HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Մարտերը Թաղավարդում․ ինչպես գրավվեց Վերին Թաղավարդը (մաս 1)

Քարին Տակի անկումը (մաս 1, մաս 2), Սղնախի անկումը, Ավետարանոցի անկումը, Մոշխմհատի, Մադաթաշենի, Ակնաղբյուրի և Ջրաղացների անկումը, Սարգսաշենի և Զարդանաշենի անկումը, Շեխերի անկումը

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը 2020-ի պատերազմի ժամանակ ակտիվ ռազմական գործողությունների վայր էր դարձել։ Հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 10-ը Թաղավարդում թեժ մարտեր են ընթացել։ Ադրբեջանական ուժերը հոկտեմբերի 27-ին կարողացել են գրավել միայն Վերին Թաղավարդը, իսկ գյուղի մյուս մասը կանգուն է հայկական ուժերի համառ դիմադրության շնորհիվ։

«Հետքը» Թաղավարդի մարտերի մասին զրուցել է համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանի, պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցած Նորայր Մուսայելյանի (այս տարվանից՝ Արցախի գյուղատնտեսության նախարար), գյուղում մարտական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայողների և կամավորների հետ։ 

Թաղավարդում ընթացած մարտական գործողություններից այս նյութում կներկայացնենք Վերին Թաղավարդի անկման պատմությունը։ Հաջորդիվ կպատմենք Ներքին Թաղավարդի պաշտպանության մասին (Վերին Թաղավարդը հայտնի է նաև որպես բուն Թաղավարդ, իսկ Ներքին Թաղավարդը՝ Կալեր)։

2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին` պատերազմի հենց առաջին օրը, Թաղավարդում զորահավաք է սկսվում։ Ըստ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանի, սեպտեմբերի 27-ին գյուղից 101 պահեստազորային է հավաքագրվում և տեղափոխվում Ջրական (Մեխակավան, Ջաբրայիլ)։ Սեպտեմբերի 28-ին և 29-ին ևս 11 գյուղացի է միանում պահեստազորայիններին։ Պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Թաղավարդում ադրբեջանական ուժերի չեն սպասել։ Սակայն Հադրութ քաղաքի գրավումից հետո(հոկտեմբերի 10) իրավիճակը կտրուկ է փոխվել։

Հոկտեմբերի 15-ից Մարտունու շրջանի գյուղերում աշխարհազորայինների հավաք է սկսվում։ Աշխարհազորի ղեկավարը նախկին զինվորական, այդ ժամանակ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանն էր (այժմ՝ Արցախի ԱԱԾ ղեկավարի տեղակալ, Արցախի հերոս)։ Թաղավարդ և Շեխեր գյուղերի ուղղությամբ բանակային ստորաբաժանումների համակարգմամբ զբաղվել է Հադրութի դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանը։ Մարտունու շրջանի գյուղերում աշխարհազորայիններով բնագիծ է ստեղծվում։ Այն սկիզբ է առնում Զարդանաշեն գյուղի հարավում գտնվող անտառներից, ձգվում Վերին Թաղավարդի հարավային, հարավարևմտյան հատվածում գտնվող անտառներով, անցնում Շեխեր գյուղի հարևանությամբ և հասնում մինչև Կարմիր Շուկա։Քարտեզ Շուշի–Թաղավարդ.jpg (1.30 MB)

Հոկտեմբերի 23-ին Թաղավարդ է տեղափոխվում Մատաղիսի գնդի 2-րդ գումարտակի (Թալիշի գումարտակ) մոտ 200-հոգանոց անձնակազմը, որը հակառակորդի կրակահերթերի տակ է դիրքավորվում։

Գյուղում էին նաև ՄՈԲ-ի կազմով Ջրական տեղափոխված, ապա Թաղավարդ վերադարձած տղաները (122 հոգուց 2-ը զոհվել էր) և Թաղավարդի աշխարհազորը։ Թաղավարդում էր նաև ՄՈԲ-ով Արագածոտնի մարզի գյուղերից Արցախ տեղափոխված 32-հոգանոց ստորաբաժանումը։ Կարեն Առստամյանի ցուցումով ՄՈԲ-ին գյուղում դիմավորել և դպրոցում է տեղակայել Նորայր Մուսայելյանը, իսկ տարածքին ծանոթանալուց հետո նրանց տեղակայել են Զարդանաշենի և Վերին Թաղավարդի միջանկյալ տարածքում, որպեսզի բնագիծն ամբողջանա։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ բնագծում տեղակայաված ստորաբաժանումները հետևյալ դիրքավորումն են ունեցել։ Զարդանաշենից հարավ-արևմուտք՝ Զարդանաշենի աշխարհազորը, նրանցից աջ (արևելք)՝ Ավետարանոց գյուղի աշխարհազորը, նրանցից էլ աջ՝ Վերին Թաղավարդի հարավ-արևմուտքում՝ Հայաստանից տեղափոխված ՄՈԲ-ը։ Վերին Թաղավարդի հարավային մասում՝ Թաղավարդի աշխարհազորայինները և պահեստազորայինները։ Նրանցից աջ՝ Վերին Թաղավարդի հարավային հատվածից մինչև Ներքին Թաղավարդի հին ֆերմաներ՝ Թալիշի գումարտակի զինծառայողները։ Ժամկետային զինծառայողներից արևելք (աջ)՝ Մարտակերտի շրջանի երկրապահների միության նախագահ Գրիգոր Միրզոյանի ստորաբաժանումը (հետագայում վերջինիս փոխարինել են «ՑՕՐ» զորամասի զինծառայողները)։ Վերին Թաղավարդի գրավումից հետո բնագիծը էականորեն փոխվել է, Թաղավարդ են տեղափոխվել «ՈՄԱ»-ի կամավորները (հոկտեմբերի 28-ից հետո տեղի ունեցած գործողություններին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ, որում կպատմենք նաև Թալիշի գումարտակի վարած մարտի մասին)։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ հայկական ուժերը հակառակորդի հարձակմանը սպասում էին Կարմիր Շուկա-Շեխեր ուղղությունից: Թաղավարդը հրետակոծվում էր։ Համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանի խոսքով, օգնության նպատակով տանկեր են բերվում Թաղավարդի ֆերմաների մոտ։ Ընդհանուր 4 տանկ և 2 ՀՄՄ է բերվում Թաղավարդ, որոնցից 3 տանկը առաջանում են Թաղավարդ և Շեխեր գյուղերի միջնամասում գտնվող «Կաղնու տակ» կոչվող տեղանք։ Նույն օրը ավելի ուշ նույն տարածք են տեղափոխվում «Իգլա» տեսակի հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ։ Տանկերն աշխատում են Ներքին Թաղավարդի հարավարևմտյան հատվածի անտառների ուղղությամբ։ Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հակառակորդն ԱԹՍ-ներ է կիրառում տանկերի ուղղությամբ։ ԱԹՍ-ի հարվածներից տանկերից մեկն ամբողջությամբ շարքից դուս է գալիս, մյուս 2 տանկերը վնասվում են և շարքից դուրս գալիս։

Ջրաղացներ գյուղի բնակիչ Քաջիկ Քարամյանը, որը ՀՕՊ ստորաբաժանումում էր ծառայում որպես վարորդ, տեղափոխվել էր Թաղավարդ։ Քաջիկ Քարամյանը «Իգլա»-ներով բեռնված «ՈւԱԶ» մեքենայով նույն օրն առաջացել է Թաղավարդ-Շեխեր գյուղերի միջնամաս, որտեղ հայկական տանկերն էին։ 

ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Քաջիկ Քարամյանը զոհվել է։ Տանկերից մեկի անձնակազմից վիրավորվել, ապա հիվանդանոցում մահացել են Գևորգ Ջավախյանը և Սամադ Սլոյանը։ Հոկտեմբերի 24-ին Քաջիկ Քարամյանի մարմինը դուրս է բերվել մարտի դաշտից։

Հոկտեմբերի 23-ին, արդեն մի քանի օր Թաղավարդում գտնվող՝ Արագածոտնի մարզից Արցախ տեղափոխված 32 պահեստազորայինները դիրքավորվել էի Վերին Թաղավարդի հարավարևմտյան մասում՝ գյուղից մոտ 3 կմ դեպի անտառ։ Արցախի գյուղնախարար Նորայր Մուսայելյանի խոսքով՝ պահեստազորայինները խրամատներ էին փորել, գետնատնակ ստեղծել (блиндаж): Տղաները զինված էի հրաձգային զենքերով, չունեին գիշերային դիտման սարքեր։ Թաղավարդում այդ հատվածից հարձակման չէին սպասում, մտածում էին, որ հիմնական գրոհը գյուղի վրա լինելու է Շեխերի ուղղությունից, որտեղ այդ ժամանակ թեժ մարտեր էին ընթանում։

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը հակառակորդը հարձակվում է պահեստազորայինների դիրքի ուղղությամբ։ Փոխհրաձգության ժամանակ 32 հոգուց 5-ը զոհվում է՝ Վաղինակ Աբգարյանը, Համբարձում Կիրակոսյանը, Վարդան Սիմոնյանը, Գրիգոր Արշակյանը եւ հրամանատար Հրանտ Պետրոսյանը։ Հրանտ Պետրոսյանի մարմինը նույն օրը կարողացել են հանել տարածքից, մյուս տղաների մարմինները միայն՝ պատերազմից հետո՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ)։

ՄՈԲ-ի անձնակազմը, զոհեր և վիրավորներ տալով, նահանջում է Թաղավարդ։ Նրանց դիրքից դեպի Զարդանաշեն ձգվող բնագիծը կազմաքանդվում է։ Ավետարանոցի և Զարդանաշենի աշխարհազորայինները նույնպես նահանջում են։ Նահանջի հետեւանքով Վերին Թաղավարդից Զարդանաշեն ընկած հատվածը բաց է մնում։ Վերին Թաղավարդի հարավարևելյան հատվածում շարունակում են դիրքավորված մնալ Թաղավարդի աշխարհազորայինները, իսկ նրանցից արևելք՝ Թալիշի գումարտակի զինծառայողները։

Հոկտեմբերի 24-ից 27-ը հակառակորդը պարբերաբար հարձակման փորձեր է կատարում հայկական ստորաբաժանումների դիրքերի ուղղությամբ։ Սակայն դիրքապահների դիմադրության շնորհիվ տարածքային և դիրքային փոփոխություններ չեն գրանցվում։ Այդ ընթացքում Վերին Թաղավարդի հարավային հատվածից մինչև Զարդանաշեն գյուղի հարակից անտառներ բնագիծը բաց էր։ 

Հոկտեմբերի 24-ին հակառակորդի կենդանի ուժն արդեն ներթափանցել էր Վերին Թաղավարդի հարավային հատվածի անտառներ։ Նույն օրը՝ 21:00-ի սահմաններում, «Ըթանց թումբ» («Աթայանի թումբ») կոչվող տեղանքում (Վերին և Ներքին Թաղավարդի միջնամասից հարավ) գյուղի աշխարհազորային դիրքապահները հակառակորդի շարժ են նկատում, բայց քանի որ չունեին գիշերային դիտման սարքեր, չեն կարողանում դիտարկում կատարել։ Նորայր Մուսայելյանը Թալիշի գումարտակի տղաների մի մասի հետ, որոնք ունեին գիշերային դիտման սարքեր, բարձրանում է նշված տեղամաս։ Երկար դիտարկումից պարզվում է, որ հակառակորդի կուտակում կա։

«Սկզբում թվաց, թե կենդանիներ են միայն, հետո կարծես թե ինչ-որ մեկն ասեր՝ էդ ուղղությամբ մի քիչ երկար նայիր։ Մի քիչ երկար նայելով՝ արդեն նկատեցինք թշնամու հրոսակախմբերը, պաշտպանական հատուկ հանդերձանքով ջոկատի անդամները: Երբ որ գլուխը բարձրացնում է, ջերմատեսիլ սարքը ֆիքսում է, իսկ իջեցնելիս ոչինչ չի երևում։ Այդպիսի պաշտպանված շորերով էին եկել, շատ լավ զինված, և տղաներին ասեցի, որ թշնամին մեր դիմաց է, ես կկրակեմ լուսածրող փամփուշտով, այդ ուղղությամբ սկսեք աշխատել։ Կրակելով՝ սկսվեց մարտը, շատ ուժեղ մարտ էր ընթանում, մի 2-3 ժամ»,- պատմում է Նորայր Մուսայելյանը՝ նշելով, որ մարտերի ժամանակ հայկական կողմը վիրավորներ է ունեցել, փամփուշտները սկսել են սպառվել։ Վիրավորներին իջեցրել են դիրքից։ Գիշերային դիտման սարքերի սղության պատճառով որոշել են զբաղեցրած դիրքից նահանջել։

«Հետնահանջ կազմակերպեցինք, իջանք ներքևի հատվածում նորից կանգնեցինք, մեր հետևի մասում Թալիշի գումարտակի ականանետի դասակն էր։ Սաղ գիշեր տենց լուսացրեցինք, բայց ամեն րոպե սպասում էինք, որ հեսա կգան։ Հետո պարզվում է, որ իրենք էլ են լավ կոտորվել, չնայած առանց գիշերային սարքերի ենք կռվել, իրենց էլ ենք շատ վնաս տվել»,- նշեց Նորայր Մուսայելյանը։

Հոկտեմբերի 24-ին հակառակորդի ուժերը մի կողմից Թաղավարդի դիրքերի ուղղությամբ կրակ են վարում, մյուս կողմից՝ շարունակում առաջանալ դեպի Զարդանաշեն և Մոշխմհատ գյուղերի ուղղությամբ։ Հետագայումպարզվում է, որ հակառակորդն այդ ուղղությամբ է առաջացել Սղնախ գյուղ, ապա՝ Քարին Տակ և հետո գրավել Շուշի քաղաքը։

Հոկտեմբերի 25-ին Վերին Թաղավարդի արևմտյան հատվածում գտնվող զարդանաշենցի աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ հակառակորդը հարձակման փորձ է կատարում։ Նույնը կրկնվում է հաջորդ օրը, իսկ հոկտեմբերի 27-ի առավոտյան հակառակորդը հարձակվում և գրավում է Զարդանաշեն գյուղը։ Այդ պայմաններում Վերին Թաղավարդը հարավից և արևմուտքից հարձակման սպառնալիքի տակ է հայտնվում։

 

Հոկտեմբերի 27-ի առավոտյան Արարատ Մելքումյանը մի քանի հոգու հետ բարձրանում է Վերին Թաղավարդ՝ իրավիճակը տեսնելու։ Մոտ 20 րոպե տարբերությամբ 2 հոգու հետ նույն ուղղությամբ «Նիվա» մեքենայով առաջանում է Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը։ Վերին Թաղավարդի դպրոցի մոտակայքում նրանք ընկնում են հակառակորդի կրակահերթի տակ։ Բարեբախտաբար, հակառակորդի գնդակներից վնասվում է միայն մեքենան։ Արարատ Մելքումյանը Վերին Թաղավարդից իջնելիս տեսնում է տեղի ունեցածը։ Նա հորդորում է համայնքի ղեկավարին վերադառնալ Ներքին Թաղավարդ։ Արձակված կրակահերթից մեքենայի ապակիներն ամբողջությամբ կոտրվել էին, իսկ դիմապակու կոտրման հետևանքով վնասվել էր Օլեգ Հարությունյանի դեմքը։ Համայնքի ղեկավարը դժվարությամբ վերադառնում է Ներքին Թաղավարդ։

Վերին Թաղավարդում գտնվելն արդեն վտանգավոր էր։ Հակառակորդի դիվերսիոն խմբերը բնագծի բաց հատվածով առաջացել և մտել էին Վերին Թաղավարդ, որն արևմտյան կողմից ընդհանրապես չէր պաշտպանվում։ Վերին Թաղավարդում գյուղի աշխարհազորայինները մարտի են բռնվում հակառակորդի հետ։ Գյուղացիներից 3-ը զոհվում են։ Ըստ Թաղավարդ համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանի՝ Վերին Թաղավարդի գերեզմանների տարածքում նախ զոհվում են աշխարհազորային Գենադի Մանասյանը և Սուրեն Ասրյանը։ Նրանց մարմինները տարածքից հանելու փորձի ժամանակ զոհվում է համագյուղացի Կառլեն Ալավերդյանը։ Գյուղացիների մարմինները տարածքից հանվել են պատերազմից հետո(Նոյեմբերի 25-ին)

Գյուղում գտնվող կամավորների խումբը Արարատ Մելքոնյանի գլխավորությամբ փորձում է դիրքավորվել գերեզմանների մոտ գտնվող բարձունքում, որը բարենպաստ դիրք էր։

Նորայր Մուսայելյանը մանրամասն նկարագրում է Վերին Թաղավարդում հոկտեմբերի 27-ին ընթացած մարտերից մի քանի դրվագ․ «Գյուղում հոկտեմբերի 27-ին ուժեղ մարտեր են եղել։ Հակառակորդի գումարտակի հրամանատարին,տեղակալներին ես անձամբ եմ խփել, մի բարձունք ետ ենք գրավել, բայց չենք կարողացել պահել։ Մեր վրա կրակել են գերեզմանոցից, հետո՝ Սարգսաշեն, Զարդանաշեն գյուղերի կողմից։ Դիպուկահարը սկսում է աշխատել, մեր կողմից մեկին վիրավորում է։ Արարատ Մելքումյանն ասում է՝ «զասադի» (դարանակալման) մեջ ընկանք, իբրև բարձունքը գրավեցինք, բայց «զասադի» մեջ ընկանք։ Գերեզմանների ուղղությամբ կրակելով՝ խումբը դուրս ենք հանել, շարժվել դեպի դպրոց։ Գյուղի դպրոցի դիմաց տեսանք Կարոյի եղբորը՝ Կառլենին, մեքենայի մեջ  զոհված, դուռն էլ բաց, ձեռքը կախված, բայց մոտենալու ձև չկար, գերեզմաններում նստած էին (հակառակորդը)։ Արարատ Մելքումյանն ասում է՝ գերեզմանների ուղղությամբ մեր հրետանին աշխատում է։ Մի 7-8 սնարյադ են խփում գերեզմանների մեջ։ Ասում ենք՝ մեզ կներեն մեր նախնիները, էնքան որ կարողանանք մեր զոհված տղաների մարմինները հանենք։ Նորից փորձում ենք դեպի գերեզմանները հարձակվենք, կոտորենք։ Գերեզմաններից սկսում են աշխատել մեր ուղղությամբ։ Նորից իջնում ենք ներքևի մի տան մոտով, մի քանի օր առաջ մեր շտաբն էր։ Այդ ուղղությամբ, որ գնում ենք, նորից սկսում են մեր վրա կրակելը։ Մի քանի անգամ կրակում են, բայց գերեզմանների քարերը պատնեշ է, անիմաստ է ավտոմատով այդպես կռվելը, կխփեինք, իրենք կթաքնվեին։ Այդպես կսպառվեինք, թեկուզ մի քիչ կմոտենայինք, բայց մենք էլ կմաշվեինք։ Մելքումյանն ասում է՝ գնալու ենք մենք էլ նույն ճակատագրին արժանանանք, էլի մահանալու ենք այստեղ։ Ասի՝ եթե անձամբ ես էլ նման կարգավիճակում հայտնվեմ, տղաներ, պետք չի իմ մարմինը գաք հանեք։ Իմ համար գաք, մեկն էլ երկու սարքեք, մնացած դիրքերն էլ մեր հրամանատարությանն են սպասում, ամեն ինչ կկորցնենք։ Խելք-խելքի ենք տալիս, որոոշում հետ գանք։ Երկու խմբի ենք բաժանվում, ես գնում եմ գյուղի դպրոցի մոտ։ Մի քանի հոգի էինք թողել, որ վերևի մասով հանկարծ շարժ լինի, տեղեկացնեն, գնացի իրենց վերցրեցի, նորից իջանք գյուղի ներքևի հատված (Ներքին Թաղավարդ)։ Այդ հատվածը հետո «ՈՄԱ»-ն եկավ, լրացրեցինք (Ներքին Թաղավարդի արևմտյան մաս, որը դիտարկում էր Վերին Թաղավարդի գերեզմանների ուղղությունը)»։ Նորայր Մուսայելյանի նկարագրած մարտի ժամանակ զոհվում է դիպուկահար Դավիթ Դավթյանը, որի մարմինը նույն օրը կարողանում են հանել մարտի դաշտից։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան Վերին Թաղավարդն արդեն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էր։ Հոկտեմբերի 27-ի առավոտյան հակառակորդն արդեն գրավել էր Զարդանաշեն գյուղը։ Զուգահեռաբար, ադրբեջանական ուժերի մի մասն էլ հոկտեմբերի 27-ին հասնում է Սղնախ և Ավետարանոց գյուղերի միջնամաս։ Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական ուժերը Թաղավարդից մինչև Սղնախ ընկած բնակավայրերի վրա միանգամից չեն հարձակվել։ Գյուղերը շրջանցել են, զորք կուտակել, ապա առաջխաղացմանը զուգահեռ հարձակվել։

Հաջորդիվ «Հետքը» կներկայացնի Ներքին Թաղավարդի մարտերի պատմությունը և դրանց մասնակցած ստորաբաժանումները։ Թաղավարդ գյուղի մարտերի, ռազմական գործողությունների վերաբերյալ հատվածներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետքի» խմբագրության հետ։

Հեղինակ՝ Տիրայր Մուրադյան

Տեսանյութերը՝ Անյա Սարկիսովայի, մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի

Ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Հոդվածի պատրաստմանն օժանդակել են Անյա Սարկիսովան և Գայանե Հովսեփյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter