19:06

Եվրոպական հանձնաժողովը առաջիկայում պատրաստվում է Ուկրաինային միացնել ԵՄ էներգացանցին։ Այդ մասին հայտարարել են ԵՄ իշխանությունները։

18:54

Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը, Ուկրաինայում առկա իրավիճակի պատճառով, դադարեցնում է Ռուսաստանի դիտորդ երկրի կարգավիճակը։

18:26

Այսօր Կիևի մարզի Իրպեն քաղաքի բնակիչները փորձում են լքել քաղաքը, որն արդեն մի քանի օր շարունակ հրթիռակոծվում է։

18:21

Վաղվանից Ուկրաինայի կենտրոնական և արևելյան շրջաններում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում։ Խարկովում և Կիևում կլինի -13-20 աստիճան։

Եղանակի ցրտելը կարող է լրջորեն բարդացնել հարյուր հազարավոր մարդկանց վիճակը, որոնք ներկայում մնացել են առանց տանիքի ու էլեկտրականության։

18:18

Մարիուպոլ։ Ուկրաինացի լրագրող Եվգենյա Մալոլետկայի լուսանկարները։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Evgeniy Maloletka (@evgenymaloletka)

18:17

⚡️General Electric-ը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ 

Բացառություն է կազմում անհրաժեշտ բուժօգնության տրամադրումն ու գործող էներգետիկ ծառայություններին աջակցությունը։

18:10

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի վրա է բարդել հումանիտար միջանցքների տապալման պատասխանատվությունը։

  • Առաջարկվող տարհանման տասը երթուղուց Կիևը հաստատել է միայն մեկը՝ Սումիից Պոլտավայի միջոցով դեպի Լեհաստանի սահման։
  • Ուկրաինայի իշխանությունները կտրականապես մերժում են դեպի ՌԴ տարածք տարհանման երթուղիները։ Դեպի ՌԴ ելքի ցանկացած փորձ «կոպտորեն կանխվում է ազգայնականների կողմից»։
  • Ավելի քան 2,5 միլիոն ուկրաինացի դիմել է Ռուսաստան տարհանվելու համար:
  • Ռուսաստանը, առանց Կիևի մասնակցության, Ուկրաինայի տարբեր շրջաններից, «ԴժՀ»-ից և «ԼԺՀ»-ից մեկ օրվա ընթացքում տարհանել է 5334 մարդու։
  • Տարածքային պաշտպանության գումարտակները «գերի են պահում 4,5 միլիոն մարդու՝ նրանց օգտագործելով որպես կենդանի վահան»։
  • Ուկրաինացի սահմանապահները, սահմանի անխոչընդոտ հատման համար, «կաշառք են պահանջում տարհանվածներից` 1500-5000 դոլարի չափով»։ 

17:59

Պուտինը ստորագրել է հակաճգնաժամային միջոցների օրենքը։ Ըստ այդմ՝ 

  • Կառավարությունը կարող է անցկացնել կենսաթոշակի լրացուցիչ ինդեքսավորում,
  • Հեշտացվում է դեղամիջոցների գնման գործընթացը,
  • Կառավարությունն իրավունք է ստանում ուղղել ռուսաստանցիների համար բուհեր ընդունելության կարգը, որոնք ստիպված են եղել արտասահմանում ընդհատել ուսումը,
  • Մինչև տարեվերջ չեղարկվում են փոքր և միջին բիզնեսի ու ՏՏ ընկերությունների ստուգումները,
  • Հեշտացվում են պետական գնումների գործընթացն ու պայմանները։

Փաստաթուղթը մշակվել է կառավարության կողմից պատերազմից հետո և մարտի 4-ին ընդունվել խորհրդարանի կողմից։

17:44

⚡️Գերմանիայի կանցլերի գրասենյակ. Շոլցը, Մակրոնը և Սի Ցզինպինը պայմանավորվել են աջակցել բանակցություններին, որոնք կմոտեցնեն Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական լուծմանը։

17:42

⚡️Սպիտակ տուն. Ջո Բայդենն այսօր կազդարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները։

17:33

KFC-ն և Pizza Hut-ը հայտարարել են, որ դադարեցնում են Ռուսաստանում ներդրումները, իսկ եկամուտներն ուղղում մարդասիրական նպատակների իրականացմանը։

17:31

Խարկով է ժամանել NLAW նռնականետերի խմբաքանակը։

17:29

Ուկրաինական կողմը հրապարակել է Bayraktar TB-2-ով ռուսական Бук-М2 զենիթահրթիռային համալիրի խոցման կադրերը։

17:25

⚡️Bloomberg. ԱՄՆ-ն մարտի 8-ին մտադիր է արգելք դնել ռուսական նավթի ներկրմանը։

17:20

Կայացել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հեռախոսազրույցը։ Կողմերը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը և պաշտպանական ոլորտում երկու երկրի համագործակցությունը։ Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

17:11

Ռուսաստանի ԱԻՆ շարասյուները 430 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակչությանը։

16:53

Կիևն Իրպենին կապող կամուրջը, մարտի 8, 2022 թվական

16:17

ՌԴ պատվիրակության ելույթի ժամանակ, ԵՄ պատվիրակությունը լքել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության նիստը

Եվրամիության պատվիրակությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպության նիստի ժամանակ լքել է նիստերի դահլիճը, երբ ելույթ է ունեցել ռուսական պատվիրակությունը։ Այդ մասին գրել է Նիդերլանդներում Ֆրանսիայի դեսպան Լյուիս Վասին։

«Ռուսական պատվիրակությունը խոսում է մեր «ցինիզմի մասին», չնայած իրականում հերքում Ուկրաինայի և մյուս հարցերի վերաբերյալ հիմնական փաստերը, որոնցով զբաղվում է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (Սիրիա, Նավալնի)»,- գրել է դիվանագետը։

16:12

Հակասական հաղորդագրություններ են ստացվում Սումիից բնակիչների տարհանման վերաբերյալ։ Տեղական ժամանակով 13:00-ին մոտ (Երևանի ժամանակով 15:00-ին) հումանիտար միջանցքի շրջանում տեղի է ունեցել մարտ, որից հետո ուկրաինացի պաշտոնյաներն սկսել են խոսել տարհանման տապալման մասին։

«Украина 24» հեռուստաընկերությունը հայտնում է, որ Սումիի ռազմական վարչակազմի տեղեկատվությամբ, Սումիից Պոլտավա հումանիտար միջանցքը շարունակում է գործել, ճանապարհին հանգիստ իրավիճակ է։ Վարչակազմում նշել են, որ պայթյուններն ու հրաձգությունը քաոսային են եղել, և որպես այդպիսին մարտ չի եղել։

Ընդ որում, УНИАН-ը հայտնում է, որ քաղաքից դուրս շարունակվում է մարտը, իսկ Պոլտավայից Սումի ժամանած ավտոբուսներին ուղարկում են տեղական դեպո։

16:03

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական զորքերը թույլ չեն տվել Մարիուպոլից տարհանել կանանց, երեխաներին և ծերերին։ «Թշնամին հարձակում է սկսել հումանիտար միջանցքի ուղղությամբ»,- հայտնել են ուկրաինական զինծառայողները։

Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ տարհանմանը խոչընդոտում են ուկրաինական ուժերը։

15:59

BP ընկերությունը, Shell-ից անմիջապես հետո, հայտարարել է Ռուսաստանից նավթի ու գազի գնման հրաժարման մասին։

15:52

Ուկրաինայի նախագահի գրասենյակ. «Վերջնագրեր չենք ընդունի»

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանը սխալ է գործել Ուկրաինայի հետ բանակցություններում՝ պատերազմի ավարտի վերաբերյալ վերջնագրեր ներկայացնելով։

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան ռուսական ճանաչի Ղրիմը, ընդունի «ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի» անկախությունը, ինչպես նաև սահմանադրության մեջ փոփոխություններ անի։

