HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Բերդ 4». Աշխարհազորային վաշտի մարտը Շուշիի համար

Մարտերը Շուշիի համար՝ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, նոյեմբերի 3-ի գիշերընոյեմբերի 5-ից 7-ը

2020 թ.-ի արցախյան պատերազմի ժամանակ Շուշի քաղաքի պաշտպանության համար ձևավորվել է աշխարհազորի գումարտակ։ Գումարտակի կազմում բերդաքաղաքի պաշտպանությամբ հիմնականում զբաղվել է 4 վաշտ։ Վաշտերից մեկի հրամանատարի պարտականությունները կատարել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ «Հետք»-ն աշխարհազորային վաշտի վարած մարտի, Շուշի քաղաքում հայկական ուժերի գործողությունների, ադրբեջանական ուժերի ներթափանցման մասին զրուցել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ։ Շուշիում աշխարհազորի վաշտերի, հայկական զինված այլ ստորաբաժանումների վերաբերյալ տվյալները ճշտել ենք նաև պատերազմի մասնակից այլ անձանցից։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ, երբ ադրբեջանական ուժերը Հադրութ քաղաքը գրավել և առաջանում էին Ասկերանի շրջանի գյուղերի ուղղությամբ, Շուշի քաղաքում պարետային ժամ էր հայտարարվել։ Քաղաքի մուտքերի մոտ հսկողութուն էր սահմանվել, սակայն գրեթե ոչ մեկի մտքով չէր անցնում, որ երկու շաբաթ անց հակառակորդը հասնելու է Շուշիի մատույցներ։

Հոկտեմբերի 15-ից 20-ը Շուշի քաղաքում ձևավորվում է աշխարհազորի գումարտակը, որի հրամանատար է նշանակվում Շուշիի շրջանի դատախազ Ալեքսանդր Գրիգորյանը։ Գումարտակի կազմում 4 հիմնական վաշտ է ձևավորվում։ Վաշտերի հրամանատարներ են նշանակվել հետևյալ անձինք՝ 1-ին վաշտ` Հովիկ Համբարձումյան (վաշտը շատ կարճ ժամանակահատված ղեկավարել է նաեւ Գարիկ Ղուլյանը), 2-րդ վաշտ՝ Ասլան Գրիգորյան, 3-րդ վաշտ՝ Դավիթ Դավթյան, 4-րդ վաշտ՝ Արծվիկ Սարգսյան։ Շուշիի աշխարհազորում եղել են նաև այլ ստորաբաժանումներ, որոնց առաջիկայում կանդրադառնանք։

Աշխարհազորի շտաբը տեղակայվել է Շուշի քաղաքում գտնվող Արցախի կենտրոնական բանկի բունկերում (ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան հարևանությամբ)։ Խորհրդակցությունները մինչև 2020 թ.-ի նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը տեղի են ունեցել այդ բունկերում, որը աշխարհազորի հրամանատարական կետն էր։ Հատուկ ընդգծենք, որ հրամանատարական կետը Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները կառավարելու համար չէր ձևավորվել, այլ՝ աշխարհազորի։ Իսկ աշխարհազորը կազմված էր ոչ բանակային ստորաբաժանումներից։ Նախկինում գրել ենք, որ աշխարհազորի շտաբում պարբերաբեր եղել են Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք։ Պաշտպանության բանակը հրամանատարական կետ Շուշիիում որպես այդպիսին չի ունեցել, ՊԲ ստորաբաժանումները կառավարվել են Ստեփանակերտից։ Այդուհանդերձ, հրամանատարական կետում նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում աշխարհազորայինները տեսել են ՊԲ-ի կողմից Շուշիի ուղղության համար պատասխանատու նշանակված, Արցախի զինվորական կոմիսար, գնդապետ  Սերգեյ Առուստամյանին և Քարին Տակում ՄՈԲ-ի հրամանատար նշանակված գնդապետ  Արմեն Բարխուդարյանին։ Երկուսն էլ ՊԲ զինվորականներ են։

Արծվիկ Սարգսյանի վաշտը ձևավորման ժամանակ ունեցել է 25-հոգանոց անձնակազմ, որոնք հիմնականում տարեց տղամարդիկ էին, մի մասն ընդհանրապես ռազմական գործին առնչություն չի ունեցել։ Վաշտը հետագայում համալրվել է կրկին աշխարհազորայիններով, և թվակազմը հասել է մինչև 35 հոգու։ Վաշտին նաև միացել է ՄՈԲ-ի կազմով Արցախ տեղափոխված մեկ պահեստազորային։ Զենք-զինամթերքը ստացել և անձնակազմին է փոխանցել Արծվիկ Սարգսյանը։

Հոկտեմբերի 30-ի դրությամբ Արծվիկ Սարգսյանի վաշտը տեղակայված էր Շուշի քաղաքի հյուսիսային մասում՝ Ռեալական ուսումնարանի կիսաքանդ շենքից 500 մետր հյուսիս։ Վաշտի դիրքն անմիջապես Քարին Տակ գյուղի վերևում էր՝ ժայռապատ տարածքում, գերեզմանների հարևանությամբ։ Դիրքը կոչվում էր «Բերդ 4»։ Ըստ Արծվիկ Սարգսյանի, իր վաշտի զբաղեցրած դիրքի հարևանությամբ տեղակայված է եղել «ՑՕՐ»-ի զորամասի ականանետային ստորաբաժանումը, որը նոյեմբերի 5-ին փոխել է տեղակայման վայրը, քանի որ հակառակորդի անօդաչուների տեսադաշտում էր հայտնվել։ «Բերդ 4» դիրքից դիտարկվում էին Քարին Տակ գյուղն ամբողջությամբ, Քիրս լեռանը հարող տարածքները, Նաբիլար երբեմնի բնակավայրը, Շուշի-Լիսագոր ճանապարհի մի մասը։

Հոկտեմբերի 30-ի դրությամբ հակառակորդն արդեն գրավել էր Ասկերանի շրջանի Սղնախ գյուղը, վերահսկողություն սահմանել Սղնախ և Քարին Տակ գյուղերի միջնամասում գտնվող «Չախմախ» տեղամասի նկատմամբ։

Նոյեմբերի 1-ին ժամը 21:00-ի սահմաններում Արծվիկ Սարգսյանի վաշտը հանձնարարություն է ստացել՝ դիրքից իջնել և որպես ռեզերվ սպասել հետագա հանձնարարությունների։

«Ժամը 22:30-ին կապ տվեցին, որ գնացեք էլեկտրացանցի մոտ (Իսայի աղբյուրի մուտքից 700 մետր դեպի Լիսագոր), այդտեղ ինչ-որ վտանգ է սպասվում։ Գնացել ենք, սաղ գիշեր նայել Նաբիլարի հատված։ Ճիշտ է, շարժ չենք նկատել։ Բայց արդյունքում Քարին Տակի տղաները տեսել են, որ թուրքերն են եկել, «Կարմիր քերծ» ենք ասում, «Կարմիր քերծի» հետևի մասը, դեպի Նաբիլարի դիմաց։ Մի 80 հոգի կար։ Ու էդ տղաները պատմում էին, որ ուզում էին գնդացրով կրակեին, էն էլ ասին՝ կարող է ինչ-որ ծրագրեր խառնենք, խանգարենք էդ օպերացիային, բայց կապ են տվել, որ սենց բան ենք տեսել։ Մենք էլ գնացել ենք, էդ օրը չենք նկատել, հետո ասել են՝ չէ, հայեր են»,- այդ օրվա իրավիճակն այսպես է հիշում Արծվիկ Սարգսյանը։

Արծվիկ Սարգսյանի վաշտը ռեզերվում գտնվելիս աշխարհազորի շտաբից հանձնարարություն է ստացել, որ վաշտի մի մասը տեղակայվի «Բերդ 3» դիրքի հարևանությամբ (դիրքը գտնվել է Շուշիի բերդից դեպի հիվանդանոց հատվածում), մյուս մասը կրկին գնա «Բերդ 4» դիրք։

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը վաշտը նոր հանձնարարություն է ստացել՝ գնալ Շուշի-Լիսագոր ճանապարհի՝ Էլեկտրակայանին հարող դիրքն ուժեղացնել, քանի որ հակառակորդը հասել է Շուշի-Լիսագոր ճանապարհ և այն վերցրել վերահսկողության տակ։ Վաշտի տղաների մի մասը մարտի է բռնվել, որի ժամանակ զոհվել են Անդրանիկ Սարգսյանը և Արմենակ Մադաթյանը։ Էլեկտրակայանի հարևանությամբ տեղի ունեցած մարտին «Հետք»-ը մանրամասն անդրադարձել է «Նոյեմբերի 3-ի գիշերվա մարտը Շուշիի համար․ 9 հոգանոց ջոկատը 2 զոհ է տվել» հրապարակման մեջ։ Գիշերվա մարտին մասնակցած տղաները, վիրավորներ և զոհեր տալուց հետո, դուրս են եկել էլեկտրակայանի հարևանությամբ գտնվող դիրքից։ Ծանր վիրավորները հոսպիտալացվել են։

Նոյեմբերի 4-ի առավոտյան և ամբողջ օրվա ընթացքում պարզ է դարձել, որ Արծվիկ Սարգսյանի վաշտը կազմաքանդվում է։ Սարգսյանը հետագայում չի կարողացել կապ հաստատել վաշտի անձնակազմի հետ, քանի որ հեռահաղորդակցության խնդիր կար։ 

«Արդեն ամենքն իրենց համար ցրվում են, հեռախոսներն անջատած է լինում։ Կոնկրետ Արտակի (Արտակ Սարգսյան աշխարհազորային) մասին գիտեի, որ «կոնտուզիա» ստացած վիճակում է։ Վիրավորներ կային։ Կոնկրետ իմ անձնակազմից չեն եղել, կողքից եկած արդեն վիրավորվել էին (նոյեմբերի 3-ի գիշերվա մարտին մասնակցած)։ Արդեն ցրվել էին, ոնց որ անկառավարելի բան լիներ։ Երբ որ ամսի 5-ին արդեն սկսել եմ զանգել, նորից հավաքեմ, գնանք լեռնաշղթան («Բերդ 4»), արդեն համարյա մարդ չկար: Հեռախոսները չէին աշխատում, ծանրաբեռնվածությո՞ւն էր, թե՞ իրենք էին անջատել՝ չգիտեմ։ Մարտին մասնակցողներն էլ ակտիվ, եռանդուն խավն է եղել, մնացածն՝ արդեն 70 տարեկան մարդիկ»,- նշում Արծվիկ Սարգսյանը։

Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերն աշխարհազորի շտաբում խորհրդակցություն է տեղի ունեցել։ Խորհրդակցությանը մասնակցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ-ի կողմից Շուշիի պատասխանատու նշանակված, Արցախի զինվորական կոմիսար Սերգեյ Առուստամյանը, Շուշիի աշխարհազորի հրամանատար Ալեքսանդր Գրիգորյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և այլք։ Խորհրդակցությանը ներկա է եղել նաև Արծվիկ Սարգսյանը։ 

«Նախագահը որ եկավ, Սեյրան Օհանյանն ասեց, որ իրոք լուրջ է վիճակը, վիճակը շատ լուրջ է, Շուշիի հարցն է դրված, պարոն նախագահ, ինչի՞ շտաբը չի գալիս նստի այստեղ, միանգամից այստեղ գործի, այս մարդն (Սերգեյ Առուստամյանը) էլ մենակով չգիտի՝ ինչ անի, նորմալ ռազվեդկա չկա։ Հետո նախագահը հարցրեց Սերգեյին՝ ո՞նց է վիճակը, Սերգեյն էլ հանգիստ պատասխանում է՝ նորմալ։ Ճիշտն ասած, ես ոչ մի նորմալ բան չէի տեսնում, ես իմ մեջ ջղայնացա, ի՞նչն է նորմալ, որ Քարին Տակը վերցրած է, թուրքը Քարին Տակում է, ու արդեն տեխնիկա-բան ունեն այնտեղ, ճանապարհը իրենց ձեռքն է, ես էլ միշտ ասել եմ՝ ինձ ասում են, որ գազի լինիայով թուրքերը մտնում են դեպի Իսայի աղբյուր։ Ես էլ էդքանը տարբեր տեղեր զեկուցում եմ, չգիտեի՝ ինչ է կատարվում»,- խորհրդակցությունից մանրամասներ է ներկայացնում Արծվիկ Սարգսյանը։

Նոյեմբերի 5-ին, ժամը 07:30-ին Արծվիկ Սարգսյանի հետ կապ է հաստատել Սեյրան Օհանյանը, հարցրել վաշտի անձնակազմից և ասել, որ պետք է դիրքավորվեն «Բերդ 4» դիրքում։ Թեև Արծվիկ Սարգսյանի վաշտն արդեն կազմաքանդվել էր, Սարգսյանը Սեյրան Օհանյանի զինակից ընկերներ Սերգեյ Հայրապետովի ու Վահե Սիրունյանի հետ գնացել է «Բերդ 4» դիրք և դիտարկում կատարել։ Այդ ժամանակ տեսել են հակառակորդի մեծաթիվ կենդանի ուժի շարժը Քարին Տակ գյուղում։

Նոյեմբերի 5-ի դրությամբ հակառակորդն արդեն ամբողջությամբ իր հսկողության տակ էր վերցրել Շուշի-Լիսագոր ճանապարհը, առաջացել էր դեպի Իսայի աղբյուր։ Արցախի բանակային ստորաբաժանումները կուտակված էին Շուշի քաղաքի մուտքերի մոտ։ Հիմնական մասը՝ Քարին Տակ գյուղի խաչմերուկում, մյուս մասը՝ Շուշիի բանտի կողմից քաղաքի մուտքի մոտ՝ գազալցակայանի տարածքում (տես ստորև նկարում)։

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արծվիկ Սարգսյանը փորձել է իր մեքենայի վնասված անիվը նորոգել Շուշիում, սակայն չի կարողացել և գնացել է Ստեփանակերտ։ ժամը 22:00-ի սահմաններում Շուշի վերադառնալիս Արծվիկ Սարգսյանի մեքենան կանգնեցրել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի կամրջի մոտ և թույլ չեն տվել բարձրանալ։ Պատճառաբանել են, թե Շուշիի վարչակազմի աշխատակիցները դուրս են գալիս, հակառակորդն արդեն կրակ է վարում Շուշիի՝ գազալցակայանին հարող մուտքի ուղղությամբ։ Մինչ այդ Արծվիկ Սարգսյանն արդեն չէր կարողանում կապ հաստատել Շուշիի աշխարհազորի հրամանատար Ալեքսանդր Գրիգորյանի հետ։ 

«Ժամը երևի 9-ի սահմանում որ կապվել եմ Ալեքսանդր Գրիգորյանի հետ, եղել է վերջին կապս։ Որ գնում էին բունկեր, կապը կտրվում էր, բունկերը խորն էր, անհասանելի էր դառնում։ Էդ ժամանակ որ կապվել եմ, ասել եմ՝ էս տեղն եմ, ասել է՝ դե անպայման բարձրացի, էսօր պահում ենք, հանձնենք բանակին, վաղն արդեն բանակի զորքը մտնելու է։ Գրիգորյանն էր ասել էդ, ասում է՝ արդեն վաղը բանակն է մտնելու, դրանից հետո արդեն կապը կտրվել է, չեմ կարողացել ասեմ, որ չեմ կարողանում բարձրանալ»,- իր և Շուշիի աշխարհազորի հրամանատար Ալեքսանդր Գրիգորյանի հետ խոսակցությունը վերհիշում է Արծվիկ Սարգսյանը։

Իսկ նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Շուշիի աշխարհազորի բունկերից հատուկ գործողությամբ դուրս է հանվում անձնակազմը։ Նրանց թվում էին Սեյրան Օհանյանը և Արգիշտի Քյարամյանը։ Աշխարհազորի հրամանատար Ալեքսանդ Գրիգորյանն էլ մոտ 20 հոգանոց խմբով Շուշիից տարհանվել է նոյեմբերի 7-ին։

Փաստացի, նոյեմբերի 6-ին աշխարհազորի հրամկազմը կազմաքանդվել է, աշխարհազորի շտաբի գործունեությունը՝ դադարեցվել։ Այդ պայմաններում նոյեմբերի 6-ից 7-ը բանակային եւ ՄՈԲ ստորաբաժանումները, կամավորների և աշխարհազորայինների տարբեր խմբեր կուտակված մնացել են Շուշի-Քարին Տակ խաչմերուկում, իսկ նոյեմբերի 7-ին նրանց մեծ մասը զոհվել է Շուշի քաղաքի երկու մուտքերի միջանկյալ հատվածում։ Նոյեմբերի 7-ին հակառակորդն իր վերահսկողության տակ է վերցրել Շուշի քաղաքը։

Շուշիի պաշտպանական մարտերի, ռազմական գործողությունների դրվագներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետք»-ի խմբագրության հետ։

Կարդացեք նաև՝ Քարին Տակի անկումը (մաս 1, մաս 2), Սղնախի անկումը, Ավետարանոցի անկումը, Մոշխմհատի, Մադաթաշենի, Ակնաղբյուրի և Ջրաղացների անկումը, Սարգսաշենի և Զարդանաշենի անկումըՇեխերի անկումը

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանություններ (1)

Արփի
Շնորհակալություն Հետքին այս կարևորագույն .հետաքննության համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter