
«Ոչ ոք չէր պատկերացնում, որ թուրքը գյուղ կմտնի»․ ադրբեջանցիները Մեծ Թաղերում սպանել են Սլավիկ Գալստյանին
Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում որդու, հարսի և երկու թոռների հետ բնակվում էր 68-ամյա Սլավիկ Գալստյանը։ Նա ուներ հոգեկան առողջության խնդիրներ, դեղորայք էր ընդունում, սակայն առօրյայում այդ խնդիրները մեծ ազդեցություն չէին ունենում նրա վրա։ 2020-ի հոկտեմբերին Հադրութի շրջանում ակտիվ մարտական գործողություններին էին ընթանում, Ադրբեջանի զինված ուժերը մեկը մյուսի հետևից գրավում էին Հադրութի հայաբնակ գյուղերը։
Հոկտեմբերի 15-ին Սլավիկ Գալստյանի որդին՝ Աշոտը, իրենց կովերին արոտավայրից բերում է տուն, և հորն ասում, որ այլևս չեն կարող մնալ տանը, վտանգավոր է, ադրբեջանցիները օրեցօր ավելի են մոտենում, պետք է դուրս գալ գյուղից։ Սլավիկ Գալստյանը որդուն ասում է, որ նա կարող է դուրս գալ, իսկ ինքը կմնա, որպեսզի կովերին տեր կանգնի, կերակրի։ Աշոտը փորձում է հորը համոզել, հասկացնել, որ մնալը շատ վտանգավոր է, սակայն Սլավիկ Գալստյանն անդրդվելի է մնում և չի լքում իր հայրենի գյուղը։ Հոկտեմբերի 23-ին գյուղ ներխուժած ադրբեջանցի զինծառայողները նրանց տան մոտակայքում սպանում են Սլավիկ Գալստյանին։
Սլավիկ Գալստյանը ծնվել է 1952 թվականին Մեծ Թաղեր գյուղում, ամբողջ կյանքում զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Աշոտից բացի, Սլավիկ Գալստյանը ևս մեկ որդի է ունեցել, որը զոհվել է զինծառայության ժամանակ՝ 1996 թվականին, Մարտունու դիրքերում։
Մեծ Թաղեր համայնքի ղեկավար Անդրեյ Ալթունյանի խոսքով՝ 2020-ի պատերազմի օրերին գյուղի բնակչության՝ կանանց, երեխաների և ծերերի տարհանումը սկսել են հոկտեմբերի 10-ից, երբ ադրբեջանցիներն արդեն գրաված են եղել շրջկենտրոն Հադրութը։ Աշոտ Գալստյանը ևս իր կնոջն ու երեխաներին հոկտեմբերի 11-ին տեղափոխել է Գորիս, այնուհետև վերադարձել գյուղ՝ հոր մոտ։
«Ես գյուղից վերջնական դուրս եմ եկել ամսի 15-ին։ Ինչքան ասել եմ, որ նստի ավտոն իրար հետ գնանք, չի համզովել։ Ասում էր՝ դու գնա՛, ես անասուններին տիրություն կանեմ։ Համ էլ չէր պատկերացնում, որ թուրքը կարա մեր գյուղ մտնի։ Բայց դե կրակոցներն արդեն շատացել էին, ինչքան ասեցի, տենց էլ չեկավ հետս։ Ինքն էլ էրեխա չի էլի, որ ձեռից բռնեի, զոռով նստացնեի ավտոն»,- հիշում է Աշոտ Գալստյանը։
Այդ օրվանից հետո նա հոր հետ չի զրուցել, ոչ մի նորություն չի ունեցել նրանից, Սլավիկ Գալստյսնի մոտ բջջային հեռախոս չի եղել։
Համայնքապետ Անդրեյ Ալթունյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ադրբեջանցիները սկսել են գյուղը գրոհել հոկտեմբերի 22-ին։ Նրա խոսքով՝ այդ օրը դեռևս տասնյակ քաղաքացիական բնակիչներ կային գյուղում։ Հոկտեմբերի 22-ին Անդրեյ Ալթունյանը տեսել է Սլավիկ Գալստյանին և գյուղում մնացած մյուս բնակիչներին, կրկին ասել, որ պետք է դուրս գալ գյուղից․
«Մարդկանց տարհանելու հնարավորություն եղել է, ավտոմեքենա էլ է եղել, սակայն մնացածներից ոչ մեկ չէր պատկերացնում, որ թուրքը գյուղ կմտնի։ Էդպես մնացին ու մնացին»,- պատմում է Անդրեյ Ալթունյանը։
Գյուղն ամբողջությամբ ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 23-ին։ Պատերազմի ավարտից հետո մեկնարկել են զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները։ Մեծ Թաղերում այդ աշխատանքներին մասնակցել է նաև սպանված քաղաքացիական բնակիչներից մյուսի՝ Վահրամ Լալայանի եղբայրը՝ Արծվիկը։
Գյուղ գնալուց առաջ նա զանգահարել է Աշոտին և հարցրել, թե մոտավորապես որտեղ կարող են փնտրել նրա հոր աճյունը։ Ի վերջո, Սլավիկ Գալստյանի աճյունը հայտնաբերվում է նրանց տանից 20 մետր ներքև՝ ճանապարհի վրա։ Նրա և սպանված մյուս բնակիչների մարմինները դուրս են բերվում 2020թ․ դեկտեմբերի 20-ին։ Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Սլավիկ Գալստյանը մահացել է հրազենային վնասվածքներից։ Որդին նրան ճանաչել է ձախ ձեռքի դաջվածքներից, մատերի վրա եղել է ծննդյան տարեթիվը՝ 1952։
Սլավիկ Գալստյանին հուղարկավորել են դեկտեմբերի 26-ին՝ Ստեփանակերտում։
44-օրյա պատերազմի օրերին բացի Սլավիկ Գալստյանից ադրբեջանցի զինծառայողները սպանել են նաև Մեծ Թաղերի բնակիչներ Վահրամ Լալայանին և Վարդան Ալթունյանին։ Նրանց պատմությունները ևս առաջիկայում կներկայացնենք։
Գլխավոր լուսանկարում՝ Մեծ Թաղեր գյուղը
Կարդացե՛ք նաև՝
- Մարիա Ասրիյան․ ապրել՝ եղբոր դաժան սպանության ցավը սրտում
- Գեննադի Պետրոսյան․ ճակատագրական վերադարձ Մադաթաշեն
- Գերեվարում, խոշտանգում և սպանություն․ Վլադիմիր Պարսիյանցի պատմությունը
- «Դուք գնացե՛ք, մենք մեր տանն ենք մնում»․ Դավիթ և Նինա Դավթյանների պատմությունը
- Մինաս և Եղիշե Հակոբյաններին ադրբեջանցիները գնդակահարել են սեփական տան մեջ
- 2020-ին Դրախտիկում ադրբեջանցիները սպանել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կնոջը
- Հադրութից Նորաշեն․ Հենրիխ Միրզոյանի ամեն օրվա ճանապարհն ընդհատվեց
- Չթողնելով հայրենի Տողը․ Ադրբեջանցիները Մարտիկ Ավետիսյանին սպանել են իր տան բակում
- Սերժիկ և Էլլա Վարդանյանների ճակատագրական առավոտը Հադրութում
Մեկնաբանել