«Պարզ է, որ մենք որևէ վերջնագիր չենք ընդունի, ինչին էլ որ դա վերաբերի։ Մեր հետևում իրավամբ տասնյակ միլիոնավոր ուկրաինացիներ կան։ Եվ դժվար թե Մոսկվայի ինչ-որ վերջնագրերի հետևում տասնյակ միլիոնավոր ռուսաստանցիներ լինեն։ Դրանք միայն քարոզչական միֆեր են։ Մեր դիրքորոշումը պարզ է։ Բանակցությունները պետք է լինեն իրական և ադեկվատ։ Դա դրանց ավելի առարկայական կդարձնի։ Իսկ առարկայական բանակցությունները վերջնագրային տոնայնություն չեն ընդունում։ Որքան արագ ռուսական կողմը դրա հետ համաձայնի, այնքան քիչ կորուստներ կունենա, առաջին հերթին նաև Ռուսաստանը՝ այս պատերազմից հետո»,- ասել է Միխայիլ Պոդոլյակը։

15:34

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն զգուշացրել է, որ բոլոր «իրավապահները և պետական ծառայողները, որոնք գրավված տարածքներում կօգնեն թշնամուն, պատասխանատվություն կկրեն»։

«Հետաքննությունների պետական բյուրոն, իրավապահ մյուս մարմինների հետ փոխգործակցության արդյունքում, գրանցում է պաշտոնյաների և իրավապահների կողմից ագրեսորին օգնության բոլոր փաստերը»,- նշել են ուկրաինական գերատեսչությունում՝ հավելելով, որ այդպիսի դեպքերը քիչ են։

15:22

⚡️Մարիուպոլի տարհանման միջանցքը գնդակոծվում է

BBC-ն հաղորդագրություններ է ստանում այն մասին, որ ռուսական զորքերի կողմից շրջափակված Մարիուպոլից տարհանման ճանապարհը սկսել է գնդակոծվել։

Ուկրաինայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ ռուսական զորքերը սկսել են գնդակոծել Մարիուպոլի և Զապորոժյեի միջև հումանիտար միջանցքը։ Նրա խոսքով՝ 8 բեռնատար և 30 ավտոբուս գտնվում է դեպի քաղաք հումանիտար օգնության առաքման ճանապարհին, որից հետո նրանք կիրականացնեն տարհանումը։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքից խաղաղ բնակչության տարհանմանը խոչընդոտում են ուկրաինացի զինվորականները։

15:13

Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում, որն անցել է ռուսական վերահսկողության տակ, ուկրաինացիները դրոշներով բողոքի ցույց են անցկացրել։

14:54

ՄԱԿ. 2 միլիոն մարդ լքել է Ուկրաինան

Ուկրաինայից դուրս եկած փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը։ Այդ մասին BBC-ին հայտնել են ՄԱԿ-ից։

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին Ուկրաինայից մարդկանց զանգվածային դուրս գալն անվանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում փախստականների ամենաարագ աճող ճգնաժամը։

14:51

Գերմանիան սկսել է ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննությունը

Գերմանիայի գլխավոր դատախազությունը սկսել է ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննությունը։ Այդ մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Ավելի վաղ, Ռուսաստանի կողմից կասետային ռումբերի հնարավոր կիրառման մասին խոսել էին իրավապաշտպան կազմակերպություններն ու փորձագետները։ Այդ մասին հայտարարել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

Բացի այդ, գերմանական դատախազությունը կհետաքննի նաև բնակելի թաղամասերի վրա հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքների, գազամուղների ու ջերմաէլեկտրակայանների վրա հարձակումները։ Այդպիսի հետաքննության նպատակը ուղղակի և անուղղակի հանցանշանների հայտնաբերումն է։

14:43

Shell-ը հրաժարվել է ռուսական նավթից ու գազից

Բրիտանական նավթագազային Shell ընկերությունը հայտարարել է, որ դուրս է գալիս ռուսական նավթագազային ճյուղի նախագծերից, անմիջապես կդադարեցնի ռուսական հում նավթի ողջ գնումը, ինչպես նաև կփակի իր ծառայությունների մատուցման կայանները, Ռուսաստանում ավիացիոն վառելիքի ու քսանյութերի արտադրությունը։

14:38

Խարկովի հյուսիս-արևելքում գտնվող Սալտովկա շրջանում պայթյուններ են հնչել։

14:32

Մարտի 9-ից «Эхо Москвы»-ի հաճախականությամբ կհեռարձակվի Sputnik ռադիոկայանը։ Այդ մասին հայտարարել է RT հեռուստաընկերության, «Россия сегодня» և Sputnik գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Ուղղվել է պատմական անարդարությունը, որ Ռուսաստանում ամենահղվող ռադիոկայանը մինչ օրս չունի FM-հաճախականություն»,- հայտարարել է Սիմոնյանը։

14:27

«Ինչպիսին պատերազմն է, այնպիսին էլ գարունն է». Վլադիմիր Զելենսկին Կիևից նոր տեսանյութ է հրապարակել

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Володимир Зеленський (@zelenskiy_official)

14:23

Մոսկվայում Իռլանդիայի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ այն բանից հետո, երբ Դուբլինում ՌԴ դեսպանության դարպասների մեջ բեռնատար էր մխրճվել։ Ռուսական դիվանագետները փոխանցել են բողոքի նոտան և պահանջել փոխհատուցել վնասն ու պաշտոնապես ներողություն խնդրել։

14:18

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտնել է, որ գործել է Մարիուպոլից Զապորոժյե հումանիտար միջանցքը, որը կծառայի Մարիուպոլ քաղաքի բնակչության տարհանմանը։

14:11

Մոտ 20 րոպե առաջ Ուկրաինայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կիևում, Խարկովում, Չեռնիգովում, Վինիցայում միացվել են օդային տագնապի ազդանշանները։

14:07

Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել։ Հիմնական մտքերը.

  • Վերջին 30 տարվա ընթացքում Ռուսաստանը չի կորցրել այդքան ավիացիոն տեխնիկա, ինչքան վերջին 13 օրվա ընթացքում,
  • Ուկրաինայում ավիահարվածներից յուրաքանչյուր մահվան մեղքը ընկած է Ռուսաստանի վրա։ Բայց դրա համար պատասխանատվություն է կրում նաև Արևմուտքը, որը չի կարող ոչ թռիչքային գոտի ապահովել Ուկրաինայում,
  • Արգելափակված քաղաքներից ուկրաինացիների դուրսբերման հումանիտար միջանցքները դեռևս չեն գործել,
  • Մարիուպոլում երեխան մահացել է ջրազրկումից։

14:02

Մարիուպոլի ուղղությամբ շարժվում է հումանիտար շարասյունը։

13:44

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, 2009-2013 թվականներին Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրվսկիսը Politico-ին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է կանգ չառնել Ուկրաինայում և ՆԱՏՕ-ին մարտահրավեր նետել Բալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում։

«Եթե մենք չաջակցենք Ուկրաինային, ապա Ուկրաինայով գործը չի կանգնի։ Պարզ է, որ Պուտինը հիմա մտադիր է ագրեսիվ պատերազմի և, ցավոք, միանգամայն հավանական է, որ այդ ագրեսիան կշարունակվի և այլ երկրներում»,- ասել է Դոմբրովսկիսը։

13:37

Cloudflare ընկերությունը հրաժարվել է ամբողջությամբ դուրս գալ Ռուսաստանից։ 

13:29

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն. Ռուսաստանն առաջ չի շարժվում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը BBC-ին տված հարցազրույցում գնահատական է տվել Ուկրաինայում ռուսական զորքերի ընթացիկ դիրքերին։

«Ռուսաստանը դեռ առաջ չի կարողանում գնալ, հիմա պատերազմի 13-րդ օրն է։ Կիևից հյուսիս գտնվող շարասյունը, որի մասին մենք խոսում էինք, դեռ իր տեղում կանգնած է։ Կարծես, այն իրոք կանգնել է և չի շարժվում»,- ասել է Ուոլեսը։

Բրիտանացի նախարարը նշել է, որ Վլադիմիր Պուտինի ստորաբաժանումները «ավելի շատ են ընկնում հուսահատության մեջ և ուղղակի կրկնապատկում են դաժանությունը»։

13:24

Ուկրաինացիների 78 %-ը հավատում է պատերազմում Ուկրաինայի հաղթանակին, ևս 19 %-ը կարծում, որ կհաղթի Ռուսաստանը։ Նման արդյունքներ է ցույց տվել սոցիոլոգիական հետազոտությունը, որն իրականացվել է «Սոցիալական մոնիթորինգ» կենտրոնի, Կոգնիտիվ մոդելավորման ինստիտուտի և «Առաջին վարկանիշային համակարգ» գործակալության կողմից։

Համաձայն այդ հետազոտության, պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ վստահության մակարդակն էականորեն աճել է և դարձել շուրջ 75 %։

13:12

Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար. Ռուսական զինուժը դանդաղեցրել է հարձակումը

Ռուսական զինծառայողները դանդաղեցրել են Խարկովի մարզում հարձակումը։ Այդ մասին հայտարարել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Մենք մեր դիրքերը պահում ենք։ Վերջին մի քանի օրերի ընթացքում թշնամու մարտական ստորաբաժանումների և դիվերսիոն-հետախուզական խմբերի դեպի քաղաք առաջընթաց չի եղել»,- հայտնել է Սինեգուբովը։

Նրա խոսքով՝ Խարկովից արդեն տարհանվել է ավելի քան 600 000 հազար մարդ։ Սակայն իրավիճակը շարունակում է ծանր մնալ Խարկովի մարզի Իզյում քաղաքում։

«Ռուսական զորքերը փորձում էին գրավել քաղաքը, մենք պաշտպանեցինք։ Բայց ռուսական բռնազավթիչը շարունակում է պաշարել քաղաքը՝ խոչընդոտելով այնտեղ հումանիտար բեռների առաքմանն ու բնակչության տարհանմանը»,- գրել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավարը։

13:06

Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հետաքննություն իրականացնել Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում բեռնատարով ռուսական դեսպանության դարպասների մեջ մխրճվելու փաստով։ Պատահարի արդյունքում ոչ ոք չէր տուժել։

Բաստրիկինը հանձնարարել է իրավական գնահատական տալ բեռնատարի վարորդի գործողությանը՝ միջազգային պաշտպանության տակ գտնվող հաստատության վրա հարձակման հոդվածով։

12:59

Աշխարհի առաջատար վճարային համակարգերից մեկը՝ JCB-ն դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում

Ընկերությունում հայտնել են, որ Ռուսաստանում թողարկված JCB քարտերը չեն գործի արտասահմանում, իսկ այլ երկրներում թողարկված քարտերը՝ չեն գործի Ռուսաստանում։

«Մենք ցավում ենք ցանկացած անհարմարության համար, որոնք կարող ենք հասցնել մեր հաճախորդներին և գործընկերներին։ Միջազգային հանրության հետ միասին մենք հույս ունենք, որ Ուկրաինայում խաղաղությունն ու կայունությունը առաջիկայում կվերականգնվի»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ։ 

Նախատեսվում է, որ ընկերությունն իր աշխատանքը Ռուսաստանում կդադարեցնի մարտի 14-ից։

12:51

Կիևի մարզի Իրպեն քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը հայտարարել է, որ մարտի 7-ի երեկոյան «ռուսական կողմից հաղորդագրություն է ստացել, որտեղ սպառնալիք կա իր կյանքի ու առողջության համար և փաստացի պահանջվում է հանձնել Իրպեն քաղաքը»։ Նա հրապարակել է Whatsapp-ի հաղորդագրության սքրինշոթը, որն ուղարկվել է ռուսական համարից։ Հաղորդագրության մեջ նշվում է.

«Հարգելի՛ Ալեքսանդր, դուք հնարավորություն ունեք փրկելու ձեր կյանքն ու առողջությունը, իսկ հնարավոր է, որ բարելավեք նաև ձեր նյութական դրությունը։ Եթե առաջարկությունը հետաքրքրեց, պատասխան նամակով + դրեք։ Առաջարկի գործողության ժամկետը 24 ժամ է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Թե ով է Մարկուշինին նման հաղորդագրություն ուղարկել, պարզ չէ։ Նա կարծում է, որ առաջարկն ստացվել է ռուսական կողմից։ Մարտի 8-ի առավոտյան, ի պատասխան հաղորդագրության, Իրպենի քաղաքապետը մինուս է ուղարկել, ինչպես նաև ֆեյսբուքյան իր էջի միջոցով պահանջել, որ ռուսական զորքերը լքեն Իրպենը։

12:47

Սկսվել է Սումիից Պոլտավա տարհանման առաջին փուլը։

12:37

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտարարել է, որ Կիևը Մոսկվային ու Կարմիր Խաչին է ներկայացրել Կիևից, Խարկովից, Մարիուպոլից և Վոլնովախայից տարհանման հումանիտար միջանցքների իր երթուղիները։ 

Ավելի վաղ, Ռուսաստանն առաջարկել էր տարբերակներ, որոնք ենթադրում են այդ քաղաքների բնակչության տարհանում դեպի Բելառուս և Ռուսաստան։ Ուկրաինական կողմը հանդես է եկել նրա օգտին, որ մարդիկ տարհանվեն դեպի Ուկրաինայի տարածք։

12:32

Ավստրալական Ampol և Viva Energy ընկերությունները հայտարարել են ռուսական նավթի գնումից հրաժարվելու մասին։

12:22

Ըստ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի տվյալների՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է 1,7 միլիոն մարդ, հիմնականում կանայք և երեխաներ։

12:12

Ուկրաինայի ԳՇ-ի առավոտյան թարմացումը։

  • ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները, սակայն զորքերի տեղաշարժը էականորեն դանդաղել է,
  • ընթանում է Չեռնիգով քաղաքի պաշտպանությունը,
  • շարունակվում է Կիևի պաշտպանությունը, 
  • պաշտպանական մարտեր են ընթանում Նիկոլաևի արվարձանում,
  • ռուսական զորքերը բարոյալքված են և հաճախ են դիմում կողոպուտի ու տեղացիների նկատմամբ բռնության,
  • զբաղեցրած տարածքներում գործում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։

Ուշադրությո՛ւն, հակամարտության այս կամ այն կողմի տրամադրած տեղեկատվությունը պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել։

12:07

Վլադիմիր Զելենսկին The New Yorker-ի նոր շապիկին։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by The New Yorker (@newyorkermag)

11:59

Ուկրաինայի կառավարության որոշմամբ՝ ռազմական դրության պայմաններում զինծառայողների հետ ամուսնության գրանցումը կարող է տեղի ունենալ առանց նրանց անձնական ներկայության։ Դա տարածվում է ամուսնության գրանցման այն դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել փետրվարի 24-ից հետո։

11:53

Սումիի բնակելի շենքերի ուղղությամբ ավիահարվածների պատճառով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը։ Մարտի 7-ի երեկոյան ավիացիան հարվածներ էր հասցրել Ռոմենսկայա և Սպարտակի փողոցներում գտնվող բնակելի շենքերին։ Մարտի 8-ի գիշերը և երեկոյան Սումի շրջանում ևս պայթյուններ էին եղել։

11:44

ՌԴ ՊՆ առավոտյան թարմացումը։

  • Հումանիտար միջանցքներ են բացվում Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից։ Մոսկվայի ժամանակով 10:00-ից կգործի լռության ժամը,
  • Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ուժերը վերահսկողություն են սահմանել Մարիուպոլի Օսավիախիմ թաղամասի նկատմամբ,
  • Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ուժերը վերահսկողություն են սահմանել 8 բնակավայրի նկատմամբ։
  • Վերջին մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է 158 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ շարքից հանվել է Ժիտոմիրի Օզյորնոյե շրջանում գտնվող օդակայանը,
  • Ռուսական կործանիչները խոցել են երկու МиГ-29 և մեկ СУ-27 ինքնաթիռ,
  • «Հատուկ գործողության ժամանակ» ընդհանուր առմամբ ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 2482 օբյեկտ։

Ուշադրությո՛ւն, հակամարտության այս կամ այն կողմի տրամադրած տեղեկատվությունը պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել։

11:38

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայի ժամանակով 10:00-ից (Երևանի ժամանակով 11:00-ից) լռության ռեժիմ է հայտարարել, որպեսզի Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից հումանիտար միջանցք բացվի և տարհանվի խաղաղ բնակչությունը։

11:34

Վլադիմիր Զելենսկին հարցազրույց է տվել ամերիկյան ABC հեռուստաընկերությանը։ Հիմնական մտքերը.

  • «Ժողովուրդը, որն ընտրել է ինձ, պատրաստ չէ կապիտուլյացիայի, մենք պատրաստ չենք վերջնագրերի»,
  • «Ոչ թռիչքային գոտին անհրաժեշտ է, որպեսզի խոցվեն հրթիռները։ Ես այդ մասին ասել եմ Բայդենին։ ԱՄՆ նախագահը կարող է ավելին անել»,
  • «Պուտինը գտնվում է տեղեկատվական պղպջակի մեջ։ Նա կարող է ինքն ավարտել պատերազմը, որը սկսել է»,
  • «Ապանացիֆիկացումը, որն առաջարկում է Պուտինը, ազգի ոչնչացում է, նացիզմ է»։

11:24

Ուկրաինայի ԳՇ-ն պնդում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական զինուժի անձնակազմի կորուստները գերազանցել են 12 հազարը։ Վերջին օրերին ռուսական կողմը անձնակազմի կորստի թարմ տվյալներ չի հրապարակել։ Վերջին անգամ ռուսները մարտի 2-ին էին հայտարարել 498 զոհի և 1597 վիրավորի մասին։

11:13

Ուկրաինան մարտի 8-ին պատրաստ է ապահովել Սումիից Պոլտավա հումանիտար միջանցքով շարժը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։

Ուկրաինական զինծառայողները լռության ռեժիմ են սահմանել Կիևի ժամանակով 09:00-21:00-ն (Երևանի ժամանակով՝ 11:00-ից 23:00-ն)։ Հումանիտար միջանցքով շարժը սկսվել է Կիևի ժամանակով 10:00-ից (Երևանի ժամանակով 12։00-ից)։

11:00

Ի՞նչ է կատարվել մարտի 8-ի գիշերը՝ հակիրճ.

  • Ճապոնիան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են նաև Ալիշեր Ուսմանովը, Ռոտենբերգները, Գենադի Տիմչենկոն, Դմիտրի Կոզակը, Սերգեյ Կիրիենկոն և Դմիտրի Պեսկովը,
  • Ավստրալիան հայտարարել է պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին, սակայն դեռևս չի հրապարակել նոր մասնակիցների անունները,
  • Սումի քաղաքի իշխանությունները հայտարարել են հրթիռակոծման մասին, որի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ,
  • OBI շինարարական հիպերմարկետների ցանցը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում,
  • Ռուսաստանից հեռանում է կոսմետիկայի և օծանելիքի Estee Lauder արտադրողը,
  • Զելենսկին հետ է կանչել բոլոր այն խաղաղապահներին, որոնք Ուկրաինայի սահմաններից դուրս մասնակցում են խաղաղապահ առաքելություններին,
  • Ուկրաինական կողմը հայտարարել է Խարկովի ուղղությամբ ռուս գեներալ-մայոր Վիտալի Գերասիմովի զոհվելու մասին։ Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել,
  • YouTube-ը արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի ալիքը,
  • Procter&Gamble-ը հրաժարվում է Ռուսաստանում ներդրումներից և կրճատում իր արտադրանքի տեսականին ռուսական շուկայում։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Պատերազմի առաջին օրվա իրադարձություններին կարող եք ծանոթանալ այստեղ, երկրորդ օրվա իրադարձություններին՝ այստեղ, երրորդ օր՝ այստեղ, չորրորդ օր՝ այստեղ, հինգերորդ օր՝ այստեղ, վեցերորդ օր՝ այստեղ, յոթերորդ օր՝ այստեղ, ութերորդ օր՝ այստեղ, իններորդ օր՝ այստեղ, տասներորդ օր՝ այստեղ, տասնմեկերորդ օր՝ այստեղ, տասներկուերորդ օր՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter