HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Խաղատուն Ապարանի Եղիպատրուշ գյուղում․ կառավարությունն ընդունեց լիցենզիայի նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ին խաղատան լիցենզիա տրամադրելու օրենքի նախագծին։ Հարցն ընդգրկված էր նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ Հիշեցնենք՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերությունը նախատեսում է Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում լեռադահուկային համալիր կառուցել, որի մեջ ցանկանում է նաև խաղատուն հիմնել։

Այս ընկերությանը խաղատան լիցենզիա տրամադրելու համար էկոնոմիկայի նախարարությունը նոր օրենք և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծ է մշակել։

Գործող օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան և Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում։ Այժմ էկոնոմիկայի նախարարությունը լրացրել է «ա» ենթակետը՝ խաղատնային գործունեություն թույլատրելով նաև Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերով ստեղծվող՝ զբոսաշրջային ուղղվածություն ունեցող հանգստի գոտիներում, ինչպիսին «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» ներդրումային ծրագիրն է։

Ի սկզբանե նախատեսվում էր լրացում կատարել նաև «Պետական տուրքի մասին» օրենքում և զբոսաշրջային ուղղվածություն ունեցող հանգստի գոտիներում հիմնվող խաղատների համար տարեկան պետական տուրք սահմանել 150 միլիոն դրամը, սակայն այսօր կառավարության հավանությանն արժանացած նախագծով սահմանվում է, որ տարեկան պետական տուրքը կլինի 100 միլիոն դրամ, ինչպես Ջերմուկ քաղաքի դեպքում։

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» ներդրումային ծրարգրի ընդհանուր արժեքը 30 միլիարդ դրամ է, ընկերությունը նախատեսում է ստեղծել 1500 մշտական աշխատատեղ՝ ամսական 180 հազար դրամ միջին աշխատավարձով։ Լեռնային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը հաստատվել է կառավարության՝ 2021թ․ հուլիսի 29-ի նիստում, որի ընթացքում խաղատուն հիմնելու հետ կապված հարցի շուրջ միմիյանց միջև անհամաձայնություններ ունեցան Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ֆինանսների այն ժամանակվա նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Վերջինիս մտահոգությունն այն էր, որ կառավարությունը շեղվում է խաղատնային ոլորտում իր որդեգրած քաղաքականությունից։

Կառավարության 2022թ․ փետրվարի 3-ի նիստում էլ կառավարությունը հաստատեց լեռնային համալիրի կառուցման ժամանակացույցը, ըստ որի լեռնային համալիրն ամբողջությամբ պատրաստ կլինի 2027 թվականի երկրորդ կիսամյակում, սակայն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցի զեկուցման ժամանակ հայտնեց, որ թե՛ ներդրողը, թե՛ էկոնոմիկայի նախարարությունը անելու են ամեն ինչ, որպեսզի լեռնային համալիրը 2023 թվականից սկսի աշխատել։

Բացի այդ, էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ այս տարվա փետրվարի 3-ին կայացած հայ-ավստրիական բիզնես-ֆորումի շրջանակներում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի և ճոպանուղիներ կառուցող ավստրիական «Դոպելմայեր» ընկերության միջև կնքվել է պայմանագիր՝ լեռնային համալիրում ճոպանուղի կառուցելու վերաբերյալ։ Պայմանագրի արժեքը էկոնոմիկայի նախարարի փոխանցմամբ՝ կազմել է 24 միլիոն եվրո։

Հարկ է նշել, որ կառավարության հավանությանն արժանացած այսօրվա նախագծերը դեռևս պետք է ներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը և միայն օրենսդիրի ընդունելուց հետո դրանք օրինական ուժ կստանան։

Հիշեցնենք՝ այս ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության համար առաջինը չէ։ 2018 թվականին այս ընկերությունը, որն այդ ժամանակ կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, նախատեսում էր լեռնադահուկային համալիր կառուցել։ 2018 թվականի մարտի 6-ին կառավարության որոշմամբ՝ «Մայմեխ սկի ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվել էր 584 հեկտար մակերեսով տարածքում, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

Սակայն մեկուկես տարի անց՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին, կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ուժը կորցրած ճանաչվեց 2018թ․ մարտի 6-ի որոշումը, քանի որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության և պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Բացի այդ, ծրագրի իրականացմանը դեմ էին հարակից Անտառամեջ գյուղի բնակիչները։ Արդյունքում, Մայմեխ լեռան լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը այդպես էլ չիրականացավ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն (այժմ արդեն «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ») ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։

«Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։


Կարդացե՛ք նաև՝

Լուսանկարում՝ Ապարան քաղաքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter