HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արամայիս Մկրտչյանը դուրս չի եկել Շուշիից. նա մահացել է գլխի հրազենային վնասվածքից

2020 թվականի նոյեմբերի 14-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները ռուս խաղաղապահների միջնորդությամբ Շուշիի վարչակազմի շենքի հարակից տարածքից դուրս են բերել 50-ամյա Արամայիս Մկրտչյանի դին։

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Արամայիսը մահացել է գլխի հրազենային վնասվածքից։ Մարմնի վրա եղել են նաև խոշտանգման հետքեր՝ կտրված են եղել ականջները։

Արամայիս Մկրտչյանն արցախյան առաջին պատերազմի մասնակից էր։ 1992 թ․ Շուշիի ազատագրումից հետո նա բնակություն է հաստատել այնտեղ։

Արամայիս Մկրտչյանը ծնվել է 1970 թ։ Արցախյան առաջին պատերազմում վիրավորվել էր, կորցրել աջ աչքը, գլխում էլ մանր բեկորներ ուներ, որի պատճառով հետագա ամբողջ կյանքում գլխացավեր էր ունենում և ցավազրկողներ էր ընդունում։ Շուշիում բնակվում էր մոր հետ։ Շուշիում էին ապրում նաեւ երկու դստրերը՝ իրենց ընտանիքներով: Արամայիսը պահեստազորում հաշվառված չէր, քանի որ ուներ հաշմանդամության կարգ։

2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրերին Արամայիսը ընտանիքով Շուշիում էր, հոկտեմբերի 1-ին նա Երևան է ճանապարհել մորը, հոկտեմբերի 14-ին՝ դստրերին և թոռներին, իսկ ինքը մնացել է Շուշիում՝ չցանկանալով լքել իր քաղաքը։

Արամայիսի հետ վերջին հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 4-ին։ Դստերը՝ Անիին, զգուշացրել է, որ էլեկտրաէներգիա չունեն, և որ հեռախոսի մարտկոցը շուտով նստելու է։ Այդ ժամանակ Անիի ամուսինը՝ Արթուր Հայրապետյանը, դեռ Շուշիում է եղել, և պարբերաբար կնոջը հայտնել է, որ հայրը լավ է։

Նոյեմբերի 6-ին Արթուր Հայրապետյանը Շուշիի իրենց տարեց հարևանին տարհանելիս փորձել է նաև դուրս բերել աներոջը, բայց նա կրկին հրաժարվել է։ Երբ Արթուրը ցանկացել է վերադառնալ Շուշի, նրան այլևս թույլ չեն տվել մտնել քաղաք․ ճանապարհը գնդակոծվել է։

«Ամուսինս ասում էր, որ էդ պահին էնքան շատ էին հրթիռակոծում, որ չէին կարող սպասել հորս։ Ասեցինք՝ արի՛, ասեց՝ չէ՛, մնում եմ դեռ։ Ու հետո էլ կապ չի եղել»,- պատմում է Անին։

Նոյեմբերի 7-ին, երբ քաղաքում արդեն ադրբեջանցիներն էին, Շուշիի վարչակազմի կողքի շենքի նկուղում դեռ քաղաքացիներ կային, որոնց մեջ էր նաև Արամայիսը։ Նույն օրը նկուղում գտնվող 24 հոգանոց խումբը կարողանում է աննկատ դուրս գալ քաղաքից, սակայն Արամայիսը նրանց հետ չի գնում:

Նոյեմբերի 9-ին Անին զանգահարել է Շուշիի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանին։ Նա հայտնել է, որ Արամայիսին դուրս են բերել քաղաքից, բայց Անին այդպես էլ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։

«Զանգում էի հորս, անհասանելի էր։ Եթե հանած լինեին, պետք է հասանելի լիներ։ Հաջորդ օրը վարչակազմի ղեկավարը զանգեց՝ բա շփոթմունք ա եղել, հայրս չի եղել, ուղղակի նմանեցրել են»,- ասում է Անին։

Այնուհետև Անին քրոջ հետ դիմել է Կարմիր խաչի կազմակերպությանը․ «Մեզ ասացին՝ գնացե՛ք, որ զոհերի նկարները ցույց տան, տեսե՛ք՝ կճանաչե՞ք, թե՝ չէ։ Պապկաներով նկարներ էին, ասացին՝ նայե՛ք, տեսե՛ք՝ կա՞ ձեր հայրը զոհերի մեջ։ Եթե չկա, մենք գերիների մեջ փնտրենք»,- հիշում է Արամայիսի դուստրը։

Նոյեմբերի 17-ին Արցախի քննչական կոմիտեից ընտանիքին հայտնել են, որ Արամայիսի մարմինը գտել են նոյեմբերի 14-ին Շուշիի վարչակազմի շենքի դիմացից։

Արամայիս Մկրտչյանը հուղարկավորվել է նոյեմբերի 22-ին, Երևանում: 

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter