HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սերժիկ և Էլլա Վարդանյանների ճակատագրական առավոտը Հադրութում

Ամուսիններ Սերժիկ և Էլլա Վարդանյանները 2020-ի հոկտեմբերի 10-ի առավոտյան Հադրութի իրենց տանը սպասում էին տարհանող մեքենային, սակայն այլևս անհնար է եղել մոտենալ նրանց տանը։ Ադրբեջանցիները շատ մոտ էին, նրանց տունը` ուղիղ նշանառության տակ։ Հենց հոկտեմբերի 10-ին էլ Արցախի Հադրութ քաղաքը հայտնվեց Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, իսկ քաղաքը գրաված զինծառայողները գնդակահարեցին 71-ամյա Սերժիկ Վարդանյանին և 68-ամյա Էլլա Վարդանյանին։

Սերժիկ Վարդանյանը ծնվել է 1949 թվականին, Էլլա Վարդանյանը՝ 1952-ին։ Նրանք իրենց որդու՝ Նվերի հետ ապրում էին Հադրութ քաղաքում։ Սերժիկ և Էլլա Վարդանյանները թոշակառուներ էին, իսկ Նվերը խանութներից մեկում բանվոր էր աշխատում։ Տարիներ առաջ Սերժիկ Վարդանյանի ձախ ոտքը փտախտի (գանգրենա) հետեւանքով անդամահատվել էր, նա տեղաշարժվում էր անվասայլակով, բացի այդ` շաքարային դիաբետ ուներ։ Էլլա Վարդանյանն էլ սրտային հիվանդություն ուներ։ 

Վարդանյանների որդին՝ Նվերը, «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ 2020-ի պատերազմի սկսվելուց օրեր առաջ Ստեփանակերտում հորը ճողվածքի վիրահատություն են արել։ Սեպտեմբերի 28-ին բժիշկը զանգահարել է Նվերին, ասել, որ գա հորը տուն տանի։ Նույն օրը Նվերը Սերժիկ Վարդանյանին բերել է Հադրութ, իսկ ինքը պահեստազորի կազմում մեկնել Հադրութի դիրքեր։

Նվեր Վարդանյանը հոկտեմբերի 6-ին հրազենային վիրավորում է ստացել։ Նրան տեղափոխել են նախ Ջաբրայիլի զինվորական հոսպիտալ, ապա` Ստեփանակերտ։ 

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը «Հետքին» պատմել է, որ հոկտեմբերի 8-ին հեռախոսով զրուցել է Էլլա Վարդանյանի հետ, ասել է, որ ավտոմեքենա է ուղարկում նրանց հետևից, թող պատրաստվեն, որ դուրս գան քաղաքից։

«Կինն ասեց՝ դեռ պատրաստ չենք, թո՛ղ պատրաստվենք։ Հենց ավելի շուտ պատրաստ լինենք, մենք կզանգենք, ավտոն կուղարկեք։ Ամսի 9-ին ասել եմ, քաղաքում մնացած բնակիչները եկել են վարչակազմի շենք, իրենց հարևաններից էլ մի քանի հոգի կային, բայց իրենք չկային։ Նորից զանգեցի իրենց, կինը ասեց, որ վաղը առավոտ պատրաստ կլինեն, թող ավտոն գա։ Դե էլ ո՞վ իմանար, թե վաղը առավոտ ինչ կլինի, ամսի 10-ին էլ հնարավոր չէր իրենց հանելը: Տունը ձորի մոտ էր, թուրքերը հենց էդ կողմով էին մտել»,- հիշում է Հադրութի քաղաքապետը։ Վերջինս նույնպես հոկտեմբերի 10-ին վիրավորվել է և քաղաքում մնացած մյուս բնակիչների հետ տարհանվել։

Նվեր Վարդանյանը պատմում է, որ պատերազմի ավարտից հետո Հադրութում որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարներն ու ռուս խաղաղապահները չեն կարողացել հայտնաբերել ծնողների աճյունները։ Նվերը խնդրել է, որ իրեն թույլ տան մասնակցել որոնողական աշխատանքներին։ 2021թ․ հունվարի 4-ին փրկարարական խմբի հետ նա գնացել է Հադրութ։ Իրենց տան բակում հայտնաբերել են Սերժիկ Վարդանյանի աճյունը՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով, իսկ հարևանի՝ Ելենա Հակոբյանի տան բակում հայտնաբերել են Էլլա Վարդանյանի (նույնպես կրծքավանդակի հրազենային վնասվածքով) և Ելենա Հակոբյանի աճյունները։ 

Սերժիկ և Էլլա Վարդանյաններին հուղարկավորել են 2021-ի հունվարի 18-ին, Ստեփանակերտում։


Գլխավոր լուսանկարում՝ Հադրութ քաղաքը, 02․10․2020 / © Հետք

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter